ԵՐԵՎԱՆ-ՄԻՅԱՁԱԿԻ, Ճապոնիա – Շիննոսուկե Մացուին Միյաձակիի համալսարանի Լեզվի եւ մշակութային ուսումնասիրությունների կենտրոնի պրոֆեսորի ընթերակա է: 1998-2001 թթ. սովորել է Կոբեի համալսարանում, որտեղ 2007 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Ֆրանսահայերի ինքնության վերականգնումը» թեմայով: 2011-2020 թթ. դասավանդել է Կոբեի, Յամատոյի, Օսակայի եւ Կիոտոյի համալսարաններում: 2020-ից Կոբեի համալսարանի Միջմշակութային ուսումնասիրությունների կենտրոնի գիտաշխատող է: Նա հեղինակել եւ թարգմանել է վեց գիրք եւ 25 գիտական հոդված (հիմնականում ճապոներեն, նաեւ` անգլերեն):
Շիննոսուկե Մացուիին առաջին անգամ հանդիպել եմ 2010 թ. Օսակայում տեղի ունեցած միջազգային գիտաժողովում: Տեսնելով անունս բեյջիս վրա՝ նա ինձ ողջունեց հայերեն «բարեւով», եւ այդ ժամանակվանից մենք կապի մեջ ենք:
–Շիննոսո՛ւկե, քո գիտական հետաքրքրությունները բազմազան են՝ ֆրանսահայերից, ներգաղթից, Սփյուռքի ուսումնասիրություններից մինչեւ փոքրամասնությունների լեզվական կրթությունը, Ֆրանսիայի մահմեդական դպրոցները, ժամանակակից ասորիներն ու եզդիները: Ի՞նչն է միավորում այս բոլոր տարբեր թեմաները քո ուսումնասիրություններում:
-Կարծում եմ՝ իմ հետազոտության թեմաները կարելի է ամփոփել հետեւյալ կերպ. նախ՝ հետաքրքրություն այն ամենի նկատմամբ, ինչ կորսվում է (որոշ մշակույթներ եւ լեզուներ), եւ ապա՝ հետաքրքրությունը դրանք պաշտպանել փորձողների ոգեւորության եւ ռազմավարությունների նկատմամբ: Վերջերս ես գիտակցել եմ, որ սա է իմ հետազոտական թեման ընտրելու չափանիշը:
–Դու ուսումնասիրել ես նաեւ Ֆրանսիայի հայկական դպրոցները: Որքանո՞վ կարող են նման միկրոպատմությունները հետաքրքրել ճապոնացի գիտնականներին:
-Ճապոնիան վերջին մի քանի տարիների ընթացքում, Ֆրանսիայից ավելի քան մեկ դար անց, սկսել է ընդունել «օտար աշխատողների» (փաստացի՝ «ներգաղթյալների»)՝ երիտասարդ աշխատողների պակասի պատճառով, որն արդյունք է երկրում ծնելիության անկման եւ բնակչության ծերացման: Արդեն սկսում են ի հայտ գալ դպրոցներում նրանց երեխաների ինտեգրման խնդիրները, ինքնության ճգնաժամերը եւ այլն: Հետեւաբար, շատ հնարավոր է, որ եւս մի քանի սերունդ հետո նրանք ու նրանց սերունդները, որպես մեծահասակներ, ստեղծեն իրենց դպրոցները, որպեսզի, ապրելով Ճապոնիայում, իրենց երեխաներին փոխանցեն իրենց լեզուն կամ որպեսզի իրենց երեխաները լեզվական դժվարություն չունենան, երբ վերադառնան «տուն»: Այդժամ Ֆրանսիայի հայկական դպրոցների հիմնադրման պատմությունը եւ դրանց կառավարման ռազմավարությունը մեծապես կարող են մեզ օգնել: Չնայած Ճապոնիայում արդեն իսկ կան կորեական եւ բրազիլական դպրոցներ, դրանք Ճապոնիայում չեն ճանաչվում որպես ընդհանուր դպրոցներ: Իրավական տեսանկյունից, դրանք նույն կարգավիճակն ունեն, ինչ որ վարորդական դպրոցները: Ֆրանսիայի հայկական դպրոցները միայն հայերի համար չեն, դրանք երկլեզու՝ ֆրանսերեն-հայերեն դպրոցներ են, բաց՝ Ֆրանսիայում բնակվող բոլոր աշակերտերի համար եւ Ֆրանսիայում ընդհանուր մասնավոր դպրոցներ են, որտեղ կարող են ընդունվել նաեւ հայկական ծագում չունեցող աշակերտները: Այսպիսով, Ֆրանսիայի հայերը ստեղծում են դպրոցներ, որոնք բաց են թե՛ ֆրանսիացի ժողովրդի, թե՛ հայերի համար, ուստիեւ կարծում եմ, որ այս ռազմավարությունը մեծապես օգտակար կլինի Ճապոնիայում ապագա դպրոցական կրթության համար:
–Որպես ֆրանսահայության հետազոտող՝ ինչպե՞ս կբնութագրես այդ համայնքի առանձնահատկությունները:
-Ֆրանսիայում ներգաղթյալ խմբերը սովորաբար մի քանի սերունդ հետո ամբողջությամբ ձուլվում են, եւ նրանցից շատերն իրենց արմատները պահպանում են միայն իրենց անուններով: Սակայն Ֆրանսիայում հայերն արդեն վեցերորդ սերունդը լինելով հանդերձ, նրանց մեջ շատերն են հաստատապես պահպանում իրենց հայկական ինքնությունը: Կարծում եմ, որ սա նրանց մի առանձնահատկությունն է: Մյուս առանձնահատկությունը, որը չեք գտնի ուրիշ ներգաղթյալ խմբերի շրջանում, ամբողջական հայկական դպրոցների առկայությունն է: Չկա որեւէ այլ ներգաղթյալ խումբ, որ ունենա իր ամբողջական դպրոցը:
–Այս տարի «Հայաստանը որպես քաղաքակրթական խաչմերուկ. պատմական եւ մշակութային կապեր» միջազգային գիտաժողովում քո ներկայացրած զեկույցն էր՝ «Հայկական ավանդական հյուսվածքի տեխնիկայի ազդեցությունը նորաձեւության վրա. Սկիապարելլիի տրոմպլեյ սվիտրը»: Քչերը գիտեն, որ իտալացի հայտնի նորաձեւության դիզայներ Էլզա Սկիապարելլին իր առաջին հաջողության համար պարտական է հայ գաղթական Արուսյակ Միքայելյանին: Կարո՞ղ ես ներկայացնել այդ պատմությունը եւ ասել, թե ինչո՞ւ է այն հետաքրքրել ճապոնացի հետազոտողին:
-Քանի որ Ճապոնիայում քիչ են հայագիտությամբ զբաղվողները, տարբեր գիտնականներ որեւէ տեքստում տեսնելով «հայ» բառը՝ կապ են հաստատում ինձ հետ: Օրինակ, մի անգամ գերմանական գրականության մի մասնագետ ինձ հարցրեց. «Ես տեսա հայ մոգի կերպար Շիլլերի ստեղծագործության մեջ: Հայերը նախաարդիական Եվրոպայում մոգի իմի՞ջ ունեին»: Այդպես եւ նորաձեւության մի հետազոտող ինձ ասաց. «Էլզա Սկիապարելլիի կենսագրության մեջ հայի հետ կապված մի պատմություն կա: Լսել եմ, որ նրա դեբյուտային աշխատանքը հաջողվել է՝ շնորհիվ փարիզաբնակ հայ գաղթական կանանց»: Ինչ-որ պատճառով սա ընդհանրապես չի նշվել հայագիտության մեջ, ես նույնպես դրա մասին գաղափար չունեի, ուստիեւ որոշեցի ուսումնասիրել: Սակայն, քանի որ դա լիովին անհայտ է հայագիտության ոլորտում, դժվարացա ավելի շատ տեղեկություններ հավաքել: Կցանկանայի գտնել որեւէ մեկի, որը ճանաչել է Արուսյակ Միքայելյանին: Նա դարձել է Սկիապարելլիի քարտուղարը եւ երկար տարիներ աշխատել է նրա համար: Էլզան Արուսյակին կոչել է «Մայք»:
–Դու մի քանի անգամ եղել ես Հայաստանում: Ինչպե՞ս կբնութագրես երկիրը եւ քո կապերը նրա հետ:
-Քանի որ ես մասնագիտանում եմ հայ Սփյուռքի ոլորտում, ի վերջո, մեծ անհրաժեշտություն չեմ ունեցել երկար մնալու Հայաստան հայրենիքում: Սակայն ես կապեր եմ հաստատել հայ հետազոտողների եւ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի հետ եւ կարողացել եմ գալ Հայաստան վերջին մի քանի տարիներին՝ պսակաժահրի ճգնաժամից հետո:
–Քո կարծիքով՝ ինչպե՞ս կարող է ապագայում զարգանալ հայագիտությունը Ճապոնիայում:
-Հայագիտությունը Ճապոնիայում սկսել են մի քանի նախորդներ՝ օգտագործելով տեղական նյութերը՝ սակավաթիվ քիչ նախնական հետազոտություններով: Հիմնական ուշադրությունը կենտրոնացած էր Հայաստանին վերաբերող մանրամասն, գիտական, պատմական հետազոտությունների վրա: Որակը լավ էր, բայց շատ քիչ հետազոտողներ էին ներգրավված: Սակայն նրանց ջանքերի շնորհիվ մենք այժմ կարող ենք ընդլայնել մեր հետազոտությունները՝ ներառելով մշակույթը, ճարտարապետությունը եւ նույնիսկ հայ Սփյուռքի ուսումնասիրությունը: Այժմ ավելի շատ երիտասարդ հետազոտողներ կան, որոնք գիտեն հայերեն եւ Հայաստանի վերաբերյալ ուսումնասիրությունները դարձրել են իրենց հիմնական թեման: Վստահ եմ, որ հայագիտությունը Ճապոնիայում ապագայում ավելի կզարգանա…
ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ