Գեղարքունիքի մարզի Ազատ համայնքում տեղակայված զինվորական կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհված ժամկետային զինծառայող Արամ Մանուկյանի պապը լրագրողի խանդավառությամբ ողբերգական լուրն առաջինը հայտնել շտապող վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղիղ ու արդարացի հարց է տալիս՝ ինչո՞ւ էր երկրի ղեկավարը միանգամից, առանց դեպքի մանրամասները պարզելու հայտարարում, թե վառարանի մեջ բենզին լցնելու հետեւանքով է հրդեհ բռնկվել խրճիթի նմանվող կացարանում:
«Հլա սպասի, վերլուծի… Լավ, ընդունենք՝ սպան բենզին է լցրել ու շիշը դեպի 18 տարեկան զինվորները շպրտել, էդ երիտասարդ տղեքը ո՞նց են մեզ թուրքից պաշտպանելու, եթե կոփված ու զինվորական պատրաստություն անցած լինելով չեն կարողացել կրակների միջից դուրս գալ, փրկվել: Ո՞նց կարող էին կրակի տված բոցից, ցավից չարթնանային ու դեպի դուռը չգնային»,- «Ազատությանը» տված հարցազրույցում տարակուսում է երիտասարդ թոռան մահը սգացող պապը:
Հրո ճարակի զոհ դարձած Արամ Մանուկյանի պապը միակը չէ, ում մոտ ողբերգական դեպքից հետո հարց է առաջանում՝ իշխանությունն, ի դեմս վարչապետի, ինչո՞ւ էր իր վրա վերցնում իրավապահ համակարգի գործառույթն ու դեռ զոհված տղաների մարմինները տաք՝ ասես որպես անհերքելի փաստ՝ հայտարարում, թե զինվորները հրդեհի հետեւանքով են մահացել, իսկ հրդեհն էլ կացարանում սպայի մեղքով է առաջացել:
Նման դպերքում, սովորաբար, մինչեւ նախաքննության ավարտը, ո՛չ դեպքը քննող մարմինը, ո՛չ էլ, առավել եւս, երկրի քաղաքական իշխանությունը վարկածներ չեն շրջանառում, ավելին՝ դա որպես բացարձակ ճշմարտություն չեն ներկայացնում: Բայց քանի որ Հայաստանում 2018-ից հետո ամեն բան գլխի վայր շրջվել է, ու վարչապետ Փաշինյանը թե՛ զինվորական ողբերգական դեպքերի մեկնաբան է, թե՛,օրինակ, կորոնովիրուսի բուժման այլընտրանքային տարբերակներ առաջարկող մասնագետ, ապա մեզ մոտ ոչինչ բացառել չի կարելի:
Հասարակության մոտ առաջացած ցասումը պարպելու, ողբերգական միջադեպի հետ կապված հարցերն էլ երկրորդելու համար կառավարության երեկվա նիստի ժամանակ Փաշինյանին յուր թիմակիցները օգնության հասան: Նախ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն է ասում, որ Ազատի զորամասի կացարանի քրեական վարույթի շրջանակներում մինչեւ այս պահը հարցաքննված բոլոր վկաները ուղիղ վկայել են, որ ի սկզբանե առաջ քաշած վարկածը՝ վառարանը բենզինով վառելը, հիմնավոր Է, ապա գլխավոր դատախազ տիկին Աննա Վարդապետյանը հաստատում իր վերադասի՝ դեռ նախորդ շաբաթ առաջ քաշած «անբեկանելի» վարկածը. «Ձեր կողմից հրապարակված վարկածն այս պահին կենսունակ վարկածն է, մյուս բոլոր վարկածներն ստուգվում են, եւ բացառման կանոնով քննություն է իրականացվում»:
Կառավարության երեկվա նիստն, ասես, «շեֆին» հավատարմության երդում տալու եւ նրա ասածներն ամեն գնով հաստատելու թատերական մեծ ներկայացման հերթական արար լիներ, որտեղ բոլորը, դեմքի լրջագույն արտահայտությամբ, պետք է հասարակությանը հավատացնեին, թե «սիրում են բոլորին, խոնարհվում բոլորի առջեւ»:
ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ