Վերջին չորս-հինգ տարիներին իրար հետեւից փաստորեն ծանր պարտություններ կրեցինք ու անդառնալի կորուստներ ունեցանք, սակայն հրապարակախոսների մեծ մասը փորձելով ժողովրդին «փափուկ բարձի» սինդրոմով հանգստացնել՝ իրար կրկնելով հայտարարում են, թե հայ ժողովուրդն ավելի դժվար ժամանակներ ու իրավիճակներ է հաղթահարել, սա էլ կհաղթահարի: Ինքս էլ լիահույս եմ, որ կհաղթահարի եւ ինձ հույս է ներշնչում այն իրողությունը, որ գրեթե բոլոր հայերը լավ շախմատ են խաղում: Որ նրանցից յուրաքանչյուրը ճակատագրի բերումով կռիվ ունի այս աշխարհում, իր կռիվը ապրելու, դիմակայելու եւ, ինչու չէ, նաեւ հաղթելու համար է, իսկ շախմատը տալիս է այդ հնարավորությունը: Հավանաբար հենց պատճառը, որ երեք միլիոնից էլ պակաս բնակչություն ունեցող Հայաստանը ոչ ավել ոչ պակաս շախմատային կայսրություն է համարվում:
Հայաստանի Հանրապետության (ՀՀ) գործող օրենդրության համապատասխան՝ երկրի տարածքի որեւէ փոփոխություն ենթադրում է հանրաքվե: Նույնիսկ սահմանագծի որեւէ, թեկուզ նվազ չափի փոփոխում, անհրաժեշտ է իրականացնել հանրաքվեի միջոցով: Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական հանրապետությունը (ՀԽՍՀ)՝ որպես սուբյեկտ, 70 տարի գործել է՝ միշտ ունենալով իր որոշակի սահմանները եւ դրանք համարվել են կարեւոր բնագծեր: Իսկ երբ օրինակ Անգլիան Բրեքսիթի միջոցով բաժանվեց Եվրոմիությունից, սահմանային խնդիր չկար եւ ամեն ինչ հեշտ ու խաղաղ ընթացավ: Սակայն երբ ԽՍՀՄ-ը լուծարվեց եւ 15 հանրապետություններն անկախացան, այդպես անցավ չեղավ: Տարբերությունն այն էր, որ Եվրոմիությունում բոլոր երկրները թեեւ համախմբված են որոշ գաղափարների եւ գործառույթների շուրջ, սակայն հիմնականում շարունակում են գործել որպես լիարժեք ինքնուրույն իրավական սուբյեկտներ: Նրանք դեսպաններ ունեն տարբեր երկրներում եւ վերջիններիս դեսպաններն՝ իրենց երկրում: Այնինչ, ԽՍՀՄ-ի կազմում գտնվող հանրապետություններն առանձին իրավական սուբյեկտներ չեն եղել: Բացառություն էին թերեւս Ուկրաինան եւ Բելոռուսը, որոնք 1945-ին դարձան ՄԱԿ-ի անդամներ, սակայն իրականում այդպես էլ ինքնուրույն սուբյեկտներ չդարձան:
Ի դեպ, ԽՍՀՄ-ի լուծարումն ու դրա հետեւանքները ցայսօր լավ ուսումնասիրված չեն: Դրա հետեւանքով առկա են մեծ թվով իրավական, քաղաքական, տնտեսական եւ այլ բնույթի հարցեր ու հարցականներ: Չեն պատասխանվել այնպիսի կարեւոր հարցերի, որպիսիք են ժառանգության հիմնախնդիրն ու դրան ածանցյալ այլ բազմազան հարցեր: Օրինակ՝ ինչպես եւ ինչ հիմքով Ռուսաստանը համարվեց ԽՍՀՄ-ի ժառանգորդը եւ տեր դարձավ կայսրության ունեցվածքին ու ռեսուրսներին: Որոշ չափով պարզություն կար թերեւս միայն Մերձբալթյան հանրապետությունների դեպքում: Համարվեց, որ դրանք 1939 թ. օկուպացվել էին եւ ԽՍՀՄ-ի փլուզմամբ վերականգնվեց պատմական արդարությունն ու նրանք վերաանկախացան: Մյուսների դեպքում իրավական հիմք կամ դրա պատրանք է ստեղծում Ալմա-Աթայի համաձայնագիրը, որտեղ պարզապես արձանագրվեց ԽՍՀՄ-ի փլուզումը եւ նախկին խորհրդային հանրապետությունների անկախության փաստը: Նույն խորհրդային օրենդրության տառին համապատասխան փաստորեն անկախացավ նաեւ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզը (ԼՂԻՄ): Սակայն այդ փաստը միանշանակ չընդունվեց եւ որոշվեց դրա հետ կապված բոլոր հիմնախնդիրները քննարկելու համար կազմակերպել Մինսկի կոնֆերանսը եւ նույնանուն հանձնաժողով ստեղծել:
Հստակ է մի կարեւոր հանգամանք. Արցախը, որ մաս էր կազմում ԽՍՀՄ-ին, ինքնորոշվեց եւ անկախացավ այդ նույն ԽՍՀՄ-ից: Կարճ ասած՝ ԽՍՀՄ-ից անկախացան եւ պետական սուբյեկտներ դարձան հայկական երկու պետություն: Այնինչ, մեր հակառակորդների ջանքերով եւ մեր կարճատես գործիչների մեղքով տարածված է այն թյուր տեսակետը, թե իբր Արցախն անկախացել է Ադրբեջանից: Այստեղից էլ այն մեծաքանակ թյուրըմբռնումները, որոնք այսօր էլ գոյություն ունեն այդ հարցում:
Հիշյալ՝ 1991 թ. դեկտեմբերի 21-ին կնքված Ալմա-Աթայի հռչակագրի (դրանով վերահաստատվել է Բելովեժյան համաձայնագիրը՝ ԱՊՀ կազմավորման եւ ԽՍՀՄ-ի գոյության դադարեցման մասին: Ի դեպ, իրավաբանորեն ստորագրվել է՝ հակասելով «ԽՍՀՄ օրենք 03.04.1990 1409-I»-ի եւ ԽՍՀՄ պահպանման մասին համամիութենական հանրաքվեի արդյունքներին) 10-րդ հոդվում արձանագրված էր, որ ԽՍՀՄ սուբյեկտները կարող են անկախանալ: Արցախն էլ այդ նպատակով հանրաքվե կազմակերպեց եւ անկախություն հռչակեց: Իսկ այսօրյա մեր իշխանություններն ավելի հաճախ վկայակոչում են մադրիդյան սկզբունքները եւ հայտարարում, որ դրանց հիման վրա եւ Ադրբեջանից է անկախացել Արցախը: Այնինչ, այդ սկզբունքներում որեւէ կերպ չի ասված, ուղղակի գրված չէ, որ Արցախը կարող է կամ չի կարող անկախանալ: Հստակ է, որ մեր իշխանություններն ուղղակի մանիպուլյացիայով են զբաղված:
Հայաստանի Հանրապետության կնքահայրերը որոշել եւ Անկախության հռչակագրում արձանագրել են, թե ապագայում ինչպիսի պետություն ենք ունենալու: Շատ լավ հասկանալով այդ հարցի գերկարեւորությունը, նրանք թղթին հանձնեցին այնպիսի հռչակագիր, որում արձանագրված են համամարդկային այնպիսի արժեքներ, ինչպիսիք են հումանիզմը, մարդու իրավունքները, ցեղասպանության ճանաչումն ու պահանջատիրությունը, Արցախի վերամիավորումը եւ այլն, ինչպես նաեւ գրված են այն սկզբունքները, որոնք պետք է բոլոր սահմանադրությունների հիմքը դառնային: Այլ կերպ ասած, Հռչակագիրն է մեր պետության հիմքը, ԴՆԹ-ն, դիմագիծը: Դրանում են արձանագրված հայ ժողովրդի համազգային նպատակներն ու ձգտումները: Հետեւաբար, եթե երբեւէ հռչակագիրը խախտվում է (ինչն արվում է գրեթե ամեն օր), ապա այն կատարողները պետք է օրենքի ամբողջ ուժով հետապնդվեն:
Անկախության տարիներին՝ մինչեւ 2018 թվականը, Հռչակագրի սկզբունքներն հիմնականում պահպանվում եւ աստիճանաբար իրականացվում էին: Հատկապես մինչեւ 2020 թ. այսօրվա համեմատ բոլորովին այլ պատկեր ունեինք: Սակայն չարաբաստիկ «Թավշյա հեղափոխության» բերած փոփոխություններից հետո ամեն ինչ սկսեց գլխիվայր շրջվել: Միմյանց հաջորդող զանազան գործընթացներ տեղի ունեցան, որոնց արդյունքներն արձանագրվեցին տարատեսակ գրավոր ու բանավոր պայմանավորվածություններում եւ, ցավոք, դրանց բոլոր դրվագներում Հայաստանը միշտ զիջողի դիրքում եղավ: Ուստի պատահական չէ, որ այդ ամենի հետեւանքով այսօր Արցախում նույնիսկ տեսանելի է ցեղասպանության նախապատրաստման գործընթաց:
Արցախի կորուստն ու այս ամենը կարծես քիչ է, հիմա էլ Ալիեւի հողորտանքների տիրույթում սկսվել է այսպես կոչված անկլավների հարցը բուռն քննարկվել: Առանց տարբերակելու, թե խոսքը որեւէ գյուղում ազերիների բնակվելու մասին, թե իրավական որոշակի կարգավիճակ ունեցող գյուղերի, խոսում են ութ անկլավների մասին, այնինչ ՀԽՍՀ-ի տարածքում եղել են ընդամենը երկու՝ Ոսկեպար եւ Տիգրանաշեն անկլավները, որոնց տարածքը երկու անգամ փոքր է Արծվաշենից: Իրականում խոսքը ԽՍՀՄ-ի վերջին տարիներին հայ-ադրբեջանական սահմանների արհեստական եւ խիստ կամայական վերաձեւումների հետեւանքով ՀԽՍՀ-ի սահմաններց ներս ձեւավորված բնակավայրերի մասին է (հայ-ադրբեջանական սահմանների հիմնախնդրի մասին ավելի մանրամասն տես «ԱԶԳ» 02 եւ 07 հունիսի, 2023): Ավելին, առանց որեւէ հստակ հիմնավորման, չգիտես ինչու, հայ-ադրբեջանական միջպետական սահմանների որոշման հարցում հիմք են վերցրել 1975 թ. գծված քարտեզները: Մի բան, որը բացառապես բխում է ազերիների շահերից, որովհետեւ հայերի բարեհոգության արդյունքում ազերի խաշնարածներին զիջված յայլաներին այդ շրջանում արդեն տրվել էին անկլավներ հիշեցնող կարգավիճակ:
Ստեղծվել է մի իրավիճակ, երբ մի կողմից Թուրքիայի, Իսրայելի, Պակիստանի եւ այլ հակահայ պետությունների ակնհայտ հովանավորությունից թեւավորված Ալիեւն է ամեն օր հոխորտում ու տարատեսակ սպառնալիքներով ահաբեկում, իսկ մյուս կողմից նրանցից ոչնչով հետ չմնացող մեր ներկա վարչակարգն է պատերազմի սպառնալիքով սարսռեցնում հայերին եւ օրնիբուն թմբկահարում՝ ինչ ուզում են, տանք, որ հանգիստ ապրենք: Սակայն դարերից եկող փորձված խոսք կա՝ ախորժակն ուտելուց է բացվում: Մի բան, որ միշտ, ու նաեւ այսօր, հատկապես շատ բնորոշ է թուրք-ազերիներին: Հետո էլ, գրեթե բոլորը համարում են, որ ԽՍՀՄ-ը բռնապետություն է եղել, որ այդ իշխանության տարիներին մեծաթիվ ամենօրյա ապօրինություններ են կատարվել, ապա ինչպե՞ս եղավ, որ այդ նույն համակարգի պայմաններում գծված քարտեզները հանկարծ բոլորի համար դարձան օրինական եւ ընդունելի:
Մարդկային հասարակության փորձը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր պայմանագիր ի վերջո թղթի վրա լավ կամ վատ ձեւակերպումներով գրված նյութ է, որը որեւէ պահի կարող է նետվել աղբանոց: Այնպես որ, գիշեր-ցերեկ տարբեր հարթակներում գովազդվող հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը եւս այդ տիրույթից է: Առավել եւս, որ միջազգային բոլոր իրավանորմերով չի կարող մեկի անվտանգությունն ապահովել մյուսի հաշվին: Հետեւաբար ճիշտ կլինի, որ ոչ թե մենք ջուր չտեսած բոբիկանանք ու խոսենք անկլավների փոխանակման մասին, այլ լուրջ ուսումնասիրություններ կատարենք, բացահայտենք անօրեն ԽՍՀՄ-ում կատարված ապօրինությունները եւ ուղիներ մատնանշենք դրանք շտկելու համար:
Ընդունված է համարել, որ մարդը չպետք է գործիք լինի, այլ լինի նպատակ ու դրան հասնելու հիմնական կատարողը: Անկախության երեսուն տարիներին եթե մեզանում չեն զբաղվել այդ նույն մարդկանց իրավունքների պաշտպանությամբ, ապա ինչու այսօր, երբ կանգնած ենք պետականությունը կորցնելու վտանգի առաջ, հանկարծ դա խիստ առօրեական դարձավ: Այն, որ մեր ներկա իշխանությունները փորձում են տեղի տալ թշնամու ապօրինի պահանջներին եւ բոլոր հարցերում զիջումների գնալ, ապագա չունի, քանի որ ուժի սպառնալիքի ներքո սահմանների ձեւավորումը միջազգային օրենքներով առոչինչ է: Հատկապես, որ այդ զիջումների հետեւանքով կարող են մեր երկիր ներթափանցել ոչ ցանկալի սուբյեկտներ, որոնց հետագայում, երբ արդարությունն էլ հաղթանակի, դուրս հանելը նոր պրոբլեմներ կառաջացնի:
Այսօր, եթե իսկապես մենք ունենայինք իշխանությունների շուրջօրյա թմբկահարվող արդարադատությունը, ապա գլխավոր դատախազը վաղուց պետք է գործ հարուցեր եւ դրա շրջանակներում ճշտվեր, թե ով է դավաճանել, ով է սխալներ թույլ տվել, որեւէ ապօրինի թուղթ ստորագրել եւ այլ նմանօրինակ հարցերը պարզաբաներ: Թե չէ մարդը օրինական կադաստրի վկայական ունի այս կամ այն հողատարածքի համար, տարիներ շարունակ մշակել է այն, հարկեր վճարել, իսկ այսօր հանկարծ ասում են, որ դա քոնը չի: Ինչ-որ մեկը պե՞տք է պատասխան տա դրա համար, թե՞ ոչ, այսինքն՝ իրավանորմերի խախտումներն ակնհայտ են, սակայն որեւէ պատասխանատու չկա:
Կամ, ՀՀ ամբողջ օրենսդրական նորմերով սահմանված է, որ եթե թեկուզ մեկ թիզ հող է հանձնվել, ապա պետք վարույթ սկսվեր եւ մանրամասն քննվեր ու մեղավորները պատժվեին, այնինչ ամեն ինչ կատարվում է կամայական մակարդակում, իսկ կատարողները, ինչպես իրենք են հայտարարում, «թեեւ պատասխանատու են, սակայն մեղավոր չեն»: Իսկական աբսուրդի դաշտի մտածողություն է: Չէ՞ որ սահմանադրությունը հենց նրա համար է գրված, որ որեւէ մեկն իրեն ուժեղ տղայի տեղ չդնի եւ իր ուսապարկերի աջակցությամբ աջ ու ձախ չխախտի այն: Հետո էլ՝ ում համար է գաղտնիք, որ այսօր մեզանում իրավական դաշտում համատարած հանցավոր անգործություն է եւ երկակի ստանդարտներ են գործում: Նույնանման գործերից մեկի դեպքում ասվում է, որ իրավախախտին պետք է կալանավորենք, որպեսզի կարողանանք առերեսում կատարել (այդպես եղավ հերոսածին մայր Գոհարի դեպքում), իսկ մյուսի դեպքում, երբ առկա են տեսագրություններ, կատարող անձերը նույնականացված են եւ այլն, ասվում է ճիշտ հակառակը՝ պետք է նախ առերեսում կատարենք, որ կալանավորենք կամ՝ ոչ (Եռաբլուրից զոհվածների ծնողներին հեռացնելու գործը): Հենց նման դեպքերի համար են մեր օրենսդիր նախահայրերը նախատեսել եւ իրավանորմի ձեւով ՀՀ քրեական օրենսգրքում ֆիքսել, որ սահմանադրական կարգի տապալման համար խիստ պատիժ է նախատեսված, իսկ իրականում այսօր մեկ անհատը փաստորեն իր ուզած ձեւով կամայականորեն մեկնաբանում է օրենքը եւ ինչ ուզում անում է:
Անկախ ամեն ինչից, որպեսզի պետությունը շարունակի գոյություն ունենալ եւ չքայքայվի, հարկավոր է, որ անկախ դիրքից ու պաշտոնից, բոլորը խստագույս պահպանեն Սահմանադրությունը: Ինչպես նաեւ չի կարելի Ցեղասպանությունն ուրանալ, իշխանությունը յուրացնել կամ բառախաղերով լղոզել այն, քանի որ դրանք բոլորը քրեորեն պատժելի արարքներ են: Հուսանք, որ արդարությունն ու արդարադատությունը մի օր մեզանում էլ կգործեն, եւ բոլոր մեղավորները կստանան իրենց արժանի պատիժը:
ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ
պգդ, պրոֆեսոր
10.05-11.06.2023