Ռուբեն Վարդանյանին, Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին, Լեւոն Մնացականյանին, Արայիկ Հարությունյանին, Դավիթ Բաբայանին, Դավիթ Իշխանյանին, Դավիթ Մանուկյանին, Էրիկ Ղազարյանին, Գեւորգ Սուջյանին, Ռաշիդ Բեգլարյանին, Դավիթ Դավթյանին, Դավիթ Ալավերդյանին, Գուրգեն Ստեփանյանին, Վագիֆ Խաչատրյանին, Լեւոն Բալայանին, Ալյոշա Խոսրովյանին, Գարիկ Մարտիրոսյանին, Լյուդվիգ Մկրտչյանին, Մադաթ Բաբայանին, Վիգեն Էուլջեքչյանին, Մելիքսեթ Փաշայանին, Վասիլի Բեգլարյանին
#ChristmasWithHostages #FreeArmenianHostages
Նախորդ շաբաթ «Ազգի» դեկտեմբերի 20-ի համարում հրապարակված «Քանի՞ կաթոլիկ կա Ադրբեջանում, որ երկրորդ եկեղեցին են շինում» վերնագրի հարցը որոնեցինք Վատիկանի աղբյուրներում: «Ադրբեջանում այժմ մոտ 400 կաթոլիկ է բնակվում: Հովհաննես Պողոս Երկրորդն առաջին պապն էր, որ 2002-ին այցելել է Ադրբեջան: Մինչեւ 2011 թվականը Բաքվի կաթոլիկների հոգեւոր ծառայությունն իրականացրել է Թիֆլիսի թեմը, այդ ժամանակվանից ի վեր գործում է սեփական «կաթողիկե պրեֆեկտուրան», Սուրբ Աթոռի արտաքին կապերի քարտուղարի Բաքու այցի առիթով ծանուցել էր «Վատիկան նյուզը»: Մեր նախորդ լրատվությամբ արդեն իրազեկել ենք, որ Սուրբ Աթոռի վերոհիշյալ արքեպիսկոպոս Պոլ Ռիչարդ Գալլագերին Բաքվում կարմիր գորգով պաշտոնական ընդունելության են արժանացրել, նա հանդիպել է իսլամ սուննիների շեյխ Ալլահշուքյուր Փաշազադեի, Իլհամ Ալիեւի, Ջեյհուն Բայրամովի հետ: Այցի առիթը Հովհաննես Պողոս Երկրորդի անվամբ կաթոլիկ երկրորդ եկեղեցու հիմնակերքի արարողությունն է եղել, որ կառուցվում է Հեյդար Ալիեւ հիմնադրամի միջոցներով: Կիրակի օրը՝ դեկտեմբերի 15-ին, նա պատարագ է մատուցել Բաքվում 2007-ին կառուցված Աստվածամոր անունով միակ կաթոլիկ եկեղեցում: Ըստ «Վատիկան նյուզի», արքեպիսկոպոսը Ադրբեջանի կաթոլիկներին կոչ է արել «արդարամիտ, համերաշխ (սոլիդար), պարզ կյանք վարել»: Դժվար է իհարկե պնդել, թե կաթոլիկների արտգործնախարարը չի հասկանում, թե արդարամիտ եւ համերաշխ լինելու պատգամ հղելով վտանգում է Ադրբեջանում իր հոտի ազատությունը: Չէ՞ որ արդարամիտների հոծ բազմության փողոց ելնելու պարագայում միգուցե քաղբանտարկյալներով չէին լցվի երկրի բանտերը:
Հրապարակված որեւէ փաստ չգտանք, թե բարձրաստիճան եկեղեցականը Փաշազադեի, Ալիեւի, Բայրամովի հետ խոսելիս ի՞նչ թեմաներ է արծարծել: Խոսե՞լ է նա արդյոք հայկական եկեղեցիներն ու վանքերը, քրիստոնեական վաղնջական մշակութային ժառանգությունը պահպանելու անհրաժեշտության մասին, բանակցե՞լ է Բաքվի բանտերում պահվող քրիստոնյա քաղբանտարկյալներին, հայ ռազմագերիներին ազատ արձակելու վերաբերյալ: Շատ խորհրդանշական է Գալագերի Բաքու այցի ժամանակը՝ Սուրբ Ծննդյան սպասման 3-րդ շաբաթը, որ արդարամիտ լինելու հետ ավելի գթառատ է դարձնում մարդուն:
Դեկտեմբերի 24-ին կաթոլիկ աշխարհը տոնեց Հիսուսի ծնունդը: Նույն օրը տարօրինակ զուգադիպությամբ Ալիեւին շնորհավորում էին՝ ծննդյան տարեդարձի առթիվ, ցավակցում ադրբեջանական օդանավի խորտակման պատճառով զոհերի ընտանիքներին:
Հայերս դեռ սպասում ենք Սուրբ Ծնունդին: Ի՞նչ ենք խորհում, ի՞նչ ենք փրկում այդ սպասման մեջ, դժվար է միանշանակ գնահատել: Տեսնելով հնարավոր է՝ մինչ այդ ամենասիրված տոնն է՝ Նոր տարին, Կաղանդը, որ միշտ վաղվա հույսի պաշարն է կրկնապատկել եւ «ճոխ սեղանով դիմավորելու դեպքում տարին բարեհաջող կլինի» ավանդույթը եռուզեռ է ստեղծում շուկայում եւ խանութում նաեւ հիմա՝ 2025-ի նախաշեմին: Հունվարի 5-ի Ճրագալույցի գիշերվան, հունվարի 6-ի սուրբ Ծնունդին եւ Ջրօրհնեքին սպասում ենք՝ Հիսուսին ավելի մերձ դառնալով, ձգտելով նրա ողորմության եւ գթասրտության…
Իսկ Երեւանի փողոցները զարմանալի լուռ են՝ աշխարհիկների, սովորական մահկանացուների բերանները պահանջ չեն ձեւակերպում, պաստառներ չկան, թե չենք մոռացել՝ «Տո՛ւն դարձրեք, հայրենի երկիր վերադարձրե՛ք Բաքվի բանտերում անօրեն պահվող մեր 23 ռազմագերիներին»: 2024-ի հոկտեմբերի 11-ին Երեւանում Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հաղորդեց, թե «բացի ադրբեջանական իշխանությունների կողմից հաստատված եւ Բաքվի բանտերում պահվող 23 անձանցից, հայ իրավապաշտպան համայնքի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքների արդյունքում հավաքված տեղեկություններով փաստվում է եւս շուրջ 80 անձանց հավանական գերեվարության հանգամանքը, որոնց վերաբերյալ Ադրբեջանը որեւէ տեղեկություն չի տրամադրում»: Հայաստանում, աշխարհասփյուռ հայ համայնքներում 2024-ի Տարեմուտից առաջ, այսինքն հե՛նց հիմա, նրանց առողջ վերադարձի համար մի մոմ վառենք, հավատի լույսով հիշենք եւ հիշեցնենք, որ մեր մեծ հայկական ընտանիքում սպասում ենք մեր ռազմագերիների տունդարձին:
#ChristmasWithHostages #FreeArmenianHostages նախաձեռնությունը հուշում է, որ կարելի է նամակներ գրել՝ հիշեցնելով, որ չենք մոռացել, որ հայկական աշխարհասփյուռ մեր համայնքներում աղոթում եւ սպասում ենք նրանց:
Ի՞նչ գրել երբեւէ չտեսած, չճանաչած մարդուն: Ինչպե՞ս սփոփել նրանց մեկուսացած, ընկճված ոգին, երբ հայտնի է, որ գերուշադիր աչքը հսկում է մեր գիրը: Դրական պատմությունների վերհուշը, մշակութային իրադարձություններին անդրադարձը, որեւէ գրքի, ֆիլմի, թանգարանի կամ ընտանեկան ավանդույթի, սովորույթի մասին պատմությունը միգուցե նրանց օգնի բեռնաթափել ծանր առօրյան: Էլեկտրոնային նամակները կարելի է ուղարկել Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանի հասցեով՝ ombudsman@ombudsman.az նշելով գերիների անունները: «Ազգի» կայքէջում սրա մասին՝ առավել մանրամասն:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Գերմանիա