Արդյոք վերջին օրերին տեղի ունեցած (եւ դեռ տեղի ունենալիք) պաշտոնանկություններն ու նոր մարդկանց պաշտոնների նշանակումները, դրանց անհոդաբաշխ հիմնավորումները, դրանց նախորդած խորհրդարանական սկանդալը արդյունք են այն դավադրապաշտական տեսությունների, որոնք շրջանառվում են մեր սոցիալական ցանցերում, եւ ըստ որոնց Հայաստանը խաղալիք է դարձել միջազգային` առաջին հայացքից անտեսանելի ուժերի կամ աշխարհն ընդհատակյա կառավարողների ձեռքին, որոնցից ամեն մեկն իր ցանկություններն ու իր մարդկանց է պարտադրում Հայաստանին: Չենք կարող ասել: Բայց որ Հայաստանի շուրջ ինչ- որ անտեսանելի իրողություններ կան` կուլիսային սպրդումներից եւ առաջին հերթին կառավարման գործիք դարձած սոցիալական ցանցերի միտումնավոր արտահոսքերից՝ հասկացվում է: Այդ արտահոսքերով Հայաստանին պարտադրվում է մեր քաղաքական դաշտում առկա եվրոպամետներին լայնորեն ընդգրկել կառավարման ոլորտ, անգամ լուրեր են պտտվում ցանցերում, որ վարչապետը կարող է փոխարինվել, Մհեր Գրիգորյանի փոխարեն կարող է նշանակվել Արամ Զավենի Սարգսյանը եւ այլն: Ասեկոսեների եւ արտահոսքերի շարքը ցանկության դեպքում կարող եք տեսնել սոցիալական ցանցերում: Իսկ ՌԴ արտաքին հետախուզական ծառայությունների մամուլի կենտրոնի նյարդային արձագանքը, թե Արեւմուտքը Հայաստանում «ռասկրուտկա» է անում արեւմտամետներին, հավանաբար ինչ-որ չերեւացող գործընթացների արձագանք է:
Մեզ ավելի հետաքրքրում է, թե ինչ ավեր են գործում տարբեր տեսակի եւ որակի ցանցային արտանետումները մարդկանց հոգեբանության վրա, որոնց մոտ ձեւավորվում են վախեր, բացասական սպասումներ, անելանելիության զգացում, մանավանդ որ պատերազմից հետո մեր հանրությունն այդպես էլ չկարողացավ ինքնակազմակերպվել, ստեղծել այնպիսի ներքին կառուցվածք, որ անկախ առկա իշխանությունից եւ ընդդիմությունից` վտանգավոր պահերին կազմակերպվելու հնարավորություն կդառնար: Բոլոր դեպքերում` ներքո մեր վերլուծությանը եթե նայենք վերն ասվածի լույսի տակ, ենթատեքստն ամենեւին այլ կլինի: Իսկ այնպես` մենք մեր վերլուծությունն արել ենք` անկախ դավադրապաշտական վարկածներից:
Ըստ օրերս ՆԳ փոխնախարար նշանակված Արմեն Ղազարյանի` տարեկան միջինում 4 հազար մարդ հրաժարվում է Հայաստանի քաղաքացիությունից: Ենթադրվում է` նրանք երիտասարդ մարդիկ են հիմնականում, քանի որ, ըստ փոխնախարարի` պատճառների մեջ գլխավորներից է բանակից ազատվելը: Ի՞նչ է ստացվում` այսպես որ շարունակվի մոտիկ ապագայում Հայաստանում կապրեն միայն միլիոն եւ ավելի դրամ աշխատավարձ ստացող պաշտոնյաներն ու նրանց հարազատները, փոքրաթիվ օլիգարխներն ու նրանց շրջապատը, նախկինում եւ հիմա հարստացածներն ու նրանց սպասարկող լրատվամիջոցների` նորմալ աշխատավարձերով ապահովված աշխատակիցները, ապահովված օտարերկրացիները եւ… աղքատ ազգականի կարգավիճակ ունեցող թոշակառուները: Քանի որ ամեն օր իշխանության հորինած նորանոր հարկերը, տույժուտուգանքները, պարզապես վերը թվարկած կատեգորիաներին (թոշակառուներին հանած` նրանք այլ ելք չունեն) չպատկանող սովորական մարդուն այն աստիճան են խեղդում, որ նա մեկնում է երկրից` վաստակելու եւ իր թոշակառու հարազատներին դրսի վաստակից ապրելու միջոց ուղարկելու համար: Իշխանությունն, այդպիսով, բնակչության լայն շերտին նորահնար հարկերով, տույժուտուգանքներով խեղդելով` բնակչության գերակշիռ մասին է վերածել աղքատ ազգականի, որը ոչ մի շանս չունի իր կեցությունից դուրս ինչ-որ այլ բանի մասին մտածելու: Եւ նրանցից շատերը հրապարակով անցնելիս անգամ հայացքը չեն բարձրացնում` նայելու շատ միլիոններ արժեցող տոնածառին, քանի որ տոնը նրանց չի վերաբերում: Տխուր բան եմ ասում, բայց դա է վիճակը:
Իսկ թե ինչու են այսպես կոչված հեղափոխության ժամանակ հենց խոցելի խմբերին, իսկ ավելի ստույգ` Հայաստանի բնակչության գերակշռող մասին ականջահաճո փոփոխությունների խոստումով իշխանության եկածները եվրոպական ստանդարտներին համապատասխան հարկախեղդ անում սեփական բնակչությանը` տնտեսության իրական դիվերսիֆիկացիա չկարողանալով ապահովել (այսինքն` միայն Եվրոպային տված խոստումներն են կատարում), սովորական մարդուն վերածելով օրվա կարիքի հետեւից ընկած, ամեն ինչի հանդեպ անտարբեր դարձած սոցիալական կենդանու` շատ բազմաշերտ պատասխան պետք է որոնել, սկսած կադրային ձախողված քաղաքականությունից, մինչեւ այժմ տնտեսական, գաղափարական, սոցիալական ձեւակերպված եւ բոլորի համար հասկանալի ռազմավարության չգոյություն եւ ամեն ինչ մեկ անձի մոտեցումներով պայմանավորված գործելակերպ: Այն, ինչ ես եմ ասում, այսօր ասում են ներկա իշխանության հետ անցյալում համախոհ, ներկայումս իշխանության անհաշտ քննադատը դարձած շատ ուրիշներ:
Ասածս բոլորովին չի նշանակում, որ նկարագրված վիճակից պետք է մոտիվավորվեն բոլոր նախկին իշխանությունները, որոնց միասնական ջանքերով է գծվել այն համակարգը, որի մասն է նաեւ ներկա իշխանությունը` մի փոքր եվրոպական թյունինգով: Բոլոր նախկիններն ընդհանրապես պետք է լռեն, իսկ ներկա իշխանության այլընտրանքն այսօր պետք է դառնային արտահամակարգային նոր ուժերը, որոնք առկա չեն (բազմիցս խոսել եմ այդ մասին):
Այո, ե՛ւ իշխանության, ե՛ւ ընդդիմության ներկա վարկանիշերն ամենացածրն են բոլոր ժամանակներից: Բայց մեր իշխանությունն ու նրա ղեկավարն այն աստիճան հմուտ են զանգվածներին հմտորեն կառավարելու նորագույն մեթոդների մեջ, որ մեր հանրությունը մոտակա ժամանակում հազիվ թե ներկա քաղաքական քարտեզին հակակշռող ինչ-որ բան կարողանա առաջարկել: Ավելի շուտ իշխանությունն ընդդիմափոխություն կանի` առաջիկա խորհրդարանը համալրելով նոր եւ կառավարելի ընդդիմադիր միավորներով, քան հանրության մեջ ներկա իշխանության եւ ընդդիմության ծիրից դուրս նոր խմբեր կձեւավորվեն, ընդ որում` ներկա ընդդիմությունն արդեն հասկացել է, որ իր դոմինանտությամբ իշխանափոխություն իրականացնելու գնացքը վաղուց արդեն գնացել է եւ հերթական կամ արտահերթ (իսկ իմ կարծիքով` արտահերթ) ընտրություններին պայքարելու է` ընդդիմադիր կարգավիճակը պահպանելու համար միայն:
Նայեք, թե ինչպես է հանրությանը նետվել նոր զբաղմունք` պաշտոնանկությունների ու պաշտոնափոխությունների թեման: Թե ինչո՞ւ են մարդկանց մի խմբին փոխարինում նոր խմբով` մեծ հաշվով անհասկանալի է, մանավանդ` նոր պաշտոնյաների կենսագրություններն ուսումնասիրելով դրանցում ե՛ւ կոռուպցիոն սկանդալների մասնակցության կասկածներ ես գտնում, ե՛ւ առարկայական կապեր այս ու այն, ներկա եւ անցյալ «համբավավոր» պաշտոնյաների հետ: Կամ ասենք ի՞նչ արժեք ունի նշանակման վերաբերյալ սահմանադրական նորմի մատնանշումը (ՀՀ քննչական կոմիտեի նախագահ նշանակել Արթուր Պողոսյանին՝ 6 տարի ժամկետով), երբ նախորդին` Արգիշտի Քյարամյանին նույնպես պաշտպանող ժամկետային նորմը մեկ հարվածով, ավելի ստույգ` մեկ խորհրդով ոտնահարվեց ու չգործեց:
Նոր նշանակված կադրերը, անուն առ անուն կարող ենք քննարկել, ամենեւին ավելի լավ որակներ չունեն, քան արդեն ազատվածները, էլ չասած հոգեբանական այն աղետը, որը պատճառվում է մեզ` միանձնյա որոշումներով եւ խորհուրդներով: Մեզ մոտ ի՞նչ է` միապետությո՞ւն է, չենք իմացել,կարծես թե Սահմանադրությունում այլ բան է գրված:
Հատկապես տհաճ էր պատգամավորների մանդատը վայր դնելու` վարչապետի, իր իսկ խոստովանությամբ, այսպես կոչված խնդրանքը: Արդյոք նա, մեր նախաբանի հանգույն, ինչ-որ տեղեկությունների է տիրապետե՞լ, որոնք իրենց արտացոլումը գտան Անդրանիկ Քոչարյանի լսումների ժամանակ մեր կարծիքով մի փոքր կողքից ուղղորդված սկանդալում: Բայց: Առանց այդ էլ խորհրդարանի վարկանիշը շատ ցածր է, ի՞նչ իմաստ ունի ընդհանրապես ոչնչացնել այն, մանավանդ` ո՛չ Հովիկ Աղազարյանը, ո՛չ Արտակ Զեյնալյանն ամենեւին վատ պատգամավորներ չէին, իսկ Աղազարյանի դիմադրելու ցանկությունը պարզապես բարձրացրել է նրա վարկանիշը: Առաջարկում ենք վարչապետին` հետ վերցնել իր խնդրանքը, եթե վերջնականապես զրո չի ուզում դարձնել սեփական խորհրդարանը, ի դեպ` նրա օրինակով շարժվում է նաեւ ընդդիմությունը` մտմտալով «Հայաստան » խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանին խորհուրդ տալ վայր դնել մանդատը, թե բա` իշխանականների հետ նկարվել է: Ինչպես ասում են` նմանը զնմանին գտանե մեր խորհրդարանում` ի դեմս իշխանության եւ ընդդիմության: Թե՞ ընդդիմությունում էլ այլ, մեր նյութի նախաբանի համատեքստում տեղեկատվության են տիրապետո՞ւմ:
Իսկ Հովիկ Աղազարյանին առաջարկում ենք «Իրական բարեփոխումներ» անունով կուսակցություն ստեղծել` կստացվի, նախկին դաշնակցական Աղազարյանն ինչո՞վ է պակաս նախկին դաշնակցական Լեւոն Շիրինյանից, որ սեփական կուսակցություն չունենա: Ամենայն լրջությամբ` իր ողջ կյանքի ամենաբարձր վարկանիշը հիմա ունի, շնորհիվ իր շուրջը ծավալվող իրադարձությունների:
Ինչով ենք, էլի, զբաղված, Ադրբեջանը տրիլիոնանոց պահանջով Հայաստանի դեմ հայց է ներկայացնում միջազգային ատյաններ (համոզված եղեք` կաշառքով վճիռ կստանա եւ պարտքի դիմաց կպահանջի մեր տարածքները), Իրանն Ադրբեջանի հետ զորավարժություններ է անցկացնում Հայաստանի ջգրու, ոչինչ չգիտենք, թե ի՞նչ մեսիջներ են փոխանցել Լեհաստանի նախագահն ու իր տիկինը Հայաստանի վարչապետին եւ իր տիկնոջն առերես հանդիպելով եւ ումի՞ց` փոխանակ դրանք քննարկենք, զբաղված ենք եսիմ ինչով…
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Թեմայի շարունակությունը` հեղինակի յութուբյան նոր հրապարակման մեջ. https://www.youtube.com/channel/UC7a2vlmCMLVmBF10D60LdxQ