Արեւմտյան Մերիլենդի բալետի խումբը հրապարակել է 2023 թվականի իր գործունեության ծրագիրը: Մայիսի 13-ին եւ 14-ին պարախումբը Մերիլենդի թատրոնում հանդես է գալու «Հմայություն» բալետի համաշխարհային պրեմիերայով՝ Էլիզաբեթ Շուլցի ղեկավարած Մերիլենդի սիմֆոնիկ նվագախմբի հետ համատեղ: «Հմայությունը» հիմնված է ամերիկաբնակ կոմպոզիտոր Արշակ Սիրունյանի հեղինակային պարտիտուրի վրա, որն առաջին անգամ բեմադրել է Դանիել Հորոխովսկին Արեւմտյան Մերիլենդի բալետի խմբի եւ պրոֆեսիոնալ հրավիրյալ պարողների հետ:
Երեւանում ծնված Արշակ Սիրունյանն ավարտել է Կոմիտասի անվան կոնսերվատորիան: Ստեղծել է դասական եւ ժամանակակից ստեղծագործություններ վոկալի, դաշնամուրի, կլառնետի, լարային քառյակի եւ սիմֆոնիկ նվագախմբի համար: 2002 թվականին Կոմիտասի անվան լարային քառյակը ներկայացրել է Սիրունյանի ստեղծագործությունը՝ նվիրված Հայաստանի երկրաշարժի զոհերին: 2002 թվականին ընկերոջ՝ Արթուր Եղիազարյանի հետ թողարկելով իր առաջին՝ «Հայկական ժողովրդական մեղեդիներ» ալբոմը, Արշակը հնարավորություն է ունեցել մեկնել ԱՄՆ: Այստեղ 2008-ին Լեւոն Միքայելյանի եւ Նունե Վարդանյանի հետ հիմնել է «Դաբլ շարփ» խումբը, որտեղ ընդգրկված են նաեւ ամերիկյան ջազի վետերաններ Թոնի Բանը եւ Ուես Քրոուֆորդը: Խումբը թողարկել է «Երգով՝ իմ սրտի մեջ» ալբոմը: Սիրունյանը թողարկել է նաեւ «Փոքր աշխարհ» (2009), «Ջորնալ» (2010) եւ այլ ալբոմներ:
Ա. Բ.