Բազմերախտ ազգային գործիչ, մանկավարժ, բանասեր, թարգմանիչ Արտաշես Աբեղյանի անունն արգելված էր Խորհրդային Հայաստանում: Նորանկախ հանրապետության առաջին տարիներին Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում Ա. Աբեղյանի ամերիկաբնակ դստեր միջոցով աստիճանաբար համալրվելով՝ հաստատվեց նրա արխիվը, որի հիման վրա մամուլում եւ առանձին գրքերով հրապարակ հանվեցին նրա հեղինակած ինքնուրույն ու թարգմանական որոշ գործեր, գրվեցին հոդվածներ նրա կյանքի ու գործի մասին: Թանգարանում 1995-ին կազմակերվեց Ա. Աբեղյանի մահվան 40-ամյակին նվիրված հանդիսավոր արարողություն: Միաժամանակ Թանգարանը դիմեց Երեւանի քաղաքապետարանին՝ մայրաքաղաքի դպրոցներից եւ փողոցներից մեկն Արտաշես Աբեղյանի անվամբ կոչելու խնդրանքով՝ նկատի ունենալով նաեւ այն հանգամանքը, որ վերջինս, բացի իր հայագիտական ծանրակշիռ վաստակից, իր քաղաքական գործունեությամբ, Երկրորդ աշխարհամարտի տարիներին փրկել է հազարավոր հայերի կյանքեր: Ցավոք, այդ փաստարկն անգամ որեւէ դեր չխաղաց ակնկալվող անվանակոչման համար: Այժմ, մոտ երեք տասնամյակ անց, այս անգամ «Ազգի» միջոցով, կփորձենք նորից ներկայացնել ազգանպաստ գործչի կյանքի ուղին, եւ այս անգամ, թերեւս, մայրաքաղաքի նոր ավագանին ականջալուր եւ առավել բարեհաճ կլինի…
Արտաշես Աբեղյանը ծնվել է 1878 թվականի հունվարի 1-ին, Նախիջեւանի Աստապատ գյուղում: Վաղուց արդեն հայաթափված այդ հինավուրց գյուղում է ծնվել նաեւ նրա մեծանուն հորեղբայրը՝ Մանուկ Աբեղյանը:
Նախնական կրթությունը ծննդավայրի ծխական դպրոցում ստանալուց հետո Արտաշեսն ուսանում է ժամանակի երեք նշանավոր հայկական կրթավայրերում՝ Շուշիի թեմական դպրոց (1887-1890 թթ.), Թիֆլիսի Ներսիսյան դպրոց (1890-1895 թթ.), Էջմիածնի Գեւորգյան ճեմարան (1895-1899 թթ.): Մանուկ Աբեղյանից բացի, նրա ուսուցիչներն են եղել Պերճ Պռոշյանը, Ստեփան Մալխասյանը, Կարապետ Կոստանյանը, Գարեգին Հովսեփյանը (հետագայում՝ կաթողիկոս Մեծի տանն Կիլիկիո), Հովհաննես Հովհաննիսյանը, Ստեփան Կանայանը եւ ուրիշներ, որոնք ազգային խոր գիտելիքներ հաղորդելով նրան՝ ուղղորդել են դեպի հայագիտությունը:
Ա. Աբեղյանը նախապես, հորեղբոր հետեւությամբ, զբաղվում է բանահավաքչությամբ. գրի է առնում (1899 թ.) հայ ժողովրդական էպոսի երկու տարբերակ՝ մոկաց եւ արարատյան բարբառներով: Ընդ որում, նա էպոսի արարատյան բարբառով տարբերակի առաջին գրառող-հրապարակողն է:
Ճեմարանն ավարտելուց հետո Ա. Աբեղյանը, որպես հայերենի ուսուցիչ, հրավիրվում է Շուշի, որտեղ շուրջ մեկ տարի դասավանդում է թեմական դպրոցում: Այնուհետեւ, 1900 թվականի սեպտեմբերին մեկնում է Գերմանիա՝ «բարձրագոյն ուսմանց հետեւելու համար»: Նա ուսանում է Մարբուրգի, Բեռլինի եւ Լայպցիգի համալսարանների պատմական-աստվածաբանական եւ փիլիսոփայական մասնաճյուղերում, գերմաներենից զատ յուրացնում է նաեւ մի քանի հին արեւելյան լեզուներ: Հատկանշական է, որ նրա հետ միասին գերմանական համալսարաններում ուսանում էին նաեւ Երվանդ Տեր-Մինասյանը, Սարգիս Կասյանը, Ստեփան Շահումյանը եւ ուրիշներ, որոնք հետագայում տարբեր դերեր պիտի ստանձնեին հայ մշակութային ու քաղաքական կյանքում…
1904 թվականին Ա. Աբեղյանն ավարտում է Մարբուրգի համալսարանը փիլիսոփայության դոկտորի աստիճանով: Դոկտորական ատենախոսությունը նվիրված էր Աստվածաշնչի հին հայերեն թարգմանությանը (ուսումնասիրության առաջին մասը լույս է տեսել 1906 թ. Մարբուրգում):
Գերմանիայում ուսանելու տարիներին Ա. Աբեղյանը շարունակում է թղթակցել հայ մամուլին: Այսպես, 1902 թվականին նա Լայպցիգից Թիֆլիսի «Լումայ» պարբերականի խմբագրությանն է ուղարկում «Ֆրիդրիխ Բոդենշտեդ Խաչատուր Աբովեանի մասին» գրությունը, որտեղ թարգմանաբար ներկայացված են հատվածներ գերմանացի բանաստեղծ, արեւելագետ-հայագետի «Հազար ու մէկ օր Արեւելքում ուղեգրութիւնից»: Այս հրապարակման մեջ արդեն դրսեւորվել են Ա. Աբեղյանի թե՛ թարգմանչական ձիրքն ու հակումները եւ թե՛ հետաքրքրությունը արեւելահայ գրականության նոր շրջանի սկզբնավորման, մասնավորապես Աբովյանի հանդեպ:
1905 թվականին Ա. Աբեղյանը մեկնում է Սանկտ-Պետերբուրգ եւ աշխատում է Ասիական թանգարանում՝ Նիկողայոս Մառի ղեկավարությամբ: Ազգային հիմնավոր կրթությունը եւրոպական բարձրագույն կրթությանը զուգակցած հայ մտավորականը վերադառնում է տուն, ինչպես մի ժամանակ իր պաշտելի Աբովյանը կամ իր հորեղբայր Մանուկ Աբեղյանը, Արեւմուտքի լույսը բերելով իր հայրենակիցներին:
1905-1919 թվականներին Ա. Աբեղյանը Թիֆլիսում լծվում է մանկավարժական, բանասիրական, թարգմանչական եւ հասարակական աշխատանքի: Տարբեր պատասխանատու պաշտոններ է վարում Ներսիսյան դպրոցում, Հովնանյան օրիորդաց վարժարանում եւ պետական գիմնազիաներում: Նրա մշակած նոր մեթոդներով դասավանդվում են հայոց լեզու, գերմաներեն, կրոնի պատմություն եւ աշխարհագրություն:
Ա. Աբեղյանն անդամակցում է կովկասահայ մի շարք կազմակերպությունների ու ընկերությունների վարչական մարմիններին, 1905-ից մտնում է ՀՅԴ շարքերը, թեեւ, ինչպես վկայել են ժամանակակիցները, եղել է «կուսակցական գործօն կեանքէ հեռու» եւ զերծ կուսակցական նեղմտությունից ու մոլեռանդությունից:
1900-ականների սկզբներին Ա. Աբեղյանը գերմաներենից կատարած իր թարգմանություններով ձգտում է տարածել ու արմատավորել հայ իրականության մեջ գերմանական առաջավոր տնտեսագիտական ու քաղաքական մտքի փորձը: Այս ժամանակ լույս ընծայված նրա «Դեմոկրատիական ընտրութիւններ» գրքույկը ժողովրդավարության եւ ժողովրդավարական ընտրությունների մի ամփոփ ուսուցարան էր: Դա երիտասարդ հայ մտավորականի կատարած համարձակ քայլ էր մի այնպիսի ժամանակ, երբ Այսրկովկասում իշխող Ռուսաստանը դեռեւս գտնվում էր իր «արիւնոտ րէակցիայի մէջ»: Կարծելով, թե այնուհանդերձ Ռուսաստանը «գնում է դէպի մի նոր կեանք, որի հիմքը պիտի կազմի դեմոկրատիզմը», հեղինակն իր աշխատության մեջ անհրաժեշտ էր համարել եւրոպական փորձի հիման վրա ցույց տալ, թե ինչ է ժողովրդավարությունը եւ ինչպես պիտի իրագործել ժողովրդավարական ընտրությունները: Խնդիրներ, որոնք այսօր էլ, ցավոք, տակավին չի հաղթահարել Ռուսաստանը….
1908 թվականին Ա. Աբեղյանը ճամփորդում է Գերմանիայում, Բելգիայում, Հոլանդիայում, Շվեյցարիայում եւ Թուրքիայում: Հաջորդ տարի Թիֆլիսում լույս է տեսնում նրա կազմած ուղղագրական բառարանը, որը պարունակում է մոտ 10 000 բառերի ցանկ եւ ուղղագրական կանոններ՝ գրված լինելով իբրեւ օժանդակ ձեռնարկ հայերենի ուղղագրությունը սովորելու համար: Բազմիցս վերահրատարակված և ցայսօր գործածելի այդ աշխատանքը բարձր է գնահատել հայ մանկավարժության նահապետ Ղազարոս Աղայանը…
1907-1914 թվականներին Ա. Աբեղյանը հրապարակ է հանում աշխարհագրության դասագրքեր եւ հարակից ձեռնարկներ: Արժեքավոր է հատկապես նրա «Հայաստանի աշխարհագրութիւնը», որն ունեցել է հինգ հրատարակություն եւ նույնպես արժանացել բարձր գնահատանքի: Հեղինակն այստեղ մանկավարժի ու գիտնականի հմտությամբ կարողացել է զուգակցել հայրենի երկրի նոր եւ պատմական աշխարհագրությունը, ընդ որում, լինելով առաջինը, դասագրքի մեջ գործածել է գունավոր քարտեզներ: Ինչպես աշխարհագրության իր դասագրքում, իր կազմած քարտեզներում եւս Ա. Աբեղյանը ձգտել է միասնաբար ներկայացնել հին եւ նոր Հայաստանը եւ այս անգամ էլ «յաջողութիւն է ունեցել»:
Հայաստանի անկախության հռչակումից հետո Ա. Աբեղյանը գալիս է Երեւան եւ մասնակցում հանրապետության կազմավորմանը՝ ընտրվելով Խորհրդարանի անդամ: Հայաստանի խորհրդայնացումից հետո նա տեղափոխվում է Թիֆլիս, ապա՝ Կ. Պոլիս եւ նորից լծվում մանկավարժական, գիտական ու թարգմանչական աշխատանքների: Դասավանդում է Էսայան օրիորդաց վարժարանում: Դասախոսություններով հանդես է գալիս Կեդրոնական վարժարանում՝ խոսելով կովկասահայ մշակութային զարթոնքի, թատրոնի ու գրականության, այլեւ Հայկական բնաշխարհի ու նրա հարստությունների մասին: Արդեն բավական խորացած լինելով իր նախասիրած պատմաշրջանի մեջ, նա լուսաբանում է Դորպատի (Տարտու) համալսարանի դերը ազգային վերածննդի գործում, անդրադառնում է Աբովյանին, Նալբանդյանին, Գամառ Քաթիպային, Ահարոնյանին, Թումանյանին ու Իսահակյանին:
Կ. Պոլսում Ա. Աբեղյանը վերահրատարակում է իր կազմած ընդհանուր եւ Հայաստանի աշխարհագրության դասագրքերը՝ վերածելով արեւմտահայերենի, թղթակցում է «Ճակատամարտ» թերթին, որի տպարանից, նրա ընտիր թարգմանությամբ, 1922 թվականին լույս է տեսնում Կուպրինի «Սուլամիթը»: Նույն թվականի աշնանը նա ընտանիքով վերջնական հանգրվան է գտնում Գերմանիայում: Այստեղ հանձն է առնում թարգմանությունների եւ ուսումնասիրությունների միջոցով գերման ժողովրդին ներկայացնել Հայաստանը, հայոց պատմությունն ու մշակույթը, ինչպես նաեւ՝ հայերեն թարգմանել գերմանական գրականության խոշոր հուշարձանները:
1922-1945 թվականներին Ա. Աբեղյանը բնակվում է Բեռլինում: Մինչեւ 1924 թվականը վերապատրաստվում է տեղի համալսարանում, որտեղ մի ժամանակ ուսանել էր: Հաջորդ տարի, նրա մի հիմնավոր դիմումի համաձայն, Պրուսիայի կրթության նախարարի հրամանով Բեռլինի համալսարանին կից Արեւելյան լեզուների սեմինարում բացվում է հայագիտության ամբիոն, որտեղ նա նշանակվում է հայերենի դասախոս: Նրա մեկ այլ դիմումի համաձայն 1928 թվականին Բեռլինի նորաբաց փողոցներից մեկը կոչվում է «Հայկական փողոց»:
1936-1945 թվականներին Ա. Աբեղյանը դասավանդում է Բեռլինի համալսարանի արտասահմանագիտական (Auslandhochschule), ապա նաեւ փիլիսոփայական մասնաճյուղերում, պատրաստում է մի շարք հայագետ ու հայասեր գերմանացի մտավորականների…
Ա. Աբեղյանը երկար տարիներ շարունակ եղել է Գերմանիայի հայ գաղութային միության վարչության անդամ կամ նախագահ: Ընդսմին, երբեք կտրված չի եղել մայր հայրենիքից: Վարել է արժանահիշատակ Յոհանես Լեփսիուսի հիմնադրած Գերմանա-հայկական միության փոխնախագահի պաշտոնը: 1937-1944 թվականներին դոկտոր Պաուլ Ռոհրբախի հետ միասին խմբագրել է այդ միության տեղեկագիրը: Եղել է Գերմանիայի գրողների միության անդամ եւ թղթակցել է մի շարք գերմաներեն թերթերի ու ամսագրերի, Հայաստանի եւ հայության մասին նյութերով աշխատակցել է նշանավոր «Բրոքհաուզ» հանրագիտարանին: Դեռեւս Արեւելյան լեզուների սեմինարում դասավանդելիս Բեռլինի, Ֆրանկֆուրտի եւ այլ քաղաքների գերմանական մամուլի էջերում տպագրել է հոդվածներ հայ ժողովրդական ավանդույթների, բանահյուսության, աշուղների ու երգահանների (Կոմիտաս, Կարա-Մուրզա, Եկմալյան) մասին: Անդրադառնալով իր նախասիրած թեմային՝ լուսաբանել է հայ-գերմանական մշակութային հարաբերությունները դորպատյան շրջանում, ներկայացրել է Հայաստանի գիտական հիմնարկները, միջազգային կապերը, Նանսենի ծրագիրը եւ այլն:
Գերմանական պարբերականներից մեկում Ա. Աբեղյանի թարգմանությամբ լույս է տեսել Հրաչյա Աճառյանի «Թումարիների կրոնը Պարսկաստանում» հոդվածը: Այդ շրջանում նա խորապես ուսումնասիրում է նաեւ ժամանակի հայ գրականությունը (Հայաստանի թե Սփյուռքի), գերմաներեն է թարգմանում հայ լավագույն գրողների երկերը (Րաֆֆիից մինչեւ Համաստեղ եւ ավելի նորերը): Թարգմանություններից որոշ նմուշներ տպագրում է գերմանական մամուլում, սակայն նրա կազմած «Հայկական պատմվածքներ» գերմաներեն հատընտիր ժողովածուն (քառասուն պատմվածք), ցավոք, այդպես էլ մնում է անտիպ: Անտիպ են մնում նաեւ հայ տարաբնույթ բանահյուսական նյութերի Ա. Աբեղյանի գերմաներեն բազում թարգմանությունները…
Շարունակությունը` հաջորդիվ
ՀԵՆՐԻԿ ԲԱԽՉԻՆՅԱՆ
ԲԳԴ