Զրույց՝ փարիզահայ քաղաքաշինարար Մարիամ Խաչատրյանի հետ՝ գեղանկարչական իր գործունեության ընդհատվելու հանգամանքների եւ այժմ դրան կրկին վերադառնալու մասին
– Մարիամ, խոսենք այն մասին, թե ինչպե՞ս տարիներ առաջ ձեր մեջ զսպեցիք նկարիչ դառնալու մղումը եւ մեկնելով Ֆրանսիա՝ քաղաքաշինարար դարձաք:
-Ասեմ, որ սկզբում ընդունվել եմ Երեւանի Ճարտարապետաշինարարական համալսարանը, դարձել եմ ճարտարապետ, հետո մեկնել Ֆրանսիա եւ մասնագիտացել որպես քաղաքաշինարար: Դե, արվեստ սովորելու համար ողջ աշխարհից Ֆրանսիա կամ Իտալիա են գնում:
Հասկացա, որ քաղաքաշինությունն ավելի բազմակողմանի է, բազմազան գիտելիքների եւ վերլուծության կարիք է պահանջում, իմ տեղն այդտեղ է, այդտեղ ես իմ գիտելիքի լիարժեք ներդրում եմ անում: Քաղաքաշինության մեջ ազատ եւ անկաշկանդ ես, ճարտարապետությունը գաղափարապես ավելի կաղապարված է:
– Ինչո՞ւ ավարտելուց հետո չվերադարձաք Հայաստան:
– Չվերադարձա, որովհետեւ նախկին խորհրդային բոլոր երկրներում, այդ թվում նաեւ Հայաստանում, քաղաքաշինությունը պահանջարկ չունի, իսկ Եվրոպայում այն վերին աստիճանի զարգացած եւ կարեւոր մասնագիտություն է:
– Խոսենք ձեր՝ նկարիչ չդառնալու, բայց հիասքանչ նկարելու անավարտ պատմության մասին:
– Նկարել սկսել եմ երեք տարեկանից, ճարտարապետ հայրս ինձ տալիս էր ոչ մեծ չափի նկարչական թուղթ, անպայման պրոֆեսիոնալ միջին չափի, կլոր գլխով վրձին եւ միանգամից 12 գույն ջրաներկ, ամենակարեւորը՝ չէր ծանրաբեռնում, որ չհոգնեմ: Առաջին նկարը, որ գրավել է ծնողներիս ուշադրւթյունը, դա մայրիկիս տատիկի՝ ուրվագծով ընդհանրացված նկարն էր, այնքան բնորոշ էր ստացվել, որ բոլորը ճանաչել էին բնորդին:
– Երբ տանեցիները հասկացան, որ օժտված եք, ի՞նչ ձեռնարկեցին:
– Լավագույն աշխատանքներիցս դոսյե կազմեցին եւ տարան Գեղագիտության ազգային կենտրոն, ուր ես հաճախեցի մինչեւ դպրոց գնալս, սակայն դասերին ինտենսիվ չէի հաճախում: Արդեն դպրոցում սկսեցի երաժշտությամբ զբաղվել եւ նկարչութունը չհամատեղվեց: Այնուհետ իմ միակ դասատուն դպրոցի նկարչության ուսուցչուհին էր՝ Սուսաննա Սիմոնյանը, ում հետ կապված մի հետաքրքրական միջադեպ կա, որն էլ հավանաբար ազդեց իմ անկաշկանդ ու ազատ նկարելաոճի վրա: Հինգերորդ դասարանում եղավ մի պահ, երբ ես ֆլոմաստերով միայն գունավոր գծեր էի նկարում, ուսուցչուհուս դա դուր չեկավ, քանի որ ես հրաժարվում էի կատարել իր թեմատիկ հանձնարարությունները՝ դրանք կաշկանդում էին իմ երեւակայությունը (նաեւ չէի նկարում գունավոր մատիտներով, ինչպես որ ինքն էր պարտադրում): Ըմբոստանալով ուսուցչուհուս բարկության դեմ, նկարչական ալբոմում մի բողոք-բանաստեղծություն գրեցի իր մասին: Բանաստեղծությունը մի օր հայտնվեց իր ձեռքում, ուսուցչուհիս զարմացած ասաց, որ ինքն ամենեւին էլ այդքան դաժան չէ, ինչպես որ նկարագրված է բանաստեղծության մեջ: Այդ օրվանից ի վեր ես լիովին ազատ էի ստեղծագործում:
Դրանով մեր շփումը չավարտվեց, այլ բոլորովին նոր ձեւաչափ ստացավ: Բարձր դասարաններում արդեն նկարչություն չէինք անցնում, բայց ես չէի դադարում նկարել եւ ուսուցչուհուս ցույց տալ: Իմ մեջ տաղանդ նշմարելով, ուսուցչուհիս որոշել էր շարունակել դասերը, այս անգամ ոչ ֆորմալ ձեւով: Նրա խորհրդով տարբեր նյութեր փորձեցի, բայց ի վերջո կրկին վերադարձա ջրաներկին: Որոշակի ժամանակ պահանջվեց, որպեսզի ես ինքնուրույն կարողանամ ճիշտ ձեւով տիրապետել ջրաներկի տեխնիկային, նա անընդհատ ասում էր՝ մի վախեցիր, թող ներկերը հոսեն միմյանց վրա:
Ուսուցչուհիս մի քանի անգամ դպրոց կանչեց հորս եւ ասաց, որ անպայման գնամ նկարչական դպրոց: Գուցե այս պահին զարմանալի թվա, բայց հայրս կտրուկ մերժեց՝ ասելով, որ կփչացնեն բնատուր օժտվածությունս:
–Եվ դուք չհամակերպվեցի՞ք նկարչական չհաճախելու մտքի հետ:
-Դուք ճիշտ եք կռահում՝ ոչ այնքան: Մի պահ հայրս բացակայեց Հայաստանից, եւ ես գաղտի, կարճ ժամանակով Կոջոյան դպրոց հաճախեցի: Տնօրենը նկարներիցս մեկը շատ հավանելով՝ ինձ անմիջապես ընդունեց, բայց շուտ ձանձրացա եւ չշարունակեցի հաճախել: Գուցե արդեն մեծ էի եւ այլ նկարչական հաստատություն էր ինձ պետք, կամ գուցե մասնավոր դասեր: Ավելի ուշ, մայրիկի հետ, կրկին գաղտնի դիմեցինք Հայաստանում հեղինակավոր մի արվեստաբանի՝ հասկանալու համար՝ ի՞նչ մասնագիտություն պետք է ընտրել ի վերջո: Վերջինս ասաց, որ ոչինչ չի տեսնում: Այս հանդիպումն ինձ համար որոշակիորեն ճակատագրական դարձավ եւ այլեւս ոչ մի քայլ չձեռնարկեցի:
– Ինչպիսի՞ն էր ձեր հոր վերաբերմունքը ձեր նկարների հանդեպ, չէ՞ որ նա ճարտարապետ էր եւ հասկանում էր նկարչությունից:
– Հիրավի, յուրօրինակ մոտեցում ուներ՝ երկու ամիսը մեկ նկարներս շարում էր հատակին, միասին ընտրում էինք, բացատրում էի, թե ինչի եմ ընտրել այս կամ այն նկարը, հավանածները շրջանակվում էին: Այսքանով ավարտվում էին գովեստի բոլոր դրսեւորումները: Երբ ազգականները ասում էին, որ չեն հասկանում, նա հարցնում էր՝ հավանո՞ւմ եք, դո՞ւր է գալիս, այդքանն էլ բավական է՝ ուրեմն լավ նկար է:
– Արդեն մոտեցան ուսանողական տարիները, ի՞նչ պատահեց ձեր նկարների հետ:
– Բոլոր նկարներս խնամքով փաթեթավորեցի եւ պահեցի. ո՛չ Երեւանում, ո՛չ Ֆրանսիայում չեմ նկարել բացարձակ. վերջին մասնագետի բացասական վերաբերմունքը՝ նկարչությունը մի կողմ դնելու պատճառ դարձավ: Միայն տարիներ անց, Երեւանում մի հայ նկարչի՝ Կամսար Օհանյանին որոշեցի ցույց տալ դրանք, խնդրեցի, որ լուսանկարի, ուզում էի տեղադրել համացանցում, ուղղակի հետաքրքրական էր: Նա միանգամից դրականորեն արձագանքեց, ոգեւորեց ինձ, ասաց, որ նորից պետք է նկարեմ: Որոշ ժամանակ անց նկարներս հայ եւ ռուս արվեստաբանների ցույց տվեցի, վերջիններս դրականորեն արձագանքեցին, ինչն էլ կրկին նկարչությանը վերադառնալու առիթ հանդիսացավ:
Հարցազրույցը՝ արվեստաբան ՏԱԹԵՎԻԿ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ