Չորեքշաբթի, Սեպտեմբերի 10, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նիկոլայ Մադոյան. «Երաժշտությունը ոչ միայն շարժում է սիրտը, այլեւ նորոգում է հոգին»

Արծվի Բախչինյան
05/09/2025
- 5 սեպտեմբերի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
19
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԵՐԵՎԱՆ – Վիրտուոզ ջութակահար, միջազգային մրցույթների դափնեկիր, Հայաստանի վաստակավոր արտիստ, ՀՀ նախագահի մրցանակակիր, ՀՀ Մշակույթի նախարարության Ոսկե եւ Երեւան քաղաքի Զինանշանի մեդալակիր, Գինեսի ռեկորդի տիտղոսակիր Նիկոլայ Մադոյանի համբավը վաղուց դուրս է եկել Հայաստանի սահմաններից: Նա ջութակ նվագում է յոթ տարեկանից: 1988-ին դարձել է Չայկովսկու անվան երիտասարդ ջութակահարների համախորհրդային մրցույթի հաղթող, 1989-1992 թթ. ուսանել է Գերմանիայում, 1992-ին Բեռլինում ավարտել ասպիրանտուրան՝ պրոֆեսոր Հայբերգի ղեկավարությամբ: Հանդես է գալիս Եվրոպայի, Ասիայի եւ Ամերիկաների հեղինակավոր բեմերում, համագործակցում է մի շարք մեծանուն երաժիշտների (այդ թվում՝ լեգենդար ջութակահար Իսաք Սթերնի) հետ: Նրա անունը գրանցված է «Գինեսի ռեկորդների գրքում» այն բանից հետո, երբ ավելի քան 33 ժամ անընդմեջ ներկայացրել է 59 դասական գործ: Մադոյանի համարձակ ծրագրերից է եղել նաեւ պատմության մեջ առաջին անգամ մեկ երեկոյի ընթացքում Պագանինիի ջութակի վեց կոնցերտների անգիր կատարումը (Երեւան, 2014): 2025-ին սկսել է համաշխարհային շրջագայություն՝ կատարելով Պագանինիի 24 կապրիսներն առանց ընդհատման: Մադոյանի վերջին ձայնասկավառակն է բարձր գնահատականի արժանացած «Հայկական շքեղությունը» («Armenian Brilliance», «Նաքսոս» ֆիրմա, 2023): Նրա ձայնագրությունները դանիական «Կոնտրապունկտ» եւ գերմանական «Նաքսոս ռեքորդս» ընկերությունների հետ արժանացել են բարձր գնահատանքի այնպիսի պարբերականների կողմից, ինչպիսիք են «Սթրադը», «Գրամոֆոնը», «Բի Բի Սի Մյուզիք մագազինը» եւ «Ամերիքան ռեքորդ գայդը»:

–Նիկոլա՛յ, ձեր համերգներին հետեւում եմ 1995 թվականից: Ո՞րն է ձեր մանկության այն կարեւոր բանը, որը, կարծում եք, ուղղակիորեն ձեւավորել է ձեզ որպես արվեստագետ:

-Մեր տանը միշտ երաժշտություն էր հնչում: Ձայնագրությունների մեծ հավաքածու ունեինք, պապս կրքոտ երաժշտասեր էր, ամբողջ օպերաներ գիտեր անգիր: Հայրս ունեցել է գեղեցիկ երգեցիկ ձայն՝ նախքան դեռահաս դառնալը: Բայց իրական բեկումնային պահը եղավ, երբ առաջին անգամ լսեցի Սարասատեի «Գնչուական մեղեդիները» Յաշա Հայֆեցի կատարմամբ: Հմայվեցի եւ ունկնդրեցի հազարավոր անգամ: Դարձավ գրեթե մտասեւեռում՝ ոչ թե ընդօրինակելու, այլ ըմբռնելու եւ մի օր հասնելու, գուցե նույնիսկ՝ գերազանցելու վարպետության այդ աստիճանը սեփական ճանապարհով, ինքնուրույն ձեռագրով:

–Հավատո՞ւմ եք, որ երաժշտությունն ունի հոգեւոր չափում կամ նույնիսկ բուժիչ ուժ: Անձամբ ձեզ երաժշտությունը փրկե՞լ է:

-Ոչ միայն հավատում եմ, այլեւ գիտեմ, որ այդպես է: Երաժշտությունը բուժում է եւ տանում է այնտեղ, ուր բառերն անզոր են: Ես ամեն օր զգում եմ նրա բուժիչ եւ վեր հանող ուժը. երբ երաժշտությանը մոտենում ես ամենաբարձր մակարդակով, մարմինն ու հոգին ներդաշնակվում են: Երաժշտությունը ոչ միայն շարժում է սիրտը, այլեւ նորոգում է հոգին: Այսօր նույնիսկ գիտությունը հաստատում է այն, ինչ երաժիշտները միշտ իմացել են. երաժշտությունն օժտված է մեծ ուժով՝ վերականգնելու թե՛ մարմինը, թե՛ հոգին:

–Երբ կատարում եք անցյալի կոմպոզիտորների գործերը, զգո՞ւմ եք նրանց ներկայությունը, նրանց հետ կապը:

-Այո՛, բացարձակապե՛ս: Երբ ելույթ եմ ունենում, հաճախ զգում եմ, որ մեջս ասես երկխոսություն է կայանում: Ես հավատում եմ, որ կոմպոզիտորի երաժշտության հետ խորը շփման ժամանակ ձեւավորվում է իրական, համընդհանուր կապ: Նրա հոգին ներկա է լինում: Իմ մեկնաբանությունը միշտ ունի համատեղ ստեղծագործական բնույթ. բեմում ես պարզապես չեմ վերարտադրում պարտիտուրը, այլ համատեղ ստեղծում եմ երկն իրական ժամանակում: Ինձ համար սրբազան է այդ կենդանի պահը: Երբ անգիր կատարեցի Պագանինիի վեց կոնցերտները, դահլիճում ներկա կինոբեմադրիչ Հենրիկ Մարգարյանն ինձ ասաց, որ զգացել է, թե Պագանինիի ոգին ներկա է եղել դահլիճում: Նման փորձառություն հնարավոր է միայն այն ժամանակ, երբ ամբողջովին խորասուզվում ես կոմպոզիտորի էներգիայի մեջ, որն էլ կենտրոնանում է քո շուրջը՝ տալով քեզ յուրատեսակ զորություն:

–Ո՞ր գործն է, ըստ ձեզ, ամենից շատ բացահայտում ձեզ կատարելիս: Երբեւէ զարմացե՞լ եք, թե ձեր իսկ կատարումն ինչ է բացահայտել ձեր մասին:

-Ես կցանկանայի ընդգծել Բախի «Չակոնան»՝ սոլո ջութակի համար, ռե մինոր, երկրորդ պարտիտայից: Այն հաճախ կատարվում է առանձին, բազմաթիվ տարբեր գործիքների համար մշակված տարբերակներով: Որոշ կոմպոզիտորներ նույնիսկ դրա թեման ներառել են իրենց ստեղծագործություններում: «Չակոնան» կառուցված է թեմայի եւ հաջորդող վարիացիաների շարանի վրա: Ես միշտ այն ընկալել եմ որպես կյանքի փուլերի կամ զարգացման աստիճանների խորհրդանշում: Վերջում վերադառնում է հիմնական թեման՝ դառնալով ամբողջ գործի մի տեսակ հիմնական էություն, ասես ամփոփելով անցած բոլոր ճանապարհները: Այն կարծես ցույց է տալիս, որ ամեն ինչ անվերջ կրկնվում է՝ շրջանաձեւ, պտույտի նման: Բազմիցս կատարել եմ այս գործը եւ ամեն անգամ՝ նոր մեկնաբանությամբ: Այն ունի եզակի փիլիսոփայություն եւ խորություն, որոնք մշտապես նոր բան են բացահայտում թե՛ կյանքի, թե՛ իմ սեփական եսի մասին:

–Դուք հաճախ անգիր կատարում եք հսկայական ծրագրեր: Ձեր միտքը երաժշտությունը կազմակերպում է ավելի շատ տեսողակա՞ն, զգացմունքայի՞ն, թե՞ կառուցվածքային ձեւով:

-Կարծում եմ՝ այս բոլոր հիշողությունները՝ տեսողականը, մկանայինը եւ երաժշտականը, գործում են միասին: Դրանք միասին ստեղծում են ամուր հիմք՝ հիշողությանը տալով բազմաթիվ հենակետեր: Ես միշտ կերտում եմ ստեղծագործության «ճարտարապետական» կառուցվածքը, որն անցնում է զգացմունքներին եւ միավորվում իմ  ներքին հոսքին՝ երաժշտության գիտակցական ու ենթագիտակցական ընկալմամբ: Այդ կերպ հիշողությունն ունենում է հարյուր տոկոս ապահովություն:

–Հաճախ են խոսում «գերբնական» տաղանդի մասին: Բայց ձեր փորձից ելնելով՝ ի՞նչ դեր են խաղում համառությունը, կարգապահությունը եւ կիրքը ջութակ նվագելու վարպետության մեջ՝ համեմատած բնածին հանճարի հետ:

-Տաղանդը կարող է լինել բոցավառումը, բայց ջանքն ու կիրքն են այրվող կրակը: Հանճարն առանց քրտինքի պարզապես ներուժ է, իսկ ներքին կրակից զուրկ հանճարը՝ պարզապես անավարտ սքանչանք: Կարծում եմ՝ այս բոլորը շատ կարեւոր դեր են խաղում. աշխատասիրությունն ու համառությունն անփոխարինելի են: Եվ պետք է հափշտակված լինել ջութակով, քանզի դա կբորբոքի այն կիրքը, որն անհարժեշտ է բոլոր դժվարությունները հաղթահարելու համար: Ջութակը, հավանաբար, ամենաբարդ գործիքն է, եւ յուրաքանչյուր գործոն իր փոխկապակցված դերն ունի վարպետանալու ճանապարհին:

Նիկոլայ Մադոյանը վաղ երիտասարդության տարիներին

–Չորս տարրերից ո՞ր մեկն եք դուք:

-Ես ինձ նույնացնում եմ ջրի տարրի հետ: Ըստ որոշ հին օրացույցների՝ ծնվել եմ հենց այդ տարրի ներքո: Ջուրը համարվում է ամենափափուկ տարրը, բայց երբ բախվում է ամուր նյութի՝ անպարտելի է եւ միշտ գտնում է առաջ ընթանալու ուղին: Դա նաեւ իմ ճանապարհն է: Նվագելիս հաճախ զգում եմ, որ իմ մեկնաբանությունը ջրի պես հոսուն է, ճկուն եւ խորապես զգայական, սակայն ունի ներքին ուժ, որը կարող է ամեն մի խոչընդոտ հաղթահարել: Ջուրը հարմարվում է, հոսում, բայց նաեւ ձեւավորում է իր ճանապարհը: Ես ձգտում եմ այդ նույն որակին՝ լինել նուրբ ու զգայուն, բայց նաեւ անզիջում, եթե երաժշտությունը դա պահանջի: Երբ հասկանում ես սեփական էներգիան, այն դառնում է հզոր եւ ստեղծագործ, իր ուժով՝ գրեթե անհաղթահարելի:

–Ի՞նչ է տեղի ունենում ձեր առավել ինքնամփոփ, մասնավոր փորձերի ընթացքում:

-Այդ երկարատեւ ժամերին, երբ ինձ ոչ ոք չի տեսնում, ես հաճախ երգում եմ՝ միաժամանակ նվագելով: Դա օգնում է ավելի խորապես միավորվել երաժշտության հետ: Իմ ձայնը «դնելով» ջութակի ձայնի վրա՝ ես դառնում եմ ստեղծագործության համահեղինակ, մի այլ տեսակի անձնական, եթերային տարածքում:

–Երբեւէ բեմում ստիպված եղե՞լ եք արագ որոշում կայացնել՝ փրկելու համար անսպասելի իրավիճակը:

-Նիդեռլանդներում կատարում էի Սիբելիուսի ջութակի կոնցերտը, երբ լարերից մեկը՝ ամենաթույլը եւ ցանկացած ջութակահարի ամենամեծ վախի աղբյուրը, հանկարծ կտրվեց: Ես արագ կողմնորոշվեցի եւ առաջին ջութակահարից վերցնելով նրա գործիքը՝ շարունակեցի նվագն առանց դադարի: Նախկինում նման իրավիճակներ էլի էին եղել, եւ այդ պահերին հանգստություն պահպանելը եւ արագ կողմնորոշվելը շատ կարեւոր է:

–Եթե ջութակը խոսեր, ի՞նչ ճշմարտություն կբացահայտեր ձեր մասին, որը բառերով հնարավոր չէ արտահայտել:

-Այն կբացահայտեր, որ ես հակասությունների մարդ եմ. մի կողմից փափուկ եւ մեղմ, մյուս կողմից՝ հետեւողական եւ պահանջկոտ՝ գերազանցության հասնելու իմ ձգտման մեջ: Ջութակի ձայնի միջոցով, որը գերազանցում է մարդկային ձայնը, ջութակահարը կարող է տալ այն զգացումները, որոնք բառերը չեն կարող արտահայտել: Մինչ բառերը հաճախ մեզ հողին են իջեցնում, ջութակը վարպետ ձեռքերում մեզ բարձրացնում է երկինք՝ միաձուլվելով աշխարհի շուրջն ընթացող թրթռացումներին: Այն կպատմեր երաժշտության հետ իմ խոր կապի մասին՝ ոչ միայն որպես ձայնի, այլեւ որպես սիրո լեզվի եւ հաղորդակցության ամենասպասված ու կատարյալ ձեւի:

–Երբեւէ ունեցե՞լ եք երազ կամ տեսիլք, որը փոխել է երաժշտությունը կատարելու ձեր ոճը:

-Այո՛, բայց դա ուղիղ իմաստով երազ չէր: Երբ մոտ ութ տարեկան էի, ունեցա մի խորհրդավոր, սյուրռեալիստական փորձառություն, որը պատահեց միայն մեկ անգամ եւ մնաց ինձ հետ մինչ օրս: Արձակուրդին Մարտունիում էինք, քայլում էի բաց դաշտում: Նկատեցի մի փոքրիկ թփուտ եւ որոշեցի դրանց մեջ մտնել: Երբ անցա թփերի միջով, ակնթարթորեն հայտնվեցի մի աշխարհում, որը կարծես քվանտային զուգահեռ իրականություն լիներ. մի թաղամաս էր՝ շենքերով եւ մարդկանցով, որոնք իրենց առօրյա կյանքն էին ապրում: Ահավոր շփոթվեցի, քանի որ վայրկյաններ առաջ դեռ դաշտում էի: Շրջում էի անորոշ վիճակում՝ չհասկանալով, թե ինչ է տեղի ունեցել: Ի վերջո շրջվեցի եւ վազելով հետ վերադարձա: Մի քանի րոպե անց, հետաքրքրասիրությունից մղված, եղբորս հետ վերադարձա եւ անցա նույն թփուտը, բայց թաղամասն անհետացել էր, մնացել էր միայն դաշտը: Այդ փորձառությունը, թեեւ խորհրդավոր ու անբացատրելի, մնաց ինձ հետ, եւ կարծում եմ՝ սկսեց ազդել իմ երաժշտական կատարման վրա, հատկապես նեղ անձնական կամ ինտենսիվ պահերին: Ես փորձում եմ փոխանցել այդ արտասովոր զգացողությունը՝ մեկ այլ չափման մեջ անցնելու, ապա ունկնդրին նորից հետ բերելու:

–Ի՞նչն է սնուցում ձեր հոգին երաժշտությունից դուրս:

-Սերը:

ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ

Շարունակելի

Գլխավոր լուսանկարը՝ Խանդութ Պարույրյանի

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հնամյա տոհմի արժանի զավակը. Պետրոս Տիգրանի Ավդալյան

Հաջորդ գրառումը

Քրիստոնեական կազմակերպություններին մտահոգում են արքեպիսկոպոսներ Աջապահյանի, Գալստանյանի կալանքի երկարաձգումը, Վիգեն Էուլջեքչյանի հացադուլը

Համանման Հոդվածներ

5 սեպտեմբերի, 2025

Ոչ թե աշխարհակարգի փոփոխության, այլ համաշխարհային բարեկարգության սպասումով

05/09/2025
5 սեպտեմբերի, 2025

Աշխարհը փոխվում է ամեն պահ, մենք՝ չէ

05/09/2025
5 սեպտեմբերի, 2025

Արցախից տեղահանված, փախստականի կարգավիճակ չստացած հայերին կարող են նաեւ Ադրբեջա՞ն արտաքսել

05/09/2025
5 սեպտեմբերի, 2025

Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում Փեզեշքիանի ու Էրդողանի հանդիպման օրակարգից դուրս մնացած հարցերը

05/09/2025
Հաջորդ գրառումը

Քրիստոնեական կազմակերպություններին մտահոգում են արքեպիսկոպոսներ Աջապահյանի, Գալստանյանի կալանքի երկարաձգումը, Վիգեն Էուլջեքչյանի հացադուլը

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսն այցելել է Միքայել Սրբազանին . Aravot.am

10/09/2025

Aravot.am-ի տեղեկություններով՝ Ամենայն Հայոց կաթողիկոսն օրերս այցելել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: «Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հետ չհաջողվեց կապվել, բայց մեր...

ԿարդալDetails

Ուղիղ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի հերթական նիստ – 10.09.2025

10/09/2025

Դատարանը պարտավորեցրել է Սոֆյա Հովսեփյանին ներողություն խնդրել Արսեն Թորոսյանին վիրավորելու համար

10/09/2025

Լեհաստանի ՊՆ-ը Մոսկվային մեղադրում է ագրեսիայի մեջ

10/09/2025

Հայաստանի հավաքականի առաջին հաղթանակը. Հայաստան—Իռլանդիա՝ 2-1

09/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական