Ես հարց եմ տալիս հիմա հաճախ ինձ,
Նայելով ոմանց «փառավոր» դնչին,
Թե ինչու է դարն այսքան վիթխարի,
Իսկ սրանք այսքան փոքրիկ ու չնչին…
Չարենցի այս տողերը կարծես մեր օրերի մասին լինեն, համենայնդեպս` մեր շուրջն ամեն օր կատարվողը ամեն օր առիթ է տալիս այդ տողերը մտաբերելու:
Հավանաբար միայն ընդդիմության (ե՛ւ խորհրդարանի, ե՛ւ հրապարակների) գործունեությունն այլեւս չի զբաղեցնում հանրությանն այն աստիճան, որ աննկատելի մնա այնպիսի վտանգալից իրավիճակը, որը նախորդել էր 44-օրյա պատերազմին, երբ մինչեւ վերջին պահ փոխադարձ մեղադրանքների պաթոսի պակաս չկար, ու պարերազմի մոտենալը նկատելու ժամանակ չուներ ոչ ոք: Թերեւս կարելի է մտածել, որ նույնը հիմա է, պատերազմ` չէ, բայց տնաքանդ զիջումներով ու ռուսների մոնիտորինգային ներկայությամբ Սյունիքով անցնող ճանապարհի տրամադրումը Հայաստանի կողմից շատ մոտ է, որին կարող է հաջորդել ինչ ասես, ու ոչինչ չի նշանակում այն հակասությունը որ Ալեն Սիմոնյանը Ժնեւում ասում է , թե խաղաղության փաստաթղթի չհամաձայնեցված չորս կետից երեքն էլ է համաձայնեցվել, ԱԽ քարտուղար Արմեն Գիրիգորյանը, հակառակը, էլի միջազգային հարթակում պնդում է, որ չորս հարց շարունակում է մնալ չհամաձայնեցված: Իսկ Փաշինյանը խոսում է ռուսների մոնիտորինգային (ոչ թե ճանապարհը վերահսկելու) ներկայության մասին` Սյունիքով անցնող ճանապարհի հնարավոր մոտակա ապաշրջափակման դեպքում: Ալիեւն էլ խոսում է չհամաձայնեցված փաստաթուղթը չստորագրելու իր տրամադրվածության մասին: Ռուսները շտապում են Հայաստանով անցնող ճանապարհը բացելու առումով, ամերիկյան կողմը, որ մինչ այդ նորից շտապում էր, արտաքին դեպարտամենտի ներկայացուցչի շուրթերով չգիտես ինչու հասկացնում է, որ չի շտապեցնում Հայաստանին`մինչեւ Բաքվի բնապահպանական գագաթնաժողովը Սյունիքով անցնող ճանապարհի բացման առումով (միգուցե նրա համար, որ նորից ստացվո՛ւմ է ռուսների ճնշումը Հայաստանի վրա): Եւ իշխանությունն էլ, միգուցե հենց այդ պատճառով եւ ընդդիմության վրա հույս չդնելով արդեն` ինքն է ներթիմային հակադրությունների թատրոն կազմակերպում, որ մարդիկ չկարողանան իրավիճակի ճիշտ գնահատական տալ եւ ինքնակազմակերպվել: Առաջ միայն ընդդիմության աշխարհացունց աղմուկն էր բավարար համարվում մարդկանց զբաղեցնելու եւ խճողելու համար` ցավում եմ այն ընդդիմադիրների համար, որոնք մեծ խաղից անկախ` ազնվորեն ընդվզում են, հիմա դա մեծ ազդեցություն չունի հանրության լայն շրջանակի վրա, եւ իշխանական ներթիմային հակադրություններն են առաջ մղվել, եւ խաղից տեղյակ իշխանականների համար կարեւոր չէ, թե Արգիշտի Քյարամյանի, Հովիկ Աղազարյանի կամ մի ուրիշի գլուխները կթռչեն, կարեւորը` պահի հրամայականի ճիշտ իրացումն է:
Դրանց թվում են նաեւ ԱԺ բալասնավորված լսումները` մի դեպքում իշխանականների նախաձեռնած հանցագործությունների ներկա իրավիճակի, մյուս դեպքում` «Հայաստան» խմբակցության ներկայացրած «Հայաստանի Անկախության մասին հռչակագրի անժամանցելի արդիականության մասին» ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ, որոնց ընթացքում նաեւ հետեւությունների բերող եզրահանգումների կարելի էր գալ. իշխանության դեպքում` լրացուցիչ բացահայտումներով, որ նախկին հոռի գործելակերպը այսօր էլ առկա է եւ չի փոխվել (օրինակ նախնական կալանքը որպես ճնշման միջոց կիրառելը կամ զանգերով արդարադատություն իրացնելը, հավելյալ` նաեւ անհավասարակշիռ, առանց կենսական փորձի անձանց կարեւոր պաշտոններ վստահելը), իսկ ընդդիմության դեպքում` նույն ուժով ու նույն տոնայնությամբ պաթետիկ ելույթների արտաբերումը իրական գործունեության հետ շփոթելը:
Ի՞նչ են ստվերում` դա՞րձը դեպի ռուսական ադեցություն, եւ անաղմուկ նահա՞նջն արեւմտյան գերակշռությունից, հնարավոր է` շատ մոտ օրերին Սյունիքի ճանապարհի բացումը ռուսական մոնիտորինգով (ոչ թե վերահսկոություն, այլ մոնիտորինգ, ըստ իշխանության, բայց ի՞նչ տարբերություն): Դե իսկ խորհրդարանում արտացոլված ներիշխանական հակադրությունը տիպիկ հայկական է, որը մշտապես դրսեւորվել է ե՛ւ անցյալում, ե՛ւ հիմա, երբ իշխանական տարբեր թեւերն են միմյանց դեմ պայքարում`զոն նայողի կարգավիճակն իրենցով անելու համար (ասա թե` Անդրանիկ Քոչարյան, այդքան մեծ ազդեցությունն ինչի՞դ է պետք` ավելի շուտ վարի կտան, ինչպես որ քո օգնությամբ ուրիշներին են վարի տալիս), ու վաղուց նկատելի է` ներիշխանական հակադիր թեւերը երկուսը չեն, այլ նվազագույնը` երեքը, ՀԿ սեկտորի պատգամավորներինը ներառյալ: Ու որ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն իր երիտասարդ լինելու պատճառով ինքատիրապետումը կորցրեց եւ մատնեց այդ ռազբորկաների գողական բնույթն իր պահվածքով, ապա դա չի նշանակում, որ գեղեցիկ բառակույտերով ծածկվողները նույն այդ ռազբորկայի մասնակիցը չեն: Բայց դրանից ո՛չ հանրությունն է շահում, ո՛չ երկիրը, ո՛չ էլ հանցածին իրավիճակն է երկրում դեպի լավը գնում, անկախ թվերից: Ասենք` ի՞նչ տարբերություն` կոկաինը մեկ տոննա է, թե՞ մի երկուհարյուր կիլո պակաս (հա, էդ երկուհարյուր կիլոն կարող է մի քանիսին միլիոնատեր դարձնել), խայտառակություն է, որ այս փոքրիկ երկիրը դարձել է ահռելի չափերի հասնող թմրանյութի գլխավոր տարանցիկ ճանապարհներից մեկը, ու դա չի կարող լինել, պնդում ենք` չի կարող լինել առանց առաջին դեմքերի գիտության: Այնպես որ` ես չեմ հասկանում, թե ո՞ւմ են հիմարի տեղ դրել ե՛ւ թեման բարձրացնողները, ե՛ւ հարցի համար պատասխանատու համարվող կառույցները, պայմանավորվածություն չլինի` իսկի մեկ գրամ կոկաին սահման չի անցնի, ուր մնաց` մեկ տոննա, կամ մի քիչ պակաս: Ու որ հայտնաբերվել է, նշանակում է կոկաինի միլիարդները միմյանցից խլելու փաստ է գրանցվել ընդամենը:
«Հայաստան» խմբակցության կազմակերպած լսումների առումով էլ` Էմոցիոնալ բառերի կույտ ասելու էքստազը բոլորիս էլ կարող է տանել, ազգային երազանք ունենալուց էլ, իրոք, մեզ ոչ ոք չի կարող զրկել, բայց դա չի փոխում այն իրողությունը, որ զենքով նվաճած մեր հաղթանակը ժամանակին չենք հասցրել իրավական ամրագրման եւ առանց դրա այն արտացոլել ենք Անկախության հռչակագրում եւ հղում արել Սահմանադրության նախաբանում, բայց գոնե երեսուն տարում պիտի ուղղեինք այդ անհամապատասխանությունը գործնականում, թեկուզ գոնե ժամանակին ճանաչեինք Արցախի անկախությունը, ու դա կլիներ հռչակագրի նյութականացման մի վավերաթուղթ: Բայց Արցախը ճանաչելու հայտարարությունը, որ խորհրդարան էր բերում «Ժառանգությունը», երեսուն անգամ մերժվեց անցյալում, բոլոր նախկին իշխանությունները վախենում էին պատերազմից, հետո նախապատրաստեցին հեղափոխություն անվամբ իշխանության հանձնումը` պատասխանատվությունն ուրիշների վրա բարդելով: Հիմա եկել` ի՞նչ եք խոսում խորհրդարանում, մաքրվում անցյալի սխալներից: Սա չեմ ասում, որ արդարացնեմ այս անկարող-անպատրաստ իշխանությանը, այլ մեզ այժմ պարտադրվող վիճակում մեղքի ձեր բաժինն եմ մատնանշում, որից չքմեղանում եք: Ու որ հենց այսօր Մարիա Զախարովան ասում է` Ստեփանակերտը ադրբեջանական հող է, բա Ռուսաստանը ձեր ժամանակ էլ էր դա կուլիսներում ասում, միջոցներ ձեռնարկեիք, ոչ թե իշխանափոխություն կազմակերպեիք: Հիմա ասենք թե հայտարարության մեջ գրեցիք անժամանցելի, ՍԴ-ն ոչ ազգային անվանեցիք, դրանից ձեր հին ու բախտորոշ սխալները կուղղվե՞ն: Հա, ճշմարտությունը չեք ուզում լսել` նույն կոշիկի զույգն եք, մանավանդ` շատերիդ դեմքը մարդիկ վաղուց չեն ուզում տեսնել: Դե իսկ ասածս չի նշանակում ներկա կառավարողների ոչ կոմպետենտության պարզաջրում, ողբալի վիճակում ենք հա՛մ իշխանության, հա՛մ ընդդիմության առումով, ոչ մեկդ էլ ժողովրդի անունից մի՛ խոսեք:
Իսկ թե սահմանազատման հանձնաժողովի կանոնակարգի սահմանադրականությունը կամ Սահմանադրության` անկախության հռչակագրին հղման ՍԴ-ական մեկնաբանությունը սխալ եք համարում` սա հարակից է տեղի ունեցողին, որն ի դեպ անկախության հռչակագրի մասին չէ, գոնե ԱԺ քննարկումը դարձրեք շրջադարձային, երբ սահմանադրական հանձնաժողովի կանոնակարգը քննարկման դրվի խորհրդարանում, եթե կարող եք:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հ.Գ.-Իշխանությանը որեւէ բան խորհուրդ տալ, հորդորել թեեւ անիմաստ է, բայց այնուամենայնիվ, լավ կլինի երբեմն լսի Ալեքսանդր Մանասյանի արգումենտները, որը գիտելիքների տիրապետման հետ նաեւ տարիքի առումով անցյալի մասին կենսական փաստերից է տեղյակ, ըստ որի Ադրբեջանը որեւէ փաստաթղթով իր տարածքը չի հռչակել:
Հեղինակի յութուբյան հրապարակումները դիտեք այս հասցեով. https://www.youtube.com/channel/UC7a2vlmCMLVmBF10D60LdxQ