2022 թ. հուլիսի 15-ին (կամ 22-ին) «Ազգ» թերթում տպագրվել է ապարանցի գրող-հրապարակախոս Հարություն Համամջյանի երրորդ դիմումն՝ ուղղված Ազգային ժողովի ներկա եւ նախորդ սոզիվների բոլոր պատգամավորներին, այդ թվում օլիգարխներին եւ բարեգործներին: Մեր խմբագրությունը գնաց այդ դիմումի հետքերով: Պարզեցինք` Հարությունին չեն օգնել ո՛չ վարկով, ո՛չ տոկոսով, ո՛չ պարտքով, ո՛չ էլ որպես օգնություն՝ ունենալու համար չորս հարյուր հազար դրամ, որը խնդրում է 6 տարի շարունակ, մինչդեռ նա անօթեւանների կացարանից տեղափոխվել է 1 տուն-ինտերնատի ծերանոց: Ցանկացանք տեղեկանալ, թե ինչպես է Հարությունը իրեն զգում:
«Ես այստեղ ինձ շատ լավ եմ զգում: Ղեկավարությունը եւ ողջ աշխատակազմը մի հիանալի կոլեկտիվ է: Ամեն քայլին շրջապատված եմ ջերմ հոգատարությամբ եւ ուշադրությամբ: Որոշ հոռետես մարդիկ ասում են, թե աշխարհի վերջն է: Ո՛չ, հարգելիներ: Քանի դեռ մեր շրջապատում կան տուն-ինտերնատ ՊՈԱԿ-ի տնօրեն Խաչիկ Ղազարյանի, փոխտնօրեն Կոլյա Մակարյանի, նրա տեղակալ Հարություն Մուրադյանի, սոցիալական աշխատող Անահիտ Մխիթարյանի, բուժքույր Գոհար Եդիգարյանի, Ապարանի քաղաքապետ Կարեն Եղիազարյանի նման մարդիկ, աշխարհի վերջը չի կարող լինել:
Շնորհակալ եմ նրանցից: Թող լա՛վ լինեն, մի՛շտ լինեն, երջանի՛կ լինեն… Ծաղիկներ նրանց: Շնորհակալ եմ նաեւ Վահրամ Վարուժանի Ադամյանին եւ Վահրիճ Գեւորգյանին, որոնց կյանքովս մեկ պարտական եմ»: Զրույցի ավարտին Հարություն Համամջյանը ասաց. «Եթե լիարժեք ինքնադրսեւորվելու համար չունենամ այդ գրողի տարած 400 հազար հայկական դրամը երկրային կյանքում, միեւնույնն է, կունենամ հաջորդ՝ երկնային կյանքում: Ասում են, թե հույսը վերջինն է մեռնում: Իմ դեպքում հույսը չի մեռնի, թեկուզ իմ մահից հետո: Եթե նախորդ իշխանավորներին եւ պատգամավորներին հաղթել եմ իմ ամենօրյա պարտությունների գնով, սրանց էլ կհաղթեմ՝ թեկուզ իմ կյանքի գնով: Որովհետեւ ինձ «Ապարանցի Հարութ» են ասում: Մեր հարցին, թե դուք չե՞ք վախենում այդքան մարդկանց անուններ տալով քննադատական հոդվածներ գրելուց, Հարությունը դառնահեգնական քմծիծաղ տալով պատասխանեց. «Ես ոչ ոքից չեմ վախեցել եւ չեմ վախենալու, որովհետեւ գիտեմ, թե ինչպես եմ մեռնելու: Թող այսօրվա օլիգարխները եւ իշխանավորները վախենան, որ չգիտեն, թե ինչպես են ապրելու: Ասենք, թե 24 տարի մարմինս տանջել են, հոգուս ի՞նչ են անելու»:
հ.(077)63-02-23, (043) 63-02-23