Գյումրու ավագանու մարտի 30-ին կայանալիք արտահերթ ընտրություններում թե համայնքային ի՞նչ իշխանություն կձեւավորվի՝ կարեւոր է քաղաքի, նրա այսօրվա ու ապագայի համար: Թե այդ իշխանությունն ինչ քաղաքական կամ այլ ուժի կհասնի, ում ձեռքը կանցնի՝ կարեւոր է հանրապետությունում իշխող վարչախմբի համար, եկող տարվա խորհրդարանական ընտրություններին պատրաստվելու առումով… Իշխանության կողմից այս վերջինի հետ կապված «հրետանային նախապատրաստության» տարր էր քաղաքի գործող ոչ-քպական օրինական իշխանության լուռ «հրաժարումը», մեր քաղաքական կյանքում նոր եւ ոչ դժվար կանխատեսելի ցանկալի ելքով «նախնական քվեարկության» կազմակերպումն ու քաղաքապետի հարմար ժամանակավոր պաշտոնակատարի, ապա եւ ավագանու նոր ընտրության նշանակումը: Երկրի երկրորդ ամենաշատ ու երբեմն անկանխատեսելի ընտրողներն ունեցող բնակավայրում իշխանությունը ձեռքն առնելու եւ 2026-ի համապետական ընտրություններից առաջ «թիկունքն ապահովելու» քպ-ական վերնախավի ձգտումը հասկանալի է:
Իսկ շուրջ մեկ տասնյակ «քաղաքապետացուների» նախընտրական քարոզարշավը Գյումրիում սկսվել է արդեն բավական ժամանակ, դրա պաշտոնական մեկնարկից շատ առաջ: Այդ արշավի մի տխուր առանձնահատկությունը, թեկուզ ոչ բոլորի կողմից, այս անգամ ատելության, փոխադարձ վիրավորանքների եւ անվայելուչ արտահայտությունների անընդունելի դրսեւորումներն են: Ընտրապայքարի մշակույթի առումով մի տեսակ հետընթաց է, թերեւս երկրում սերմանված մթնոլորտի յուրատեսակ արտացոլում: Քննադատություններն ու ցանկությունները մեկի կամ մյուսների նկատմամբ անհաշտության, երբեմն թշնամանքի եւ արհամարհանքի արտահայտություններով են լի, որոշ քարոզչատարրեր էլ՝ լուրջ ընտրության չտրամադրող:
Իհարկե, դրականն էլ կա, նայած թեկնածուի: Հիշեցնենք նաեւ, Գյումրու ընտրողը քվեարկելու է համամասնական ընտրակարգով՝ ձայն տալով ոչ թե անձերին, այլ քաղաքական ուժերին, իսկ քաղաքապետին ընտրելու է նոր ավագանին՝ առավել շատ ձայներ ստացած ուժի առաջին համարին:
«Քաղաքացիական պայմանագիր» իշխող կուսակցությունը բնականաբար առաջադրելու է այս կուսակցությանն անդամագրված՝ համայնքապետի պաշտոնակատար Սարիկ Մինասյանին: Իսկ, օրինակ, «Իմ հզոր համայնք» անունով կուսակցության կողմից առաջադրվող պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը, ըստ որոշ վկայությունների, խոստանում է «տապալել» օրվա իշխանությանը: Նրա ֆեյսբուքյան հեշթեգները այսպիսին են՝ #ՄերՌուբոնէ #ԵսՔոԳյումրինեմ #ԼեննագանըՏժժագը #Սկսվավ:
Բնույթով գործնական է «Մայր Հայաստան» դաշինքի ցուցակը գլխավորող Կարեն Սիմոնյանի ծավալուն հայտարարությունը՝ ուղղված գյումրեցիներին ու իր թիմակիցներին: Նա անդրադարձել է Գյումրու զարգացման հեռանկարներին, մասնավորապես՝ «աղետի գոտու» պիտակից ազատվելու եւ ազատ տնտեսական գոտու ներդրման խնդիրներին, դրանց ուղղված իր նախաձեռնությանը:
Քաղաքապետարան վերադառնալու հայտ է ներկայացրել Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: Ինչպես հայտնի է, օրեր առաջ, ի դեպ՝ այդ հանգամանքը հայտնի դառնալուց հետո, ոստիկանները զենք ու զինամթերք պահելու կասկածանքով ձերբակալել էին նրան ու թիկնապահին, ապա նույն օրը բաց թողել: Իսկ Հանրային հեռուստատեսությամբ էլ հաղորդում հեռարձակվեց, թե նախկին քաղաքապետը սեփականաշնորհած ու օտարած քանի անշարժ գույքի հարցով է քրեական գործերով մեղադրյալ կամ պատասխանող: Ղուկասյանը ձերբակալումից ազատ արձակվելուց հետո ասաց. «Ես չեմ վախենալու, շատ համը հանեցիք՝ վարչապետ կդառնամ, լավ իմացեք»: Իհարկե, դրա մեջ երեւի նաեւ հումորի տարր կար: Ինչպես եւ այլ մի տեսանյութում, որտեղ ռուսերեն է ասում. «Նո, Գռեցիա, Սպարտա, Առմենիա, Գյումռի ի Սլաբոդկա՝ վա գլավե (իրեն է ցույց տալիս) Վառտանիկա բուձետ ժիվա»: Բայց մեկ այլ դեպքում սուր արտահայտությամբ ասում է, թե սա ում «Հայաստանից վռնդելու» պայքար է:
Պետք չէ այս ընտրությունների առիթն օգտագործելով՝ քաղաքը խառնել իրար, այստեղ լարվածության, վախի մթնոլորտ մտցնել, հայտարարել է ընտրարշավին մասնակցելու մտադրության մասին հայտնած՝ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության Գյումրու պատգամավոր Մարտուն Գրիգորյանը: «Քաղաքին տալու ենք նոր շունչ, նոր դեմք, նոր դիմագիծ»,- իր թիմի նախընտրական խոստումն է բարձրաձայնում պատգամավոր ապագա թեկնածուն:
Գյումրու ավագանու ընտրություններին միասնական մասնակցության դաշինք են կազմել «Հանրապետություն», «Հանուն Հանրապետության» կուսակցությունները եւ «Հայաստանի Եվրոպական կուսակցությունը»: Ըստ այս «Եվրոդաշինքի» տարածած հայտարարության, իրենք ելնում են մասնավորապես այն համոզումից, որ «Գյումրիի զարգացումը չի կարող տեղի ունենալ հին եւ հնացած մոդելներով ու դերակատարներով, այլ պահանջվում է նոր քաղաքական մշակույթ, թափանցիկություն, հանրային հաշվետվողականություն եւ արդյունավետ տեղական ինքնակառավարում»:
Իսկ ընտրո՞ղը… Նրանցից մեկն օրերս գրել է. «Այսքան մոլորյալ վիճակ, որում գտնվում է, գյումրեցին դեռ չէր տեսել: Ավագանու ընտրություն է, ո՞ւմ ձայն տալ: Նախկին ընտրվածների՞ն՝ բացառվում է: Ներկաներն էլ փուչ դուրս եկան: Նորերն էլ`շունը տիրոջը չի ճանաչում»: Ինչ ասես, մարդկանց հավատը կորել է:
…Անցած կիրակի արագ իջնում էի քաղաքի Ռիժկովի (նախկին Կիրովի) փողոցով դեպի եկեղեցի, դեմից մի երիտասարդ ասաց՝ բարեւ, ու մինչ պիտի փորձեի ճանաչել՝ ավելացրեց՝ ո՞նց ես: Ասես հարյուր տարվա ծանոթս էր, այն էլ արդեն հասկանալի էր՝ Երեւանից էր: Հետի հեռուստաօպերատորն էլ անմիջապես տեսախցիկն ուղղեց վրաս: Եվ հնչեց հաջորդ հարցը՝ ո՞ւմ ես ընտրելու Գյումրիում:
Միայն այս էր պակաս…
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ
Հ.Գ.-Վերջին պահին, երբ լրացել էր ընտրությանը մասնակցության համար փաստաթղթեր ներկայացնելու օրն ու ժամը (մարտի 5, ժամը 18:00), տեղեկացանք, որ այս ընտրապայքարին մասնակցելու համար տարածքային ընտրական հանձնաժողով փաստաթղթային փաթեթներ են ներկայացրել 6 կուսակցություն եւ 3 դաշինք: Ազգային ավանդական կուսակցություններից ՀՅԴ-ն հայտարարություն է տարածել, որ իր համամասնական ցուցակով չի մասնակցի ավագանու ընտրություններին, իսկ ընտրությունների ընթացքը կվերահսկի ընտրական հանձնաժողովներում իր ներկայացուցիչների միջոցով: Ցավոք, մասնակցության հայտ չի ներկայացրել նաեւ Ռամկավար Ազատական կուսակցությունը: