Կիրակի, 26 Հուլիս, 2026

Իմաստաբանական բառարան

Տեղանուններ, տեղանուններ

Մեր  բազմադարյա պատմության բարդ հյուսվածքի անբաժան մաս են կազմում բազմաթիվ տեղանուններ, որոնք Հայոց պատմական հիշողության վրա անջնջելի հետք են թողել:

Հիշելով ՏԻԶԲՈՆԸ՝ պատկերացնում ենք Հազկերտի դավադիր կոչնագրով Վասակ Սյունեցու այցը Պարսկաստան,  նրա առերես հավատափոխությունն  ու որդիներին պատանդ թողնելու գնով Հայաստան վերադառնալու տխուր պատմությունը:

ԱՎԱՐԱՅՐԸ մեզ գոյապահպանման ուղեգիր տված հավատափոխության դեմ հայության անձնուրաց մաքառումների անմոռանալի հուշապատումներից է:

ԴՎԻՆ ասելով՝ հիշում ենք  506 թվականին Մարզպանական Հայաստանի մայրաքաղաքում  հրավիրված ազգային-եկեղեցական բախտորոշ ժողովը:

ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ մայիսյան գոյամարտը  հայի հիշողության  մեջ  ազգահավաքի լավագույն դրսեորումներից էր:  

ԿԱՐՍԸ  հայ ժողովրդի պատմության ամենատխուր իրադարձություններից մեկի՝ այդ քաղաքի անվամբ զուգորդվող  խորհրդաժողովի մասին է հիշեցնում:

ՍՈՒՄԳԱՅԻԹԸ  մեր հիշողության մեջ  մարդկության ճակատին դաջված ամոթի խարանի տեսքով է պատկերված, որի նկատմամբ աշխարհի անտարբեր կեցվածքի պատճառով այսօր մեր ռազմագերիներն ու պատանդները կտտանքների են  ենթարկվում Բաքվի բանտերում:

ԲԵԼՈՎԵԺԻ մասին չէինք հիշի, եթե այդ քաղաքում 1991 թվականին  չազդարարվեր   հայ ժողովրդի կյանքում բախտորոշ դեր խաղացած ու մեր անկախության ճանապարհը հարթած Խորհրդային կայսրության  փլուզման մասին:

ԱԼՄԱԹԻՆ հանրահռչակվեց շնորհիվ այդ քաղաքում ստորագրված Համաձայնագրի, որի վավերացման ժամանակ Հայաստանի Գերագույն խորհուրդը վերապահում է ընդունել առ այն, որ  ԱՊՀ-ն բաց կլինի ոչ միայն նախկին խորհրդային հանրապետությունների,  այլ  նաեւ մինչեւ Խորհրդային Միության գոյության դադարեցման մասին հռչակագրի հրապարակումը  անկախության համաժողովրդական հանրաքվեներ անցկացրած նախկին ԽՍՀՄ ինքնավարությունների համար:

ԲԻՇԿԵԿԸ հայ ժողովրդի պատմության մեջ հայտնվեց 1994 թվականին Լեռնային Ղարաբաղում եւ նրա շուրջը զինված հակամարտության դադարեցման մասին ձեռք բերված պայմանավորվածության շնորհիվ:

ՄԻՆՍԿ քաղաքը մեր նորագույն պատմության մեջ հանրահռչակվել է  նույնանուն խմբի կազմում  ներառված միջնորդական առաքելություն իրականացնող   Ռուսաստանի, Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի ջանքերի շնորհիվ, որի գոյության փաստը հոգեկան ցնցումներ է առաջացնում Ադրբեջանում:

ԼԻՍԱԲՈՆԸ, ՔԻ ՎԵՍԹԸ, ՄԱԴՐԻԴԸ, ԿԱԶԱՆԸ  այն տեղանուններն են, որոնք արտացոլում  են Արցախյան հիմնահարցի կարգավորման տարբեր հանգրվանները:

ՊՐԱՀԱՆ  նույնպես Արցախյան հիմնահարցի հետ առնչություն ունեցող հանգրվաններից է: Սակայն դրա հիշատակումը  հոգեկան ցնցումներ չի առաջացնում միայն մեր իրականությունից կտրված մարդկանց մոտ: Եվ այդ տեղանունը որպես խարան կարձանագրվի Հայոց  բազմադարյա պատմության էջերում:

Գ. ԱՌԱՔԵԼՅԱՆ