Մեր երկրի տնտեսության հետագա բարգավաճման համար կարեւոր նշանակություն ունի գիտության զարգացումը: Մեծ հաջողությունների են հասել ՀՀ ԳԱԱ գիտնականները: Մասնավորապես, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի (ՕԴՔԳԿ) նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտում հետազոտվում են նեյրոտրոպ միացություններ: Արդյունքում բժշկական կլինիկական պրակտիկայում ներդրվել է հակաէպիլեպտիկ դեղամիջոց Պուֆեմիդը: Մեկ այլ դեղամիջոց՝ պոտենցիալ տրանկվիլիզատոր Պիրատիդինը, գտնվում է նախակլինիկական փորձարկման փուլում: Համակողմանի եւ խորը ուսումնասիրման է ենթարկվում նոր` օրիգինալ դեղամիջոց N3212-ը, որն ունի հակաէպիլեպտիկ եւ համակցված հոգեմետ արտահայտված հատկություններ:
Պուֆեմիդի, Պիրատիդինի, դեղապրեպարատ N3212-ի ուսումնասիրություն-ները եւ վերջին տարիներին բացահայտված միացությունները կարող են հետագայում կիրառություն ունենալ որպես նոր դեղամիջոցներ նեյրոտրոպ հատկություններով՝ ինչպես էպիլեպսիայի, այնպես էլ նեւրոզների եւ մանիակալ-դեպրեսիվ սինդրոմի բուժման ժամանակ: Ներկայում գիտական ուսումնասիրություններն այս ուղղությամբ շարունակ-վում են: