Ամենշաբաթյա վերլուծության ձեւաչափով գրելու շատ բան կար, քանի որ Հայաստանը հիմա մի իրավիճակում է, որի շուրջ եւ ներսում անընդհատ ինչ-որ բան է կատարվում: Պիտի կանխատեսեի, թե արդյոք վարչապետ Փաշինյանը կմեկնի՞ մասնակցելու դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին, ռուսական կողմի՝ հարցերը կառուցողական հունի մեջ իբր լուծելու առաջարկին ընդառաջ, թե՞ ոչ: Մեր կարծիքով՝ պիտի չգնար, բայց մի շարք ժեստեր իշխանական կողմից հուշում են, որ ինչ-որ բան, այնուամենայնիվ, փոխվել է, եւ անակնկալ որոշում միգուցե լինի: Օրինակ՝ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը մեկ օր առաջ ասում էր, թե խորացնելու եւ զարգացնելու են համագործակցությունը Ռուսաստանի հետ: Չնայած Արեւմտյան ուղղությամբ Հայաստանի ղեկավարության անվերջ փոխայցերին կամ այն կարգի վերլուծություններին, թե Արեւմուտքը Հայաստանի ղեկավարների նոր թեկնածուներ ունի, ու նաեւ՝ ռուսական «Սպուտնիկ Արմենիա» ռադիոկայանի հայկական եթերի մեկամսյա կասեցմանը:
Պիտի գրեի, թե ճիշտ են բոլոր այն փորձագետները, որոնք նկատել են, որ Ռուսաստանն այդպես էլ չթուլացավ ռուս-ուկրաինական պատերազմի հետեւանքով եւ ԱՄՆ-ի հետ չերեւացող փոխհամաձայնությունների արդյունքում ազդեցության գոտիների նոր վերաբաժանման մասնակից է:
Պիտի գրեի, որ ես այն մարդկանցից եմ, որոնք հավատում են, թե Արցախի հարցը փակված չէ, եւ գալու են նոր ժամանակ, նոր մարդիկ, երբ կկարողանանք միջազգային իրավական ատյաններում իրավապատմական ճանապարհով հետապնդել Արցախի էլ, Նախիջեւանի էլ պատկանելության հարցը, ու որ՝ ուժեղ, չմասնատված Թուրքիայի գոյությունը պիտի որ ձեռնտու չլինի գոտիներ բաժանող մեծ խաղացողներին՝ նրան տարածաշրջանում որպես մահակ օգտագործելու ժամանակի ավարտին, ու այդ է լավատեսությանս շարժառիթը:
Ու էլի նման բաներ կային վերլուծելու: Բայց քանի որ մեր թերթի տարվա վերջին համարն է՝ ավելի լավ է մեն-մի թեմայի վրա ծանրանանք. այս տարի հայերիս համար ամենակորստաբերն էր անկախությունից ի վեր՝ կորցրինք Արցախը (առայժմ), արցախցիները զրկվեցին հայրենիքից , տնից, ունեցվածքից, բոլոր հայերիս սիրտը լի է ափսոսանքով, ցավով, վիրավորանքով, ու այդպես ենք մտնելու Նոր տարի: Ինչ բառեր էլ գրվեն՝ չեն նկարագրի հայ մարդու զգացումներն այս առթիվ: Այս պատճառով հարկավոր համարեցի հետ նայել՝ հիշելու այն ժամանակը, երբ ջանքեր էինք ներդնում անկախ Արցախ ունենալու համար: Վերակենդանացնելու այդ ժամանակը, որ նույնական է Հայաստանում եւ Արցախում այդ ժամանակն ապրած բոլոր հայերիս համար, հասկանալի՝ Սփյուռքի մեր եղբայրներին ու քույրերին: Հիշեցնելու՝ ի՞նչ եղավ եւ մտորել տալու՝ ի՞նչ ենք պարտավոր անել:
Անցած դարի իննսունականների մի քանի տարին ամեն ինչի պակաս կար: Հիմա դա մոռացվել է, եւ իզուր: Պիտի հիշեցվի, որ ներկա որոշում կայացնողները, որոնցից շատերն իննսունականներից հետո են ծնվել, հասկանան իրենց արածը: Երբ կարդում են սվաղած, իրենց հարմար, իրենց համար գրած պատմություններ, որտեղ ուղիղ կեսը կեղծիք է, դրանցով սնվածների որոշումներն էլ կիսովին աղավաղված եւ կեղծված որոշումներ են լինում, կամա-ակամա:
Ահա ուրեմն՝ Արցախում մի քանի տարի ձգվում էր ինքնապաշտպանությունը, Հայաստանում հաց, այլ մթերքներ դժվար էր գտնել, եղել է ժամանակ, որ ամիսներով փոխադրականները չէին աշխատում կամ շատ վատ էին աշխատում՝ բենզին չլինելու պատճառով: Եղել է, որ ոտքով աշխատանքի ենք գնացել, ոտքով վերադարձել, դա իմ դեպքում ողջ Մյասնիկյան փողոցն էր: Սական այն ժամանակ լրիվ ուրիշ տրամաբանություն էր՝ բենզին գտած ու ինչ-որ գործով մեքենա գործի գցած մեքենատերերը երբեք դատարկ չէին քշում (ի տարբերութուն այժմյան ամբարտավան-ինքնահավան մեքենատերերի), վերջին նստարանին հընթացս մի չորս- հինգ մարդու էին խցկում ճանապարհից, այնպես որ՝ երբեմն բարի վարորդների հույսին էինք մնում բացառապես:
Մի անգամ հեռուստաստուդիայից, որտեղ աշխատում էի, հերթապահ խմբին իջեցրին Աբովյան պուրակի կանգառում, հետո ինքնուրույն պիտի տուն հասնեինք: Աարսափելի մութ գիշեր էր, ոչ մի լապտեր չէր վառվում: Բայց նույնիսկ այդ մթության մեջ վախենալ չկար՝ բոլորը բախտակից էին: Այդ մի երեկոն, կամ կեսգիշերը՝ ոնց ուզում եք այն անվանեք, ընդմիշտ տպվել է ներսումս: Նայեցի- տեսա՝ մարդիկ խմբերով մթության միջով բարձրանում են Ավան եւ Նորքի զանգվածներ (երեւի օրվա հանրահավաքն ուշ էր ավարտվել): Ես էլ միացա մի հիսուն հոգանոց խմբի: Այնպիսի մութ էր, որ միայն շնչառությամբ եւ համաչափ ոտնաձայնից էինք զգում միմյանց ներկայությունը: Երբեմն ինչ-որ մեկի ձեռքին միանում էր լապտերիկը, ու այդ պահին կայծկլտում էին լուռ, առանց խոսակցելու մթության մեջ քայլող մարդկանց աչքերը: Մթության մեջ, լապտերի անսպասելի լույսի մեջ մարդկանց դեմքին կարելի էր գտնել համբերատարություն, հույս, վիճակի ըմբռնում՝ Արցախում ինքնապաշտպանությունն էր կազմակերպվում: Զարմանալի բան՝ մարդկանց մեծ մասը համակերպվում էր դրան, քանի որ գիտակցում էր՝ այլ կերպ չի կարելի, Արցախը պետք է դուրս բերել ստրկությունից, ու հենց Հայաստա՛նը պետք է անկախ երկիր դառնա:
Ինչ ասես տեսել ենք: Մի քանի տարի ջեռուցման մարտկոցները բուտաֆոր էին տներում՝ գազ չկար, հոսանքը օրը երկու-չորս ժամ էին տալիս, ու դրա անունը հովհարային անջատում էր: Ու ոնց որ թարս՝ մի երկու տարի այնպիսի սառնամանիքներ էին, որ բազմահարկ շենքերի խոհանոցներում հայտնվեցին փայտի, նավթի, սալյարկայի վառարաններ, քաղաքակիրթ ապրելու կերպը գրողի ծոցը գնաց, նորոգված բնակարանների պատերը սեւացան մրից, իսկ մթության մեջ, մոմի լույսով նստելը, դաս սովորելը կամ մի գործով զբաղվելը բոլորին արդեն հոգեբանական նոկաուտի էր ենթարկել: Իմ երեխաները խոհանոցում նստում էին վառարանի մոտ, հատակին դրված փոքրիկ աթոռակներին, մեկը դպրոցի դասերն էր սովորում, մեկը ձեռագիր դասախոսությունների վրա էր աչք քոռացնում: Ու սա հաստատապես նրանց հոգիներում խոր նստվածք է թողել, որին անծանոթ են նրանք, որ ավելի ուշ ծնվեցին: Բայց երեխաներս մեկ է՝ հասկանում էին, որ ուրիշ կերպ չի կարելի, որ երկիր կորցնել չի կարելի: Նրանց կյանքն ու երիտասարդ ծնողներիս կյանքը, փաստորեն, հարամ եղան, բայց նաեւ բոլորը գիտեին՝ հանուն ինչի այդպես ապրեցինք: Ու նույնիսկ այդ իրավիճակում տանտիրուհիներով հնար էինք գտնում՝ երեխեքի կյանքը մի քիչ գոնե քաղցրացնելու: Օրինակ՝ սովորեցինք ամենաէժանագին ձեթով հալվա պատրաստել, ձվի փոշուց՝ թխվածք, բոված ալյուրով, ձեթով ու կակաոյով (եթե ու հանկարծ ինչ-որ հրաշքով գտնում էինք կակաոյի փոշի), ինչ-որ զանգված էինք պատրաստում, լցնում կոնֆետի տուփերի մեջ եղած փոքրիկ տարաները, որ պնդանում էր, հանում էինք ու ստանում մեր շոկոլադե խորանարդիկները: Սուրճ եթե գտնվեր էլ՝ եսիմինչ որակի էր, մարդիկ կային՝ հատիկի մի քանի տեսակ էին աղում-սուրճի իմիտացիա էին ստեղծում: Հիմա կպատկերացնե՞ք այդպիսի բան:
Այս բոլորը գիտեինք ինչու ենք տանում: Որ Արցախը պետութուն դառնա, Հայաստանը պետություն դառնա, երկիրը երկիր դառնա, մենք էլ անկախ պետության արժանապատիվ քաղաքացիները լինենք: Այն ինչ զգացել եւ ապրել ենք մի քանի տարի՝ բառերով չի նկարագրվում: Չնայած՝ դրանք ստորադաս են եղել այն տառապանքների համեմատ, երբ ազատամարտիկներ էին զոհվում, ընտանիքները զրկվում իրենց տան տղամարդկանցից: Մեր կենցաղային տառապանքները այս վերջինների համեմատ ոչ մի տառապանք էլ չէին նշանակում: Այդ հետո, տարիների ընթացքում հասկացանք, որ շատ ու շատ անարժաններ ուղղակի վատնեցին, փոշիացրին բոլորիս տառապանքներն ու կորսված տարիները, երբ ե՛ւ Արցախում, ե՛ւ Հայաստանում առեւտրի ոգին մի կողմ շպրտեց բոլորիս տառապանքի հանրագումար-հայրենապաշտությունը, երբ իր լավագույն՝ ուսանողական շրջանը մթի ու զրկանքների մեջ անցկացրած որդիս դեռ երկու տարի էլ Արցախում աշխատեց՝ մի ոլորտի օրենսդրությունը Հայաստանի հետ համապատասխանեցնելու սեւ աշխատանքն անելով եւ տեսնելով, թե բոլորիս տառապանքը փողի վերածողները ոնց են իրենցից արտոնյալ ձուլում, քամահրելով մեր զրկանքների ելակետն ու շարժառիթը:
Բայց դա այլ խոսակցության նյութ է, ու այս բոլորը գրեցի՝ ասելու համար, որ իմ ընտանիքի, մյուս ընտանիքների, մի ողջ սերնդի կորսված տարիները չափվում էին Արցախի գոյութամբ, իսկ Արցախը հանձնել թշնամուն, նշանակում է գերեզման դնել բոլորիս կորսված կյանքի այդ ժամանակը, թաղել մի ողջ սերնդի երազանքը:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ