Մի ամբողջ օր ջուր չունեի, ու դա առիթ դարձավ նորից իրար կողք դնելու տհաճ փաստերը. ռազմավարական նշանակության թիվ մեկ անրաժեշտ կենսատարր ջուրը տնօրինում են ֆրանսիացիները: Երկաթուղին, որը կապ է աշխարհի հետ եւ որով պետք եղած դեպքում կապահովվի մատակարարումների զգալի մասը, այդ թվում՝ ալյուրի, ռուսների ձեռքում է: Կապը կիսով չափ օտարերկրացիների ձեռքում է, էներգետիկ կառավարումը նույնպես ռուսական ազդեցության՝ թեկուզ հայ մեծահարուստի ձեռքում է: Իսկ դե գազը ռուսներինն է՝ հա, բայց նաեւ ինչ-որ պահից բաժնեմաս չունենք Գազպրոմի կառավարման մեջ, ու պարզ է, չէ՞, ինչ կպատահի հայերիս հետ, եթե այս բոլոր տնօրինողների շահերը Հայաստանի հարցում բախվեն: Այսինքն՝ Հայաստանը մի երկիր է, որի վրա քաղաքական ճնշում կարելի է բանեցնել հացը, ջուրը, գազը, կապը կտրելով, երբ պետք լինի, ինչպես Արցախում: Մեր նման փոքր պետությունը նախ պետք է իր ունեցածը ուրիշին չտար, եթե ուզում էր որպես պետություն ինչ-որ ազդեցություն ունենալ: Ու հիմա էլ դեռ բան կա, որ ուրիշներն ուզում են վերջնականապես խլել (մասամբ՝ խլել են)՝ հանքերը, ու հավանաբար դրանց նշանակությունն այնքան առարկայական է, որ մեծ պետությունների ախորժակը շարժում է ու ոչ միայն Հայաստանի դեպքում, այլեւ՝ Արցախի:
Արցախում կատարվողը եթե այս տեսանկյունից վերլուծենք՝ ամեն ինչ տեղն է ընկնում: Ամիսներով սոված, արտաքին աշխարհից կտրված արցախցին էլ լավ գիտի երեւի՝ ի՞նչ են ուզում իրենից, լավ գիտի՝ Ակնա -Ստեփանակերտ ճանապարհի գործարկումը Արցախի հայաթափման ծրագիր է, որից հետո Ադրբեջանի՝ Լաչինի միջանցքը դեպի Հայաստան միակողմանի բացելու խոստումն էլ հենց կարագացնի հայաթափումը, ու առայժմ դիմանում են: Ադրբեջանցիք (արդյո՞ք միայն նրանք) լավ սադրում են՝ արագացնելու համար իրենց ծրագրի գործարկումը՝ Լաչինի միջանցքում դրված անցակետում ապօրինաբար մարդկանց առեւանգելով, կեղծ մեղադրանքներ ներկայացնելով, որպեսզի արցախցիների մեջ ահագնացնեն Արցախը լքելու ցանկությունը: Կեղծ լուրեր են տարածում, թե այս անգամ անցակետից աղջիկների են տանելու՝ վախ սերմանելով: Իսկ Թուրքիայի եւ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչների ակտիվ շփումներն այս օրերին ոչ մի լավ բան չեն հուշում: Այս պահին ամենահեղհեղուկ վիճակն է Արցախում, արցախցիների խմբերը Ակնայի ճանապարհը փակել են, որ թույլ չտան ադրբեջանական իբր «հումանիտար» օգնությունը, ռուսների պահվածքն անհասկանալի է՝ չգիտես ինչ սպասել նրանցից, մանավանդ՝ ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի եւ մեր ԱԳՆ-ի՝ միմյանց ուղղված կոշտ հայտարարություններից հետո: Մեր հրապարակման պատրաստման պահին հայտնի դարձավ, որ այնտեղ վիճակը լարվում է, ադրբեջանցիների նոր կուտակումներ են նկատվում, ամեն ինչ կարելի է սպասել:
Արցախի ներքաղաքական իրավիճակն ուղիղ համեմատական է այս իրադրությանը՝ հինգշաբթի Արցախի նախագահը հրաժարական կտա, մեր հրապարակումը պատրաստելու պահին պետնախարարը փոխվեց՝ Գուրգեն Ներսիսյանին ազատեցին եւ նշանակեցին Արցախի ԱԽ քարտուղար Սամվել Շահրամանյանին, ենթատեքստը շատ էլ որոշակի չէ՝ չե՞ն տիրապետում իրավիճակին, թե՞ ներքաղաքական կոնյուկտուրայից է ելնում ամեն ինչ, թե՞ ավելի լայն տարածված տեսակետն է՝ Արցախի ներկա իշխանությունը թույլ է եւ չի կարողանում Արցախի տեսակետներն առաջ մղել: Մինչդեռ այս պահին Արցախին այնքան են հարկավոր միակամ որոշումներն ու համերաշխությունը: Ասենք, որ Արայիկ Հարությունյանի խոսքում, որով բարձրաձայնել էր հրաժարականի մտադրությունը, չկային այն վերլուծությունները, որոնց հիման վրա նա իր որոշումը կայացրել է: Արցախ, թե Հայաստան՝ երբեք հրաժարականների բուն հիմքերը չեն նշվում: Երեւի դրանք կպարզվեն նոր նախագահի կամ նախագահի պաշտոնակատարի առաջադրման ելույթներում (եթե դա ստանձնի ԱԺ նոր նախագահ Դավիթ Իշխանյանը՝ ապա ներքաղաքական վերադասավորումներ կլինեն): Օրենսդրությամբ Արցախի նոր նախագահին կընտրի Արցախի Ազգային ժողովը:
Այս իրադրության մեջ Ֆրանսիայից հումանիտար օգնություն է բերում Փարիզի քաղաքապետն անձամբ, Ադրբեջանը նրան էլ մերժում է ճանապարհի բացումը, տիկինն ասուլիս է տալիս ու հետ գնում, մերոնք՝ թե բա շնորհակալություն Ֆրանսիային: Հա, բարոյական առումով աջակցություն ստացվեց, իրոք շնորհակալություն, բայց նույն ինֆոհարթության մեջ երբ կարդում ես լուրը՝ Նիգերի ապստամբները Ֆրանսիայից պահանջում են հանել ֆրանսիական զորքն իրենց երկրից, անհարմարության զգացումն օձի պես սողում է մարմնովդ: Այսինքն՝ Ֆրանսիան սովորական օկուպացնող է, առաջնորդվում է սեփական շահերով եւ հումանիզմից դրդված չէ, որ զորք է կանգնեցրել Նիգերում, որտեղից տասնամյակներով կրել է տարբեր հանքային հարստություններ, այդ թվում՝ ուրան: Բա հիմա այդ Ֆրանսիան առանց շահի, մեր սիրուն աչքերի համա՞ր է միայն մեզ աջակցում եւ հումանիտար օգնություն բերում, հետն էլ, որպես ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամ, խոստանում է Լաչինի հարցը կրկին բարձրացնել ՄԱԿ-ում: Միամիտ չլինենք, Ֆրանսիային, Ռուսաստանին եւ մյուսներին էլ Արցախի հանքային հարսություններն են հետաքրքրում, ռուսներն այս պահին խեղճացել են՝ Ուկրաինայի հետ պատերազմի պատճառով, բայց մեկ է՝ Արցախը բաց չեն թողնի ձեռքից, միշտ կա Անգլիան իր հանքային շահերով, իսկ ԱՄՆ-ը վաղուց ներկայացված է տարածաշրջանի եւ նույնինքն Արցախի հանքարդյունաբերության մեջ: Մեզ համար Արցախը հազարամյակների հայրենիք է, նրանց համար՝ տարածք, որտեղից կարելի է մեծ շահ ստանալ՝ շրջանցելով տերերին: Նույն մոտիվացիան Թուրքիայինն ու Ադրբեջանինն են, մյուս պետություններից էլ ավելի առաջ:
Մենք կոպիտ, առանց նրբերանգների գծեցինք իրավիճակի մի թեթեւ էսքիզը: Գումարվում է Արցախի ներսում եղած ելից տեսակետների տարբերությունը, այդ վերաբերմամբ ներքաղաքական երանգավորմամբ պայքարը, հասարակ արցախցիների՝ սեփական ղեկավարներին եւս այլեւս չվստահելու ու չհավատալու իրողությունը, ու պատկերը մի փոքր էլ կլրանա:
Հայաստանի ընդդիմադիր շրջանակները շարունակում են Արցախի խնդիրներին նայել զուտ ներքաղաքական շրջանակից: Այս շաբաթ «Հայաքվե» նախաձեռնությունը 58.000 ստորագրություն հանձնեց ԿԸՀ՝ Արցախն Ադրբեջանի կազմում որոշում ընդունելը քրեականացնելու հարցի շուրջ: Եւ սեպտեմբերի երկուսին, Արցախի անկախության օրը, հավաքներ են նախատեսված Ազատության հրապարակում եւ Երեւանում Արցախի ներկայացուցչության մոտ: Թե ինչու նույն շրջանակներն այդ օրը մի հիսունհազար մասնակցով իրենց բողոքը չեն գնում հայտնելու Լաչինի միջանցքի մոտ՝ անհասկանալի է, դա ավելի ազդեցիկ կլիներ:
Այս օրերին, երբ մայրաքաղաքային ընտրությունների քարոզարշավը կիզակետում է՝ տարբեր արտաքին ազդեցությունների մասին մեր ասածն առավել քան արդիական է, քանի որ դեռ անցյալ համարում ենք գրել՝ տարածաշրջանի համար կռիվ տվող մեծ խաղացողները լիովին ներկայացված են ընտրություններին մասնակցող ուժերի մեջ, ու անվտանգության խնդիր պետք է լիներ նրանց բոլորին դիմակազերծելը:
Առհասարակ՝ Հայաստանում երեւի հիմա վխտում են ամեն երկրի գործակալները, որոնք կարող են անգամ պետական կառույցներում լայնորեն արտացոլված լինել: Մենք ժպտում ենք, բոլորին լավ վերաբերվում, մինչդեռ ռուսների պահվածքը Լաչինում ասում է այն մասին, որ նրանք ամենեւին էլ Հայաստանի շահերի պաշտպան չեն եւ հանգիստ Հայաստանի, Երեւանի ներսում կարող են աշխատել հօգուտ Ադրբեջանի:
Այդ թվում՝ ուրիշ շատ ազգեր, որոնց ներայացուցիչները Երեւանի փողոցները լցրել են:
Գիտեք ի՞նչն է ինձ զարմացնում, որ Հայաստանի ԱԱԾ-ում (նախկինում էլ, հիմա էլ) ադպես էլ չգտնվեց ու չի գտնվելու մի հայրենասեր ԱԱԾ-ական, որը հանուն հայրենիքի ճիշտ ժամանակին, մինչեւ նորագույն ժամանակում հրդեհի ու փաստաթղթերի կորուստները, պատճենած լիներ բոլոր օտարերկրյա գործակալների անունները եւ գոնե հիմա հրապարակեր, նույնիսկ եթե դրա համար կյանքով վճարեր: Մեկ է՝ կյանքով վճարելու են բոլոր դեպքերում, Կուտոյանը ձեզ օրինակ: Գոնե կիմանայինք, թե ո՞վքեր են երկար տարիներ մեր բարձր պաշտոնյաներից ռուսների համար աշխատել, ամերիկացիների համար աշխատել, թուրքերի ու տարածաշրջանում շահեր ունեցող մյուս պետութունների համար աշխատել (խոսքը ոչ թե ազդեցութան գործակալների մասին է, որոնք չեն էլ թաքցնում իրենց ազդեցության գործակալ լինելը):
Հիմա հարցին այսպես նայենք՝ ո՞վ է մեթոդաբար այլազգիներով այն արագությամբ լցոնում Երեւանը, որ մի երկու տարի հետո Երեւանը ներշնչող թվով այլազգի բնակիչ, ավելին՝ մեր երկրի քաղաքացի դարձած այլազգի բնակիչ կունենա, որոնք կթուլացնեն հայկական խնդիրներ հետապնդող էթնիկ կամքը, ավելին՝ անգամ կարող են ընտրութունների արդյունքի վրա էական ազդեցութուն ունենալ, տիրապետել Երեւանի անշարժ գույքի շատ զգալի մասը:
Առանձնապես չուզենալով կենտրոնանալ մայրաքաղաքի ընտրության քարոզարշավի վրա (հաջորդ շաբաթ արդեն քարոզարշավը կմոտենա վերջնամասին), եւ մենք էլ կխոսենք եւ դրա որակի, եւ ուրվագծված հիմնական ֆավորիտների մասին, եթե մինչ այդ, իհարկե, Արցախում վատթարագույն սցենար չլինի: Առայժմ ուզում ենք մեր ներդրումն անել իրենց մայրաքաղաքի ղեկավար պատկերացնողներին առաջադրելիք խնդիրների շարքում եւ նրանց առաջարկել քննարկել մի թեմա, որի վերաբերյալ առաջին լուրջ մտահոգություներն արդեն հայտնվում են:
Իհարկե, լուրջ հետազոտությունների պակաս այս թեմայում կա, սակայն վստահ ենք, որ դրանք աստիճանաբար ի հայտ կգան: Առայժմ աչքի համար տեսանելի իրողությունից խոսենք: Հայաստանում, բոլոր քաղաքաշինական կանոնների խախտմամբ հազարավոր շենքեր են կառուցվում: Այդ մասին խոսակցությունն էլ առանձին թեմա է, բայց մեզ այլ բան է հուզում. որ հարցնում- գտնում ես՝ պարզվում է կան շատ նորակառույցներ, որոնք ոչ տեղական կառուցապատողներ են սարքում՝ իրանցիներ, ռուսներ, այլ ազգերի ներկայացուցիչներ, կան շենքեր, որոնք պատրաստ են, ու ոչ ոք չգիտի՝ ո՞ւմ համար են դրանք, ովքե՞ր են դրանց գնորդները: Եղել է դեպք՝ հարցրել ենք նորակառույցում բնակարան գնողների մասին, պատասխան ենք ստացել, որ արդեն ողջ բնակարանային ֆոնդը շենքում իրացված է, ու չի հաջողվել պարզել՝ ովքեր են տերերը, հայեր են, թե՞ այլազգի: Արդյոք ինչ-որ գլոբալիստական ծրագիր է իրականացվում Հայաստանում՝ արտաքին ֆինանսական կենտրոնների գումարներով արագորեն բնակարաններ են սարքվում ինչ-որ ներգաղթյալների համար հատկապես Երեւանի կենտրոնում, ովքե՞ր են լինելու այդ ներգաղթյալները: Արդյոք ինչ-որ մեկը պլանավորո՞ւմ է հայկական սեպի վերացումը տարածաշրջանում փափուկ մեթոդներով: Պատկերացնո՞ւմ եք՝ եթե ընդամենը երկու-երեք տարի հետո Երեւանում ապրի երկու-երեքհարյուր հազար օտարերկրացի, ներկայումս Ռուսաստանից եւ Ուկրաինայից եկածները ներառյալ, ապա որքան լղոզված կլինի զուտ ազգային հարցերի հետապնդումը, որքան կթուլանա ազգային հարցերով մեր տարբերակիչը: Ու անգամ, պատկերացրեք, այդ եկվորները կկարողանան ազդել ընտրությունների արդյունքների վրա, Երեւան քաղաքում դառնալով ընտրողների զգալի մաս (սովորաբար ներգաղթյալներն ընտրում են առկա իշխանությանը): Ահա մի հարց- զգուշացում, որ հասցեագրում ենք քաղաքապետի թեկնածուներին (եթե նրանցից մեկ-երկուսն արդեն իսկ խառնված չէ այս ծրագրերին ու տեղյակ դրանցից), հանրայնացրեք հարցը, հարցի մասին խոսելը նշանակում է գաղտնի նախագծերը կանխելու առաջին քայլն անել:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ