Ի՞նչ է անելու Թրամփը Հայաստան-Ադրբեջան բանակցությունների փաթեթի հետ
Բայդենի վարչակազմը ակտիվորեն էր մասնակցում Հայաստան-Ադրբեջան եւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ջանքերին: Այս երկու իրադարձությունները, ուզենք թե չուզենք, սերտորեն կապված են միմյանց հետ: Պաշտոնաթող նախագահ Ջո Բայդենը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւից եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանից պահանջել էր մինչեւ այս տարվա վերջ ավարտին հասցնել խաղաղության համաձայնագիրը, հավանաբար նպատակ ունենալով բարձրացնել իր հեղինակությունը որպես միջնորդի եւ գործարարի: Եթե Քամալա Հարրիսը հաղթեր եւ դառնար նախագահ, Դեմոկրատների քաղաքական ուղեգիծը հավանաբար կշարունակվեր, բայց նման հեռանկարը խիստ կասկածելի է Թրամփի հաղթանակից հետո:
Հնարավոր է, որ Ալիեւն անտեսել է Բայդենի նամակը, քանի որ Ադրբեջանը այնքան էլ հակված չէ ստորագրելու խաղաղության մի համաձայնագիր, որը կսահմանափակի իր փառասիրությունը եւ կնեղացնի դրան հասնելու տարբերակների շրջանակը: Ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանը հնարավորինս արագ կարիք ունի ստորագրելու խաղաղության համաձայնագիրը:
Հետագայում, Հայաստանի ղեկավարները գուցե բոլոր հնարավոր ռեսուրսները կկենտրոնացնեն` կարգավորելու ներքին քաղաքական գործընթացները, ինչպես օրինակ` ընտրությունների միջոցով վավերացնելու խաղաղության այդ համաձայնագիրը եւ մյուս ցավալի զիջումները, որոնց շարքում հավանաբար կլինեն հրաժարում Անկախության Հռչակագրի որոշ դրույթներից, Հայաստանի զինանշանում տեղ գտած Արարատ լեռան խորհրդապատկերից եւ այլ ազգային ու պատմական արժեքներից: Իրականում խաղաղության հաստատման գործընթացի հետ կապված երկու սցենար կարող է գծագրվել:
(Ա) Հետաձգում` խաղաղության համաձայնագրի ստորագրման
Թրամփի նոր ձեւավորվող վարչակազմը կարող է երկմտել շտապ կարգով վերջնական տեսքի բերելու խաղաղութան համաձայնությունը, քանի որ նման գործընթացը կբարձրացնի Բայդենի վարչակազմի վարկանիշը, կամ առնվազն կբաժնեկցի այդ վարկանիշը Դեմոկրատական կուսակցության հետ: Փոխարենը, այդ վարչակազմը կարող է շարունակել բանակցությունները եւ հետաձգել վերջնական ստորագրումը, որպեսզի ամբողջապես իրեն վերագրի խաղաղություն հաստատելու փաստը: Թրամփը սիրում է իր կենսագրության մեջ տեսնել «հաջողակ գործարքներ եւ բարեհաջող ավարտ ունեցող պատմություններ»: Այս հետաձգումը Բաքվի շահերից էլ է բխում, քանի որ Արդբեջանը հնարավորություն կունենա սաստկացնելու ճնշումները Հայաստանի նկատմամբ եւ ավելի շատ զիջումներ ձեռք բերելու, առանց արտաքին, հատկապես Մ. Նահանգների, ճնշումների կողմից կաշկանդված զգալու:
(Բ) Սահմանափակում` Հարավային Կովկասում ներգրավվածության
Երկրորդ սցենարը նախատեսում է Հարավային Կովկասում Մ. Նահանգների համեմատաբար նվազ կամ զրոյական ներգրավվածություն, ինչը տարածաշրջանային խնդիրներն ու նախաձեռնությունները կթողնի բացառապես Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի հայեցողությանը: Այս սցենարը նույնպես կհամապատասխանի Բաքվի շահերին, քանի որ արտաքին ճնշումներից զուրկ լինելուց բացի, Ադրբեջանը, ի տարբերություն Հայաստանի, հաջողությամբ կարող է բանակցել ինչպես Անկարայի, այնպես էլ Մոսկվայի եւ Թեհրանի հետ:
Սակայն նման սցենարը կարող է ապակայունացնել տարածաշրջանը, զերծ լինելով Մ. Նահանգների հակակշռող ներկայությունից, ինչը թույլ կտա տարածաշրջանի գլխավոր ուժերին` Ռուսաստանին, Թուրքիային եւ Իրանին, հզորացնելու իրենց ազդեցությունը:
Այս սցենարը նաեւ առավել հավակնոտ է թվում, հատկապես եթե Թրամփը կարողանա հաջողությամբ բանակցել Պուտինի հետ Ուկրաինայի հարցի շուրջ: Նման «գործարքը» նախատեսելու է պայմանավորվածություն համապարփակ մի փաթեթի շուրջ, որտեղ ներառված կլինեն փոխադարձ շահերն ու գլոբալ մտահոգությունները, որոնց թվում Ռուսաստանի համար մարտավարական կարեւոր նշանակություն ունեցող Հարավային Կովկասի տարածաշրջանի վրա իր ազդեցության պահպանումը:
Այդուհանդերձ, եթե մենք այս բոլորը դիտարկենք առավել գլոբալ առումով` հատկապես Մ. Նահանգներ-Ռուսաստան հարաբերությունների եւ Հարավային Կովկասի կոնտեքստում, կտեսնենք, որ այլ հնարավոր ուղղություններով եւս կարող են զարգանալ իրադարձությունները: Իրանի շուրջ ստեղծված լարվածությունը հնարավոր է տարածաշրջանը վերածել «մայրուղու»` իր հետ կապված բոլոր ժխտական հետեւանքներով:
Եթե Ռուսաստանն ու Մ. Նահանգները չկարողանան համաձայնության գալ Ուկրաինայի հարցի վերաբերյալ, եւ Վաշինգտոնն էլ առավել ագրեսիվ գործողությունների դիմի Իրանի նկատմամբ, ապա Հայաստանը ստիպված կլինի նոր եւ առավել ծանր մարտահրավերներ դիմագրավել, հատկապես անվտանգության բնագավառում: Եվ դա կլինի ամենամեծ մարտահրավերը, որ Հայաստանը կդիմագրավի 2020-ի պատերազմից հետո:
Հնարավոր այս զարգացումները կախված են լինելու, անշուշտ, թե ինչ առաջնահերթություններ է նախատեսելու եւ ինչ քաղաքականություն է վարելու Թրամփի վարչակազմը տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների կարգավորման ուղղությամբ: Հետագա գործողությունների կանխատեսումը դժվար է, հաշվի առնելով Թրամփի լռությունը այդ հարցում: Իրադրությունը առավել բարդացել է Թրամփ-Բայդեն վերջերս կայացած հանդիպումից հետո, որի ընթացքում Բայդենը, համաձայն լուրերի, փորձել է համոզել Թրամփին, որ պաշտպանի Ուկրաինային: Հանդիպումից անմիջապես հետո Բայդենը թույլատրեց Ուկրաինայում տեղակայել ամերիկյան հեռահար հրթիռներ, որոնք կհարվածեն Ռուսաստանին: Այս քայլը քննադատաբար «խելապակաս որոշում» է բնութագրել Թրամփի որդին, ինչը հուշում է, որ հանդիպման ընթացքում Թրամփն ու Բայդենը որեւէ շոշափելի համաձայնության չեն եկել:
ՍՈՒՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Անգլ. բնագրից թարգմանեց` ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ
(The Armenian Mirror-Spectator)