Վերջին տարիներին Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետը գրեթե անընդմեջ կազմակերպում է գիտական եւ գիտամեթոդական տարբեր թեմաներով գիտաժողովներ, ուսուցման վարպետաց դասեր, տեսական սեմինարներ, որոնք ունեն ուսումնակրթական գործի բարելավման եւ առավել բարձրացման նպատակ: Այս տարի համալսարանը նշում է իր հիմնադրման 100-ամյակը: Եվ Մանկավարժական համալսարանի 100-ամյակին ընդառաջ տեղի ունեցավ միջազգային հայերենագիտական գիտաժողով՝ նվիրված Սուրբ Մեսրոպ Մաշտոցի ծննդյան 1660-ամյակին. գիտաժողովի նշանաբանն էր «Հայոց գրերը եւ հայ դպրոցը»: Գիտաժողովը կազմակերպել էր բանասիրական ֆակուլտետի ակադ. Ա. Ղարիբյանի անվան հայոց լեզվի եւ նրա դասավանդաման մեթոդիկայի ամբիոնը՝ ամբիոնի վարիչ բ.գ.դ., պրոֆ. Վ. Գ. Համբարձումյանի նախաձեռնությամբ: Գիտաժողովն ունեցավ միջազգային ընդգրկում հայերենագիտության բնագավառում: Մասնակցում էին ինչպես մեր երկրի գիտակրթական հաստատությունների ներկայացուցիչներ, այնպես էլ մասնագետներ, բանասեր-լեզվաբաններ, հոգեւոր հայրեր ԱՄՆ-ից (դոց. Ն. Պողոսյան), Գերմանիայից (Հ. Մարտիրոսյան), Եգիպտոսից (Տ. Դերենիկ աբեղա Սահակյան), Երուսաղեմից (Կորյուն վրդ. Բաղդասարյան): Ավելի ընդգրկուն էր Հայաստանի եւ Արցախի գիտական հաստատությունների՝ բուհերի, ուսումնական կենտրոնների մասնակցությունը:
Գիտաժողովին ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՊՄՀ գիտաուսումնական գծով պրոռեկտոր Մ. Իսպիրյանը Նա կարեւորեց միջոցառման մեծ խորհուրդը՝ միաժամանակ ընդգծելով հայերենի առաջին ուսուցիչ եւ հայալեզու դպրոցի հիմնադիր սուրբ Մեսրոպ Մաշտոցի բացառիկ դերը եւ գործունեությունը:
Հայերն ունեն իրենց գիրը, պարտական են նրան՝ իրենց զավակին: Տարբեր ժողովուրդների մշակույթում գրի հորինումը եղել է մեծ գյուտերից մեկը, եթե ոչ մեծագույնը: Այսօր հայտնի լեզուների թիվը հարյուրներով է, իսկ այբուբեններինը՝ մեկուկես տասնյակով: Հայոց գիրը այդ մեկուկես տասնյակի մեջ է, հայությունը՝ հարյուր հազարների մեջ, արարչական եւ արարող:
Լիագումար նիստում բ.գ.դ., պրոֆ. Վ. Համբարձումյանի զեկուցման թեման էր «Հայերենի պայթական ձայնեղների հնչաբանական արժեքը մեսրոպյան գրանշանների համակարգում», բ.գ.դ., պրոֆ., ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ա. Դոլուխանյանը խոսեց «Մորուս Հասրաթյանը մաշտոցյան գրերի մասին» թեմայով, իսկ Երուսաղեմի հայոց պատրիարքության դիվանապետ Կորյուն վրդ. Բաղդասարյանը հեռակապով ներկայացրեց «Հայ դպրոցի պատմությունը Սուրբ երկրում» թեման:
Երկօրյա գիտաժողովի աշխատանքները տեղի ունեցան չորս մասնախմբերում, որոնցից յուրաքանչյուրում կարդացվեց 4-5 զեկուցում հայոց լեզվի եւ գրականության, բանասիրության, մեսրոպյան այբուբենի, եկեղեցու պատմության եւ տարբեր հարցերի շուրջ: Հատկանշական է բուհի մագիստրոսների եւ Գեւորգյան հոգեւոր ճեմարանի եւ Վազգենյան դպրանոցի բարձր լսարանների սաների մասնակցությունը՝ նոր քայլեր գիտության եւ հոգեւոր կյանքի ներկայացման մեջ:
Զեկուցումների մեծագույն մասը նվիրված էր Մեսրոպ Մաշտոցին, նրա կրթական գործունեությանը, նրա գիտական-թարգմանական եւ գրական (շարականագրություն)՝ մեզ հասած էջերի քննությանը: Նշվեց, որ Մեսրոպ Մաշտոցը հայ ժողովրդի իմացական աշխարհի, կրթության ոլորտի ամենամեծ դեմքն է:
Բանասիրության եւ աղբյուրագիտության մեջ վերջնական ճշգրտման են ենթարկվել Մեսրոպ Մաշտոցի ծննդյան եւ մահվան տարեթվերը (362-440թթ.), ինչպես նաեւ գրերի գյուտի արարումը՝ 405թ.: Մեծ ջանք եւ եռանդ է ի գործ դրել Սուրբ Մաշտոցն իր նպատակին հասնելու եւ իր ժողովրդի կրթության եւ գիտության գործին ծառայելու համար:
Աշխարհաքաղաքական պայմաններն այնպիսին էին, որ հնդեվրոպական ցեղակցության հայ ժողովուրդը հասել էր մի հանգրվանի, որ պիտի մտահոգվեր մտավոր տքնանքով իր ինքնությունը պահպանելու եւ շարունակելու գործում: Այս գործում Մեսրոպ Մաշտոցը հայոց կաթողիկոս Սահակ Պարթեւի անմիջական աջակցության եւ Վռամշապուհ արքայի գոհունակ համաձայնությամբ ձեռնամուխ եղավ մի ազնվական գործի, որը կոչվում է գրերի ստեղծում, որպեսզի բանավոր եկեղեցախոսությունը, որ շուրջ 100 տարի իրագործվում էր հայոց եկեղեցում, շարադրվեր նաեւ գրավոր կերպով՝ ժողովրդին առավել հասանելի եւ մատչելի դարձնելու համար:
Այդ առումով գիտաժողովում նշվեց նաեւ, որ Մեսրոպ Մաշտոցը հայոց դպրոցի եւ մշակույթի հիմնադիր է, մեծագույն մի անհատականություն, նաեւ գրի համաշխարհային պատմության առումով: Հայոց գրերը ինքնատիպ են հնչյունական համակարգով, որ դարերի հոլովույթում մեծ փորձությունների են դիմակայել:
Գիտաժողովի բավականին ուշագրավ եւ բովանդակալից զեկուցումներից նշենք մի քանիսը. պրոֆ. Է. Մկրտչյան («Հայոց գրերի ստեղծումը ըստ կենսագիր վարդապետ Կորյունի»), բ.գ.դ. Հ. Մեսրոպյան («Հայերենի ծառանունների իմաստային-գործառական դրսեւորումները Ղ. Ալիշանի «Այրարատ»-ում»), բ.գ.դ. Ա. Գալստյան («Դ. Դեմիրճյանի «Մեսրոպ Մաշտոց» անավարտ վեպի լեզվական հիմքերը»), պրոֆ. պաշտ. Գ. Խալաթյան («Հեղինակային բառակերտումները Լ. Դուրյանի «Մաշտոց» պոեմում»), բ.գ.դ. Գ. Խաչիկյան («Մի քանի արքետիպային պատկերացումներ Մ. Գալշոյանի «Մամփրե արքան» պատմվածքում»), բ.գ.թ. Ն. Խաչատրյան («Մ. Մաշտոցի կերպարը եւ հայոց այբուբենը Գ. Էմինի հայրենասիրական խոհերում»), բ.գ.թ. Մ. Սարգսյան («ArmSpell հայալեզու նոր սրբագրիչը՝ որպես տեխնիկական նոր լուծում»), բ.գ.թ. Ե. Մնացականյան («Մաշտոցի կերպարը 5-րդ դարի մատենագրության մեջ»), բ.գ.թ. Ա. Մարտիրոսյան (««Իրական անձինք, մարդիկ» բառիմաստային խմբի մի քանի բառույթների բառարանային մշակումները հայերենում») եւ ուրիշներ:
Որոշ զեկուցումներ մեթոդական բնույթ ունեին, որոնք առնչվում էին հայոց լեզվի դասավանդման մեթոդիկայի արդիական խնդիրներին, այբուբենի ուսուցման հիմնահարցերին: Գիտամեթոդական զեկուցումները նոր հայեցակետից ներկայացրին բ.գ.թ. Լ. Ավետիսյանը եւ բ.գ.թ. Մ. Սողոմոնյանը («Բառային հականշության ուսուցումը բուհում՝ ըստ մասնագիտացումների»), բ.գ.թ. Լ. Տեր-Գրիգորյանը («Հայոց այբուբենի ուսուցման մեթոդի այբբենարանում»):
Գիտաժողովը ճանապարհ է հարթում նաեւ երիտասարդների համար: Գիտության փոխհաջորդման սկզբունքը երիտասարդներին գիտական հարթակ տրամադրելն է, օգնելն ու աջակցելը: Զեկուցումներով հանդես եկան մագիստրոսներ Գ. Գալստյանը («7-12րդ դդ. հայոց տոմարի մեկնողական աղբյուրների առանձնահատկությունները»), Կ. Նազարյանը («Գրերի գյուտի 1500 եւ հայ գրատպության 400-ամյակների արձագանքը պոլսահայ մամուլում», համահեղինակ՝ բ.գ.թ. Ք. Աբրահամյան): Զեկուցումներով հանդես եկան նաեւ Գեւորգյան հոգեւոր ճեմարանի Զ լսարանի սան Նարեկ սարկավագ Գասպարյանը, Սեւանի Վազգենյան դպրանոցի սաներ Ա. Բաղդասարյանը եւ Վ. Պապիկյանը:
Երանելի է հայոց գրերի ստեղծողը, մենք հիշում ենք նրան: Նրա ստեղծածը հոգու եւ մտքի կրակ է, մեր ինքնության եզակին, թերեւս Քրիստոսից հետո մեր առաջին ամփոփն է նրա ստեղծածը՝ հայոց գեղեցիկ եւ ինքնօրինակ գրերը:
Մենք կայինք նրանից առաջ, մենք կանք նրանից հետո, եւ այդ միջոցում մենք ինքնագրվեցինք նրանով, մեր բերանացին դարձավ տողացի: Նա իր ժողովրդի զավակն է՝ գլուխ՝ իրենով սկսվող նոր, քրիստոնյա կրթության զավակների տեւական բարեգործության շարքին: Սուրբ՝ սրբերի մեջ, մեծ հավատի տեր նվիրյալ զավակ մի ժողովրդի, դարերի մեջ՝ քաղաքակիրթ, հազարամյակներ ի վեր եւ հետայսու եւս հազարամյակներ՝ մի մեծ ժողովրդի:
Մեսրոպ Մաշտոցի գրերի լույսը ճառագում է հայոց մշակույթի, կրթության վրա համատարած եւ ըստ ամենայնի:
Գիտաժողովի երկրորդ օրը մասնակիցներն այցելեցին ս. Օշական՝ հարգանքի տուրք մատուցելու եւ ծաղիկներ խոնարհելու հայերենի առաջին ուսուցչի հիշատակին:
Վազգեն ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՀՊՄՀ հայոց լեզվի եւ նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր