2024թ. մարտի 28-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկեց «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ պատմամշակութային առնչություններ» թեմայով եռօրյա միջազգային գիտաժողովը, որի նպատակն էր քննարկել Հայոց պետականության դերը տարածաշրջանում, Հայաստանի առնչությունները հարեւան պետությունների եւ ժողովուրդների հետ:
Գիտաժողովին մասնակցեցին պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, գիտնականներ ԱՄՆ-ից, Բելառուսից, Գերմանիայից, Եգիպտոսից, Իտալիայից, Իրանից, Հնդկաստանից, Հունաստանից, Հունգարիայից, Ճապոնիայից, Մեծ Բրիտանիայից, Չինաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, Ուկրաինայից, Ֆրանսիայից:
Հայաստանն այսօր հայտնվել է բարդ պատմական ժամանակաշրջանում եւ բարդ իրադարձությունների կիզակետում: Այս տեսանկյունից նման համաժողովները լավագույն հնարավորություններից են նոր ելքեր ու հայեցակարգեր գտնելու համար: Տարբեր մակարդակներում համահայկական համախմբվածության, մտքի ու ներուժի համախմբման անհրաժեշտություն կա: Մեծ ներուժ ունի նաեւ Սփյուռքը:
Եռօրյա գիտաժողովի ընթացքում Հայաստանի եւ արտերկրի առաջատար գիտնականները հանդես կգան զեկուցումներով՝ ներկայացնելով Հայաստանն աշխարհաքաղաքական իրադարձությունների, տարածաշրջանային եւ համաշխարհային տնտեսական, քաղաքական եւ քաղաքակրթական դինամիկայի շրջանակներում, կրոնական եւ էթնիկ խմբերի փոխազդեցությունը Կովկասում եւ տարածաշրջանում, հայկական մշակութային ժառանգության եւ գլոբալ ազդեցության ուսումնասիրումը, Հայաստանը եւ քաղաքակրթական փոխառնչությունները:
Միջազգային գիտաժողովը կազմակերպել էին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան, «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը, «Օրբելի» կենտրոնը եւ Երեւանի պետական համալսարանը:
ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ