Արցախի Հանրապետության քաղաքական եւ քաղաքացիական ուժերը՝ կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ, լրատվամիջոցներ եւ համայնքների ղեկավարներ (ընդհանուր ավելի քան 150 ստորագրություն) դեկտեմբերի 10-ի՝ ԱՀ անկախության հանրաքվեի, ԱՀ Սահմանադրության եւ Մարդու իրավունքների միջազգային օրերի առթիվ, դեռ դրա նախօրյակին, ուղերձ են հղել միջազգային հանրությանը: Թե որքան է այն հասել վերջինիս՝ դժվարանում ենք ասել, երբ անգամ Հայաստանում այն երեւի թե ոչ շատերին է հայտնի: Էլ չենք խոսում ուղերձը պաշտպանելու մասին: Այսպես կարծելու տեղիք է տալիս այն հանգամանքը, որ զարմանալիորեն այդ ուղերձը ժամանակին հրապարակել են հանրապետության միայն հատուկենտ լրատվամիջոցներ:
Կարծում ենք՝ եթե այս ուղերձը կամ նման մի բան չլիներ, բոլորովին լուռ մնայինք, աշխարհն առնվազն կզարմանար ու կծիծաղեր մեզ վրա՝ հազարամյակներով իր հողի վրա ապրած ամբողջ մի ժողովրդի անպատկերացնելի հայրենազրկմանն անծպտուն համակերպվելու համար: Իհարկե, նպատակն այստեղ սոսկ «ձայն հանելը» չէ, ոչ էլ մեծ սպասում պետք է ունենալ ուղերձին միջազգային անմիջական արձագանքի առումով, բայց նման մի փաստաթղթի երեւույթն ինքնին թվում է՝ կարեւոր է:
«Ոչ մի ազատ ժողովուրդ չի կարող հրաժարվել իր ինքնիշխան իրավունքներից եւ ենթարկվել իր համար օտար պետության գերիշխանությանը, առավել եւս մի պետության, որը ղեկավարվում է իր անպատժելիությամբ արբեցած ավտորիտար, կոռումպացված եւ ռասիստական ռեժիմի կողմից»,- նույնիսկ այսքանի մեջ ամեն ինչ ասված է, եթե աշխարհն ունկ ունենար ու առաջնորդվեր իր իսկ ստեղծած օրենքներով եւ օրինականությամբ: Բայց շարունակենք ուղերձից գոնե մի երկու հատվածի ընթերցումը: «Մեր ընդհանուր որոշումը՝ լքել մեր Հայրենիքը՝ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետությունը, մեր տները, թողնել Սբ. Մկրտչի մասունքները, մեր հայկական եկեղեցիներն ու մեր նախնիների գերեզմանները, որոնք մենք պաշտպանել ենք դարեր ի վեր, ապացույց է ողջ աշխարհին, որ Արցախի ժողովրդի համար ազատությունը բարձրագույն արժեք է: Այս ճարահատ որոշումն ընդունվել է շարունակական ցեղասպանական գործողությունների եւ մեր գլխին կախված գոյաբանական սպառնալիքների պայմաններում:
Մենք կայացրինք այսպիսի որոշում, քանի որ նրանք, ովքեր իրենց համարում են մարդու իրավունքների ու ազատությունների ջատագովներ ու պաշտպաններ, որոշեցին հանուն Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ թվացյալ խաղաղության ձեռքբերման եւ հանուն իրենց աշխարհաքաղաքական շահերի մերժել սեփական հայրենիքում արժանապատիվ ապրելու եւ ինքնորոշման մեր իրավունքները»:
Այս իրավունքը միջազգային իրավունքի առնվազն երկու հիմնարար սկզբունքներից մեկն է, որը սակայն ոչ միայն լուռ մերժվել է հայ Արցախին, այլ նաեւ Ադրբեջանին թույլ է տրվել ռազմական ագրեսիաների ու պատերազմական հանցագործությունների, էթնիկ զտման միջոցով նրա բնակչությանը ստիպել հեռանալ սեփական հայրենիքից, սեփական տուն, հող ու ջրից: Այս իրավունքից եւ մարդկային բոլոր օրենքներից են բխում այն անհրաժեշտ քայլերը, որոնք արցախցիների հայրենիք վերադարձի համար ակնկալվում են միջազգային հանրությունից, ի դեմս ուղերձի հասցեատերերի՝ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, ԵԱՀԿ գործող նախագահի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների, Եվրոպայի խորհրդի եւ այլոց: Ճիշտ է, որ այդ ամենը հիմա առնվազն քիչ իրատեսական է թվում, որ հենց նույն հաստատությունները ժամանակին չարձագանքեցին նաեւ Արցախի պետական կառույցների ահազանգերին եւ օգնության կանչերին, բայց գոնե այս արագ փոփոխվող աշխարհում համակերպվելն ու ոչինչ չանելն էլ ճիշտ չէ: Սեփական անառարկելի իրավունքը թեկուզ հիմա պաշտպանելու պայքարը շարունակելու համար պետք են նաեւ պաշտոնական, իրավական քայլեր:
Այս տեսակետից, թվում է, անհրաժեշտ է, որ բառացիորեն այս օրերին՝ մինչ հունվարի 1-ը, նման մի գրագետ ու բովանդակալից հայտարարությամբ հանդես գա Արցախի, օրինակ, Ազգային ժողովը: Մինչ հունվարի 1-ը, քանի դեռ Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրի համաձայն նրա պետական կառույցները չեն համարվի լուծարված: Նկատենք, անգամ Ադրբեջանի նախագահ Ալիեւը նման իրավական ակտերին կարեւորություն է տալիս. չէ՞ որ նա, չճանաչելով հանդերձ այդ հանրապետության գոյությունը, այնուամենայնիվ նրա նախագահից պահանջեց ստորագրել նման հրամանագիր…
Ըստ ամենայնի՝ անպայման իրավական որոշակի արժեք ունեցող այդ պաշտոնական հայտարարությունում կամ մեկ այլ նման փաստաթղթում պետք է հստակ ընդգծվի նաեւ, որ համապատասխան իրավական հիմքի վրա ժողովրդի հանրաքվեով հռչակված հանրապետությունը չի կարող լուծարվել մի անձի, թեկուզ նրա նախագահի որոշմամբ կամ հրամանագրով: Եվ հետեւաբար նախագահի այդ հրամանագիրը, որը նաեւ ընդունվել է ոչ ազատ կամարտահայտման պայմաններում, իրավական ուժ չի կարող ունենալ եւ չունի:
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ