«Ազգ»-ի հարցազրույցը Երվանդ Ազատյանի հետ
Երեւանի փողոցները, լեփ –լեցուն սրճարանները, առօրյա երթեւեկը, ոչինչ չի հուշում, թե ադրբեջանական զինուժը Հայաստանի ինքնիշխան տարածքում ավելի է առաջ եկել՝ նոր հատվածներ գրավելով: Ոչինչ չի հուշում, որ պատերազմի մեջ ենք ու դեռ անթաղ մարմիններ, անհետ կորածներ ու գերիներ ունենք:
Մինչդեռ այս օրերին Հայաստանի ապագան է դրված խաղասեղանին, ու խնդիրը Արցախի հիմնահարցից տեղափոխվել է անհամեմատ ավելի լայնահուն դաշտ՝ ոչ միայն տարածաշրջանային, այլեւ՝ համաշխարհային:
Գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ, Թեքեյան մշակութային միության Մ. Նահանգների եւ Կանադայի կենտրոնական վարչության ատենապետ Երվանդ Ազատյանի հետ «Ազգ» շաբաթաթերթի այս հարցազրույցը փորձառու, աշխարհի անցուդարձին քաջատեղյակ, վերլուծական խորաքնին մտքով ու լայն աշխարհայացքով սփյուռքահայ հայտնի մտավորականի տեսակետն ու գնահատականը լսելու նպատակով է:
– Պարոն Ազատյան, որքան էլ հեռու ապրեք Հայաստանից, այնուամենայնիվ, ձեր կապը Հայրենիքի հետ Հայրենիքին հեռվից նայողի ու այստեղի իրադարձությունները հեռվից գնահատողի վրա չի հիմնված: Դուք, թերեւս, ավելին գիտեք հայաստանյան անցուդարձի մասին, քան այստեղ ապրող շատերը: Բայց, խնդրում եմ, կողմնակի հայացքով դատեք՝ ի՞նչ է կատարվում մեր Հայրենիքում, ի՞նչ վիճակում է մեր երկիրը:
– Նախորդ այցս համավարակից առաջ էր, որին զուգահեռ՝ 44-օրյա պատերազմը եղավ: Այս անգամ Հայաստան գալով՝ համոզվեցի, որ իրավիճակն ավելի տագնապալի է, նույնիսկ՝ ճակատագրական: 11-րդ դարասկզբին Բագրատունիների թագավորության ավարտն էր մոտենում, Պետրոս Գետադարձ կաթողիկոսը բանալիները հանձնեց Բյուզանդիային. պետություն կորցնելու նույն տվայտանքները, նույն մտահոգությունները հիմա են, ինչ այն ժամանակ:
Այսօրվա վիճակի պատճառն Ադրբեջանի սանձազերծած պատերազմն է: Իսկ այդ երկիրը սարսափելի քայլերի է դիմում ՝ հայ կանանց անդամահատում, գերի հայ զինվորների գնդակահարություն. սրանք պետական ահաբեկչության ապացույցներ են, որոնց միջազգային հանրությունը պետք է պատասխանի, բայց կարծես մենք տեր չունենք, ու համապատասխան արձագանք էլ չկա: Եթե մի հրեայի գերեզման անարգվի, ամբողջ միջազգային հանրությունը, մամուլը կաղաղակեն, թե հակասեմական քայլ է կատարվել, և բոլրն Իսրայելին կպաշտպանեն: Իսկ մեզ ոչ ոք չի պաշտպանում: Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոմիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը նույնիսկ կասկած ունի, թե ադրբեջանցիների կողմից հայ գերիների գնդակահարությունն իրակա՞ն է։
«Եթե այդ կադրերի արժանահավատությունը հաստատվի, ապա առկա է ռազմական հանցագործություն, որը պետք է հետաքննվի, իսկ մեղավորները` պատժվեն»,- ասել է նա։ Անորոշ պատասխան:
Սա ադրբեջանական գազի ազդեցությունն է. ոչ թե իրավական, այլ քաղաքական գնահատական: Ադրբեջանական գազը Եվրոպայի գազի տարեկան սպառման 2 տոկոսն է ապահովում միայն, բայց այդ 2 տոկոսն էլ դեր է խաղում կողմնակալ վերաբերմունք ունենալու համար:
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենն Ադրբեջանին համարել է վստահելի գործընկեր ու էներգետիկ ոլորտում ռազմավարական գործընկերության վերաբերյալ հուշագիր է ստորագրել Իլհամ Ալիեւի հետ:
Ադրբեջանը Եվրոպային գազ է վաճառում մեր արյան գնով:
– Բազմիցս է ապացուցվել, որ մեր բողոքներն ու միջազգային կառույցների՝ առավելագույնը Ադրբեջանին բանավոր դատապարտելը ոչ մի օգուտ չեն տալիս, պատերազմական հանցագործությունները շարունակվում են, պետական ահաբեկչությունները՝ նույնպես: Ի՞նչ անել, շարունակ զոհի կերպարո՞ւմ ենք մնալու: Չունե՞նք հնարավորություն համագործակցելու այն երկրների հետ, որոնց շահերն ինչ-որ տեղ համընկնում են մեր շահերի հետ: Օրինակ՝ Իրանը:
– Գաղտնի ձեռքեր կան, որոնք արգելում են: Արեւմուտքը խեթ-խեթ կնայի, եթե մենք Իրանի հետ համագործակցենք: Մեր դաշնակից Ռուսաստանն էլ հեշտ ու հաշտ չի վերաբերվի դրան: Ռուսաստանն ուզում է, որ Հայաստանի միակ հենարանն ինքը լինի, մեր հույսը միայն իր հետ կապենք: Եթե հայությունն ուրիշ հեներան ունենա, կնշանակի, որ Ռուսաստանի դերն ու կշիռն է նվազելու: Բացի այդ, Ռուսաստանը եւս գազի արտահանման պայքարում Իրանի մրցակիցն է: Ռուսատանի դեմ կիրառվող պատժամիջոցները ռուսական գազը Եվրոպա չհասցնելու նպատակով է: Ռուսաստանն ինքն է որոշ ոլորտներում դաշնակցում Իրանի հետ, օրինակ՝ սիրիական հարցում: Սակայն Ռուսաստանի դաշնակցելն Իրանի հետ դեռ չի նշանակում, որ մենք էլ կարող ենք դաշնակցել Իրանի հետ:
Իրանը մեծաթիվ զորք է կանգնեցրել հայ-իրանակաան սահմանին, երկրի բարձրագույն ղեկավարների՝ գերագույն հոգեւոր առաջնորդ Խամենեիի, նախագահ Ռաիսիի, արտգործնախարար Աբդոլլահիանի մակարդակով է հայտարարվել, որ Կովկասում սահմանային որեւէ փոփոխություն իրենց համար «կարմիր գիծ է»։ Իրանը, որ զենք ու բանակ ունի, կուզենա՞ դրանք գործածել մեզ համար: Հարց է:
– Միայն այն դեպքում, երբ մեր շահերը համընկնեն, իսկ միայն մեզ համար, անշուշտ, ո՛չ: Բայց Իրանին պատերազմական լայնածավալ գործողությունների մեջ ներքաշելու մեծ նպատակները նորություն չեն: Իրանի քայլերը որո՞նք կարող են լինել:
– Իսրայելը, Ադրբեջանը, Թուրքիան եւ ԱՄՆ-ն պատեհ առիթի են սպասում, որ Իրանը որեւէ ձեւով սահմանային խնդիր ունենա, արտաքին ճակատում ինքն էլ բռնկվի, որպեսզի այդ 4 երկները կարողանան երկար տարիների իրենց ծրագիրն իրագործել, առաջին՝ տապալել Իսլամական Հանրապետությունը, Երկրորդ՝ Իրանը մասնատեն, իսկ դրանում շահագրգիռ են հատկապես Ադրբեջանն ու Թուրքիան: ԱՄՆ-ին շահագրգռողն այն է, որ Միջին Արեւելքում Իսրայելի ամենաուժեղ թշնամիներից մեկն Իրանն է: Իսրայելին հաջողվեց ԱՄՆ-ի ձեռքով տապալել Լիբիայի, Իրաքի իշխանություններին, իսկ Սիրիայի իշխանությանը՝ ծնկի բերել: Այս երեք պետություններն Իսրայելի հակառակորդներն էին: ԱՄՆ-ին չհաջողվեց ջարդել Իրանին, բայց ամերիկյան օրակարգում դա եղել ու մնում է: Իրանցիները խելացի ու դիվանագետ են: Հայաստանի սիրույն համար զորքն ու զենքը գործի չեն դնի: Իսկ եթե հանուն իրենց անեն, շատ լավ գիտեն, որ դա հենց իրենց համար է թակարդ լինելու, Ադրբեջանի հետ սահմանային որեւէ բախում Իրանի համար կարող է ճակատագրական լինել: Իրանի իշխանությունները հայտարարում են, թե սահմանային փոփոխությունները չեն ընդունում, բայց հայտարարությունից անդին գործնական քայլերի չեն անցնի:
– Հայաստանում արեւմտյան հովերն աշխուժացել են, հասկանալի է, որ մենք Արեւմուտքին հետաքրքրում ենք այնքանուվ, որքանով տեղավորվում ենք իր շահերի տիրույթում, թշնամի, անհնազանդ երկրներին մեր խնդիրների քողի տակ պատժելու ամերիկյան քաղաքականության մեջ: Ռուսաստանի դիրքորոշումը մեր հարցում ինչպե՞ս կբնութագրեք։
– Ռուս-ուկրաինական պատերազմի հետեւանքով Ռուսաստանի հետաքրքրությունը մեր տարածաշրջանի, Հայաստանի նկատմամբ նվազել է: Այդ պատճառով մեր հայացքներն ուղղվեցին Արեւմուտքի կողմը: ԱՄՆ պետքարտուղարը, Սպիտակ տան, Սենատի ներկայացուցիչները, Ֆրանսիայի նախագահն Ադրբեջանին դատապարտող ազդեցիկ հայտարարություններ են արել, թե զինուժդ ետ քաշիր Հայաստանից: Բայց Ադրբեջանը ոչ մեկին չի լսում, ինչո՞ւ, որովհետեւ գիտե, որ այս ամենը «փափուկ ուժի» կանոններն են, ոչ ոք ուժ չի գործադրելու իր նկատմամբ: Միայն Ռուսաստանը կարող է կանխել Ադրբեջանի քայլերը, այդ երկիրը միայն Ռուսաստանի քայլերից կզգաստանա, քանի որ Ռուսաստանը թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում զորք ունի:
–Ռուսամե՞տ, թե՞ արեւմտամետ. Հայաստանում այս բեւեռներն ավելի են աշխուժացել: Իրականում դրսի հետ հույս կապելով՝ հնարավո՞ր է այս օրհասական վիճակը մեղմել, փրկության օղակ գտնել:
-Հայաստանի արեւմտամետները ռուսամետներին մեղադրում են, թե 5-րդ շարասյուն եք: Արեւմտամետներն էլ ռուսամետների համար են 5-րդ շարասյուն: Երկուսն էլ վնասակար են։ Մեզ ազգային, հայամետ մտածելակերպով մարդիկ են պետք: Նրանք, ցավոք, շատ քիչ են: Օրինակ՝ Ավետիք Չալաբյանն ազգային մտածելակերպ ունի, բայց տեսեք, որ կալանորվեց: Ազգային գաղափարներով մարդիկ Հայաստանում քրեական հետապնդման են ենթարկվում, որպեսզի ավելի չհզորանան, նրանցից ազդեցիկ ուժ չգոյանա: Իսկ մեր փրկությունը հենց ազգային ուժ ստեղծելու մեջ է:
Հայաստանի այսօրվա իշխանությունները շատ սխալներ են գործել ու դեռ պիտի գործեն, որովհետւ շատ ինքնահավան են, կարծում են, թե որեւէ մեկի օգնության կարիքը չունեն: Մինչդեռ Հայաստանի նախկին արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանը, Վարդան Օսկանյանը, Զոհրապ Մնացականյանն աշխարհում հարգված դիվանագետներ են: Իսկ այսօրվա իշխանության թմբկահարները ծաղրի առարկա են դարձել աշխարհում։ Իշխանությունները փոխանակ օգտվեն վերոնշյալ փորձառու դիվանագետների ծառայություններից, իրենք իրենց վնաս հասցնելով են զբաղված։ Կարող էին օգտագործել նաեւ Հայաստանի նախկին նախագահ Արմեն Սարգսյանի քաղաքական, տնտեսական կապերը, բայց նրան ասացին՝ դու մեզ պետք չես։
ԱԺ-ն անգույն, միատեսակ, ինքնուրույն կարծիքից զուրկ պատգամավորների հավաքածու է, որ մեկ մարդու հրամաններն է կատարում։ Ի՞նչ արեց Անդրանիկ Քոչարյանը, որ խորհրդարանի Պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահն է։ Ապրիլյան քառօրյա պատերազմի փաստահավաք գործունեությամբ զբաղվեց, որպես վկա՝ կանչելով Սերժ Սարգսյանից մինչեւ զինվորականներ։ Հասկանալի է, որ այս ամենը նրանց վարկաբեկելու համար է, ոչ թե քառօրյայի հանգամանքները պարզելու։ Մինչդեռ Անդրանիկ Քոչարյանը խելացի է, նա մեր անվտանգության խնդիրները լավ գիտե՝ ըստ իս։
–Հայաստան, Արցախ, Սփյուռք. այս երեք արժեքները փոխկապակցված են եղել բոլոր առումներով։ Սփյուռքի դերակատարումն անգնահատելի է, բայցեւ կարող էր ավելին լինել՝ հայության, մեր պետականության պահպանման, ամրակայման բոլոր ծրագրերում։ Բայց արդյո՞ք Սփյուռքը բավարար ներգործություն ունեցել է այս գործընթացներում։ Հետո կխոսենք նաեւ վերջին տարիներին Հայաստան-Սփյուռք, ըստ իս, թուլացող կապերի մասին։
-Սփյուքի ներգրավվածության չափանիշը 1988-ի Սպիտակի երկրաշարժից սկսած՝ այն հանգանակություններն են, որոնք ուղղվել են Հայաստանին։ Բայց պարզվեց, որ նվիրատուն՝ Սփյուռքը, ավելի շահագրգռված է Հայաստանին օգնելու հարցում, քան հայաստանյան կազմակերպություններն ու անհատները։
Շահերի բախումը Սփյուռքի վրա բացասական ազդեցություն ունեցավ։ Սփյուռքահայերը սկսեցին չվստահել՝ ուզում ենք օգնել, օգնում ենք, բայց արդյունքը տեղ չի հասնում, կամ՝ բավարար չափով տեղ չի հասնում։ Միայն 44-օրյա պատերազմի օրերին 170 միլիոն դոլար հանգանակություն փոխանցվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ Թեքեյան մշակութային միությունը 100. 000 դոլար նվիրաբերեց։ Չիմացանք՝ այդ գումարն ուր գնաց, ինչի համար ծախսվեց։ Եթե տեսնեինք, որ այդ նվիրատվությունը հայ զինվորին ուղղվեց, մենք ավելի կոգեւորվեինք ու էլի հանգանակություն կանեինք։ Բայց այդպես էլ ոչ ոք չիմացավ, թե ինչ եղան այդ գումարները։
Հայաստանից եկող ազդակներից բացի, Սփյուռքն իր ներսում տարբեր խմորումներ ու շերտեր ունի։ Սփյուռքը միաձույլ չէ։ Ամենամեծ գաղթօջախն ԱՄՆ-ում է, որի կորիզը ձեւավորվել է հայրենիք կորցրած, ցեղասպանության ենթարկված ներգաղթյալ արեւմտահայերից։
Միջին Արեւլքում տեղի ունեցած պատերազմների պատճառով Լիբանանի, Սիրիայի, Իրաքի հայկական գաղթօջախները ցրվեցին։ Սիրիան հայ մշակույթի, կենցաղի հայկական ամենատոկուն կենտրոններից մեկն էր, որ գրեթե քանդվեց։
Միջին Արեւելքից հայերը պատերազմների պատճառով տեղափոխվեցին ԱՄՆ, եւ հայկական սփյուռքը դարձավ խառնարան։ Յուրքանչյուր համայնք իր քաղաքական մտայնությունները բերեց, ու համայնապատկերը, խճանկարը դարձավ բազմագույն՝ շահերի բախումներով, հակասություններով։
1921-ին զորավար Անդրանիկի արած մի կոչով Ամերիկայում 1-2 միլիոն դոլար հավաքվեց։ Այսօր այդպիսի անհատականություն, այդպիսի անվերապահ հեղինակություն չկա, որի կոչին հայությունը միահամուռ արձագանքի։
Միջին Արեւելքից եկած, Ամերիկայում, Եվրոպայում հաստատված հայերի մտածելակերպը տարբեր է։ Նրանք ինքնապաշտպանական բնազդ ունեն, որովհետեւ 100 տարուց ավելի իսլամական պետության մեջ հայ ինքնությունը, մշակույթը, լեզուն, կրոնը պահել-պահպանելու նախանձախնդրություն են ունեցել։ Անդրադառնանք Հայաստանի հայերին։ Նրանք նշածս մտահոգությունները երբեք չեն ունեցել, որովհետեւ ապրել են Հայաստանում։ Բայց օտար երկրներ տեղափոխվելուց հետո նրանք եւս կանգնեցին հայ ինքնությունը պահպանելու խնդրի առաջ, սակայն պետք է նշեմ, որ նրանք պաշտպանական, ազգային դիմադրողականության բնազդ չունեն։
Տեսնում ենք, թե Սփյուռքն ինչ բազմազան է, բազմաբեւեռ ու բազմագույն։ Սակայն այս ամբողջը մինչեւ հիմա քաղաքական ուժի չի վերածվել։ Դրա համար պետք էր հզորացնել մեր ավանդական կառույցները, բայց Հայաստանից եկած հայերի համար որեւէ կառույցի անդամակցելը օտար երեւույթ է։ Չուզեցին։ Բավական չէ, որ Սփյուռքում եղած հայկական կառույցներին չմիացան, իրենց առանձին կառույցը կամ կազմակերպությունը եւս չստեղծեցին։ Չեմ տեսել, որ դրսում ապրող նախկին հայաստանցիները քաղաքական որեւէ կուսակցություն ստեղծեն կամ հարեն որեւէ մեկին։ Եթե այս վիճակը երկար տեւի, ապա այդ հսկա զանգվածն իր ունակություններով հանդերձ՝ օտար երկրներում հալվելու-մաշվելու եւ կորչելու է։ Ես միայն հայաստանցիներին չեմ մեղադրում։ Տեղի սփյուռքահայ կառույցները բավարար չափով չեն աշխատել նրանց հետ, չեն փորձել հասկանալ, ընդհանուր եզրեր գտնել։ Հայաստանից եկածների մեջ շատ հայրենասեր մարդիկ կան, եռագույնն առած՝ ցույցերի, կռիվների են մասնակցում. անօգուտ։ Եվրոպայում, Ամերիկայում հայկական այդ ներուժը պետք է դարձնենք կառավարելի եւ քաղաքական ուժի վերածենք, որպեսզի այդ երկրների ընտրությունների ժամանակ հայկական այդ ուժը ազդեցություն ունենա ու թելադրող լինի։ Այդ մակարդակը, ցավոք, չունենք մենք։ Կա Հայ Դատը, ANCA-ը, Հայկական Համագումարը, որոնք, երբեմն միմյանց հակադրվելով, փոխանակ գործակցելու, իրար հետ մրցակցելով՝ քաղաքական գործունեություն են ծավալում։ Սակայն հայկական զանգվածը նրանց շարքերից հեռու է, մինչդեռ այդ զանգվածը կարող էր շատ օգտակար լինել եւ իր ուժերը ծառայեցնել հայկական շահերին, կշիռ եւ ծավալ տալ հայկական ազդեցությանը։
Իսկ ի՞նչ է կատարվում. հայ համայնքն ընտրությունների ժամանակ ամերիկացի ինչ-որ թեկնածուի քվե է տալիս, կոնգրեսականը հայանպաստ մի հայտարարություն է անում այդ քվեի դիմաց ու վերջ։ Փոխադարձ հաճոյախոսության կատակերգություն, ուրիշ ոչինչ։
–ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին եկավ Հայաստան։ Շատերն այդ այցով ոգեւորվեցին՝ հատկապես արեւմտամետները՝ կարծես ձեռնոց նետելով ռուսամետներին։ Իսկ մեզ պետք է, որ այս կամ այն բարձրաստիճան պաշտոնյային հետաքրքրի հայկական շահի պաշտպանությունը։ Բայց այդպիսի ակնկալիքներ, բացի կոչերի մակարդակից, կարո՞ղ ենք ունենալ։
-Հիշում ենք, չէ՞, թե ինչպես Նենսի Փելոսին, Բարաք Օբամայի նախագահության շրջանում խոստացավ Ցեղասպանության ճանաչման բանաձեւը քվեարկության դնել Ներկայացուցիչների պալատում, բայց հետո հենց ինքն էլ հետ կանչեց այդ բանաձեւը, որովհետեւ քաղաքական հաշիվներ կային։
Նրա Հայաստան գալով՝ շատերը ոգեւորվեցին, բայց իրականում Փելոսին եկել էր՝ երկու պատգամ ուղարկելու, մեկը՝ Ռուսաստանին, մյուսը՝ Իրանին։ Այդ պատգամների ֆոնին հայաստանյան խնդիրը երկրորդական է դառնում։ Նրա լացը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, հուզմունքը, պետական գործիչներին հատուկ բեմականացումներ են։
Փելոսիի Հայաստան գալն ու Թայվան գնալը նույն պատճառն ուներ՝ ամերիկյան ազդեցություն, հեղինակություն հաստատելու ցանկություն։
–Փելոսիի այցը եւ Հայաստանում արեւմտամետ հայացքների աշխուժացումը հենց այնպես չստացվեց։ Ռուսատանի գործողություններով պայմանավորված չէ՞ այս ամենը։
-Ուկրաինայի խնդրի պատճառով Ռուսաստանի դիրքերն այստեղ թուլացալ են։ Երկրորդ ճակատ բացելը Ռուսաստանի համար դժվար է։ Երբ դանակը ոսկորին հասնի, եւ Հայաստանի լինել-չլինելու հարցը խնդրո առարկա դառնա, դաշնակիցը պետք է գործի։ Ես արդարացնում եմ, միաժամանակ, բոլոր այն արեւմտամետ հայտարարությունները, որոնք կզգաստացնեն Ռուսաստանին։
Ռուսաստանի արտաքին գործերրի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, թե բոլոր ճանապարներն ու միջանցները պետք է լինեն համապատասխան երկրների իրավասության ներքո։ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն էլ օրերս հայտարարեց, թե «արտատարածքային միջանցքի մասին խոսք չի կարող կլինել»։ Էրդողանը, Չավուշօղլուն արդեն սկսել էին հայտարարել, թե Հայաստանը վերջապես համաձայնեց, միջանցքը պետք է բացվի։ Ռուսասատնից երկար ժամանակ ձայն չկար։
Փաշինյանը ՄԱԿ-ի 77-րդ վեհաժողովում հայտարարեց, թե Հայաստանը գոհ չէ իր դաշնակիցներից, եւ պետք է միջազգային ուժեր տեղակայվեն հայ-ադրբեջանական սահմանին։ Դրան հետեւեց Օվերչուկի արձագանքը, թե՝ ճանապարհներն ու միջանցքները պետք է գտնվեն այն պետության հսկողության տակ, որի տարածքով անցնում են դրանք։
Թե՛ Արեւմուտքի, թե՛ Ռուսաստանի դիրքորոշումները հեղհեղուկ վիճակում են, կախված իրադարձություններից՝ դրանք հաջորդում են միմյանց, բայց գործողություն, վճռական քայլ չեն դառնում։
–Վաղ թե ուշ վճռական քայլ արվելու է, եւ Հայաստանն այդ քայլից դրդված՝ իր քայլն է անելու։ Շատ է խոսվում ցավալի կորուստների, մեր ճակատագիրը որոշող հայմաձայնագրի մասին։ Ձեր դիտարկումը ո՞րն է։
-Հայաստանի ու Արցախի հաշվին են լինելու կորուստները։ Դաշնագրի մի կետը վերաբերելու է Արցախից հրաժարվելուն, մյուսը միջանցքի հարցն է։ Հիմա հարց է՝ առաջին պահանջը կատարելով՝ կկարողանա՞նք մյուսից խուսափել։ Այսօրվա դրությամբ միջանցքի հարցի սրությունը հետզհետե կորչում է. չի անհետանա, բայց առաջնայինը կլինի Արցախի հարցը։ Արցախի հարցում Ադրբեջանն ու Թուրքիան անզիջում են։ Ռուսաստանն էլ է ասել, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում։ Պուտինը հին երգը երգեց, թե Արցախի կարգավիճակի հարցն ապագային է թողնված։ Ռուսաստանի նախագահն այս հարցը հետաձգելու, հետագա դեպքերի հետ կապված իրողություններին մատնելու քաղաքականություն է բանեցնում։ Կարող է լինել Արցախի հայաթափում, կարող է լինել եւ ամբողջ Արցախի կորուստ։ Պարզ չէ դեռ։
Մենք Ադրբեջանին երբեք չենք հարցրել՝ եթե հայտարարում ես, թե երկիրը բազմազգ է ու բոլոր ազգերի նկատմամբ այնտեղ հանդուրժողականություն է դրսեւորվում, այդ դեպքում Բերձորի, Աղավնոյի, Սուսի հայ բնակչությանն ինչո՞ւ տեղահանել տվեցիր, ինչո՞ւ հայերը չշարունակեցին այնտեղ ապրել։ Թող Սումգայիթի, Բաքվի, Գանձակի հայերը վերադառնան իրենց տները եւ իրրենց իրավունքները վերահաստատեն։ Տեսնեմ՝ հանդուրժողականությունից խոսող Ալիեւը թույլ կտա՞, կհամաձայնի՞։
Եթե Ադրբեջանը հանդուրժողականության այդ քայլերը չի անում, ավելին՝ տեսնում ենք, թե ինչ բարբարոսություններ է անում հայերի նկատմամբ, ինչպե՞ս կարող ենք վստահել այդ երկրին։
Մեր անելիքը պետք է մեկը լինի՝ պայքարել, մեր փրկությունը մեր զինվելու մեջ է։ Զինվել այն չափով, որ թշնամուն մտածելու տեղիք տանք, որ նա հասկանա, թե ինչքան թանկ է վճարելու, եթե հարձակվի մեր երկրի վրա։
–Նորից անդրադառնանք Սփյուռքին։ Վերջին տարիներին Սփյուռքը Հայաստանից կտրելու դիտավորություն է նկատվում։ Այդ անջրպետը Սփյուռքում է՞լ է զգացվում։
-Սփյուռքի խնդիրների մասին խոսել եմ թե՛ Սփյուքի նախկին նախարար Հրանուշ Հակոբյանի, թե՛ այս իշխանությունների ներկայացուցիչ Արայիկ Հարությունյանի հետ։ Հրանուշ Հակոբյանը հասկանում էր Սփյուռքի խնդիրներից, բայց պատեհապաշտ էր, որտեղ որ պիտի ինքը հրապարակավ երեւար, Սփյուռքի ա՛յդ շրջանակներին էր անդրադառնում։ Իսկ Արայիկ Հարությունյանը, Ալեն Սիմոնյանը Սփյուռքի մասին հասկացողություն չունեն, կառույցների, պահանջների մասին տեղյակ չեն։ Պատկերացում չունեն, թե ինչպես կարելի է Սփյուռքն օգտագործել Հայաստանի, հայության շահերի, պետականության ամրապնդման համար։
Հրանուշ Հակոբյանից սկսած՝ չգիտեն, թե, օրինակ, ամերիկյան բանակում ո՞վ է ամենամեծ հայ զինվորականը, կամ եվրոպական երկրներում ամենաազդեցիկ շրջանակներում ով է ամենահայտնի հայը։ Ոչ ոք չունի այդ տեղեկությունը։ Սփյուռքը հենց սա է։ Սփյուռքը շատ մեծ ներուժ ունի։ Սփյուռքն այն մարդը չէ, որ դրոշը պարզած ակցիա է անում՝ Փաշինյանի դեմ կամ հանուն Փաշինյանի։
«Ավրորա» մրցանակաբաշխության հիմնադիր Նուբար Աֆեյանը, Ռուբեն Վարդանյանը, այլ անվանի մարդիկ կարող են իրենց կապերով մեծ օգուտ բերել Հայաստանին, Սփյուռքին եւս։ Իսրայելը, Հնդկաստանն այնքան կազմակերպված, կուռ սփյուռք ունեն։ Ես հնդիկների Սփյուռքի նախարարության ներկայացուցչին մի անգամ հարցրի՝ 1 միլիարդ բնակչություն ունի Հնդկաստանը, սփյուռքի կարիքն ինչո՞ւ պետք է ունենա։ Պատասխանեց՝ հնդկական սփյուռքը Հենդկաստանին ռազմական, գիտական ոլորտներում մեծ աջակցություն է ցույց տալիս։
Սփյուռքի նախարարությունը Հայաստանի ներկա իշխանությունը վերածեց հանձնակատարության։ Զարեհ Սինանյանը ճիշտ կադր է՝ ըստ իս, բայց Սփյուռքի նկատմամբ նրա վերաբերմունքը Հայաստանի իշխանությունների վերաբերմունքի պատճենն է։
Թուրքերն այսօր մեծ հավակնություններ ունեն, ուզում են Եվրոպական Միություն մտնել։ Արգելքներից մեկը Ցեղասպանության ճանաչումն է։ Էրդողանը բարձրաձայնում է, որ Թուրքիան ուզում է մտնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ։ Ինքն էլ է ուզում աշխարհի ճակատագիրը տնօրինել։ Բայց Ցեղասպանությունը մերժելը դարձյալ կարող է Էրդողանի այդ նպատակը անկատար թողնել։
Ցեղասպանության ճանաչմանը, դատապարտմանը հասնալու օրինական տերն ո՞վ է. Սփյո՞ւռքը։ Ո՛չ։ Հայաստանը պետք է տեր կանգնի դրան։ Թուրքիան ուզում է Հայաստան պետությունը քարտեզի վրայից ջնջել։ Եթե ջնջում է, վերանում է նաեւ Ցեղասպանության ճանաչման քաղաքական, իրավական խնդիրը։ Այն դառնում է միայն բարոյական հարց, որը տեր չունի։ Պետությունը պետք է ՄԱԿ-ի կամ Եվրոպական դատարանի առաջ Ցեղասպանության դատապարտման հարցը բարձրացնի՝ որպես իրավական պահանջ։
Հայաստանի Հանրապետությունը բնաջնջելը, վերացնելը թուրքերի համար կենսական պահանջ է։
1920 թվականին Ալեքսանդրապոլի պայմանագիրը ստորագրած թուրքական բանակի հրամանատար Քյազիմ Կարաբեքիրն ասել է. «Հայեր, մենք ձեզ չենք ատում, բայց մեր ծրագրերը պահանջում են, որ մենք ձեր երկիրը սեփականացնենք, ձեզնից մաքրենք»։
Թուրքական ծրագիրը միշտ նույնն է եղել, հիմա էլ նույնն է։ Մեծ Թուրանի ծրագիրն իրականացնելու համար Հայաստանն արգելք է։ Մեծ Թուրանի գաղափարը վերակենդանացել է։
–Պարոն Ազատյան, Ռամկավար Ազատական Կուսակցության մասին խոսենք։ Գործնական, գաղափարական ի՞նչ վիճակում է կառույցը, ինչո՞վ է զբաղված եւ ի՞նչ հեռանկարներ կան։
-ՌԱԿ-ի հիմնադիրները՝ Վահան Թեքեյանը, Միհրան Տամատյանը, Արշակ Չոպանյանը պետական մտածելակերպով մտավորականներ էին։ Մեր կուսակցությունը միշտ ընկալվել է որպես մտավորական ուժ ներկայացնող կառույց։ Սակայն ժամանակ առ ժամանակ ալեկոծություններ են եղել, երբ չարչիներ են մտել կուսակցություն։
Վահան Թեքեյանը կոթողային կերպար լինելով՝ 3 անգամ վտարվել է ՌԱԿ-ից։ Արշակ Չոպանյանի բախտը բերել է, 1 անգամ է վտարվել։ Ինչո՞ւ է այդպես եղել, որովհետեւ չարչիներն են մտել կուսակցության շարքեր։ Նույն իրավիճակն այսօր է։ Չարչիները մասնատել են ՌԱԿ-ը։ Մայք Խարաբյան անունով մեկը, որ անգամ անցյալ չունի, ավանդ չունի, իր առանձին կազմն է ստեղծել։ Մեկ ուրիշն էլ, որ իրեն շրջապատել է խեղկատակներով, ՌԱԿ-ը Հայաստանում դարձրել է գրպանի կուսակցություն, կարող է միայն կուսակցություն քանդել, բայց ոչ երբեք կառուցել, հզորացնել։ Այս չարչիներն են, որ ջանում են կուսակցության մտավորականներին լուսանցքում թողնել։
ՌԱԿ-ը միշտ հենվել է իր մամուլի վրա։ Տասնամյակներ իր վեր մեր կուսակցությանը ճանաչում են իր հայտնի, հեղինակավոր պարբերականներով, որոնք հանրային կարծիք են ձեւավորում։ Բարեբախտաբար, ՌԱԿ-ը թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում հզոր ու գնահատված մամուլ ունի, որի հետ անգամ ՀՅԴ-ն դժվար թե կարողանա մրցել։ «Պայքար», «Ազգ», «Զարթօնք», «Նոր աշխարհ», «Սարդարապատ», The Armenian Mirror Spectator պարբերականները ՌԱԿ հարթակներն են, որոնք բավականին ակտիվ են գործում եւ հանրային կարծիք են ձեւավորում։ Միայն «Նոր օրն» է, որ թեեւ ժամանակին շատ հզոր հարթակ է եղել, Անդրանիկ Անդրեասյանի, Վաչե Սեմերջյանի, Հակոբ Պողոսյանի պես փայլուն մտավորականներ են աշխատաել այդ պարեբարականում ու չափազանց բարձր մակարդակ ապահովել, բայց այսօր այն թուլացել է, անդեմ, անբովանդակ հրատարակություն է դարձել, նույնիսկ լրագրողներ չունի, որ Մայք Խարաբյանի գովքն անեն։
ՌԱԿ մամուլը պետք է ապրի, ստեղծագործի, ավելի աշխույժ լինի ու զարգանա, շարունակի ձեւավորել հանրային կարծիք, մտավորականների խոսքը տեղ հասցնի։
The Armenian Mirror Spectator-ը նախկինում միայն ԱՄՆ-ի արեւելյան հատվածում ուներ ընթերցողներ, իսկ երբ անցանք առցանց տարբերակին, ընթերցողների աշխարհագրությունն ընդլայնվեց։ Հիմա մեր ընթերցողների մեծ մասը Կալիֆորնիայից է։ 1932-ին այն լույս տեսավ՝ որպես առաջին անգլագիր հայկական թերթ, բայց ավելի շատ տարեց մարդկանց էր հետաքրքրում։ Այսօր մենք սերնդափոխության խնդիրը հաղթահարել ենք, մեր աշխատակիցներն էլ, ընթերցողներն էլ բավակին երիտասարդացել են։ Անգամ Շրի-Լանկայից ունենք թղթակից։ Հեղինակավոր գրողներն իրենք են ցանկանում տպագրվել մեր պարբերականում։
Այնպես որ, հույսս ՌԱԿ մամուլի վրա է եւ մամուլի վրա հիմնված՝ քաղաքական ուժի վրա։
Հարցազրույցը վարեց՝ ՆԱԻՐ ՅԱՆԸ