Խոստովանենք՝ վաղուց չէինք ստացել բնութենապաշտական նման նյութ, մանավանդ ներկա չարաբաստիկ ժամանակաշրջանում, երբ քաղաքական տհասությունն ու դիվանագիտական տխմարությունը, հայրենիքի նկատմամբ թեթեւսոլիկությունն ու ներազգային անպատասխանատվությունը տեղ ու ժամանակ չեն թողնում մեր հրաշագեղ բնությունն ու մեր սուրբ հողի վրա ապրող արարածներին պաշտպանելու եւ պաշտելու: Մի պահ մոռանանք այդ բոլորը եւ զբաղվենք մեր բնաշխարհի ամենագողտրիկ, ամենաօգտակար արարածներով՝ վարդագույն սարյակներով, ժողովրդային լեզվով՝ թթի ղշերով:
Խմբ.
Ամառամուտից մինչեւ օգոստոսի սկիզբը Արարատյան հովտի, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց Ձորի եւ Սյունիքի մարզերի այգիներում ստեպ-ստեպ որոտում են որսորդական հրացաններ, որոնց մահաբեր փողերն ուղղված են այնպիսի օգտակար թռչնի վրա, ինչպիսին վարդագույն սարյակն է: Կոպտորեն խախտելով որսի կանոնները՝ ոչնչացվում է մեր բնության գողտրիկ այդ փետրավորը, հայ գյուղացու դարավոր բարեկամը:
Հին Հայաստանում սուրբ թռչունը այսօրվա Հայաստանի Հանրապետությունում ոչ միայն անտեսված ու մոռացված է, այլեւ անարգել… սպանում են…
***
Իմ առաջին զարմանքներից մեկը, որ ապրել եմ վաղ մանկությանս օրերին, Ոսկեվազ-Օշականի մեր ձորահովտի թթենիներին լցված անթիվ-անհամար վարդագույն սարյակներն էին՝ «թթի ղշերը»: Ինչքա՜ն շատ էին, երբեմն՝ տասնյակ հազարների հասնող: Օրն ի բուն համերգում էին՝ թութ անուշ անելիս կամ վիթխարի ընկուզենիների զովասուն սաղարթներում հանգստանալիս: Իսկ թե հանկարծ մի տեղ հրացան որոտա՞ր, օ՜, խուճապահար թռչում, խճճվում էին օդում, երկինքը ծածկում հսկա ամպի պես:
Բնական մետաքսի հումքի արտադրության պետական առաջադրանք ունեին կոլտնտեսություններն ու խորհրդային տնտեսությունները, անհատ մարդիկ, եւ շերամապահության համար գրեթե ամեն գյուղում հեկտարներով թթաստաններ կային: Մայիս ամսվա ընթացքում թթենու մատղաշ տերեւներով առատորեն կերակրում էին շերամորդերին եւ նույն ամսում ավարտում գործը:
Ընդամենը քորոցի գլխի չափն ունեցող շերամորդի թրթուրը թթենու կաթնոտ տերեւներով սնվում, աճում, դառնում էին մատնաչափ՝ տրուզ մարմինը ծայրեծայր լցնելով թանձր հեղուկով: Դրանով այդ բնապարգեւ, անխոնջ աշխատավոր միջատը օրն ի բուն սպիտակ, նրբաթել բոժոժ էր գործում, ինքը սպառվում, սմքում, թիթեռի հարսնյակ դարձած՝ պատսպարվում նույն բոժոժի մեջ, մինչեւ …
Բնական մետաքսի արտադրության հումքը հենց այդ թանկարժեք բուժոժներն էին, որ տոննաներով վաճառվում էր պետությանը եւ որով ամբողջ տարին աշխատում էր Երեւանի մետաքսի կոմբինատը (նույնը՝ Ստեփանակերտում…):
Բնական, գեղեցիկ, ամուր ու թեթեւ եւ, մանավանդ, հիգիենիկ կտորները շուտով դառնում էին նրբագեղ, պերճ հագուստներ, որոնք մարդիկ կրում էին հաճուքով:
Բնական մետաքսը, ի դեպ, օգտագործվում է եւ այլ բնագավառներում, անգամ՝ տիեզերքում:
Շերամի եւ բնական մետաքսի հինավուրց հայրենիք Չինաստանը այսօր էլ աշխարհի առաջատարն է …
…Դեռ թութը չհասած՝ մեր երկիր էին «ժամանում» վարդագույն սարյակի բյուրավոր երամները: 1970-ականնների սկզբներին, տեղական մարմինները եւ նրանց վերադասները որոշեցին ազատվել շերամապահության ճյուղի «գլխացավանքից» եւ տրակտոր-բուլդոզերներով անգթորեն արմատախիլ արեցին հարյուրավոր հեկտարների հասնող կանաչավետ, բերք ու բարիքի աղբյուր այդ հրաշալի թթաստանները, եւ հայտնի խոսքի հանգույն ՝ «տեղը վարեցին՝ բոստան ցանեցին»: Բանաձեւը պարզ է՝ չկա թթենի, չի կարող լինել նաեւ շերամապահություն…
Դավին անտեղյակ ՝ հարավից, ամեն տարվա պես, կրկին եկան թթասեր սարյակները:
Անակնկա՜լ. եկան եւ… սովի մատնվեցին: Կեր ճարելու համար ճարահատյալ դեգերեցին ամենուր, անահ խուժեցին տնամերձ այգիները, հարկադրված «զբաղվեցին» թթի, կեռասի , ծիրանի, մինչեւ իսկ կիսահաս խաղողի կողոպուտով:
Հաջորդ տարիներին, բնականաբար, մեզանում խիստ պակասեց վարդագույն սարյակների քանակը, իսկ վերջին տարիներին՝ առավել: Եվ դեռ այսօր գտնվում են մարդիկ, որոնք արճճե գնդակներով են դիմավորում մեզանում արդեն խիստ սակավաթիվ դարձած այդ օգտակար թռչուններին:
***
Արդեն կես դար կա, ինչ չեմ կրակել սարյակի վրա, ճիշտ այն պահից, երբ գրականության միջոցով ավելի մոտիկից ծանոթացա այս օգտակար թռչնի վարք ու բարքին: Ինձ եւ ինձ նման հազարավորների սարյակի վարդագույն «կերպարին» հանգամանորեն ծանոթացրել է մեր բնության անգերազանցելի գիտակ, որսորդ եւ գրող Վախթանգ Անանյանը՝ թե՛ բանավոր զրույցներով, թե հրապարակախոսական հոդվածներով, եւ թե՛, մանավանդ, «Տարմահավ կամ վարդագույն սարյակ» ուսումնասիրությամբ: «Հայաստանի կենդանական աշխարհը» աշխատության չորրորդ հատորի հիշյալ գլուխը նույնպես գրվել է բնախույզի, բարեխիղճ ուսումնասիրողի եւ պրակտիկ որսորդի խորին իմացությամբ: Սարյակի մասին անվանի գրողի ջերմ տողերն ընթերցելուց հետո բանական, հայրենի բնաշխարհը սիրող, փոքր-ինչ որսորդական բարոյականություն ու խիղճ ունեցողը հազիվ թե այլեւս զենք բարձրացնի 65-80 գրամանոց գեղեցիկ եւ անչափ օգտակար այդ թռչնակի վրա:
Աշխատության նշված գլուխը սկսվում է այսպես. «Հայ գյուղացին փետրավորների աշխարհում ունի իր դարավոր բարեկամերը, մտերիմները, սիրո արժանի արարածները: Եվ դրանցից մեկն էլ վարդագույն սարյակն է»: Անվիճելի է, որ համակրանքը թռչնի նկատմամբ գալիս է հազարամյակների խորքից. չէ՞ որ «այդ փոքր թռչունը մեծ դեր է խաղացել մեր հողագործ նախնիների կյանքում», մանավանդ որ «մեր երկիրը պարբերաբար ենթարկվել է մորեխի ահավոր ավերածությունների»:
Հայ մատենագրերից Մատթեոս Ուռհայեցու վկայությամբ՝ 954թ. եկավ մորեխը «որպէս աւազ զծովու եւ ապականեաց զերկիրը: Եւ սաստկանայր սովն առաւել»: Այնուհետեւ՝ խելահեղության հասած «մարդկանց բազմությունը հուսահատությունից գազանաբար հարձակվում եւ ուտում էին միմյանց… Տեղի ունեցավ անասունների կոտորած: Բազմաթիվ գյուղեր եւ գավառներ դարձան անմարդաբնակ»:
Այսպիսի հուսահատական պահերին հայ գյուղացուն օգնության է հասնում հին , հավատարիմ բարեկամ վարդագույն սարյակը (գիտական անվանումը՝ Pastor Roseus), որին հնում տարմահավ, մորեխածիտ, սուրբ Հակոբա ղուշ են անվանել, իսկ շատերն այսօրվա խոսակցական լեզվում՝ թթի ղուշ: Պատմությանը դեպքեր են հայտնի, երբ այդ թռչունները հոծ բազմությամբ նետվել են մորեխի հետեւից , կոտորել, ոչնչացրել են աղետաբեր այդ միջատների «ամպերը», ժողովրդին փրկել վերահաս սովից:
Մորեխասպան վարդագույն սարյակի մասին հիշողություններ կան 4 -րդ դարի հայ փիլիսոփա Բարսեղ Կանսարացու, առաջին հայ կենդանաբան Աբրահամ քահանա Պոլսեցու, գերմանացի գիտնական, Դորպատի համալսարանի պրոֆեսոր Ֆրիդրիխ Պարրոտի, ռուս կենդանաբան Կ. Սատունինի եւ այլոց աշխատություններում: Բարսեղ Կեսարացին նկատել է, որ երամներով շրջող թռչուններ կան, որոնք երկրե-երկիր են տեղափոխվում «համագունդ» խմբերով (տարմերով) եւ որոնցից են տարմահավերը եւ թե «ինչպես Աստված իր մարդասեր զորությամբ ստեղծեց այդ փոքր թռչունների արագահալ (արագ մարսող) կտռնաքը եւ արագաթռիչք անցումները՝ մարդուն հասնելու համար»:
Եվ բնական է, որ մեր նախնիները պիտի մեծարեին, պաշտեին իրեց սովամահությունից փրկող թռչնին, ուստի եւ` սարյակը հնում պաշտամունքային թռչուն է եղել: Մինչեւ վերջերս Արարատյան դաշտի եւ մեր շատ այլ շրջանների բնակիչները սուրբ են համարել Մասիսի ստորոտում, Ակոռի գյուղի մոտ գտնվող սբ. Հակոբա վանքի շրջակայքից եկող սարյակներին:
1829թ. պրոֆեսոր Ֆ. Պարրոտի հետ Արարատի գագաթը հասած հայ մեծ գրող եւ լուսավորիչ Խաչատուր Աբովյանը հետագայում նկարագրել է արշավախմբի դադարի տեղը՝ Ակոռի գյուղը, որտեղ «գտնվում է այն աղբյուրը, որի զորության մասին մեծ հավատ ունեն Անդրկովկասի բոլոր բնակիչները: Երբ մորեխը ամայացնում է արտերը, նրանք վազում են այս աղբյուրը, ջուր վերցնում սրբազան հանդիսավորությամբ, շաղ տալիս այն վայրերում, որոնց վրա հարձակվել է մորեխը: Շուտով երեւում են սարյակները… ոչնչացնում այս վնասակար միջատներին»:
Արարատի կենդանական աշխարհն ուսումնասիրող Կ. Սատունինը դեռեւս 1907թ. գրել է, թե վարդագույն սարյակը ժողովրդի շրջանում ինչքան մեծ հարգանք ունի այն բանի համար, որ ամեն տեղ հետեւում է մորեխի խմբերին եւ կոտորում է դրանց շատ ավելի, քան կարող է ինքը ուտել:
Վ. Անանյանը 1924թ. ամռանը Գորիսի Եռաբլուր կոչվող հանդամասում ցնցող տպավորություն է ստացել «այդ զարմանալի թռչնի զարմանալի արարքից»: Այստեղ Աֆիրկայից եւ այլ երկրներից հայտնված միլիոնավոր միջատներին ոչնչացնելու համար հավաքում են ողջ ժողովրդին, հասկերն ու կանաչ ծածկույթն արագորեն խժռող մորեխներին ավլում, լցնում են փորած խրամատները, ծածկում հողով: Դաշտում մորեխները կույտ-կույտ են եղել եւ այնքան շատ, որ լցվել են մարդկանց տարած իրերի մեջ, ոչնչացրել ուտելիքը, հագուստը ծվեն -ծվեն արել, թռչելիս էլ ցերեկը մթնշաղի նման մռայլվել է : «Բայց ահա,- գրում է ականատես Վ. Անանյանը, – հարավից եկող մի թուխ ամպ արեգակի առաջը պատեց եւ հազարավոր թռչուններ, սվինամարտի գնացող զինվորների նման վաշտ առ վաշտ գրոհեցին թշնամուն, խցկվեցին նրա մեջ, խառնվեցին նրան ու սկսվեց կոտորածը, ի՜նչ կոտորած… Բերկրանքի ձայներ լսվեցին ժողովրդի միջից… Թռչունները չէին խորշում մարդկանց ներկայությունից, կարծես նրանց էր հասնում մարդկանց սերն ու հիացմունքը… Ջարդված միջատների փորոտիքից աղտոտված թռչունները գնում էին մոտիկ Որոտանի ջրերում լողանում, մաքրվում եւ հետ գալիս… Պատկերացնու՞մ եք անընդհատ գործող հարահոսը… Մտածում էի , թե գայլն իր ագահությամբ չունի նմանը, քանի որ կոտորում է շատ ավելի, քան կարող է լափել: Ի՞նչ գայլ, ի՞նչ բան ՝ գայլի համեմատ այս թռչնի ագահությունը մորեխի նկատմամբ նմանը չունի կենդանական աշխարհում… Կարծես վրեժ էին հանում մարդկության փոխարեն, սովի մատնված երեխաների փոխարեն…»: Սարյակներն այնքան նվիրումով են զբաղվել մորեխների ոչնչացմամբ, որ անգամ «մոռացել են » իրենց ձվադրման ժամկետները եւ սերնդագործելու առաքելությունը…
Որտեղի՞ց են մեր երկիր գալիս սարյակները:
Վ. Անանյանը որոշ վերապահումով նշում է Միջագետքը եւ Արաբական թերակղզին: Այստեղ անհրաժեշտ է հավելել նաեւ Հնդկաստանը, քանի որ 1970-ականի կեսերին Հայասատանի լրատվամիջոցներով հրապարակվեց «Վարդագույն սարյակի ճակատագիրը» լուրը, որի «հերոսը» Արտաշատում խփված օղակավորված սարյակն էր: Օղակի նշագրման վերծանումից պարզվեց, որ այն գիտական նպատակով արվել է Հնդկաստանում՝ որոշելու համար թռչունի միգրացիոն՝ տեղաշարժերը, աշխարհագրական վայրերը:
Արագածի հարավային լանջերից Արարատյան դաշտով, Վայոց Ձորով, Սյունիքով մինչեւ Նախիջեւան եւ Մեղրի , գրեթե ամենուր կարելի է հանդիպել վարդագույն սարյակի: Նկատված է, որ դրանք մեզ մոտ բնակվում են գաղութներով՝ ապրիլի վերջերից մինչեւ օգոստոսի սկիզբը: Կերապակաս տարիներին ավելի երկար են մնում, այնքան, քանի դեռ չեն լրացրել ետդարձին անհրաժեշտ «վառելանյութը»՝ ճարպի պաշարը:
Սարյակների ձվադրավայրերից ամենախոշորը տեսել եմ Արա լեռան ոտքում, Աշտարակի տարածաշրջանի Արտաշավան, Ուշի, Ուջան, Կոշ, Արուճ գյուղերի շրջակայքի լեռնատափաստանային գոտում , իսկ առանձին տարիների՝ Էջմիածնի Փարաքար, Մերձավան, Այգեկ, Բաղրամյան, Աշտարակի Սասունիկ բնակավայրերի միջեւ ընկած տափարակում: Այստեղ մորեխի զգալի կուտակումներ են լինում, իսկ որտեղ մորեխ՝ այնտեղ էլ սարյակը:
Մելիորացված, օգտագործելի դարձած այս տափաստանում՝ հուռթի այգիների կողքին, տեղ-տեղ հսկայական քարաբլրակներ են առաջացել, որտեղ եւ ձվադրում, ճուտ են հանում սարյակները: Ձագ են ունենում կերի «շտեմարանի» մոտիկ (ինչպես մարդիկ գործարանը կառուցում են հումքի բազային մոտիկ): Թռչունները ոչ մեծ խմբերով իջնում են խաղողի այգիները, եռանդուն ջարդում մորեխին եւ այնքան տարվում սիրած գործով, որ թվում է երբեմն են միայն հիշում ծնողական իրենց պարտականությունների մասին: Երամից առանձինները զատվում եւ կտուցներին մորեխ առած ուղղվում են դեպի քարակույտերի մեջ գտնվող պարզ, բացօթյա բները: Այս նույն պահին էլ շրջակա գյուղերի տնամերձ այգիներից մեկ-երկու թութ «թռցրած» գալիս են ուրիշ սարյակներ (հնարավոր է դրանք ծնող զույգերի մյուս մասն են ): Ակնբախ է, որ կերակրող ծնողները ճշտորեն են հերթագայում ճտերին տրվող կենդանական (մորեխ) եւ բուսական (թութ) սնունդը: Եվ քանի որ երկու ծնողներն էլ թուխս են նստում (ի տարբերություն շատ այլ թռչունների) , երկուսն էլ ջանադրաբար կերակրում, մեծացնում են իրենց սիրասուն ձագուկներին:
Կենդանաբանները նկատել են, որ ձագերին մեծացնելու շրջանում մեկ սարյակն ուտում է ավելի քան 300 գրամ մորեխ ու միջատ, որը 4-5 անգամ գերազանցում է թռչնի սեփական քաշը:
Ճտերին կերակրելու շրջանում, նկատել եմ , սարյակներն անծպտուն (ասել է թե՝ առանց երգ ու ծլվլոցի) եւ գողունի մտնում են տնամերձ այգիները եւ, եթե անվտանգ է տեղը, ամեն օր նույն թռչունները վաղ առավոտից մինչեւ մթնշաղ, մեկիկ-մեկիկ պոկոտում, իսկ երբեմն էլ գետնի վրայից հավաքում են կիսաչոր քաղցր պտուղները եւ նույն «երթուղով» աճապարում «տուն»: Նրանք այնպես են մաքրազարդում թթենու ծառերը, որ շատերին թվում է, թե պտուղների հասունացումը 3-4 օրով հետ է ընկել:
Հուլիսի առաջին օրերին օդը միանգամից լցվում է նորափետուր, փոքր ինչ սեւին տվող դեղնակտուց ճտերի զիլ ու կայտառ ձայներով ( ի դեպ, մինչեւ մեր երկրից չվելը ճուտիկները դեռ ոչ մի վարդագույն փետուր չեն ունենում): Ծնողները մեծագույն հոգածությամբ են թեւեր առած իրենց ձագուկներին վարժական թռիչքների հանում, դրանց իջեցնում ծառերին եւ ուսուցանում թութ պոկելու «կանոնները»: Հրացանավորի, այգետիրոջը կամ կասկածելի շարժումներով այլ մարդ նկատելիս՝ աչալուրջ ծնողները տագնապի ճիչ-ազդանշան են արձակում, եւ երամն աղմուկով օդ է բարձրանում: Գրեթե ամբողջ հուլիսին տարմահավերը համերգում են ամենուր եւ այնքան էլ դժվար ընկալելի չեն « երգչախմբի նոր՝ ջահել ու առույգ ձայները. թե՛ սերունդ տալու» առաքելությունն ավարտած ծնողները, թե՛ նոր-նոր թեւեր առած ձագերը օդում լինի , թե ծառերին, ամբողջ ձայնով երգում, ճռվողում են անհոգ, կեցության խնդությունը ներբողում անվերջ: Սակայն բերկրանքի այդ վեհ պահին երգը բիրտորեն ընդհատում է որսագողի հրացանի որոտը: Երամը, զոհեր տալով, թռչում է այլ վայր:
Թռչուններին փախցնելու, հեռացնելու համար հաճախ կրակում են հենց այգետերերը: Հայ մեծ վիպասան Րաֆֆին Պարսկաստանում ականատես է եղել այգեպանների եւ նրանց աճեցրած պտուղները խժռող աներես սարյակների «հակամարտությանը»: Իր դիտարկումների մասին բավականին խիստ է արտահայտվել պրոֆ. Պարրոտը ՝ «թութը հասնելիս (սարյակները) գալիս են անհամար քանակությամբ եւ ջարդում փչացնում են պտուղները՝ անչափ վնաս բերելով երկրին»:
Այո՛, սարյակների արշավը այգիների վրա անառարկելի իրողություն է, ուստի եւ մեր բարեկամ վարդագույն կողոպտիչի նկատմամբ առկա է երկակի վերաբերմունք. առաջինը ՝ պաշտամունքի հասնելու չափ մեծարանքն է՝ իբրեւ մորեխասպանի եւ փրկարարի, երկրորդը՝ իբրեւ մարդու աշխատանքի պտուղները կողոպտողի աստիճանի իջած…
Սակայն երկրորդի համար պատասխանատու ենք մենք, որ արմատախիլ արեցինք թթենիները: Մարդու սխալ, չկշռադատված միջամտությունը բնությանը միշտ էլ կարող է խախտել դարերով, հազարամյակներով արմատացած բնական ներդաշնակությունը:
Ինչեւէ, արդեն քանիցս համոզվեցինք, որ իբրեւ բնական- կենսաբանական պայքարի եղանակ, մարդկանց ահավոր վնաս բերող մորեխին ոչնչացնելու գործում անգնահատելի, պարզապես , անփոխարինելի է վարդագույն սարյակը, որի համար կարելի է եւ մեծահոգաբար ներել նրա… «ավազակությունները»: Թող նրանք էլ ազատորեն օգտվեն Աստծո առատ սեղանից…
Իսկ ինչպե՞ս գործնականում փրկենք մեր վարդագույն բարեկամներին: Ահավասիկ գործնական, շահավետ եւ հեռանկարային առաջարկություն. կարծում եմ՝ մեզանում, անշուշտ, կլինեն բնությունը, կենդանական աշխարհը սիրող, նաեւ իրենց բիզնես շահը լավ գիտակցող գործարարներ, ում սեփական գումարով կամ թռչունների, կենդանիների եւ, ընդհանրապես, բնապահպանության հարցերով զբաղվող միջազգային կազմակերպությունների դրամական միջոցներով հնարավոր կլինի Հայաստանի Հանրապետությունում նոր, ընդարձակ թթաստաններ հիմնել:
Դա շատ կարեւոր գործ կլինի, որով հիանալիորեն կարելի է ամենաուղղակի իմաստով զուգակցել օգտակարը եւ շահավետը: Թթաստանները հնարավորություն կտան վերստին ունենալ թանկարժեք բնական մետաքսի արտադրություն, ստանալ բուժական հատկություններ ունեցող թթի օղի եւ, իհարկե, անմահական դեղամիջոց թթի դոշաբ եւ չամիչ , բնափայտ եւ այլն: Եվ այս ամեն օգտակարի հետ նաեւ ամենագլխավորը՝ վարդագույն սարյակների համար կերի հուսալի բազա ստեղծել, հետեւապես դրանով մեծապես նպաստել այդ թռչնատեսակի գոյատեւմանը , վերականգնել օգտակար, մարդու բարեկամ թռչնի երբեմնի առատությունը, եւ բնությունը, մանավանդ գյուղատնտեսությունը զերծ պահել չարաղետ մորեխի ավերածություններից:
Թթենին կենսունակ ծառատեսակ է, ուստի նոր թթաստանների հիմնումով կարելի է աչք շոյող կանաչով ծածկել Արարատյան հովտի շրջակա ( եւ ոչ միայն ) գորշ ու լերկ լեռնալանջերը ՝ իր բոլոր հոյակապ արդյունքներով:
Որպես վերջաբան հիշատակենք Հարպեր Լիի «Սարյակ մի՛ սպանաներ» գրքի խոսուն վերնագիրը իբրեւ հորդոր:
Այո՛, ո՛վ մարդ, սարյակ մի սպանիր:
ՍԵՐԺ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Գրող, հրապարակախոս
Պատվավոր որսորդ