Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

Մեր ժամանակակիցը. Գայանե Ղուկասյան

– Եթե կենսաբան չդառնայիր, ուրիշ ի՞նչ մասնագիտություն կընտրեիր, – հարցնում եմ զրուցակցիս, կենսաֆիզիկոս, կենսաբանական  գիտությունների թեկնածու, ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի գիտաշխատող, 2008 թ-ից  ցայսօր ՀՀ ԿԳՆ Կենսաբանության հանրապետական օլիմպիադայի հանձնաժողովի նախագահ եւ միջազգային օլիմպիադայի ազգային համակարգող Գայանե Ղուկասյանին:

Մի պահ խորհում է, ապա կիսաժպտալով պատասխանում` «կենսաբան»:

Գայանեն դեռեւս 80-ականների կեսերից, երբ մենք՝ երեկվա ուսանողներս, նոր էինք սկսում մասնագիտական  մեր «վերելքը»,  միշտ եղել է իմ տեսադաշտում: Բանն այն  է, որ  իմ «դիտարկումներով» մեզանից ոչ բոլորն էին նվիրված ընտրած մասնագիտությանը, ինչպես Գայանեն: Ուսանողական որեւէ հավաքի ժամանակ նրա հայտնվելով զրույցները մի տեսակ թեմափոխվում էին, սահուն վերածվում կենսաբանական հարցերի շուրջ լուրջ քննարկումների . բոլորին էր հետաքրքրում լսել նրան, թեեւ մեզանից մեկն-երկուսն էին կենսաբան: Սեփական հետաքրքրություններով ուրիշին վարակելու ունակությունը նրա մոտ բնատուր է, սրան ավելացնենք Գայանեի ձայնի հմայիչ տեմբրն ու նուրբ, բարի հումորը՝ ի՞նչ է ավելին  պետք լավ դասախոս, մանկավարժ լինելու համար:

– 1985-ին Մոսկվայի պետական համալսարանում պաշտպանելով գիտական թեզ եւ ստանալով կենսաբանական գիտությունների թեկնածուի կոչում, վերադարձա Երեւան, երազելով զուտ գիտությամբ զբաղվելու մասին,- պատմում է Գայանեն, – սկսվեցին մութ ու ցուրտ տարիները: Ի՞նչ կենսաբան, եթե փորձեր անելու հնարավորություն չունես: Ու ես որոշեցի նորից սովորել, ձեռք բերել թեկուզ ուրիշ, մի նոր մասնագիտություն. ափսոս էր կորցնել ժամանակը:

Նա առժամանակ հրաժեշտ է  տալիս կենսաբանությանը ու մեկնում ԱՄՆ,  1997-1998 թթ. ուսանում Նեբրասկայի նահանգի Օմահա համալսարանի մագիստրատուրայում ՝ «Կրթության կառավարում եւ ղեկավարում» մասնագիտությամբ:

– Ուսմանս ավարտին երեք ամիս պրակտիկա անցա Նյու Յորքում՝ Կոլումբիայի համալսարանում: Կարող էի վերցնել ցանկացած ոլորտ: Չգիտեմ՝ պատահականությո՞ւն էր, թե՞՝ ճակատագրի նվեր՝ համալսարանում գործում է հայագիտության ամբիոն, ու ես անվարան ընտրեցի հայագիտությունը՝ փիլիսոփա, գրականագետ, թարգմանիչ Մարկ Նշանյանի ղեկավարությամբ:

Հետագան ցույց տվեց, որ ճիշտ որոշում էր կայացրել:

– Շատ հետաքրքրական էր, թե ինչպես պետք է կազմակերպել ընդունելության քննությունները՝ բուհերում, որպեսզի դրանք անցնեին արդար,առանց կոռուպցիոն սխեմաների: Արդիական խնդիրների թվում կրթական համակարգի բարելավումն էր, որի կարիքը եւս  կար Հայաստանում:

Վերադառնալով հայրենիք՝ Գայանե Ղուկասյանը,  մասնավորապես՝ մայր բուհում, իր կոլեգաների հետ  ձեռնարկեց այս խնդիրների լուծմանը:

2008 թվականին նա նշանակվում է ՀՀ ԿԳՆ Կենսաբանության հանրապետական օլիմպիադայի հանձնաժողովի նախագահ եւ միջազգային օլիմպիադայի ազգային համակարգող: Այդ պահից սկսվում է երիտասարդ, հայրենանվեր գիտնականի կյանքի նոր, հետաքրքրական փուլը, լի՝ փորձություններով, դժվարություններով եւ, իհարկե, վերելքներով ու հաղթանակներով:  Հայաստանցի դպրոցականները  համաշխարհային ամենամյա այս հեղինակավոր մրցույթի մշտական մասնակիցներն են, նրանց անունները, հազվադեպ բացառությամբ, հաղթողների ցուցակում են:

-Միջազգային օլիմպիադաները շատ կարեւոր են, քանի որ առաջադրվող խնդիրները, որոնք պետք է լուծեն դրանց մասնակից դպրոցականները, արդիական են, գիտության վերջին խոսքին համահունչ: Ներկայացվում է 100 տեսական եւ չորս փորձարարական խնդիր, ընդ որում՝ դրանցից մեկը կենսաինֆորմատիկայից է, որն այսօր ամենաարագ զարգացող գիտությունն է: Այս գործընթացը  ենթադրում է շփում՝ աշխարհի առաջատար համալսարանների, գիտնականների հետ,- պատմում է Գայանեն, ապա ավելացնում,- օլիմպիադայի մասնակից երեխաները միանշանակ՝  վաղվա  լավագույն գիտնականներն են.  այսպես ստեղծվում է երիտասարդ գիտնականների ցանց, որն աշխատում է համաշխարհային գիտության զարգացմանն ի նպաստ: 2009-ին, երբ մեր աշակերտները Ճապոնիայում վերջինից առաջին տեղը գրավեցին, վերադարձիս հայտնեցի՝ կմեռնեմ ու այսպիսի եւս մեկ պարտություն չեմ հանդուրժի, քանի որ « իմ կյանքում գերազանցիկի սինդրոմով տառապող մարդ եմ»:

– Ի՞նչ եք առաջարկում,-տագնապեցին նախարարությունում:

-Ինչպես մյուս երկրներում է ընդունված, մենք էլ պետք է անցկացնենք փորձարարական փուլ, իսկ դրա համար անհրաժեշտ են սարքավորումներ,-հնչեց Գայանեի պատասխանը: Նա գրեց ծրագիր, որին համաձայն  պետության կողմից հատկացվեց գումար եւ Երեւանի թիվ 118 դպրոցում բացվեց կենսաբանական լաբորատորիա, որտեղ հմտանում են օլիմպիադաների հավակնորդ մասնակիցները: Արդյունքը երկար սպասեցնել չտվեց. 2012-ին Հայաստանը ստացավ առաջին մեդալը:

Համաձայն միջազգային օլիմպիադայի կանոնակարգի, եթե տվյալ երկիրը 10 տարի մասնակցում է միջազգային օլիմպիադաներին, ապա պետք է ինքը եւս հյուրընկալի օլիմպիադան իր մոտ:

2022 թվականի ամռանը օլիմպիադան մեծ հաջողությամբ անցկացվեց Երեւանում:

-2012 թվականին էր, Սինգապուրում, մասնակցում էի օլիմպիադայի աշխատանքներին,-պատմում է Գայանեն,- վերջին օրերն էին, կազմակերպիչները մեզ ընձեռել էին թանգարաններ այցելելու հնարավորություն, բայց ես խնդրեցի օգնել ինձ՝ գտնելու հայկական եկեղեցին, որը այս երկրի քրիստոնեական ամենահին շինությունն է: Ի զարմանս ինձ, ցանկությունս վարակիչ էր.շատերը միացան, նրանց թվում՝ Կալկաթայից մի հնդիկ, որն ապրել էր հայկական միջավայրում ու անասելի հարգանքով է վերաբերում մեր հայրենակիցներին:  Տարիներ անց, 2014-ին, նրա խոսքը վճռորոշ դեր պետք է խաղար օլիմպիադան Հայաստանում անցկացնելու գործում: 

-Հայաստանում օլիմպիադան անցկացնելու մասին առաջարկից ներկաները տարակուսող հայացք նետեցին  քարտեզին, ուր մեր Հայրենիքը հազիվ նշմարելի մի կետ էր ու զարմացած նայեցին մեկմեկու, ապա՝ ինձ. իրագործելի՞ է այս հսկայական գործը: Լռությունն ընդհատվեց կալկաթացու կողմից. «Իմ մանկության ընկերները հայեր են, եւ ես պաշտոնապես հայտարարում եմ՝ հայ ժողովուրդը կկարողանա հիանալի կազմակերպել այս միջոցառումը»,- հայտարարեց նա: Մարտահրավերը նետված էր, մնում էր պատվով դուրս գալ այդ իրավիճակից, -ժպտալով պատմում է Գայանեն:

Հայաստանի կրթության նախարարությունը տարիներ շարունակ չընդառաջեց այս  որոշմանը: Գայանեն ոչ մեկ անգամ ստիպված էր Օլիմպիական կոմիտեին  փոխանցել «իմ պետությունը համաձայն չէ» հուսահատ արտահայտությունը: Բայց, ինչպես ասացվածքն է ասում՝ «Կաթիլ-կաթիլ գետ կդառնա»: Ի վերջո, գիտության , կրթության նախարարներից՝ Արայիկ Հարությունյանը ստորագրեց փաստաթուղթը, եւ գործընթացն սկսվեց…

– Օլիմպիադայի անցկացումը ոչ միայն աշխատատար է, այլեւ՝ թանկ հաճույք: Փորձերի համար ձեռք են բերվում ժամանակակից սարքավորումներ, որոնք, ի դեպ, հետո մնում են երկրում,- շարունակում է Գայանեն:

– Հուսահատություն չկար, կար անհանգստություն, որ չենք հասցնի ապահովել պահանջվող մակարդակը: Բայց, եթե առջեւդ խնդիր է դրված, պետք է լուծես (Գայանեի կյանքը կազմված է պարզ ճշմարտություններից, որոնցից մեկն էլ սա է): «Թույլ դիմադրության  ուղին չենք ընտրում»՝ մանտրայի նման հաճախ կրկնում եմ աշակերտներիս, եւ դա արդյունք տալիս է:

Օլիմպիադայի օրերին Երեւան ժամանեցին Գայանե Ղուկասյանի նախկին աշակերտները, որոնք այսօր իրենց կրթությունը շարունակում են ԱՄՆ-ի, Դանիայի, Շվեյցարիայի առաջատար համալսարանների ասպիրանտուրաներում:  Բազմազբաղ այս երիտասարդները երկու շաբաթ անընդմեջ  գտնվում էին իրենց սիրելի ուսուցչի կողքին:

-Եթե նրանք չլինեին, շատ կդժվարանար աշխատանքս, – ասում է նա:

 Շտապ օգնության մեքենան մշտապես հերթապահում էր համալսարանի մոտ: Ամենազավեշտականը կատարվեց հունգարացի դպրոցականի հետ: Երեխայի մոտ ճողվածք հայտնբերեցին, որ պետք է մեկ ժամվա ընթացքում շտապ  վիրահատվեր:

– Պահանջվում էր ծնողների համաձայնությունը: Ո՞ւմ դիմել, ի՞նչ անել. թվում էր հարցն անլուծելի է: Այնուամենայնիվ, այն հաջողվեց հաղթահարել: Ծնողները հետո շնորհակալական նամակ էին գրել մեզ, վիրահատող բժիշկներին,-ավելացնում է Գայանեն:

Գայանե Ղուկասյանը զբաղվում է նաեւ հասարակական տարբեր խնդիրներով:

-Կրթության կառավարման գծով կազմակերպություն ունենք, որն անդրադառնում է արդիական շատ խնդրների, որոնց թվում կոռուպցիայի հարցն է: Սկսեցինք երեխաներին բացատրել, որ կոռուպցիան վատ բան է: Դժվար ընկալելի է, բայց կարծրատիպերը պետք է կոտրել՝ այլ ուղի չկա: Սինգապուրում հարց տվեցի. Ի՞նչ եք արել, որ ձեր երկիրը ծլում-ծաղկում է: Զրուցակիցս ծիծաղելով ասաց՝ երկու բան ենք բարձրացրել. նախարարների աշխատավարձը, մեկ էլ՝ պատիժը՝ կոռուպցիայի համար:

– Ի՞նչ անենք հասարակությունն առողջացնելու համար,- հարցիս հարցով պատասխանում է նա, ապա շարունակում,- ես կսկսեի ուսուցչական կադրեր ապահովող մանկավարժական համալսարանների վերափոխումներից: Դաստիարակության խնդիրները շատ են: Թվայնացումը սարսափելի փոխել է կյանքը: Ուսանողները հեռախոսները ձեռքից վար չեն դնում: Սկզբնական շրջանում կարծում էի, թե ինչ որ հետաքրքրական ինֆորմացիա են գտել՝ կարդում են, հետո նայում եմ՝ Ինստագրամում ինչ – որ մեկի հարսանիքի նկարներն են նայում…

– Ընդհանրապես,  համայն աշխարհում խիստ նվազել է բնական գիտությունների գծով դիմորդների թիվը. հեշտ ապրելն ավելի մատչելի է, քան գիտությամբ զբաղվելը, մարդիկ, ցավոք, դարձել են սպառողներ…

– Ինչո՞ւմն է քո առաքելությունը, -փորձում եմ հարցնել Գայանեին  ու պատասխան չեմ ստանում: Հասկանում եմ, որ նա այսպիսի պաթետիկ հարցերի պատասխան չունի: Նա ուղղակի ապրում է լիարժեք, հաշվենկատ ու ժլատ՝ ամեն վայրկյանի նկատմամբ, քանի որ կյանքն անցողիկ է , գործը՝ շատ…

 Հասմիկ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Երեւան