Մեր ուսանողության տարիները համընկան մեր ազգային զարթոնքի եւ ազգային գիտակցության վերելքի տարիներին: Դրանք 1965-ին հաջորդած տարիներն էին: Եվ հայ երիտասարդության մի փայլուն սերունդ ասպարեզ եկավ, որ հետագա տարիներին գործունեությամբ, նկարագրով ու վաստակով իր արժանավոր դերն ու նշանակությունն ունեցավ մեր կյանքում:
Բարձրագույն կրթական տարբեր հաստատություններում ամենատարբեր մասնագիտություններ ստացող երիտասարդների մեծ մասը տարված էր հայ արվեստով, գրակնությամբ, մշակույթով առհասարակ: Պոլիտեխնիկական ինստիտուտի, բժշկական ինստիտուտի, գյուղատնտեսական ինստիտուտի ուսանող ընկերներ ունեինք, որ մոլի ու ճաշակավոր ընթերցողներ էին եւ հատորներով բանաստեղծություններ գիտեին:
Նրանք ապրում էին գրականությամբ եւ մշակույթով, եւ անկարելի էր նրանց պատկերացնել առանց հայ գրականության, առանց հայ պոեզիայի:
Նրանցից մեկը բժշկական ինստիտուտի ուսանող Կամո Տեր-Պետրոսյանն էր:
Կամոն ծնվել էր հայրենադարձի ընտանիքում. Տեր-Պետրոսյանները ապրել էին Սիրիայում, Հալեպում: Մահմեդական երկրի բնակիչ հայրը` «Սոլդաթ» Հակոբը, համայնավար գաղափարներ է ունեցել եւ անթաքույց համակրանք խորհրդային երկրի հանդեպ, չէ՞ որ այդ հզոր պետության սահմանների մեջ էր հայության միակ օրրանը` Հայաստանը: Եվ «Սոլդաթ» Հակոբը կրտսեր որդուն տալիս է Կամո անունը, քաջ ու անվախ համայնավար հեղափոխական Կամո Տեր-Պետրոսյանի անունը: Եվ որդին անուն-ազգանունով դառնում է, ոչ ավել ոչ պակաս, Կամո Տեր-Պետրոսյան: Բայց կյանքը այլ բան ցույց տվեց: Մեր Կամոյի մեջ հեղափոխական, այն է` քանդարար, կործանիչ, խառնակող եւ մանավանդ մակաբույծ ոչինչ չկար:
Կամոն դպրոցում եղել է փայլուն աշակերտ: Եվ գլխովին սիրահարված հայ գրականությանը եւ մանավանդ պոեզիային: Նա աչք էր բացել եւ հասակ էր առել հայրենադարձների ընտանիքում, ասել է, թե` արեւմտահայերեն լեզվի մեջ: Լեզուն է դաստիարակում եւ ձեւավորում մարդուն: Գաղտնիք չէ, որ հայրենադարձները, եւ առհասարակ սփյուռքահայերը խոսում են առավել մաքուր եւ գեղեցիկ հայերենով, քան մենք` Հայաստանի հայերս, որ խոսում ենք ռըսաթուրքախառն փողոցային ժարգոնով, բոլորս, փողոցի պատահական անցորդից մինչեւ համալսարանի այսպես կոչված պրոֆեսորները եւ այսպես կոչված գիտնականները: Չնչին բացառություններ միշտ էլ եղել են եւ լինում են:
Դպրոցն ավարտելուց հետո հայոց լեզվին ու հայ պոեզիային սիրահարված պատանին դառնում է բժշկական ինստիտուտի ուսանող: Եվ այստեղ էլ նա պահում է իր նվիրվածությունը հայ պոեզիային: Շուտով ինստիտուտում հայտնի է դառնում, որ Կամո Տեր-Պետրոսյանը հրաշալի ասմունքող է: Ընկերական միջավայրը շատ է սիրում Կամոյին, որովհետեւ Կամոն փայլուն ձեւով անում է այն, ինչ իրենք զգում եւ հասկանում են, բայց չեն կարող անել Կամոյի պես: Ինստիտուտում արդեն Կամոն փայլուն ասմունքող էր. նա չէր կարող ապրել առանց պոեզիայի:
Ինստիտուտը ավարտելուց հետո Կամոյին աշխատանքի ուղարկեցին Եղեգնաձոր, ուր նա աշխատեց երկու տարի: Կարող եմ ասել, որ Կամոյի հրապարակային ասմունքը սկիզբ առավ Եղեգնաձորում:
1971 թվականի հունիսի 17-ին միանգամայն խորհրդավոր ու անհասկանալի հանգամանքներում,- այսօր էլ,- զոհվեց Պարույր Սեւակը: Բանաստեղծի ձերբակալված գրքին ազատություն շնորհեցին, բայց իր անվան շուրջ պետական պաշտոնական լռություն էր, չարագուշակ, դավադիր լռություն: Հանցանքի, մեղքի ու մեղավորության անորոշ, չարագուշակ զգացումով լի ճնշիչ մթնոլորտ էր ողջ հանրապետությունում:
Եվ համալսարանն ու ինստիտուտը նոր ավարտած մի քանի ընկերներով որոշեցինք խախտել այդ լռությունը: 1972 թվականի հունվարի 26-ին, բանաստեղծի ծննդյան օրը, պոլիտեխնիկական ինստիտուտի մեծ դահլիճում կազմակերպեցինք բանաստեղծին նվիրված երեկո: Ներս մտնել հնարավոր չէր, բազմությունը ջարդում էր դռները: Օրվա մասին մանրամասն պատմել է ինստիտուտի «Պոլիտեխնիկ» թերթը:
Մի քանի ամիս հետո, հունիսի 17-ին, բանաստեղծի զոհվելու տարեդարձի օրը մեծ հանդիսություն կազմակերպեցինք Եղեգնաձորում: Ընկերների մի փոքր խումբ էինք: Բոլորս ուսանողական նստարանը նոր-նոր թողած երիտասարդ մարդիկ` բժիշկներ Կամո Տեր-Պետրոսյանը, Սուրեն Թադեւոսյանը, գյուղատնտես Գագիկ Դովլաթյանը, կիբերնետիկայի ասպիրանտ Գեւորգ Գաբրիելյանը եւ այս տողերը գրողը:
Եվ այդ խմբով որոշեցինք կազմակերպել բանաստեղծի մահվան տարեդարձի առիթով հուշ-երեկո: Որոշեցինք բեմից ներկայացնել «Անլռելի զանգակատուն»ը: Եվ իրագործեցինք: Անմոռաց օր էր: Եղեգնաձորի կինոթատրոնի մեծ դահլիճում ասեղ գցելու տեղ չկար: Թվում էր, թե Վայոց Ձորի բոլոր գյուղերի ողջ բնակչությունը այդ օրը եկել-լցվել էր այդ դահլիճն ու ճեմասրահը: Այս տողերը գրողը խոսք էր գրել բանաստեղծի մասին, մի տասնհինգ-տասնվեց էջ, «Հպարտության տաճարը» խորագրով: Այդ խոսքից հետո սկսվեց բանաստեղծական բեմադրությունը, որ տեւեց երկուսուկես ժամ: Դահլիճը ուղղակի էլեկտրականացած էր: Միմյանց հաջորդելով ասմունքում էին,- ողջ պոեմը կարդացին,- Կամո Տեր-Պետրոսյանը, Սուրեն Թադեւոսյանը եւ Մարգո Թադեւոսյանը, որին ծանոթացա այդ օրերին: Այսօր երեքն էլ հեռացել են կյանքից: Ներկայացման մեջ զանգահարություն կար եւ զանգահար-ժամհարն էլ Գագիկ Դովլաթյանն էր:
Ժողովուրդը այդպիսի ասմունք չէր լսել: Ընտիր արտասանող էր նաեւ Սուրեն Թադեւոսյանը:
Օրվա հերոսը, իհարկե, Կամո Տեր-Պետրոսյանն էր, որ ուղղակի ցնցեց դահլիճը: Կամոն բանաստեղծական խոսքը վերածեց թատրոնի, վերածեց ներկայացման: Վայոց Ձորի ժողովուրդը գրասեր-գրքասեր-մշակութասեր մարդիկ են, եւ այդ օրվանից հետո հարգեւոր բժիշկ Կամո Տեր-Պետրոսյանը նոր համարում ունեցավ ժողովրդի աչքում եւ առանձնակի հարգանք ձեռք բերեց: Ժողովրդի համար ուղղակի անակնկալ էր իրենց բժշկի բեմ ելնելը եւ արտասանելը:
Երկու տարին լրանալուց հետո Կամոն վերադարձավ Երեւան եւ դարձավ սրտաբան Զավեն Դոլաբչյանի ասպիրանտը: Եվ հետո աշխատանքի անցավ Սրտաբանության ինստիտուտում: Կամո Տեր-Պետրոսյանը ընտիր բժիշկ էր, իսկական բժիշկ: Երբ նա խոսում-զրուցում էր հիվանդի հետ, իր խոսքից, լոկ խոսքից հետո հիվանդն իրեն լավ էր զգում: Ես քանի անգամ դրա ականատեսն եմ եղել: Հենց միայն սա ցույց է տալիս, որ Կամոն իսկական բժիշկ էր: Ինչպես որ իսկական գրողներն ու արվեստագետներն են լինում «կամոքն Աստծո», ես կարծում եմ, որ իսկական բժիշկներն էլ են լինում «կամոքն Աստծո»: Բժիշկ լինելու համար լոկ գիտելիքները շատ քիչ են. պետք է նաեւ բժշկի հոգի եւ բժշկի սիրտ ունենալ: Կամո Տեր-Պետրոսյանը ճիշտ այդպիսի բժիշկ էր:
Եվ մի օր էլ մենք երեք ընկերով` այս տողերը գրողը, Գագիկ Դովլաթյանը եւ Գեւորգ Գաբրիելյանը եղանք Կամոյի եւ Վերգինեի պսակադրության վկաները Սուրբ Սարգիս եկեղեցում:
Մենք բոլորս, մանավանդ գիրք կարդացող, գրականություն սիրող մարդիկս, մեր պատանեկության եւ երիտասարդության տարիներին ռոմանտիկ ենք լինում, կյանքին ու աշխարհին նայում ենք մաքուր ու հստակ հայացքով: Տարիների հետ ցավալիորեն մենք դառնում ենք հաշվենկատ, մանր շահատակությունների գնացող, նյութական ապահովություն եւ բարեկեցիկություն որոնող, փոքրոգի, մանրախնդիր, էլ չասած` անազնիվ ու անմաքուր: Կյանքի պարտադրանքով ռոմանտիզմը հետզհետե մարում է մեր մեջ:
Հազվագյուտ, ուղղակի բացառիկ մարդիկ են, որ մեր կյանքում, մեր անողոք իրականության մեջ կարողանում են պահպանել իրենց ռոմանտիզմը, իրենց հոգու մաքրությունը, աշխարհին ուղղված իրենց ջինջ հայացքը. Կամո Տեր-Պետրոսյանը ճիշտ այդպիսի անձնավորություն էր:
Սրտաբանության ինստիտուտից հետո նա աշխատանքի անցավ մեկ այլ բժշկական լուրջ հաստատությունում, ուր նա սրտաբանության բաժնի վարիչն էր: Հետագա իր ողջ կյանքում նա եղավ լուրջ ու հարգելի բժիշկ, բայց, միեւնույն է, մնաց բանաստեղծության նույն սիրահարը, ասմունքի գերին, հայ պոեզիայի նվիրյալը: Հատորներով պոեզիա անգիր գիտեր: Հրաշալի գիտեր Վահան Թեքեյանի ողջ պոեզիան, ասմունքում էր նրա գործերը ներքին առինքնող հուզականությամբ: Ոչ ոք նրա պես բանաստեղծություն կարդալ չգիտեր: Մեզ սովորեցրել էին,- մենք սովորել էինք,- ճոռոմ, վերամբարձ, պաթոսով արտասանվող ոտանավորների: Կամոն արտասանում էր, թող զարմանալի չթվա ասածս, հայերեն ճիշտ առոգանությամբ եւ շեշտադրությամբ: Նա կարողանում էր բանաստեղծության տողը հասցնել ունկնդրին այնպես, ինչպես գրել է հեղինակը:
Կամոն հետո դարձավ «Հովարդ Կարագյոզյան» բարեգործական հաստաատության տնօրեն: Սա մինչեւ տասնչորս տարեկան երեխաներին ավճար բուժող ատամնաբուժական հաստատություն էր: Այստեղ բացվեցին Կամոյի խառնվածքի նոր կողմերը: Հաստատությունում ստեղծեց լավ գրադարան, մանկական հարուստ գրադարան: Իր աշխատասենյակն էլ ավելի շատ գրադարանի աշխատակցի սենյակի էր նման, քան բժշկի. նա միշտ շրջապատված էր գրքերով, միշտ գրականության հետ էի: Հաստատությունը շենքի առջեւում այգի-պարտեզ ուներ: Կամոն անձամբ էր տնկել ծառերը եւ ինքն էլ խնամում ու մշակում էր այգին: Աշխատողներ ուներ, կարող էր նրանց հանձնարարել, բայց իր բոլոր ազատ ժամերին ինքն էր բահը ձեռքին աշխատում այգում:
Հայտնի կլանի հրահանգը ստացած գիշատիչ պաշտոնյաները, հնարավոր զոհի վրա հարձակվելու հաճույքից ատամները կրճտացնելով, ամիսներ շարունակ վխտացին հաստատության միջանցքներում, բայց` ապարդյուն. մարդը անբասիր էր: Ի՞նչ էին որոնում, ի՞նչ էին փնտրում՝ չիմացվեց:
Ի վերջո, օրը հասավ, եւ մի օր Կամոն թողեց այդ աշխատանքն էլ եւ անցավ իր տարիքին վայել հանգստի:
Այստեղ ես մի շատ կարեւոր բան պետք է ասեմ. Կամո Տեր-Պետրոսյանը Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կրտսեր եղբայրն էր, բայց արդարությունը պահանջում է ասել, որ նա երբեք չեղավ նախագահի եղբայր: Նա եղավ ու մնաց նույն Կամոն, ինչպես որ կար, ինչպես նրան գիտեին իր ընկերները, բարեկամները եւ առհասարակ նրան ճանաչող մարդիկ: Եվ իր այդ նկարագրի համար ընկերների հարգանքը իր հանդեպ քիչ է ասել կրկնապատկվեց ու եռապատկվեց:
Կամոն ապրում էր երկու սենյականոց փոքրիկ բնակարանում, ժամացույցի գործարանի հարեւանությամբ գտնվող մի շենքի իններորդ հարկում: Եվ մինչեւ իր կյանքի վերջը ապրում էր նույն բնակարանում իր տիկնոջ, դստեր եւ դստեր երկու զավակների հետ: Ահա թե ինչպիսին է լինում ազնիվ ու ազնվական մարդը: Չեմ ուզում գիրս պղծել եւ ինչ-որ արարածների անուններ տալ, ինչ-որ գիշատիչների մատնացույց անել, ընթերցողը ինձանից ավելի լավ է ճանաչում նրանց, իր համեմատությունն ու իր եզրակացությունը ինքը կանի: Սրանից ավելի խոսո՞ւն փաստ:
Կամո Տեր-Պետրոսյանի անունը երբեք չերեւաց մամուլի էջերում, թեպետ հայտնի կլանի ծախու գրչակները շատ բան կտային նրա անունը իրենց թերթուկների էջերում չարչրկելու համար, բայց հիմքեր չկային: Չեղավ, Չկարողացան:
Մարդը անբասիր էր եւ, ինչպես ասում են, բռնելու տեղ չկար:
Կամո Տեր-Պետրոսյանը ներհուն անձնավորություն էր, բացառիկորեն բարեկիրթ, մաքուր ու գեղեցիկ հայերեն լեզվով խոսող, միաժամանակ շատ զգայուն, նուրբ եւ նրբավար մարդ: Շատ նուրբ հումոր ուներ, հումորի այն տեսակը, որ ներքուստ լուսավորում է մարդուն: Ի վերջո, կամ թե ամեն ինչից առաջ, Կամոն իսկական հայ էր, ազգային արժանապատվության բարձր զգացումով եւ ազգային մշակույթին իր խոր նվիրվածությամբ: Նա իր երկրի հարազատ զավակն էր ու իսկական քաղաքացին: Այլ կերպ չէր էլ կարող լինել, ի վերջո Կամոն իսկական մուսալեռցի էր, թերեւս վերջիններից մեկը:
Ես մինչեւ հիմա չգործածեցի «մտավորական» բառը. տեղ հասավ բառը արտասանելու: Մտավորական են ոչ թե այն մարդիկ, որոնք մտավոր գործով են զբաղված կամ գործում են մտավոր ասպարեզում, այլ այն մարդիկ, որոնք բարոյական բարձր նկարագիր ունեն, գլուխները կախ անշշուկ ու աննկատ ապրում եւ գործում են երկրի համար եւ մեծ պատասխանատվություն ունեն, մեծ պատասխանատվություն են զգում իրենց արած ամեն մի քայլի, ամեն մի արարքի համար: Այդպիսի մարդիկ, այդպիսի մտավորականները մեզանում շատ քիչ են, եզակի անհատներ, որոնք երբեք չեն էլ երեւում:
Ահա այդպիսի ընտիր մտավորական էր Կամո Տեր-Պետրոսյանը. ազնիվ, արդար, մեղմ ու համեստ, ուղղակի անբասիր անձնավորություն: Այդ պատճառով էլ ես ուզում եմ, որ հայ գիրը եւ այս պարզ տողերը պահեն մաքուր հոգի եւ փխրուն սիրտ ունեցող իմ սիրելի ընկերոջ, արդար ու ազնիվ մարդու անունը` Կամո Տեր-Պետրոսյան…
ԵՐՎԱՆԴ ՏԵՐ-ԽԱՉԱՏՐՅԱՆ