«…Մի քանի օր անցկացրեցի միայն այն բանի վրա, որպեսզի մի վայր գտնեմ Լոնդոնում, որը հարմար կլիներ ե՛ւ իմ, ե՛ւ գործակալիս համար: Այս խոսքերից հասկանալի է դառնում, որ դա պետք է լիներ սրճարան կամ ռեստորան, որի գտնվելու վայրը ծանոթ լիներ Քերնքրոսսին, ունենար շատ հաճախորդներ, եւ վերջինս իրեն այնտեղ ապահով զգար: Ինձ հայտնի էր Քերնքրոսսի կամ «Կարել»-ի (այդ ծածկանունով նա հայտնի էր «Կենտրոնին») հոգեբանական պատկերը: Այդ գործակալն ուներ երկու մեծ թերություններ՝ մոռացկոտություն (մոռանալու միտումներ) եւ ոչ պարտադիր կատարում (պարտաճանության պակաս): Այդ երկու հատկանիշները դժվարացնում էին կանխատեսել գործակալի վարքը այս կամ այն օպերատիվ իրավիճակում:
Այնուհետեւ ես սկսեցի մշակել երթուղին, որով պետք է մեկնեի հանդիպման վայր: Ճանապարհի մի մասն ես պետք է անցնեի ոտքով, այնուհետեւ պետք է օգտվեի մետրոյից, որով պետք էր անցնել շփոթեցնող, երկարատեւ երթուղի, կանգառներում իջնելով եւ նորից մտնելով վագոն, փոխելով գնացքները եւ երթուղիները»:
Իհարկե, խառնաշփոթ ստեղծելը մեկ նպատակ ուներ. պարզել՝ արտաքին դիտարկում կար, թե՞ ոչ:
Այս փոքրիկ մեջբերումը վերցված է խորհդային հայտնի հետախույզ Յուրի Մոդինի հիշողություններից:
Ինչո՞վ էր նա հայտնի: Այս հետախույզը վերահսկում էր (supervising) հինգ անգլիացի արիստոկրատների, Քեմբրիջի շրջանավարտների գործակալական աշխատանքը: Այս հնգյակը՝ Քիմ Ֆիլբին, Գայ Բյորջեսսը, Դոնալդ Մաքլինը, Էնթոնի Բլանտը եւ Ջոն Քերնքրոսսը զբաղեցնում էին պատասխանատու պաշտոններ Բրիտանական իսթեբլիշմենթում՝ պետական համակարգի ամենաբարձր օղակներում: Հնգյակը համագործակցում էր սովետական հետախուզության հետ: Նման բարձրակարգ լրտեսական խումբ աշխարհը չեր տեսել:
Այժմ վերադառնամ հոդվածիս վերնագրին «Մեկ մարդու արհեստը»- (One man job, կամ ռուսերեն՝ Ремесло одного человека): Ընթերցողս արդեն հասկացավ, որ հոդվածս նվիրված է հետախույզներին: Հետախույզներ, կամ ինչպես ընդունված է գրականության մեջ՝ «Թիկնոցի եւ դաշույնի ասպետներ» («Knights of the Cloak and Dagger», կամ ռուսերեն՝ «Рыцари плаща и кинжала»): Հետախույզների մասին գրելու շարժառիթը դարձավ այն, որ Հայաստանում շուտով արտաքին հետախուզության ծառայությունը կդառնա առանձին իրավաբանական միավոր, ԱԱԾ-ից դուրս նոր հատուկ ծառայություն: Ընդ որում, կբերեմ օրինակներ աշխարհի տարբեր պետությունների հետախուզությունների գործունեությունից, «Modus operand»-ից (առաջադրանքները իրականացնելու ձեւերից, հավատքի վարքագծից, գործելակերպից) եւ «modus vivend»-ից (ապրելակերպ, գոյության ձեւ): Հույս ունեմ, ընթերցողս կհասկանա, թե ինչ բարդ խնդիրներ իրականում պետք է կատարի Հայաստանի հետախուզությունը:
Իսրայելի քաղաքացիները հպարտանում են իրենց հետախուզությամբ, այդ ծառայության մասին առասպելներ են հորինում որպես անպարտելի հետախուզություն, որը մտնում է աշխարհի ամենաարդյունավետ հետախուզական ծառայությունների հնգյակի մեջ: Խոսքը «Մոսսադ» հետախուզական ծառայության մասին է: «Մոսսադ»-ի հետախույզները հավատարիմ են իրենց պարտքին եւ պատրաստ են հանուն Մեծ Իսրայելի զոհաբերել իրենց կյանքը: «Մոսսադ»-ում այլ պետությունների քաղաքացիները՝ ոչ հրեաները, չեն կարող ծառայության ընդունվել: «Մոսսադ»-ում կարող են աշխատել միայն մարտական պատրաստություն անցած մարդիկ, պարտադիր օտար լեզվի տիրապետող: Նրանց պետք է երաշխավորեն «Մոսսադ»-ի առնվազն 2 աշխատակիցներ, նրանք պետք է մանրակրկիտ ստուգվեն հոգեբանների եւ գրաֆոլոգների կողմից (գրաֆոլոգ՝ ձեռագրաբան, ձեռացագրով մարդուն բնութագրող մասնագետ, շատ երկրներում այն համարում են կեղծ մասնագիտություն): Ամենաչնչին հոգեկան շեղումների դեպքում թեկնածուն մերժվում է:
«Մոսսադ»-ի շատ գործառույթներ ու գործեր ընգրկվել են համաշխարհային հետախուզության պատմության էջերում: Այդ օպերացիաների մշակումները ընդգրկվել են մի շարք երկրների հետախուզական դասագրքերում: Իսրայելական հետախուզության պարադոքսը նրանում է, որ այդ ծառայությունն առաջացել է շատ ավելի շուտ, քան ինքը՝ Իսրայել պետությունը:
«Մոսսադ» ծառայությունը պաշտոնապես հիմնադրվել է 1951թ. սեպտեմբերի 1-ին: Այդ գերատեսչության լրիվ պետական անունը հետեւյալն է. «Հետախուզության եւ հատուկ խնդիրների ինստիտուտ»: Առաջին տնօրենն էր Ռուվեն Շիլոյը: 1952թ. նրան փոխարինեց հանրահայտ Իսսեր Խարելը, որն իր կենդանության օրոք դարձավ «Մոսսադ»-ի առասպելը: Նա ղեկավարեց այդ գերատեսչությունը, հետո նաեւ հակահետախուզությունը մինչեւ 1963թ.: Իսսեր Խարելը ծնվել էր Վիտեբսկում (Բելառուսիա), ծնողների հետ արտագաղթել Ավետյաց երկիր եւ դարձել սիոնիստական շարժման «պիոներներից» մեկը: Չնայած զբաղեցրած ղեկավար պաշտոնին, Իսսեր Խարելը հրաժարվում էր գեներալի կոչումից եւ որեւէ պարգեւատրումներից:
«Մոսսադ»-ի կարգախոսն է. «Պատերազմել պետք է խորամանկությամբ եւ խաբեությամբ»: «Մոսսադ»-ի հետախույզներն արտասահմանում գործում են տարբեր «ծածկերի» տակ, ինչպիսիք են՝ առեւտրա-արդյունաբերական կազմակերպությունները, դիվանագիտական կորպուսները, լրատվական գործակալությունները եւ այլն: Նախընտրությունը տրվում է այն կազմակերպություններին, որոնք գործում են հրեական կապիտալի ֆինանսավորումով:
«Մոսսդադ»-ը մեծ հաջողությամբ միավորում է լեգալ եւ անլեգալ (օրինական եւ ոչ օրինական) հետախուզության մեթոդները: Իսրայելական հետախուզությունն իր գործունեության ընթացքում ակտիվորեն օգտագործում է նաեւ արտասահմանյան անձնագրերը որպես հետախույզների փաստաթղթային «ծածկ»: Դրանք հիմնականում այն պետությունների անձնագրերն են, որոնք հաճույքով տեղ են տալիս հրեաներին, քաղաքացիություն են շնորհում նրանց եւ այլն: Որպես ոչ լեգալ իսրայելական հետախույզների պանծալի օրինակ է հանդիսանում հետախույզ Էլի Կոգանի վարած օպերատիվ աշխատանքը Սիրիայում, որտեղ նրան հաջողվեց դառնալ պաշտպանության նախարարի «աջ ձեռքը», ընդ որում, 6-օրյա պատերազմի շեմին, եւ Վոլֆգանգ Լոթցի աշխատանքը, որ «գործուղվել էր» Եգիպտոս գրեթե նույն ժամանակաշրջանում: Այդ երկու հետախույզների ձեռք բերած տեղեկատվության արդյունքում 1967թ. Իսրայելը հաղթեց Սիրիային ու Եգիպտոսին:
Հարկ է նշել, որ համեմատած ԱՄՆ-ի, Անգլիայի, Չինաստանի, Ռուսաստանի, Ֆրանսիայի հետախուզությունների հետ՝ «Մոսսադի» գործունեությունը լոկալ բնույթ է կրում եւ հիմնականում սահմանափակվում է Մերձավոր Արեւելքի տարածաշրջանով ու նրա սահմանակից պետություններով, որտեղից կարելի է դիրքեր ստեղծել թիրախ պետությունների դեմ: Իսրայելին առաջին հերթին հետաքրքրում են Իրանի եւ արաբական երկրների ռազմա-քաղաքական ծրագրերը, Պաղեստինի ազատագրման կազմակերպության ծրագիրը, «Հեզբոլլահի» եւ «Համասի» գործունեությունը: Մինչդեռ այնպիսի կազմակերպություններին, ինչպիսին ԱՄՆ ԿՀՎ-ն (Կենտրոնական հետախուզական վարչություն) է, հետաքրքրում է համաշխարհային գեոքաղաքականությունը (իսկ այս պահին, հիմնականում Ռուսաստանը, Իրանը, Չինաստանը եւ Հյուսիսային Կորեան):
Իսկ հիմա, մինչ այլ կոնկրետ հետախուզությունների նկարագրին անցնելը, ծանոթացեք մի փոքր համեմատական վերլուծության:
Բրիտանացիները մեծ տեղ են տալիս հետախուզությանը եւ հատկապես նրա ղեկավարներին: Ավելին, հետախուզության պետն այդ երկրում համարվում է պետության ստվերային ղեկավար, եւ միշտ չէ, որ գործում է միայն պետության ղեկավարի հրահանգներով:
Բրիտանական իսթեբլիշմենթում հետախուզության աշխատանքը հիմնականում համարվում է «խաղ», ուղեղների պայքար եւ պատերազմ, որտեղ հիմնական շեշտը դրվում է մրցունակության վրա: Անգլիայի հետախույզներն ընտրվում են բարձր ինտելեկտի եւ ընկալման հատկանիշներով, որոնք ի վիճակի են բարդ կոմբինացիաներ իրականացնել ոչ հասարակ օպերատիվ իրավիճակներում: Այդ հետախույզների համար կարեւոր չեն պինդ մկանները, կամ ատրճանակին լավ տիրապետելը (ինչպես նշանավոր Ջեյմս Բոնդը): Սակայն այդ հետախույզների համար օտար չէ ռոմանտիզմը եւ ավանտյուրիզմը:
Ֆրանսիացի հետախույզները նույնպես իրենց մասնագիտությունը բարդ խաղ են համարում, որտեղ կառավարությունը մի բան ասում է, սակայն այլ բան նկատի ունի: Այդ երկրի հետախուզությունը չի սիրում փող ծախսել իր գործառույթների իրականացման համար, ձրի ձեռքբերումների կողմնակից է, նրանց համար յուրաքանչյուր գործարք դեռ վերջնական չէ, կարող են գործարքի կեսից փոփոխվել, իսկ կառավարության չինովնիկները կարող են «աչք փակել» դրա վրա:
Ամերիկյան հետախույզները այդ մասնագիտությունը դարձրել են մեծ բիզնես: Ամերիկյան լրտեսական կազմակերպությունը եւ նրա ցանցը զանգվածային կոնգլոմերատ, որը, ի տարբերություն շատ ուրիշ հետախուզությունների, չի հենվում անհատի հմտության վրա (այսինքն, այդքան էլ չի գործում սկզբունքը՝ մեկ մարդու արհեստը): Հիմնական շեշտը դրվում է համակարգի արդյունավետության, մեթոդոլոգիայի եւ հսկայական բյուջեի վրա: Ամերիկյան համակարգում կարեւոր է նաեւ այն, որ հետախուզությունն ունի աշխարհի լավագույն տեխնիկական հագեցվածությունը:
Նրանց բոլոր օպերացիաները, այդ թվում եւ կազմակերպած հեղաշրջումները, արդարացվում են մի բանով՝ դրանք ոչ թե ամերիկյան գեոքաղաքական հետաքրքրություններ են, այլ բխում են ազատ աշխարհի եւ դեմոկրատիայի սկզբունքներից:
Խորհրդային պետության ղեկավարները մինչեւ գորբաչովյան գլասնոստի դարաշրջանը հետախուզությունը համարում էին իրենց ռեժիմի եւ կոմունիստական համակարգի պահպանման գործիքը: Այդ համակարգում կային այնպիսի մեծություններ, ինչպիսիք էին Ռիխարդ Զորգեն, Ռուդոլֆ Աբելը, Իվան Աղայանցը, Գեւորգ Վարդանյանը եւ շատ ուրիշներ, որոնցից ամեն մեկը մի առասպել էր, սակայն նրանք բոլորը մի մեծ մեխանիզմի փոքրիկ ատամներն էին, դաժան հիերարխիկ բյուրոկրատիայի ծառաներ…
Շարունակելի
ՎԼԱԴԻՄԻՐ ԴԱՐԲԻՆՅԱՆ
Անվտանգության հարցերով փորձագետ