«Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի պատասխանատու խմբագիրներից Արամ Արքունը Քեմբրիջից (Մասաչուսեթս) տեղեկացնում է, որ ապրիլի 16-ին Սուրբ Երրորդության հայկական եկեղեցու Չարլզ եւ Նվարդ Թալանյան մշակութային դահլիճում «Արհեստական բանականություն: Հնարավորություններ եւ մարտահրավերներ աշխարհին եւ Հայաստանին» թեմայի շուրջ դասախոսությամբ հանդես է եկել Մասաչուսեթսի Տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) դասախոս, էկոնոմիկայի գծով Նոբելյան մրցանակի հավանական թեկնածու պրոֆ. Տարոն Աջեմօղլուն: Նա մասնավորապես նշել է, որ չնայած խորհրդային ժամանակներում Հայաստանը մարդկային ինտելեկտուալ ռեսուրսների բնօրրան էր եղել, վերջին տասնամյակներում բավականին զիջել է իր դիրքերը: Բայց եթե կարողանա իր աշխատուժի ունակությունները ճիշտ օգտագործել, ապա հնարավորություն կունենա դարձյալ զբաղեցնելու իր նախկին դիրքը:


Դասախոսության ավարտին «Անայիս» ոսկերչական խանութի սեփականատեր Արթո Խաչիկյանը նրան է նվիրել հայկական յուրահատուկ խորհրդանշանով մի մատանի առ ի գնահատանք նրա վաստակի: «Նա մեր փառքն ու պարծանքն է», ասել է նա եւ հակիրճ անդրադարձել իր կյանքի անցած ուղուն: Ծնվել է 1960-ին Թուրքիայի հայկական Գիգի գյուղում, բայց շուտով տեղափոխվել է Ստամբուլ եւ սովորել ոսկերչություն: 17 տարեկանում տեղափոխվել է Հունաստան եւ երեք տարի անց Կանադայի տարածքով հաստատվել ԱՄՆ-ում, Նյու Յորքում: Որտեղ որ եղել է տեսել է, թե ինչպես են հայերը միմյանց օգնում եւ որոշել է հնարավորություններ ունենալու դեպքում ինքն էլ նույն ձեւով վերաբերվել իր հայրենակիցներին: Կնոջը հանդիպել է Նյու Յորքում, բայց հետո տեղափոխվել է Բոստոն եւ բացել իր սեփական ոսկերչական խանութը:
Պրոֆ. Աջեմօղլուն երախտագիտությամբ է ընդունել իր նվերը:
Թարգմ.` ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԻ