Կոմիտասի անվ. կամերային երաժշտության տանը կայացած «Հոբելյանական» խորագրով համերգը նվիրված էր ֆլեյտահարուհի Մարիամ Մայիլյանի ստեղծագործական գործունեության 20-ամյակին: Համերգին Մարիամը հանդես եկավ Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի նվագակցությամբ, ինչպես նաեւ «Լույս» վոկալ անսամբլի կազմում: Մասնակցում էին ջութակահար Քրիստինե Չթչյանը, երգեհոնահար Թերեզա Ոսկանյանը, թավջութակահար Աշխեն Գասպարյանը, հոբոյահար Տիգրան Վարդանյանը, նաեւ Մարիամի տակավին մանկահասակ զավակները՝ Աննա Չավիկյանը (դաշնամուր) եւ Ներսես Չավիկյանը (թավջութակ): Հնչեցին Գրիգոր Նարեկացու, Կոմիտասի, Կարա Մուրզայի, Բախի, Վիվալդիի, Մասսնեի եւ Ջոն Ռաթեռի ստեղծագործությունները:
2014-ի աշնանն էր, երբ առաջին անգամ լսեցի Մարիամի նվագը. բեմեզրին մոտիկ փեշը նրբորեն փռած՝ ժանեկահյուս ճերմակի մեջ՝ ալպիական հովտանվագը շուրթին երաժշտի կերպարն այնքան տպավորիչ էր, որ տունդարձիս ծնվեցին բանաստեղծական տողերը.
Այնքան թրթռուն ես ու կանացի,
Այնքան մարմնեղեն ես ու իրական,
Հովվերգությունը քո շուրթերին
Երանություն է եդեմական:
Դահլիճից երկու քայլ…. ու արահետ,
Արահետի վերջում բեմահարթակ,
Ալպիական հեռու արոտների
Մանուշակներով է բեմը ծաղկած…
Պետք է տեսնել Մարիամ Մայիլյանին բեմին՝ նկատելու համար ֆլեյտայի խաղն իր մատներին. ամբողջությամբ ապրելով երաժշտության տրամադրությամբ՝ ամբողջանում է իր նվագարանի հետ, եւ արծաթե ֆլեյտան, ասես, դառնում է երաժշտի հոգեձայնի թարգմանը: Ինքը՝ Մարիամն էլ վկայում է, որ հատկապես ֆլեյտան այն նվագարանն է, որի ձայնի որակը, բացի գործիքի կառույցից, մեծապես կախված է երաժշտի շնչից ու ներքին երգեցողությունից: Ամեն նվագ ինքը երգում է շնչով: «Իմ լսած ֆլեյտաների մեջ ամենից փայլուն ձայնն է»,- ասել էր գերմանացի վարպետը, որին Մարիամը դիմել էր՝ նվագարանն ինչ-ինչ վերանորոգումներ անելու համար: Բայց ինձ թվում է՝ գիտեմ գործիքի նման հնչողության գաղտնիքը. դա Մարիամ Մայիլյանի ձայնն է, որ միանում է ֆլեյտայի հունչին…

Քսան տարի է, ինչ Մարիամ Մայիլյանը Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի ֆլեյտահարուհին է: Սովորում էր Կոմիտասի անվան կոնսերվատորիայում, երբ մրցույթային կարգով ընտրվեց Մաեստոր Սեդրակ Երկանյանի կողմից, եւ երիտասարդ երաժշտի համար սկսվեց նվագի կատարելագործման մի նոր շրջան: Նախնական երաժշտական կրթությունը ստացել էր Ստ. Ջրբաշյանի անվ. երաժշտական դպրոցում. ուշ էր դիմել դպրոց. 12 տարեկանում ծնողներին էր հայտնել իր որոշումը՝ երաժիշտ դառնալու: Ծնողները չէին ընդդիմացել, բայց եւ՝ չէին ողջունել: Մարիամն արդեն մանկական գեղագիտական կենտրոնում նկարչություն, կարպետագործություն էր սովորում, հավելյալ զբաղվածությունը կարող էր գերծանրաբեռնել մանկանը: Բայց Մարիամն ու իր եղբայրն ինքնուրույնաբար դիմեցին երաժշտական ուսումնական հաստատություն եւ…. ընդունվեցին երկուսն էլ: Հաստատության տնօրեն Նելլի Մարտիրոսյանը հուշեց՝ իրեն ֆլեյտան շատ կսազի, եւ ձեռքերի մեջ դրեց նվագարանը: Կարճ ընթացքում կարողացավ հնչյուններ հանել գործիքից, ինչը ոչ բոլորին է հաջողվում, ու դա ոգեւորեց իրեն, սիրեց նրանից ելնող ձայնը, սիրեց նվագարանը… Ռոմանոս Մելիքյանի անվ. երաժշտական ուսումնարանում, ապա եւ կոնսերվատորիանում ուսանելու տարիներին աշխատեց որքան հնարավոր է շատ բան քաղել՝ մասնագիտանալու համար: Մեծապես օգտակար էին Կոնստանտին Մանուկյանից, Վալերի Խաչատրյանից քաղած դասերը. վերջինիս խստապահանջությունը եւ պարտաճանաչությունը սովորեցրին նույն պատասխանատվությամբ մոտենալու ընտրած մասնագիտությանը:
Ուսումնարանում արդեն հաճախ էր հանդես գալիս համերգներին, ու դա էլ փորձառություն ամբարելու լավ շրջան էր… Կոմիտասի անվ. երաժշտանոցում զուգահեռ սովորեց վոկալ բաժնում. ձայնի որակը ժառանգել էր մորից, իսկ ահա, կյանքին ու մարդկային արժեքներին իր մոտեցումները հղկվել էին գերդաստանում, որի հայրը հոգեւորական էր եւ իր զավակների մեջ սերմանել էր հանրության համար արժեքավոր մարդ դառնալու գաղափարը: Տեր Ղեւոնդ քահանա Մայիլյանը, մասնագիտությամբ ֆիզիկոս լինելով, կյանքի մի կարեւորագույն պահի, երբ Վազգեն Ա կաթողիկոսի պատվերով Աստվածաշունչն արեւմտահայերենից արեւելահայերենի էր փոխադրում, հանգեց հոգեւորին նվիրվելու որոշմանը եւ ձեռնադրվեց քահանա: Նրա մշտահոլով հորդորն է իր հոտին ու իր զավակներին՝ լինել ուղղամիտ, ազնիվ ու համեստ: Տալով անձին ազատություն՝ իր խոսքով ու վարքով կառուցել է բարոյական հենքեր, որոնցով առաջնորդվում են իր զավակները: Ասել էր՝ կատարելագործման ճանապարհն անընդհատ է, եւ Մարիամը դա կարեւոր ուղենիշ է համարում թե՛ իր կյանքում եւ թե՛ իր արվեստում:
Երախտագիտությամբ տալիս է նրանց անունները, որոնցից դասեր է քաղել՝ Թամարա Համբարձումյան, Մարինե Մկրտչյան, Սուրեն Ամիրխանյան, Տիգրան Գեւորգյան: Երաժշտի համար խիստ արդյունավետ էին նաեւ 2006-ին Գերմանիայում Լաուրա Ելեն Փաուլուի տված վարպետության դասերը: Բայց Մարիամն ուսումնառությունը դրանով ավարտված չի համարում: «Տաղարանի» ամեն մի փորձ, համույթի գեղ. ղեկավարի հետ ամեն զրույց մի յուրահատուկ, անկրկնելի դասեր են՝ թե՛ երաժշտարվեստի մեջ խորանալու, թե՛ նվագի որակը տեխնիկապես զարգացնելու, թե՛ հոգեաշխարհը զարգացնելու առումով: Հոգեւոր եւ աշխարհիկ նվագների մի ողջ շտեմարան է ներկայացվել «Տաղարանի» այն համերգներին, որոնց երկու տասնամյակ մասնակցել է Մարիամը, որոնցում բազմիցս ունեցել է մենանվագներ: Այդ համերգներից անմոռանալի պահեր շատ ունի. նվագախմբի կազմով կամ եռյակներով, կվարտետով Վիվալդի, Բախ, Տելեման, Մոցարտ, այլ հեղինակների կատարելու առաջարկությունները մաեստրոն է արել: «Մաեստրոն միշտ հետաքրքրական գաղափարներ է մեզ տվել եւ իրագործել,- ասում է Մարիամը:- Սովորեցնում է տարբեր երաժշտական ոճերն ընկալել եւ յուրացնել: «Տաղարանն» իմ կյանքին զուգահեռ ընտանիքիս համահավասար է դարձել: Ջերմություն կա ներսում, եւ այդ ջերմ մթնոլորտը ղեկավարի շնորհն է: Իր խոսքով ուղղորդող, կատարելագործման ուղենիշներ ցուցանող, արվեստում սեփական փորձառությունը հաղորդող, զրույցի մեջ՝ անկեղծ ու հայրաբար,- մաեստրո Սեդրակ Երկանյանն իր կերպարով, խոսքով, արվեստով շարունակ ուսուցանում է, դաստիարակում… Ամեն ինչ «Տաղարանում» Մաեստրոն ծառայեցնում է երաժիշտ-կատարողների եւ երգիչ-երգչուհիների ինքնադրսեւորմանը, ստեղծագործական հնարավորությունների բացահայտմանը…»:

«Ինչ ստեղծագործություն էլ կատարելիս լինի՝ Վիվալդիի, Բախի կոնցերտները, թե հայկական ավանդական ծրագրերին իր մասնակցությամբ, Մարիամ Մայիլյանն առանձնացել է երաժշտական կտավի հանդեպ իր ընդգծված զգացողական աշխահով եւ մոտեցմամբ»,- այսպես է գնահատում «Տաղարանի» ֆլեյտահարուհու արվեստը Ս. Երկանյանը:
Մարիամ Մայիլյանը նաեւ «Լույս» վոկալ հնգյակի հիմնադիր անդամներից է: «Լույս»-ի եւ՛ հոգեւոր, եւ՛ ժողովրդական երգերի կատարումներում հնչող Մարիամի ձայնը միջնորդավորված նաեւ «գույն» ու յուրահատուկ հունչ է տալիս իր արծաթե ֆլեյտային…
ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ











