Մայքլ Գուրջյանը (ծն. 1971) ամերիկյան դերասան, ռեժիսոր եւ գրող է։ Սկսած 1991 թվականից նկարահանվել է 58 խաղարկային եւ հեռուստատեսային ֆիլմերում, նկարահանել է 14 ֆիլմ, վավերագրություններ եւ տեսահոլովակներ։ Նրա ստեղծագործական նվաճումներից են «Հավաքույթ հինգի համար» եւ «Դեյվիդի մայրը» հեռուստաշարքերում կատարած դերերը (վերջինի համար արժանացել է «Էմմի» մրցանակին՝ որպես երկրորդ պլանի լավագույն դերասան), 2004-ին նկարահանած «Պատրանք» ֆիլմը հոլիվուդյան լեգենդար դերասան Քըրք Դուգլասի գլխավոր խաղարկությամբ, 2016-ին հրատարակած «Ինչ է գտնվում աստղերից այն կողմ» փիլիսոփայական վեպը, որը «Հաֆինգթըն փոսթը» բնութագրել է որպես «բացարձակ գոհար» եւ այլն։
Մենք ծանոթացանք եւ մտերմացանք 2006 թվականին, երբ Մայքլն առաջին անգամ այցելեց Հայաստան։ Միասին լինում էինք զանազան վայրերում, հանդիպում մարդկանց հետ։ Այդ ժամանակ ինձ հետ հարցազրույցում Մայքլն ասաց, որ Երեւանը դարձել է իր սիրելի քաղաքը, եւ ինքը շտապում է վերադառնալ եւ ֆիլմ նկարել այստեղ։
14 տարի անց Մայքլը վերադարձավ Հայաստան խաղարկային ֆիլմի նախագծով, մնաց յոթ ամիս եւ նկարահանեց։ Միայն վերջերս նա ավարտին հասցրեց այդ նախագիծը՝ «Ամերիկացի» ֆիլմը (արտադրիչներ՝ «Փիփըլ օֆ Ար» (պրոդյուսեր՝ Արման Նշանյան), «Պալոդեոն փիքչըրզ» եւ «Էլջ էնդ Էյջ ֆիլմզ»)։ Գլխավոր հերոս Չարլի Բախչինյանը (որի դերակատարը Մայքլն ինքն է) երիտասարդ ամերիկահայ է, որը 1940-ականներին հայրենադարձվում է Խորհրդային Հայաստան եւ հայտնվում ծայրահեղ իրավիճակում…
Իմ հարցազրույցը Մայքլի հետ դրա մասին է… եւ ոչ միայն։
–Մա՛յքլ, հայկական ծագում ունեցող շատ կինոգործիչներ՝ սկսած այնպիսի գերաստղից, ինչպիսին Շերն է, մինչեւ անհայտ սկսնակները, ցանկություն են հայտնում ֆիլմ նկարահանել հայկական թեմայով կամ Հայաստանում, սակայն շատ քչերն են դա անում։ Իսկ դու արեցի՛ր։
–Ես խոստացա, որ անելու եմ, հիշու՞մ ես։ Դեռեւս 2006 թվականին, երբ առաջին անգամ եկա Հայաստան, այնքան ոգեշնչվեցի իմ այցելության ժամանակ, որ կես-կատակ ասացի քեզ, որ պիտի գտնեմ մի պատմություն, որ նկարահանեմ Հայաստանում՝ որպես պատրվակ վերադառնալու համար։ Դե, մի քիչ շատ ժամանակ պահանջվեց ճիշտ պատմությունը գտնելու համար, բայց ի վերջո գտա, եւ մնացածն այն է, ինչ որ եղավ։ Ի՜նչ իմանաս, երբեմն ամենաքմահաճ պոռթկումները կարող են հանգեցնել աներեւակայելի կարեւոր արդյունքների, ինչը միանշանակ այդպես էր ինձ համար։ Չնայած եղած բազմաթիվ մարտահրավերներին՝ պատմական թեմայի նկարահանում, այն էլ՝ օտար երկրում, այն էլ՝ երեք լեզուներով, էլ չասած՝ համավարակի ժամանակ, չնայած այս ամենին եւ շատ ուրիշ բաների, «Ամերիկացին» առ այսօր ամենաբովանդակալից ստեղծագործական նախագիծն է, որի մեջ ընդգրկված եմ եղել։
–Ֆիլմիդ վերնագիրը հայերեն է՝ «Ամերիկացի»։ Հուսով եմ, որ միջազգային հանդիսատեսը կմտապահի այն, հավանաբար զուգորդելով Գոդֆրի Ռեջիոյի նշանավոր «կացի» եռերգության («Կոյաանիսկացի», «Պովակացի», «Նակոյկացի») հետ։
–Բավական ժամանակ պահանջվեց ֆիլմի ճիշտ վերնագիրը գտնելու համար։ Նախապես վերնագրել էի «Նոր հայը»՝ ոգեշնչված Վիլյամ Սարոյանի այն տողերից, որ եթե երկու հայ հանդիպեն, նրանք կստեղծեն մի նոր Հայաստան։ Հայեցակարգային առումով այդ վերնագիրը տեղին է եւ արտացոլում է ֆիլմի երկու գլխավոր հերոսների միջեւ զարգացումը։ Այնուամենայնիվ, ինչպես ինձ ասացիր, համատեքստից դուրս «նոր հայը» ունի «նորահարուստ» իմաստը։ Բացի այդ, գրեթե բոլորը, որ կարդացել էին սցենարը, զգացել էին, որ վերնագիրը պարզապես չի արտացոլում ֆիլմի էությունը։ Այսպիսով, ամբողջ նկարահանման ընթացքում (որը համավարակի պատճառով տեւեց մոտ հինգ ամիս), բոլորն առաջարկում էին այլընտրանքային վերնագրեր։ Ի վերջո, մեկ շաբաթվա ծանր նկարահանումներից հետո Ռոդինը, մեր օպերատորի առաջին օգնականը, ինքն էլ չլինելով հայ, առաջարկեց «Ամերիկացի» վերնագիրը։ Ֆիլմում այդպես հաճախ են անվանում գլխավոր հերոսին։ Այս անունը կարծես միանգամից «կպավ»։ Եվ որքան էլ զարմանալի է, այն ոչ հայերին նույնքան է դուր գալիս, որքան հայերին։
–1994-ին «Ասպարէզ» օրաթերթին տված հարցազրույցում դու ասել ես. «Կարծում եմ, յուրաքանչյուրը, ով ինչ-որ բան է ստեղծում՝ գրական գործ, թե կինո, ամենահզոր բանը, որ կարող է անել, պիտի լինի իր անձնականից եւ բխի սեփական պատմությունից»։ Ինչպես տեսնում ենք, քո ֆիլմը, որը նվիրել ես պապիկիդ հիշատակին, նույնպես ինչ-որ կերպ կապված է ընտանիքիդ պատմության հետ։
–Անուղղակիորեն։ Պապս Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հայրենադարձության շարժման մաս չի կազմել, այնուամենայնիվ, նա, ինչպես գլխավոր հերոսը, վերապրել է Հայոց ցեղասպանությունը՝ մանուկ հասակում միայնակ փախչելով եւ մեկնելով Ամերիկա։ Այն, ինչ ես ասացի դեռ 1994 թվականին, կարծում եմ, որ տակավին ճիշտ է, բայց կուզեմ ավելացնել, որ ինձ համար պատումի մեջ ամենահզոր ձեւը ճշմարտությանը հասնելն է, որն ավելի խորն է, քան փաստերը։ «Ամերիկացին» ամենեւին էլ ինչ-որ մեկի փորձառության պատմությունը չէ։ Այո՛, մենք արել ենք ամեն բան, որպեսզի հնարավորինս շատ պատմական մանրամասներ ներգրավենք, ճշմարտացի պատկերենք 1940–1950-ականների Խորհրդային Հայաստանի իրականությունը։ Բայց այն, ինչ պատմել ենք, բազմաթիվ պատմությունների միաձուլում է։ Այսպիսով, այո՛, պապս՝ Մանուկ Գուրջյանը, այս ֆիլմում առկա է, նրա էությունը Չարլի Բախչինյանի իմ դերակատարման մեջ է։ Բայց նաեւ այս ֆիլմում իսպանահայ դերասան Հովիկ Քյոշկերյանի հորը կարելի է տեսնել ի դեմս Տիգրանի։ Կինոնկարում կան բազմաթիվ մանրամասներ ինչպես հայրենադարձների, այնպես էլ հայաստանցիների պատմություններից։ Ֆիլմի վրա աշխատող բոլոր մարդիկ այդ կերպ իրենց ներդրումն ունեցան մեր պատմության մեջ, ինչը, կարծում եմ, մեր գործին ավելի մեծ հարստություն հաղորդեց, քան եթե պատմությունը միայն ինձնից լիներ։
–Սփյուռքահայ արվեստագետներին ամենաշատը մտահոգում է Ցեղասպանության թեման, ինչը բնական է, քանի որ նրանք դրա՛ արդյունքն են։ 2006-ի մեր հարցազրույցում դու ասել ես. «Ես պարտադիր կերպով չեմ ուզում ֆիլմ նկարահանել Հայաստանի, հայոց պատմության եւ Ցեղասպանության մասին։ Ես կնախընտրեի ստեղծել մի կինոնկար, որ կնկարահանվեր հայերի մասնակցությամբ կամ պարզապես տեղի կունենար Հայաստանում»։ Այդպես էլ եղավ, եւ թեեւ քո ֆիլմում անդրադարձ կա Ցեղասպանությանը, սակայն հիմնական ուշադրությունը կենտրոնացած է 1940-ականների վերջի, 1950-ականների սկզբի խորհրդահայ իրականության վրա։ Շատ ողջունելի է հայրենադարձության թեմայով ֆիլմ նկարահանելը, ինչը մինչ այժմ կինոյում լայնորեն չի արտացոլվել։
–Կարծում եմ՝ չափազանց կարեւոր է Ցեղասպանության մասին ֆիլմեր նկարահանելը, եւ ողջունում եմ այն կինոգործիչներին, որոնք բավականաչափ համարձակ են՝ ստանձնելով այդ գործը։ Որպես կինոբեմադրիչ՝ ես զգացի, որ կարող եմ ավելի լավ ծառայել իմ հայկական ժառանգությանը` կենտրոնանալով մեր պատմության եւ մշակույթի այլ կողմերի վրա։ Ես նաեւ ցանկանում էի նկարահանել մի հայկական ֆիլմ, որը հաճույք կպատճառեր դիտողին, կլիներ հուսադրող, եւ ամենակարեւորը՝ կլիներ այնպիսին, որին ոչ հայերը նույնպես կուզեին առնչվել։ Անձամբ իմանալով, թե որքան դժվար է ոչ հայ ընկերներին Ցեղասպանության մասին ֆիլմի դիտման տանելը, ես մտածեցի, որ միգուցե կարող եմ նկարահանել մի այնպիսի կինոնկար, որը հպարտ հայ տատիկները մի փոքր ավելի հեշտ կարող են դիտել տալ իրենց ոչ հայ հարեւաններին։ Հիշում եմ, սցենարի վերաբերյալ ամենահուսադրող մեկնաբանություններից մեկն արեց մի գործընկեր կինոբեմադրիչ, որն ինձ ասաց. «Գիտե՞ս, քո պատմությունը միայն հայերի համար չէ, այն համընդհանուր պատմություն է, բոլորը կարող են կապ զգալ դրա հետ»։
–Դու իրականացրիր ոչ թե համատեղ արտադրություն, ինչը սպասելի էր, այլ հայկական արտադրություն՝ միջազգային կազմով։ Ներկա լինելով նկարահանումներին՝ ինձ շատ տպավորեց բոլոր մասնակիցների բարձր պրոֆեսիոնալիզմը։ Խնդրեմ պատմի՛ր նրանց մասին։
–Ամբողջ դերասանական կազմն ու նկարահանող խումբը հայաստանցիներ էին։ Բացառություն էինք կազմում ես, գլխավոր օպերատոր Ղասեմ Էբրահիմյանն ու նրա օգնական Ռոդին Համիդին, ինչպես նաեւ դերակատարներ Հովիկ Քյոշկերյանն Իսպանիայից, Նելլի Ուվարովան եւ Միխայիլ Տրուխինը Ռուսաստանից։ Եվ այո՛, բոլորը չափազանց պրոֆեսիոնալ էին, բայց նաեւ շատ ստեղծագործական մոտեցումներ էին հանդես բերում, ինչը միշտ չէ, որ պատահում է ամերիկյան անձնակազմի հետ աշխատելիս։ Երբ ֆիլմում բոլոր ներգրավվածներին իսկապես հուզում է աշխատանքի ընթացքը, դա կարող է հսկայական ազդեցություն ունենալ արդյունքի վրա։ Հենց դա ես զգում էի՝ Հայաստանում աշխատելով, եւ դրա համար կուզեմ վերադառնալ ու ավելի շատ ֆիլմեր նկարահանել այնտեղ։
–Իրանահայ կինոռեժիսոր Անահիդ Աբադը մի առիթով ասել է, որ Հայաստանում ֆիլմ նկարահանելը եւ՛ դժվար է, եւ՛ հաճելի։ Ինչպիսի՞ն էր քո՛ փորձառությունը։ Իհարկե, նկատի չունեմ կորոնավիրուսի հետ կապված բարդությունները։
–Կինոարտադրության տեսանկյունից ես կասեի, որ Հայաստանում նկարահանելու դժվարությունը հիմնականում կապված է երկրի մեկուսացվածության եւ ենթակառուցվածքների բացակայության գործոնների հետ։ Օրինակ՝ մեր նկարահանման տաղավարը նոր տանիքի կարիք ուներ, դերասանների համար նորաձեւ կցամեքենաներ չկային, նկարահանման որոշ սարքավորումներ գտանելի չէին երկրում։ Բայց ինձ համար դրանցից ոչ մեկն էլ շատ կարեւոր չէին, այդ խնդիրները շուտով չեն լինի, երբ նոր ֆիլմեր նկարահանվեն Հայաստանում։ Ինչ վերաբերում է նկարահանումների «հաճելի» հատվածին, ապա շատ բան կարող եմ պատմել։ Իհարկե, դերասանական կազմի ու նկարահանող խմբի հետ աշխատելը հիանալի էր, իսկ Երեւանում ապրելը պարզապես ցնցող էր (նույնիսկ համավարակի ժամանակ)։ Ասեմ նաեւ, որ այնտեղ կար ստեղծագործական ազատության զգացում, որը դժվար է գտնել այն վայրերում, որտեղ կինոարտադրությունը չափից ավելի ինստիտուտացված է։ Հայաստանը մի քիչ «վայրի արեւմուտք» է. նույնիսկ սահմանափակ բյուջեով մենք կարողացանք անել այնպիսի բաներ, որոնք դժվար կլինեին ուրիշ տեղերում անել։
–Ո՞րն է եղել նկարահանման շրջանում ամենահուզիչ պահը։
–Անկեղծ ասած, այնքան խենթ բաներ են տեղի ունեցել նկարահանումների ժամանակ, որ դժվար կլիներ ընտրել միայն մեկը։ Հիշում եմ մի օր, որը բավականին յուրահատուկ էր ինձ եւ կարծում եմ՝ բոլորի համար։ Նկարահանումները մենք սկսեցինք 2020 թվականի մարտին եւ տասնօրյա աշխատանքից հետո ստիպված եղանք դադար տալ համավարակի պատճառով։ Բոլորս երկու ամիս արգելափակված էինք ու չգիտեինք՝ երբեւէ կկարողանա՞նք ավարտել ֆիլմը։ Ի վերջո իմացանք, որ մեզ թույլ են տալիս շարունակել մի քանի տեսարան նկարահանել տաղավարում, քանի որ դրանք կարող էին կատարվել շատ սահմանափակ անձնակազմով եւ միայն մի քանի դերասաններով։ Գալով նկարահանման հրապարակ՝ այդ օրը բոլորս այնքա՛ն ուրախ էինք ուրիշ մարդկանց տեսնելու համար, բայց, ինչն ավելի կարեւոր է, նորից աշխատանքի անցնելու համար։ Որպես կինոբեմադրիչ մենք երբեմն մոռանում ենք, թե որքան բախտավոր ենք մեր գործի մեջ։ Աշխարհում իմ ամենից նախընտրած վայրը նկարահանման հրապարակն է, որտեղ տաղանդավոր մարդկանց հետ ֆիլմ ենք նկարահանում։
–Իսկ ե՞րբ կարող է հանդիսատեսը վայելել «Ամերիկացին»։
–Այս տարվա վերջին։ Մեկ ամիս առաջ ենք ավարտել հետարտադրությունը եւ այժմ նախատեսում ենք գնալ կինոփառատոներ՝ գովազդելու եւ վաճառելու ֆիլմը։
–Համոզված եմ, որ պետք է աշխարհին շատ ուրիշ հայկական պատմություններ պատմել։
–Այո՛, բայց կարծում եմ, որ ավելի կարեւոր է այն, որ ես ուզում եմ ավելի շատ ֆիլմեր նկարահանել Հայաստանում՝ հայկական ու նաեւ՝ ոչ հայկական պատմություններ։ Իմ երազանքն է՝ օգնել Հայաստանում կինոարտադրության կառուցմանը, եւ կարծում եմ, որ որքան շատ կարողանանք ներկայացնել մեր երկիրն ու մեր մշակույթն աշխարհին՝ այնքան լավ։ Հայաստանում այնքա՜ն ստեղծագործական ներուժ կա։
–Վերջում մեջբերեմ 1994-ին, «Էմմի» մրցանակը շահելուց հետո «Լոս Անջելես թայմս»-ում քո մասին հրատարակված հոդվածում տեղ գտած քո խոսքերը. «Ես կարող եմ անել մի բան, որը ոչ բոլորը կարող են անել։ Կարող եմ անել մի բան, որով կարող եմ ասել. «Այո՛, ինձ հենց այնպես չեն վճարում»։ Կարծում եմ՝ քո ֆիլմով դու ապացուցեցիր, որ արել ես մի բան, որը ոչ բոլորն են կարողացել անել։
–Օ՜, դա բավականին հավակնոտ հայտարարություն է։ Բայց այո՛, ես տակավին այդ մտքին եմ։ Որպես արվեստագետ՝ ես չեմ ուզում անել այն, ինչ կարող են անել ուրիշները։ Եվ ես կարծում եմ, որ ի դեմս «Ամերիկացիի», ոչ միայն ինձ, այլեւ նախագծում ընդգրկված բոլորին հաջողվեց ստեղծել մի ֆիլմ, որը թե՛ յուրահատուկ է, թե՛ կարեւոր։
ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ
Լուսանկարները՝ Շանթ Սեւակի