Ոտքի տակ տվեք ամբողջ Ստեփանակերտը, գյուղերը. մի շիշ ձեթ չեք գտնի, մի փշուր շաքարավազ՝ նույնպես: Արցախի մանուկները չեն հիշում՝ վերջին անգամ երբ են կոնֆետ կամ մի քաղցր բան կերել:
Արցախում միայն ինտերնետ կա: Ու հայտնի չէ՝ լա՞վ է, որ կա, թե՝ վատ:
Ինտերնետը որ կա, սոցցանցերն էլ կան, բառի բուն իմաստով՝ քաղցած, 6 ամիս շարունակ թերսնված հազարավոր արցախցիները տեսնում են, Հայաստանում քեֆ-հարսանիք-տարեդարձի ճոխ սեղանների, ուրախ ժամանցի, կյանքի վայելքների տեսանյութերն ու լուսանկարները: Ցավոք, հենց Արցախում էլ, թեեւ հազվադեպ, կան «ժանտախտի ժամին» «ժանտախտի կողքով անցնողներ», որոնց կենցաղի վրա, չգիտես ինչ հրաշքով, շրջափակումը չի ազդել:
Ժամանակները խառն են ու խրթին. կասեր Համո Սահյանը: Արցախի իրավիճակի մասին հենց արցախցիներից շատերը խուսափում են խոսել: Ինչ-որ անհասկանալի վախի մթնոլորտ կա, բարոյահոգաբանական ճնշվածություն, որը խանգարում է մարդկանց հավասարակշռված դատողություններ անել, իրականությունը չտեսնել, իսկ անիրականից անհարկի կաշկանդվել, սարսափել: Միգուցե դա էլ է թերսնվելու հետեւանք: Եթե մարդիկ կես տարուց ավելի վիտամիններ, սպիտակուցներ, ածխաջրեր չեն ստանում, ուղեղն էլ է սկսում վատ աշխատել: Թերսնվելուց մարդիկ կարող են նաեւ հոգեկան շեղումներ ստանալ, իրականության զգացողությունը կորցնել, հալյուցինացիաների մեջ ընկնել:
Դու գերի ես, բանտարկյալ, ուղղակի կալանավայրը լայն է, շուրջբոլորն էլ ադրբեջանցի է, որ ամեն վայրկյան կարող են հարձակվել ու բնաջնջել. ամենօրյա այս գիտակկցումը չի կարող մարդու միտքն ու ուղեղն առողջ պահել:
Այս հոդվածի համար զանգահարեցի Մարտունու գյուղերից մեկում բնակվող բազմազավակ մի կնոջ: Երկրորդ հարցիցս հետո պատասխանեց՝ հիշողություն չի մնացել: 35 տարեկան եմ, բայց տանս դարպասի դուռը փակում եմ, չեմ հիշում, ինչի՞ փակեցի, փակեցի, որ ո՞ւր գնամ: Որ մարդու օրը սկսվի մտածմունքով՝ երեխեքին ինչ եմ տալու, որ ուտեն… մենակ որ մթնում է, էդ ժամանակ եմ ուրախանում, որ քնելու են: Բայց ես հո չեմ քնում: Չգիտեմ՝ լույսը բացվի՝ ինչով եմ խաբելու 4 մանր երեխեքիս:
Կինն էլ չշարունակեց: Ասաց՝ օրերը գլորում եմ, հոգսս էնքան շատ է, որ լաց լինելու ժամանակ չեմ ունենում: Բայց որ սկսեմ պատմել, կեսից խոսքս մոռանալու եմ, հիշողությունս առաջվանը չի, հետն էլ մի կուշտ լացելու եմ: Լիքը գոմից մի հորթ է մնացել, հրե՜ն այգում կապած, հեռախոսն անջատում եմ, գնամ, աչքիս լոբիներին է հասել, ուտում է:
«Հաջող» ասաց ու գնաց:
Հաջորդ զանգս Հասմիկին էր:
Հասմիկ Հակոբյանը 7 ամիս է՝ մենակ է ապրում Հայաստանում: Մայրն անցյալ տարի մեկնել էր Արցախ՝ որդիների ընտանիքներին տեսության, ու մնացել շրջափակման մեջ: Հասմիկի կրտես եղբայրը՝ Իլյան, 44-օրյա պատերազմում զոհվել է Շուշին պաշտպանելիս:
Հակոբյանների ընտանիքը, մի հարվածից ուշքի չեկած, մյուս հարվածն է ստանում: Ցավն էլ այն է, որ այսպիսի ընտանիքները շատ-շատ են՝ բախտակից:
«Արցախի խանութներում այսօր ոչինչ չկա, բառացիորեն՝ ոչինչ: Ստեփանակերտում ապրող ընկերներիս հետ եմ կապվել, փորձում եմ նրանց միջոցով շաքարավազ ու ձեթ գտնել, գյուղ ուղարկել, բայց՝ ապարդյուն»,- առաջին՝ «ո՞նց ես, ի՞նչ հալի ես» հարցիս պատասխանեց երիտասարդ աղջիկը:
Ադրբեջանը մի քանի օր առաջ գազը մի քանի րոպեով է միացրել: Բայց մեծ-մեծ հայտարարություններ տարածվեցին, թե Արցախի գազամատակարարումը վերականգնվել է:
«Մի քանի րոպեով գազը միացրել են, որ ժողովրդի հոգու հետ խաղան, ծաղրեն: Տներում գազ չի եղել: Ես լուսանկարներով եմ տեսել՝ մեքենաների շարանը գաղալցակայանի առաջ… բայց գազը նորից անջատել են: Մարդիկ ոտքով են տեղից տեղ գնում, վառելիք չկա:
Սննդի կտրոնները մարդկանց բաժանել են, բայց սնունդ չկա, այդ կտրոններով ի՞նչ առնեն»,- պատմեց Հասմիկը:
Հասմիկը Մարտակերտի շրջանից է: Ամբողջ շրջանում կարկուտը մի քանի անգամ այգիներն ու բանջարանոցներն ավերել է: Ասկերանի շրջանում էլ է մեծ վնասներ հասցրել:
«Մորս հետ երբ հեռախոսով խոսում եմ, ասում է՝ ի՞նչ ենք արել, որ Աստված մեզ էսքան պատժում է՝ կարկուտը ծեծած տեղն է ծեծում: Մայրս մի քանի անգամ դիմել է Կարմիր խաչին, որպեսզի իրեն բերեն Հայաստան. որդու շիրիմին 7 ամիս չի այցելել:։ Ապարդյուն:
Մարտունու շրջանում որոշակի քանակությամբ գյուղմթերք կա, բայց շատ թանկ են վաճառում:
Պատճառաբանում են, որ վառելիք չկա, եթե կարողանում էլ են ձեռք բերել՝ շատ թանկ գնով, դրա համար էլ մինչեւ գյուղմթերքը գյուղից քաղաք է հասնում, վաճառքի գինը դառնում է, օրինակ՝ լոլիկի 1 կգ-ը 3000 դրամ:
Գյուղերում էլ է շատ դժվար, ճիշտ է, իրավիճակից ելնելով հնարավորինս շատ են մշակել տնամերձ հողերը, բանաջարեղեն են ցանել, որ կարողանան սովին դիմակայել, բայց ինչքա՞ն դիմանան: Ամեն ինչ չէ, որ հողը կարող է տալ»,- ասում է արցախցի Հասմիկը:
Միրգ էլ չկա Արցախում: Մեծերն էլի դիմանում են, բայց երեխաները…
Հարազատները Հասմիկին իրենց վիճակի մասին շատ բան չեն պատմում, որովհետեւ գիտեն՝ առանց այդ էլ աղջիկը բարոյահոգեբանական ծանր վիճակում է. ինքը Հայաստանում՝ մենակ, նրանք այնտեղ՝ շրջափակման, գերության մեջ: Հայաստանում՝ սննդի, վառելիքի, դեղորայքի առատություն, Արցախում՝ դատարկություն, ու այստեղից այնտեղ գոնե մի կգ կոնֆետ, մի շիշ ձեթ չի կարող ուղարկել:
«Ես ինքս 1990-ականների մութ ու ցուրտ տարիներին եմ մեծացել, այն ժամանակ էլ էինք զրկանքների մեջ, բայց մեր վիճակն անորոշ չէր, իսկ հիմա՝ զրկանք, սով, ֆիզիկական բնաջնջման վտանգ, բարոյահոգեբանական ճնշվածություն, ու չգիտես՝ առջեւում ինչ կա, հանուն ինչի՞ է այս ամենը: Այսքա՞ն անորոշ, այսքա՜ն անպատասխան հարցեր:
Արցախցիները չեն ուզում լքել իրենց հողը, բայց իրենց պայքարը, դիմակայելը, զրկանքները արդյո՞ք հաջողությամբ կպսակվեն, արդյունքը կլինի՞ Արցախը չկորցնելը, Արցախը պահելը:
Այս ամենը մարդկանց հուսահատեցնելու, կոտրելու համար է, բայց թե ով է հեղինակը՝ չգիտենք: Արցախում մեր տղաները դիրքերում կանգնած են, հսկում են, մարտական ոգին բարձր է, ժողովուրդն էլ է պայքարում, բայց հանուն ինչի՞: Ի՞նչ նպատակ կա, ի՞նչ ծրագիր, ի՞նչ սցենար:
Արցախում ասում են՝ մինչեւ վերջ կդիմանանք, բայց վերջում ի՞նչ է լինելու, վերջը ո՞րն է: Ի՞նչ է այդ նպատակի, այդ վերջի անունը՝ պատմական արդարությո՞ւն, հաղթանա՞կ, ո՞ւմ դեմ ենք պայքարում, ո՞ւմ ենք հաղթում, Արցախն Ադրբեջանին վերջնակապապես չհանձնելու նպատա՞կն է, վերջնարդյունքը ո՞րն է, ի՞նչ ձեւակերպում տանք»,-տարակուսած հարցնում է արցախցի Հասմիկը:
Այս հարցերը բոլոր արցախցիներն են տալիս, անորոշությունը բոլորին է խեղդում:
Հադրութցի Արթուր Սարգսյանը Հայաստանում է ապրում, որովհետեւ գյուղը, տունուտեղը կորցրել է, ձեռքից առել, տվել են ադրբեջանցուն: Երեւանից պայքարում է, որ Արցախի վերջին բեկորն էլ չկորչի, շունուգելի բաժին չդառնա:
«Անունը դրել են հումանիտար խնդիր, ի՞նչ հումանիտար….: Հումանիտար խնդիրն այն ժամանակ է լինում, երբ այս պահին վերքը մշակել-փաթաթելու միջոցներ չկան, բայց մի քանի օրից կլինեն, երբ մի քանի օրով գազն անջատում են, բայց նորից միացնում, երբ այս պահին ծանր հիվանդին վիրահատելու հնարավորություն չկա, բայց մի քանի օրից կլինի: Հումանիտար խնդիրը ժամանակ ունի, ժամանակային սահման. 7 ամիս է Արցախը շրջափակված է, պատանդ, գերի: Գերու վիճակում ի՞նչ հումանիտար խնդիր: Սա հատուկ քաղաքականություն է, լավ մշակված քաղաքականություն՝ խաբել ժովորդին: Ընդ որում՝ խաբողներն Արցախի ու Հայաստանի իշխանություններն են, որ հայտարարում են, թե պայքարում են, պայքարում են, որ հետո լավ լինի: Արցախցիներն էլ հույսով սպասում են: Արդեն սովին էլ են վարժվել, գիտե՞ք, լույս ու գազ չլինելուն էլ են սովորել»,- պատմեց հադրութցին:
«Հումանիտար» բառից արցախցիները վրդովվում են: Աշխարհաքաղաքական մեծ խաղ է գնում, Արցախը դրված է սկուտեղի վրա, գիշատիչների ձեռքին էլ դանակ-պատառաքաղ, ուզում են հոշոտել Արցախն էլ, արցախցուն էլ, թե բա՝ հումանիտար, հումանիտար դժվարություն, հումանիտար խնդիր, հումանիտար ճգնաժամ: Հայաստանի ու Արցախի իշխանությունների ամենահամարձակ բառերը սրանք են, ամենաբարձր ատյանների հայտարարությունները «հումանիտար օգնություն» բառակապակցությունն օգտագործելուց այն կողմ չեն անցնում: Փաստացի օրինակ՝ ՀՀ ԱԳՆ-ի հուլիսի 7-ի երկարաշունչ հայտարարությունը: Մեկ ամիս լիարժեք շրջափակման, գերեվարության մեջ գտնվող ցեղասպանվող 120 հազար արցախցիների մասին ասվում է. «Եթե Լաչինի միջանցքի անխափան գործելու պարագայում Լեռնային Ղարաբաղը ստանում էր շուրջ 400 տոննա բեռ, իսկ դեկտեմբերի 12-ից հետո ռուսական խաղաղապահ զորախմբի միջոցով փոխադրվում էր դրանից տասնյակ անգամներով պակաս սնունդ, ապա այժմ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը կանգնած է սովի մատնվելու իրական վտանգի առջև, քանի որ ցանկացած ապրանքի մատակարարում իսպառ արգելվել է»:
«Հումանիտար» բառը ոչինչ չի արտահայտում, Արցախի դեպքում այդ բառն օգտագործելը նշանակում է վիրավորել, անարգել, նսեմացնել արցախցիներին, նրանց ինքնորոշման, իրենց հայրնիքում անվտանգ ու տանտիրոջ իրավունքով ապրելու նպատակները, Արցախը հայկական պահելու ու դրա համար պայքարելու նրանց ձգտումները:
«Մեկ ամիս շարունակ Արցախն ամբողջությամբ կտրված է հումանիտար հասանելիությունից՝ բառի բուն իմաստով պաշարված Ադրբեջանի կողմից: Հունիսի 15-ից սննդի, կենսական նշանակության ապրանքների ներկրումների դիտավորյալ ամբողջական արգելափակումը սպառնում է 120 000 մարդու կյանքին»,-գրել է Արցախի ՄԻՊ-ը:
Սա՞ է մեր ձեւակերպած նպատակը, ծրագիրը. հումանիտար օգնություն տվեք, ու մենք գոհ ու շնորհակալ կլինենք:
«Միակ քննարկումը, որ մենք ցանկանում ենք, որ տեղի ունենա, Ստեփանակերտի ու Բաքվի միջև քննարկումներն են Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի անվտանգության եւ իրավունքների վերաբերյալ: Եվ այս առումով, կարծում եմ, եթե առաջընթաց գրանցվի, տարածքային որևէ խնդիր չի եղել և չի էլ լինի»,- հայտարարել է Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Այսինքն՝ էլ ինչպե՞ս ասենք, որ հասկանաք՝ տա-լիս-ենք, տալիս ենք, Արցախն ամբողջությամբ ենք տալիս, տարածքային խնդիր չկա, միայն Լեռնային Ղարաբաղում (ինքնավար մարզ, հանրապետություն եզրույթներն էլ իսպառ են ջնջել) հայերին մի սպանեք, թողեք ապրեն:
Ու իրենք էլ իրենց ասածին չեն հավատում. ԱՆԿԱՍԿԱԾ:
ՆԱԻՐ ՅԱՆ