Այս շաբաթ հեռագնա բացվածքով այնքան շատ իրադարձություններ կային, որ անգամ դժվար է ընտրել` ո՞րը կարելի է մի հրապարակման մեջ կարեւորել: Բայց որ Հայաստանում շատ իրադարձություններ հասել են իրենց ապոգեյին եւ մոտակա հանգուցալուծումներ են լինելու, սա անզեն աչքով էլ տեսանելի է:
Միայն այն, որ տարածարջանային զարգացումների ֆոնին Իրանի արտգործնախարարն էր Հայաստանում ու հանդիպեց շատերի, անգամ եվրոպամետ արտախորհրդարանական ուժերի հետ, իսկ վարչապետ Փաշինյանին Արաղչիի հետ հանդիպման օրը զանգահարեց ԱՄՆ պետքարտուար Մարկո Ռուբիոն, արդեն իսկ նշանակում է, որ տարածաշրջանում իրավիճակը հասարակներից չէ: Մեր մյուս հարեւան Թուրքիայում տեղի ունեցող սարքովի կամ իրական խժդժությունները՝ գումարած: Ու եթե մոտակայում Իրանին հարվածելու հարց առաջանա, ապա Հայաստանի համար ստեղծվելիք իրավիճակը բարդ կարող է դառնալ: Չնայած ԱՄՆ-Իրան հարաբերությունների կարգավորումն օրինակ միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի կարծիքով դեռեւս հնարավոր է, ու այս դեպքում Հայաստան-Իրան հարաբերություններում նույնպես այլ շեշտադրումներ կլինեն: Բայց Հայաստանի ներքին կյանքը կարծես բթացած լինի արտաքին ազդակների հանդեպ ու կենտրոնացած` ներքին գզվռտոցի վրա, ներընդդիմադիր ալիշ-վերիշներից սկսած մինչեւ իշխանություն-ընդդիմություն ավանդական հակադրություն:
Թեմաներն էլ ավանդական են` Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի բանակցման ավարտական փուլ, երկու պատգամավորի հանդեպ քրեական գործ հարուցելու գլխավոր դատախազի միջնորդությունների քննարկում ԱԺ-ում, ընտրական` այս անգամ քաղդասի համար այս կիրակի հերթական Սարդարապատ դարձած Գյումրիի ՏԻՄ ընտրություն: Վերջինիս շուրջ գործընթացներն, ի դեպ, այն աստիճան ներկա քաղաքական դասի արտապատկերն են, որ ապագա խորհրդարանական ընտրությունների համար կարող են որպես տոկոսային մակետի նախագիծ ծառայել, այդ պատճառով էլ՝ այդ առթիվ համաշխարհայի՜ն աղմուկը:
Դե իսկ հայոց խորհրդարանում վարչապետ Փաշինյանի հերթական դարակազմիկ մտքերը գուժում են նոր փորձանքներ: Ու հարցն այն է, թե արդյոք հայերս համաձա՞յն ենք, որ այդ փորձանքները գան մեր գլխին:
Ամենաէկզոտիկն այդ մտքերից այն էր, որ պետք է ավարտենք ղարաբաղյան շարժումը: Մի՞թե կա մեկ հայ, լինի դա անգամ վարչապետ, որ նման որոշում կարող է պարտադրել ողջ ժողովրդին, որի կյանքի արդեն չորրորդ տասնամյակն է նվիրված եղել այդ շարժմանը: Որին այդքան թանկ արյուն, նյութական-տարածքային կորուստ է նվիրաբերվել: Սա հրահա ՞նգ է, նման այն հրահանգին, թե արեւը թող ծագի արեւելքից եւ մայր մտնի արեւմուտքում: Ինչպես ասում են` Փաշինյանն այս անգամ գերազանցեց ինքն իրեն, ավելի ու ավելի շատ մարդկանց իրենից հեռացնելու, իր դեմ տրամադրելու առումով: Իսկ 120 հազար արցախցիներին ի՞նչ եք հրամայում` չերազե՞ն Արցախ վերադառնալու, իրենց կորցրած ունեցվածքը վերադարձնելու մասին, կամ գուցե ընդհանրապես արգելեք մտածել Արցախի մասին, մտածելն ու երազելը քրեականացնեք: Լավ, էլի, իրականութոյւնից այդքան կտրվածությո՞ւն, չեք նկատո ՞ ւմ, որ լրիվ օտարվում եք հայկականությունից:
Իսկ այն մասին, որ խաղաղության պայմանագիրը մինչեւ վերջ բանակցված է, հայկական կողմը պատրաստ է այն ստորագրել,ու որ Նիկոլ Փաշինյանն ու Ալեն Սիմոնյանը խորհրդարանում վերակրկնում էին դա, սա մի տեսակ վերածվում է նրան, թե` շատ կրկնիր, որ չմոռանաս: Ընդ որում, ըստ Փաշինյանի` չկա մի կետ, որի բովանդակության մասին մարդիկ չգիտեն, մինչդեռ հենց Հովիկ Աղազարյանն իր ելույթներում, խոսելով իր անհամաձայնությունների մասին գործընկերների հետ, արտահոսք արեց, որ ադրբեջանցի փախստականների վերադարձի մասին ադրբեջանական պահանջ գոյություն ունի: Ու անվերջ բոլորիս տանջող այլ հարցեր կան. Ադրբեջանը պնդում է հազար ու մի բան` Հայաստանի Սահմանադրությունը փոխելու, հայցերը միջազգային ատյաններից հետ կանչելու, երրորդ երկրի ուժերի` տրամադրվելիք ճանապարհներին լինել-չլինելու, մեր տարածքներից այլ զիջումներ լինել-չլինելու, Հայաստանի ինքնիշխան տարածքից արդեն իսկ զբաղեցրած տարածքներից ադրբեջանցիների դուրս գալ-դուրս չգալու մասին: Ու որ Փաշինյանը հայտարարում է, թե ինքը պատրաստ է ստորագրելու խաղաղության համաձայնագիրը` հայերի մեծ մասը անհարմարավետության զգացումով է տոգորվում, քանի որ, իրոք, ստույգ չգիտեն բանակցվող փաստաթղթի բովանդակությունը: Հավատացեք` եթե իշխանության վարկանիշն այդքան ցածր է, երբ մի քանի ամիս հետո ընտրություններ են, ու Աստված գիտե, թե ինչ պատկեր կլինի այդ ժամանակ, որեւէ մեկն իրավունք չի կարող ունենալ բոլորիս ճակատագրի վերաբերյալ թուղթ ստորագրելու:
Ներողություն խնդրեք միջազգային հանրությունից` խորհրդապահությունը խախտելու համար եւ հրապարակեք փաստաթղթի բովանդակությունը, միգուցե ժողովրդի մեծ մասը դրա հետ համաձայն չէ, հո մենք մի քանի հոգու գերին չե՞նք, պիտի հասկանա՞նք, թե ի՛նչ է գալիս գլխներիս: Սա էլ չլինի ղարաբաղյան բանակցային գործընթացի մանրամասները, որոնց հանրայնացումը նախկին նախագահներով ու ներկա վարչապետով իրար վրա եք գցում`չհրապարակելու մեղքը միմյանց վրա բարդելով, խաբս տալով հանրությունից: Ու Փաշինյանը, որ նախկին երեք նախագահներին վիրավորական հասցեագրումներ է անում խորհրդարանում, ծեփում պատերին, ու վերջիններս էլ միջնորդավորված ծաղրում են Փաշինյանին, առարկայորեն ոչինչ չասելով, սա էլ ժանրի մեջ է: Զբաղեցրե՛ք, զբաղեցրեք ազգին, մինչեւ կատարվի անդառնալին, ձեզնից բոլորիցդ ո՞վ է մի ճիշտ խոսք լսել, բոլորդ մի ծրագրի մաս եք, ընդ որում` ոչ թե միայն տեղական, այլ գլոբալ մեծ ծրագրի:
Իսկ մեր կարծիքով, հազիվ թե այս պահին երկու փոքր պետություն ինքնագլուխ իրար մեջ ինչ-որ թուղթ ստորագրեն, դա մեծ խաղացողների համաձայնությունների արդյունքում է լինելու, այդ թվում` էսկալացիան, Խնածախում կրակոցների բեմադրությունը վկա՛: Ու այդ նկատի ունեինք, երբ Ալեն Սիմոնյանին հարց էինք ուղղում, թե առանց աշխարհաքաղաքական մեծ համաձայնությունների երկու փոքր երկիր ո՞նց կարող են իրար հետ ինչ-որ համաձայնությունների գալ:Բնականաբար` Ա. Սիմոնյանը համաձայն չէր, կարծես մենք ավելի քիչ ենք ուզում մեր ինքնիշխանությունը, քան պաշտոնյաները: Դե իսկ Աստանայում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքվելիք համաձայնագրի ստորագրման բեկումնայնության մասին խոսող Արարատ Միրզոյանը գոնե, վստահ ենք, անկախ նրանից, թե ի՞նչ է ասվում բարձրաձայն դիվանագիտորեն, լավ գիտե իրական կուլիսային գործընթացները: Մի խոսքով` երեւում է, որ մտել ենք ինչ-որ անդառնալի փուլ, եւ այն , ինչ կկատարվի մոտակայում, բոլոր հայերիս հետագա ճակատագրին է վերաբերելու: Հուսով եմ` բոլորը հասկանում են: Եթե այս տեսակետից նայենք խորհրդարանում կատարվողին, երբ ողջ տեսանելիքն ու լսելիքը գրաված է պատգամավորների հանդեպ քրեական հետապնդում հարուցելու թեմայով, կից ուռճացված թեմաներով, ապա կարելի է ասել, որ մարդկանց բուն կատարվելիքից շեղելու տեխնոլոգիան ամբողջ թափով է միացված:
Բայց մինչ այդ խոսենք ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի եւ լրագրողների միջեւ ծագած հերթական միջադեպի մասին, որ շարունակություն ունեցավ, քանի որ թիրախավորված լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը ստորագրահավաք կազմակերպեց եւ դիմեց ԱԺ խմբակցություններին, ԱԺ նախագահին, վարչապետին` Քոչարյանի պահվածքը քննելու, անգամ հանձնաժողովի նախագահի պաշտոնում նրա պաշտոնավարման նպատակահարմարության հարցը քննարկելու առաջարկով, իսկ արդեն կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ լրագրողական օթյակից ընդդեմ Քոչարյանի պահվածքի բողոքի պաստառներ հասցեագրվեցին ԱԺ դահլիճին, ու անվտանգության աշխատակիցների միջամտությամբ անհարկի խառնաշփոթ առաջացավ: Հավանաբար այս անգամ լրագրողների ճնշմամբ Քոչարյանի աստեղային ժամը կավարտվի, ես այդպես եմ զգում:
Բայց սկանդալներից անպակաս խորհրդարանական առօրյայում այս պահին փաստորեն ստվերվում է շատ կարեւոր մի իրադարձություն` պատերազմի հանգամանքները քննող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի (նույն Քոչարյանի նախագահությամբ) զեկույցի քննարկման ուշացումը ԱԺ-ում, ու կամա-ակամա այս սկանդալները նպաստում են, որ դա աննկատ անցնի: Չզարմանաք, եթե այդ զեկույցը ներկայացնելու` կանոնակարգով սահմանված ժամկետների սպառման արգումենտով կամ Անդրանիկ Քոչարյանին փոխելով` այդ զեկույցն ընդհանրապես ծածկադմփոց արվի, ու ի՜նչ պատերազմի, պարտության մեղավոր, ի՜նչ բան…
Դե իսկ մեծամասնությունից հեռացված Հովիկ Աղազարյանի եւ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական գործեր հարուցելու թույլտվություն ստանալու` գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ներկայացրած միջնորդությունների քննարկումը խորհրդարանում այս օրերի գլխավոր քաղաքական ճաշատեսակն էր, դե ո՞նց շրջանցենք այդ իրադարձությունը: Առաջինին պատգամավորական ազդեցությունն օգտագործելով` ապօրինի շահույթ ստանալու (կաշառք վերցնելու) երկու դրվագով էր միջնորդությունը, երկրորդի դեպքում` բարդ գույքային մանիպուլյացիաներով փողերի լվացման: Տարոն Մարգարյանն ու ընդդիմադիր երկու խմբակցությունները չէին մասնակցում նրա հարցի քննարկմանը, մինչդեռ Հովիկ Աղազարյանին ներկայացվող մեղադրանքների հիմնավորվածությանը, հատկապես պատգամավորական լիազորությունների օգտագործման մասով, վիճարկում էին ե՛ւ ընդդիմություն, ե՛ւ ինքը` Աղազարյանը, ե՛ւ իշխող մեծամասնության նրա նախկին գործնկերներից մի քանիսը (Արման Եղոյանը, Վիլեն Գաբրիելյանը, Մարիա Կարապետյանը, անգամ Բաբկեն Թունյանի խոսքում այդպիսի երանգներ կային): Ինքը, Աղազարյանն այդ ամենը իր տարբերվող պահվածքի պատճառով քաղաքական ճնշման հետեւանք համարեց, իսկ Նիկոլ Փաշինյանի մասին ասաց, որ նա որպես գործիչ սպառվել է:
Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու համաձայնություն ԱԺ մեծամասնությունը տվեց ողջ կազմով, մինչդեռ Հովիկ Աղազարյանի միջնորդության դեմ երկու քվե կար:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հեղինակի յութուբյան հրապարակումներն այս հղումով.