Ճանաչված բարերարի ծննդյան 55-րդ տարեդարձի առթիվ
Կան մարդիկ, որոնց գոյությունն ինքնին լույս է: Նրանք չեն ձգտում փառքի, չեն խոսում բարձրաձայն իրենց արածի մասին, սակայն նրանց քայլերն արձագանք են թողնում սրտերում, իսկ գործերը հիշվում են որպես վստահության, երախտագիտության եւ բարության հավաստի վկայություն:
Նրանք ապրում են համեստ ու անաղմուկ, բայց նրանց արարքները ոգեշնչում են ու հավատ ներշնչում: Նրանց գործերը արտահայտում են այն ամենը, ինչի մասին հազարավորները չեն խոսում բարձրաձայն: Եվ երբ նրանց ճանապարհը հասնում է մի նշանակալի հանգրվանի՝ դա առիթ է արժեւորելու եւ նոր հայացքով դիտելու նրանց անցած ուղին:
Օգոստոսի 11-ին լրանում է պետերբուրգաբնակ մեր նշանավոր հայրենակից, ճանաչված բարերար եւ հասարակական գործիչ, մեր թերթի լավ բարեկամ Հրաչյա Միսակի Պողոսյանի ծննդյան 55-րդ ամյակը:
Հրաչյա Պողոսյանի անցած ճանապարհը մարդասիրության, հայրենասիրության եւ անմնացորդ նվիրումի փայլուն օրինակ է: Դեռ վաղ տարիքից հայրենի հողի հանդեպ սերն ու մարդկանց օգնելու ձգտումը նրան առաջնորդել են դեպի մի կյանք, որը լի է եղել ազնիվ աշխատանքով, պատասխանատվությամբ ու շոշափելի արդյունքներով:

Ավելի քան երեք տասնամյակ է, ինչ մեր հայրենակիցը բնակվելով եւ գործունեություն ծավալելով Սանկտ Պետերբուրգում՝ արժանապատվորեն ներկայացնում է նաեւ հայ ժողովրդին՝ որպես օրինակելի քաղաքացի, նվիրված բարեգործ եւ մարդ, ում գործերը արդեն վաղուց հիացնում եւ զարմացնում են հազարավոր մարդկանց: Հրաչյա Պողոսյանի բարեգործական գործունեությունը հպարտության աղբյուր է ոչ միայն հայ ազգի, այլեւ բոլոր նրանց համար, ովքեր ճանաչում են նրան, վայելում նրա մարդկային ջերմությունն ու բարությունը:
Բարերարի անմնացորդ նվիրումը Հայաստանի, Ռուսաստանի եւ բազմաթիվ այլ երկրների հարյուրավոր ընտանիքների, կրթական ու մշակութային կենտրոնների, կարիքավոր անձանց հանդեպ վկայում է նրա բարձր առաքինության մասին: Պողոսյանն իր օրինակով ապացուցել է, որ բարությունը սահմաններ չի ճանաչում, եւ որ իսկական մարդը չափվում է իր գործերով:
Մեր հայրենակիցը բարեգործական գործունեություն է ծավալում դեռեւս 1990-ականների վերջերից: 2017 թվականին նրա աշխատանքները սկսեցին իրականացվել իր անունը կրող բարեգործական հիմնադրամի միջոցով:
Մեր այս բարդ ու հակասական ժամանակներում, երբ մարդասիրական արժեքները հաճախ մղվում են երկրորդ պլան, իսկական հայի եւ լավ մարդու կերպարը առավել քան անհրաժեշտ է մեր հասարակությանն ու Հայրենիքին: Եվ Հրաչյա Պողոսյանն իր անձնվեր գործերով վաղուց դարձել է օրինակ եւ հայտնի անուն:

Նրա գործունեությունը ոչ միայն նյութական աջակցություն է, այլեւ հույսի, բարության, համախմբման խորհուրդ եւ մարդասիրության կամուրջ՝ սերունդների միջեւ:
Հայրենիքին մատուցած ծառայությունների համար՝ 2023 թվականի դեկտեմբերի 20-ին Սանկտ Պետերբուրգի պատվավոր բարերար Հրաչյա Պողոսյանն ընդգրկվել է «Ռուսաստանի ոսկե անունների» ռեգիստրում:
Ավելի քան 30 տարիների բարեգործական գործունեության ընթացքում Հրաչյա Պողոսյանի նախաձեռնությամբ եւ միջոցներով աշխարհի 14 երկրներում իրականացվել են պատմամշակութային եւ հոգեւոր ժառանգության ավելի քան 500 ծրագիր: Դրանք նոր ու վերականգնված հուշարձաններ են, անվանի ու մոռացված հերոսների կիսանդրիներ ու հուշատախտակներ, անցյալ դարաշրջանների նշանակալի ու ողբերգական իրադարձություններ:
Բարեգործական ծրագրերի կեսը նվիրված է Հայրենական մեծ պատերազմի իրադարձություններին ու հերոսներին: Հրատարակվել են տասնյակ գրքեր ու ամսագրեր, ինչպես նաեւ նկարահանվել են վավերագրական ֆիլմեր տարբեր թեմաներով:
Սանկտ Պետերբուրգի «Պատվավոր բարերար»-ի տիտղոսակիր Հրաչյա Պողոսյանի գործունեությունը հայրենասիրության, աշխատասիրության եւ պարտաճանաչության փայլուն օրինակ կարող է ծառայել երիտասարդ սերնդին, նա ամենուր իրեն դրսեւորում է որպես բանիմաց եւ պատասխանատու մարդ, նրա բոլոր ձեռնարկումները ուղղված են մեկ նպատակի՝ հանուն մարդու եւ մարդկության:

2024 թ. դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում անցկացված միջազգային եւ միջտարածաշրջանային համագործակցության ոլորտում «Ոսկե առյուծ» մրցանակաբաշխության ժամանակ Հրաչյա Պողոսյանը ճանաչվել է Սանկտ Պետերբուրգի արտաքին հարաբերությունների կոմիտեի ամենամյա մրցանակի հաղթող՝ իր անշահախնդիր աշխատանքի եւ բազմամյա նվիրումի համար:
«Ոսկե առյուծ-2024» մրցանակը դափնեկրին է հանձնել Սանկտ Պետերբուրգի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Եվգենի Գրիգորեւը:
2025 թվականի հունվարի 6-ին, Սուրբ Ծննդյան եւ Աստվածահայտնության օրը, Սուրբ Գայանե վանքում, Սուրբ Պատարագից հետո տեղի ունեցավ ջրօրհնության արարողությունը, որի խաչընկալի պատիվը վերապահվեց Հրաչյա Պողոսյանին: Այս ընտրությունը պատահական չէր. Մեր հայրենակցի հոգեւոր նվիրվածությունն ու երկարամյա աջակցությունը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն արժանի է բացառիկ գնահատանքի: Հրաչյա Պողոսյանն իրավամբ օրինակ է ծառայում բոլորի համար՝ իր հավատարմությամբ, բարությամբ եւ հայրենասիրությամբ:
2023 թվականին ճանաչված բարերարի կողմից Սանկտ Պետերբուրգում կյանքի կոչված «Պահպանելով հիշողությունը» թանգարանն այսօր մեծ ճանաչման է արժանացել:
Այդ թանգարանի հանդիսավոր բացմանը ներկա էին Սանկտ Պետերբուրգի եւ Լենինգրադի մարզի վարչակազմի, վետերանական կազմակերպությունների ներկայացուցիչներ, գիտության եւ մշակույթի գործիչներ, կրթական կազմակերպությունների ղեկավարներ, Ռուս Ուղղափառ եւ Հայ Առաքելական եկեղեցիների սպասավորներ: «Պահպանելով հիշողությունը» թանգարանի հայտնությունն, իրոք, մեծ իրադարձություն էր Սանկտ Պետերբուրգի մշակութային կյանքում: Այդ հսկայածավալ ծրագիրը կյանքի էր կոչվել Հրաչյա Պողոսյանի անունը կրող բարեգործական հիմնադրամի կողմից՝ Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովի աջակցությամբ:
Վերջին երկու տարվա ընթացքում շատ բան է տեղի ունեցել թանգարանի կյանքում. այստեղ ավելացել են քաղաքի եւ երկրի պատմության համար նշանակալի նոր ցուցանմուշներ, թանգարանի կոլեկտիվն իր հարկի տակ հյուրընկալել է տասնյակ հազարավոր հյուրեր՝ քաղաքի բնակիչներ, դպրոցականներ, վետերաններ, պետական եւ հասարակական կազմակերպությունների ղեկավարներ եւ գործիչներ:
Իսկ այս տարվա գարնանը թանգարանում հյուրընկալվեց Վլադիմիր Պուտինի դասղեկ եւ գերմաներենի ուսուցչուհի Վերա Գուրեւիչը: Նա իր գնահատանքը հայտնեց Հրաչյա Պողոսյանին՝ նվիրելով Պուտինի պատկերով գոբելեն՝ պատի կախազարդ գորգ, իսկ Հրաչյա Պողոսյանը, ի պատասխան՝ ուսուցչուհուն նվիրեց իր անունը կրող բարեգործական հիմնադրամի տպագրած գրքերն ու իրականացված նախագծերի մասին արժեքավոր հրատարակություններ: Այս հանդիպումը դարձավ մի անկրկնելի մշակութային իրադարձություն, որի ընթացքում ներկայացվեց նաեւ Հրաչյա Պողոսյանի կողմից իրականացված «Մեր դպրոցի հերոսները» ծրագիրը՝ հուշատախտակների տեղադրում ՌԴ եւ ԱՊՀ երկրների կրթական հաստատություններում՝ նվիրված նշանավոր մանկավարժներին եւ շրջանավարտներին: Այսօր արդեն ավելի քան 25 նման նախագիծ է իրականացվել:
Հրաչյա Պողոսյանի այս տարվա այցը Հայաստան եւս լի էր խորիմաստ եւ ազգային արժեքներով լի հանդիպումներով: Նա հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման նախագահ Սիմոն Եսայանի հետ՝ նրան նվիրելով նոր հրատարակված «Էստոնական հողի վրա զոհված հայ մարտիկները (1941-1945 թթ.)» ալբոմը, որը հրատարակվել էր «Հրաչյա Պողսյան» հիմնադրամի միջոցներով: Պարոն Պողոսյանի աջակցությամբ նաեւ ստեղծվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը Երեւանում, որի կենտրոնում տեղադրվեց Հովհաննես Բաղրամյանի բրոնզե կիսանդրին, որը մեր հայրենակցի նախաձեռնությամբ Ռոստովում պատճենվել եւ կրկնօրինակը տեղափոխվել է Հայաստան: Ի դեպ, Բաղրամյանի ժառանգները այն համարեցին երբեւէ ստեղծված լավագույն պատճենը:
Այս նվիրումի համար Հրաչյա Պողոսյանն արժանացավ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի պաշտոնական շնորհակալագրին, ինչպես նաեւ «ԱՊՀ երկրների վետերանների համագործակցություն» միջազգային միության մեդալի:
Հրաչյա Պողոսյանի անցած ուղին հայրենասիրության, աշխատասիրության եւ պարտաճանաչության փայլուն օրինակ է, նա ամենուր իրեն դրսեւորում է որպես բանիմաց եւ պատասխանատու մարդ, նրա բոլոր ձեռնարկումները ուղղված են մեկ նպատակի՝ հանուն մարդու եւ մարդկության: Որպեսզի աշխարհում գիրիշխի սերը, բարությունը եւ միշտ հիշվեն լավ մարդկանց լավ գործերը:
Մեր պատվարժան հայրենակցի 55-ամյա հոբելյանին ընդառաջ Սանկտ Պետերբուրգում վերջերս ստեղծվել է երաժշտական հոլովակ, որը ներկայացնում է Հրաչյա Պողոսյանի անցած ուղին, կյանքի կարեւոր փուլերն ու բարեգործական առաքելության նշանակալից դրվագները:
Հոլովակի երաժշտությունը հեղինակել է տաղանդավոր կոմպոզիտոր Լեոնիդ Լեւաշկեւիչը, երգի խոսքերի հեղինակը բանաստեղծուհի Տատյանա Տիմոֆեեւան է, իսկ երգը կատարել է ճանաչված երգիչ Ալեքսանդր Պախմուտովը: Նրա հուզիչ ու անկեղծ ձայնը տեսահոլովակին հաղորդել է հուզական առանձնահատուկ խորը շունչ:
Այդ տեսահոլովակը շատերի համար դարձավ ոչ միայն գնահատանքի խոսք, այլեւ ոգեշնչող պատմություն՝ մի մարդու մասին, որն ապրում է ուրիշների հոգսերով:
Նորանոր բարձունքներ եւ նվաճումներ ցանկանալով մեր հարգարժան հայրենակցին՝ եւս մեկ անգամ շնորհավորում ենք նրա հոբելյանը:
ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ
ՌԴ-ում «Ազգ»-ի հատուկ թղթակից