Մեր թերթը բազմիցս, ամենատարբեր առիթներով, եւ ընդ որում՝ մեծագույն հարգանքով անդրադարձել է պետերբուրգաբնակ մեր ճանաչված հայրենակից, պրպտուն մտքի տեր եւ յուրօրինակ ու աննախադեպ մտահղացումներ կյանքի կոչող բարերար եւ հասարակական գործիչ Հրաչյա Պողոսյանի գործունեությանը։ Նա համընդհանուր հարգանքի եւ մեծագույն գնահատանքի արժանի սիրելի անձնավորություն է, որն այսօր հայտնի է Հայաստանում, Ռուսաստանում եւ աշխարհի բազմաթիվ անկյուններում։ Մարդ, որի անունն առաջին հերթին առնչվում է չափազանց Աստվածահաճո եւ դրվատելի մի առաքելության՝ բարեգործության հետ։
Հրաչյա Պողոսյանն արդեն երկար տարիներ հայ-ռուսական բարեկամության եւ երկկողմ հարաբերությունների ամրապնդման ու սերտացման ջատագովն է եւ մարմնացումն է պատվախնդիր հայի, որը ճակատագրի բերումով ապրելով եւ աշխատելով հայրենիքից հեռու, ոչ միայն բարձր է պահում ազգային արժեքներն ու հայի անունը, այլեւ հոգով ու սրտով իր ժողովրդի հետ է։
Պետերբուրգցիները նրան համարում են իրենց «մարդը», իրենց քաղաքի այն իրական հերոսը եւ եզակի անձնավորությունը, որն արդեն երկար տարիներ գործուն մասնակցություն է ունենում քաղաքի գրեթե բոլոր բնագավառների կարեւորագույն իրադարձություններում, դժվարին պահերին ձեռք է մեկնում եւ նեցուկ կանգնում օգնության կարիք զգացողներին։
Ընդհանուր առմամբ, Հրաչյա Պողոսյանի եւ նրա բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ ստեղծվել եւ վերականգնվել են ավելի քան 250-ից ավելի հոգեւոր, մշակութային եւ պատմական նշանակություն ունեցող հուշարձաններ, որոնցից հարյուրն առնչվում են հայկականությանը, հայոց պատմության կարեւորագույն ու հիշատակության արժանի էջերին եւ կյանքի են կոչվել ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։ Մեր հայրենակցի պրպտուն մտահղացումների արդյունքում իրականացվել եւ կյանքի են կոչվել նաեւ Հայրենական մեծ պատերազմի հերոսներին եւ իրադարձություններին նվիրված 120-ից ավելի հուշարձաններ ու նախագծեր, իսկ մի մասն էլ իրականացման փուլում են։ Հրաչյա Պողոսյանի մտահղացմամբ ու աջակցությամբ հրապարակվել են տասնյակ գրքեր եւ ամսագրեր, նկարահանվել են մի շարք մեծարժեք եւ ուսուցողական վավերագրական ֆիլմեր։
Այս բարդ ու դժվարին օրերին, երբ իր համար վաղուց հարազատ դարձած երկու պետությունները՝ իր երկու հայրենիքներ Հայաստանն ու Ռուսաստանը տարբեր փորձություններով լի ժամանակներ են ապրում, Հրաչյա Պողոսյանը ջանում է իր նոր գործերով, իր անձնական օրինակով հեռու վանել չարությունը, նախանձն ու երկերեսանիությունը եւ ամենուրեք գերիշխող դարձնել սերը եւ բարությունը։ Իսկ ես շտապեմ հայտնել այս օրերին ռուսական լրատվամիջոցները հեղեղած մի ուրախալի լուրի մասին։
Ապրիլի 13-ին ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքի Օրենսդիր ժողովում հանդիսավորապես հրապարակվեց մի աննախադեպ որոշում, որի համաձայն՝ պետերբուրգաբնակ մեր ճանաչված հայրենակից Հրաչյա Պողոսյանի անունը կրող բարեգործական հիմնադրամն արժանացավ Սանկտ Պետերբուրգի պատվավոր բարերար տիտղոսին։ Ասում ենք աննախադեպ, քանի որ «Հրաչյա Պողոսյան» բարեգործական հիմնադրամը քաղաքի պատմության մեջ դարձավ առաջին իրավաբանական միավորումը, որին շնորհվեց նման կոչում։
Հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Մարիինյան պալատում։ Հիմնադրամի նախագահ Հրաչյա Պողոսյանին պարգեւը հանձնեց Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի նախագահ Ալեքսանդր Բելսկին։
«Այսօր մեր երկիրը նշում է հովանավորի եւ բարերարի օրը»,- ներկաներին դիմեց պարոն Բելսկին։ -Այս տոնը երկրորդ, ոչ պաշտոնական անունն ունի՝ Շնորհակալության օր։ Եվ ես ուզում եմ հարգարժան Հրաչյա Պողոսյանին ասել, որ շատ շնորհակալ եմ նրա ղեկավարած թիմի կատարած աշխատանքից։ Հրաչյա Պողոսյանի եռանդուն ջանքերով տեղադրվել եւ վերականգնվել են մեծ թվով խորհրդանշական վայրեր, այդ թվում՝ Արիության հրապարակում գտնվող հուշարձանը եւ Ալեքսանդր Նեւսկու վանական համալիրում Ֆյոդոր Դոստոեւսկու գերեզմանի հուշարձանը։ Հիմնադրամի գործունեությունը գնահատել են առաջին հերթին մեր քաղաքի բնակիչները եւ հասարակական կազմակերպությունները։ Դուք, պարոն Պողոսյան, օրինակ եք Սանկտ Պետերբուրգի բոլոր ձեռնարկատերերի համար եւ բարի գործեր եք կատարում ոչ թե գովասանքներ կորզելու համար, այլ՝ միմիայն ի շահ մարդկանց։ Շնորհակալություն ձեզ բոլոր պատգամավորներից, անձամբ ինձնից եւ մեր քաղաքի յուրաքանչյուր բնակչից։
– Ես շատ ուրախ եւ հպարտ եմ այդ բարձր տիտղոսին արժանանալու համար,- ելույթին արձագանքեց հիմնադրամի նախագահ Հրաչյա Պողոսյանը։ -Ես իմ երախտագիտությունն եմ հայտնում Օրենսդիր ժողովի պատգամավորներին եւ անձամբ ձեզ, Ալեքսանդր Նիկոլաեւիչ, որ այդքան կարճ ժամանակում կարողացաք ուսումնասիրել իմ գործունեությունը եւ ինձ պատվել այդքան բարձր կոչումով։ Ես ուզում եմ երախտագիտության խոսքերս ուղղել պաշարված Լենինգրադի բնակիչներին եւ նրանց սերունդներին, նրանք իմ կողքին էին լենինգրադյան հողում իմ առաջին օրերից։ Շնորհակալ եմ հոգեւորականներին՝ իմ աշխատանքը օրհնելու համար, իմ ընտանիքին, ընկերներիս, թիմին եւ բոլոր նրանց, ովքեր աջակցել են ինձ այս տարիների ընթացքում։ Ինձ համար առանձնահատուկ նշանակություն ունի այն փաստը, որ ես Պետերբուրգի պատվավոր հովանավոր եմ դարձել Պետրոս Առաջինի 350-ամյակի տարում։ 2013-ին ես վերստեղծեցի Պետրոս Առաջինի առաջին հուշարձանը, որը կառուցվել էր մասնավոր միջոցներով` պուտիլովյան քարհատներ Սպիրիդոնովների ընտանիքների կողմից։ Նախքան կայսեր հուշահամալիրը վերստեղծելը, ես գտա, թե որտեղ է հանգչում Սպիրիդոնովների ընտանիքը եւ վերականգնեցի նրանց ընտանեկան գերեզմանը։ Ես երախտապարտ եմ Սանկտ Պետերբուրգին, որ բացեց իր «գաղտնի դռներն» ինձ համար եւ թույլ տվեց դիպչել պատմությանը, հավերժացնել մեծ մարդկանց եւ կարեւոր իրադարձությունների հիշատակը։ Շնորհակալություն։
Արժե հիշատակել, որ «Հրաչյա Պողոսյան» բարեգործական հիմնադրամի թեկնածությունը քաղաքային խորհրդարանի քննարկմանն էին ներկայացրել Սանկտ Պետերբուրգի պատերազմի վետերանների (թոշակառուներ, հաշմանդամներ) հասարակական կազմակերպությունը՝ նախագահ Վասիլի Վոլոբուեւ, Զինված ուժերը եւ իրավապահ մարմինները։
Ռուս ուղղափառ եկեղեցու քահանա Ալեքսանդր Պրոկոֆեւը, Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր հովիվ Տ. Եփրեմ Զարգարյանը, Սանկտ Պետերբուրգի «Պաշարված Լենինգրադի բնակիչները» կազմակերպության նախագահ Ելենա Տիխոմիրովան, գեներալ-լեյտենանտ Վյաչեսլավ Սուխարեւը, «Փաստարկներ եւ փաստեր» հրատարակչության գլխավոր տնօրեն Ալինա Կլիմենկոն եկել էին շնորհավորելու Պատվավոր բարերարի բարձր տիտղոսին արժանացած Հրաչյա Պողոսյանին։
Արարողության ընթացքում Ալեքսանդր Բելսկին Հրաչյա Պողոսյանին հանձնեց պատվոգիր եւ հուշանշան՝ Սանկտ Պետերբուրգի զինանշանով։
Իսկ Սանկտ Պետերբուրգի Պատվավոր բարերարը, որ մեր ուսումնասիրություններով՝ իր կատարած արժեքավոր բարեգործությունների ծավալով համարվում է անգերազանցելի հայ համայնքում, արդեն նախատեսում է նոր բարեգործական ծրագրեր։
Հաջորդ շաբաթ Սանկտ Պետերբուրգի արխիվային կոմիտեում տեղի կունենա Լենինգրագի բլոկադայի հետ առնչվող մի կարեւոր գրքի շնորհանդեսը։ Հրաչյա Պողոսյան հիմնադրամը ֆինանսավորել է այդ գրքի հրատարակումը մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, հումանիտար գիտությունների ակադեմիայի իսկական անդամ Իրինա Կոլեսնիկովայի խնդրանքով։ Այս եզակի հրատարակությունն առաջին անգամ ներկայացնում է պաշարված Լենինգրադի նախադպրոցական հաստատությունների, դպրոցների եւ մանկատների կյանքի ամբողջական պատկերը։
Նախատեսվում է հուշատախտակ բացել նաեւ քաղաքի թիվ 193 դպրոցում։ Միջոցառումը կանցկացվի «Մեր դպրոցի հերոսները» հիմնադրամի ծրագրի շրջանակներում։ 2020 թվականից բարերարն իրականացնում է մի ծրագիր, որի էությունը ականավոր շրջանավարտների եւ դպրոցի ուսուցիչների անունները հավերժացնելն է։ Նման տախտակներ արդեն տեղադրվել են Սանկտ Պետերբուրգի մի շարք դպրոցների թանգարաններում։
Հանրության ջերմ սերն ու հարգանքը վայելող բարերարի եւ իր անունը կրող բարեգործական հիմնադրամի կողմից երկար տարիների ընթացքում իրականություն դարձած գործերը վերաբերում են մեր կյանքի բոլոր ոլորտներին։ Հրաչյա Պողոսյանի անչափ ուշադիր եւ զննող հայացքից երբեք չի վրիպում մեր կյանքի եւ ոչ մի կարեւոր մանրամասն, որի արդյունքը բազմաթիվ բարեգործական մտահղացումներն են, որոնք նա կյանքի է կոչել։
Այսօր արդեն Սանկտ Պետերբուրգի Պատվավոր բարերարի տիտղոսակիր Հրաչյա Պողոսյանի անցած ուղին հայրենասիրության, աշխատասիրության եւ պարտաճանաչության փայլուն օրինակ կարող է ծառայել երիտասարդ սերնդին, նա ամենուր իրեն դրսեւորում է որպես բանիմաց եւ պատասխանատու մարդ, նրա բոլոր ձեռնարկումները ուղղված են մեկ նպատակի՝ հանուն մարդու եւ մարդկության։ Որպեսզի աշխարհում գիրիշխի սերը, բարությունը եւ միշտ հիշվեն լավ մարդկանց լավ գործերը։
ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ
Մոսկվայում «Ազգ»-ի հատուկ թղթակից