Ապրիլի 9-ին Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցավ մեր հայրենակից, ճանաչված բարերար եւ հասարակական գործիչ Հրաչյա Պողոսյանի կյանքի եւ գործունեության մասին պատմող «Մեր հիշողության հովանավորը» գրքի շնորհանդեսը:
Միջոցառումն սկսվեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի: Այդ առթիվ Վլադիմիրի տաճարի հոգեւորական, քահանա Անտոնի Մալախովսկին եւ Միխայլովսկու թատրոնի մեներգչուհի Իրինա Նեկլյուդովան՝ ակորդեոնահար Ալեքսեյ Վինոգրադովի նվագակցությամբ կատարեցին «Կռունկներ» երգը:
«Մեր հիշողության հովանավորը» գիրքը հանրությանը ներկայացրեց «Կոմսոմոլսկայա պրավդայի» մեդիա խումբը: Շնորհանդեսը վարում էր նույն մեդիա խմբի ռադիոհաղորդավար Օլգա Մարկինան:
«Կոմսոմոլսկայա պրավդա» հրատարակչության կողմից լույս ընծայված գիրքը, որի հեղինակն է Անտոն Ռատնիկովը, պատմում է Հայաստանի Ագարակ փոքրիկ գյուղում մեծացած հայ տղայի՝ տարիներ անց արդեն Սանկտ Պետերբուրգի պատվավոր հովանավոր Հրաչյա Պողոսյանի կյանքի ուղու մասին՝ մանկություն, ուսում, ընտանիք, հասարակական գործունեություն, բարեգործություն, ճանաչում…
Հրաչյա Պողոսյանը 25 տարվա բարեգործական գործունեության ընթացքում աշխարհի 14 երկրներում իրականացրել է ավելի քան 400 ծրագիր, որոնցից 200-ը նվիրված են Հայրենական մեծ պատերազմի հերոսներին եւ իրադարձություններին:
Ի դեպ, ճանաչված բարերարի կյանքի եւ գործունեության մասին յուրօրինակ եւ ինքնատիպ գիրք պատրաստելու նպատակով «Կոմսոմոլսկայա պրավդայի» սանկտպետերբուրգյան մասնաճյուղի ստեղծագործական խումբն անցյալ տարվա ամռանը Հայաստանում էր:
«Երկրագնդի վրա չկա որեւէ այլ երկիր, որն այնքան լի լինի հրաշքներով, որքան հայերի երկիրը». վկայակոչելով անգլիացի նշանավոր բանաստեղծ, հայ ժողովրդի բարեկամ Ջորջ Բայրոնի այս խոսքերը՝ ռուսական պարբերականն իր կողմից հավելել էր՝ «Անհնար է վիճել անգլիացի բանաստեղծի հետ, քանզի «Կոմսոմոլսկայա պրավդայի» պատվիրակությանը բավական է եղել Հայաստանում մնալ ընդամենը չորս աշխատանքային օր, որպեսզի հաստատի այդ խոսքերը՝ Հայաստանում, իրոք, հրաշքներ կան: Ավելին, այստեղ դրանք մշտական են, ինչպես Արարատ լեռան տեսարանը»:
Ռուսական պարբերականի ստեղծագործական խումբը չորս օրերի ընթացքում շրջել էր Հայաստան աշխարհի բազմաթիվ տեսարժան վայրերով, եղել շատ ու շատ բնակավայրերում, այդ թվում նաեւ Հրաչյա Պողոսյանի հայրենի Ագարակ գյուղում եւ ամենուրեք ականատես եղել ճանաչված բարերարի, մեծ հայրենասերի եւ հայ ժողովրդի արժանի զավակի կյանքի կոչած տասնյակ ու տասնյակ բարեգործական ծրագրերին:
«Կոմսոմոլսկայա պրավդայի» ներկայացուցիչները անձամբ համոզվել են, որ Հայաստանում իրենք ասես տանը լինեն, փողոցներում հաճախ կարելի է լսել ռուսերեն խոսք, տեղացիներից շատերը կարողանում են ազատ հաղորդակցվել ռուսերենով»:
Գրքի հեղինակն անդրադարձ կատարելով Հրաչյա Պողոսյան մարդու եւ բարեգործի կերպարին՝ նշել է, որ Սանկտ Պետերբուրգում նրան շատերն են ճանաչում, իսկ Հայաստանում ճանաչում են գրեթե բոլորը: Հրաչա Պողոսյանի գործերը բազմազան են, մեկը մյուսից տարբեր, բայց բոլորի շարժիչ ուժը մեկն է, ինչը եւ բխում է բարերարի հոգուց եւ սրտից՝ հարգանքը դեպի մեր անցյալի թանկ հիշատակներն ու հիշողությունները, սերը դեպի մարդը: Եվ այս ոգով՝ Պողոսյանը բացել է հուշարձաններ եւ հուշատախտակներ, կանգնեցրել հուշահամալիրներ՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմին:
Գիրքը ներկայացնողները նշեցին, որ անցյալ տարվա հունիսին Սանկտ Պետերբուրգոմ հանդիսավորությամբ անցկացված «Լրատվամիջոցների տարվա մարդ» մրցանակաբաշխության ժամանակ Հրաչյա Պողոսյանը հաղթող է ճանաչվել «Մեր հիշողության հովանավորը» անվանակարգում:
Բազմաթիվ անվանի եւ ճանաչված խմբագիրներ այդ օրը նշել էին, որ եթե քաղաքում, երկրում եւ աշխարհում Հրաչյա Պողոսանի նման մարդիկ գոնե տասը տոկոսով շատ լինեին, ապա հասարակությունը կապրեր ուրախ ու երջանիկ:
Գրքի շնորհանդեսին իրենց բարեմաղթանքներով եւ շնորհավորանքներով հանդես եկան քաղաքային վարչակազմի եւ Լենինգրադի մարզի ներկայացուցիչներ, Խորհրդային Միության մարշալների ժառանգներ, պաշարված Լենինգրադի բնակիչների, ինչպես նաեւ վետերան կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Միջոցառմանը ներկա էին Հրաչյա Պողոսյանի հարազատներն ու ընկերները, նրա կինն ու երեխաները: Ի դեպ, գրքի շապիկին պատկերված է Պողոսյանի 8-ամյա որդին՝ Գրիգորին: Տղան նշեց, որ իր համար ամենանշանակալի նախագիծը հայրիկի առաջին ծրագիրն էր՝ կանգառը հայրենի Ագարակ գյուղում:
Ըստ Գրիգորիի ուսուցչի՝ Դարիա Ալեքսանդրովնայի պատմածի, բոլորն իմացել են, որ Գրիգորին դասի ժամանակ պատմել է իր հոր եւ Ագարակ գյուղի իր սիրելի կանգառի մասին: Պատմությունն այնքան տպավորել էր դասընկերներին, որ նրանք սկսել են քննարկել, թե ինչ կցանկանային անել, երբ մեծանան եւ աշխատեն իրենց առաջին գումարը:
Անչափ անկեղծ եւ հուզիչ էր նաեւ Սանկտ Պետերբուրգի պատվավոր հովանավոր Հրաչյա Պողոսյանի խոսքը.
«Երբ սկսեցի զբաղվել բարեգործությամբ, երբեք չէի մտածում, որ դա մի օր կկոչվի բարեգործություն, չէի մտածում, որ իմ բարեգործական հիմնադրամը մի օր կարժանանա «Սանկտ Պետերբուրգի պատվավոր հովանավոր» կոչմանը, որ իմ գործերը կարժանանան հանրության ջերմ սիրուն եւ գնահատանքին: Աշխարհը կառուցված է եւ կանգուն է լավ մարդկանց շնորհիվ. շնորհակալ եմ, որ նրանք կան եւ ինձ հետ են այսօր»:
«Մեր հիշողության հովանավորը» գիրքը գրվել է Լենինգրադի շրջափակումից ամբողջական ազատագրման 80-ամյակի շրջանակներում:
Ուշագրավ է նաեւ այն փաստը, որ միջոցառումը տեղի է ունեցել Ռուսաստանում ապրիլի 13-ին նշվող հովանավորի եւ բարերարի օրվան ընդառաջ:
«Կոմսոմոլսկայա պրավդա» մեդիա խմբի գլխավոր տնօրեն Իրինա Ժեգլովան եւ գրքի հեղինակ Անտոն Ռատնիկովը գրքի լուսընծայման առիթով ուշագրավ գրառում են կատարել. «Այս գիրքը կարդալուց հետո ոչ միայն կճանաչեք Հրաչյա Միսակովիչին, այլեւ ավելի իմաստուն կդառնաք, ավելի բարի կլինեք, կհավատաք այն հրաշքներին, որոնցով պատված է այս մարդու կյանքը բոլոր կողմերից: Եվ մենք հավատացինք այդ հրաշքներին՝ հատկապես, երբ գնացինք Հայաստան, որտեղ ծնվել է մեր հերոսը:
Անկասկած՝ սա պետք է լիներ գեղեցիկ նկարազարդումներով մի վեհ, գեղեցիկ, լուսավոր եւ բարություն ճառագող գիրք՝ ինչպիսին Հրաչյա Պողոսյան մարդու բարի եւ լուսավոր կերպարն է»:
Երբ հոդվածն արդեն պատրաստ էր տպագրության՝ ուրախությամբ տեղեկացանք, որ Հրաչյա Պողոսյանը պարգեւատրվել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովի շնորհակալագրով.
Հիշեցնենք, որ 2023 թվականին Հրաչյա Պողոսյանի անունը ներառվել է «Ռուսաստանի ոսկե անունների» գրանցամատյանում:
Շնորհավորում ենք մեր պատվարժան հայրենակցին Սանկտ Պետերբուրգի նահանգապետի կողմից ըստ արժանվույն գնահատվելու համար:
ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ
Մոսկվայում «Ազգ»-ի հատուկ թղթակից