Պետերբուրգաբնակ մեր հայրենակից, ճանաչված հասարակական գործիչ եւ բարերար Հրաչյա Պողոսյանի մշտապես պրպտող ու սրաթռիչ մտքի արդյունքում կյանքի են կոչվել մեկը մյուսից ինքնատիպ ու աննախադեպ հարյուրավոր ծրագրեր: Յուրաքանչյուր գործ Հրաչյան անում է սիրով, նվիրումով եւ մեծ պատրաստակամությամբ: Նա ամենեւին ջանքեր չի թափում աչքի ընկնելու եւ իր շրջապատի համակրանքը շահելու համար, սակայն ինչ գործ էլ ձեռնարկում ու ավարտին է հասցնում՝ միանգամից արժանանում է հանրության ջերմ վերաբերմունքին եւ գնահատանքին, քանզի նրա անսահման սիրով լեցուն սիրտը բաբախում է մարդկանց ուրախություն պարգեւելու համար:
Հայրենիքում իր բազմաթիվ բարեգործական ծրագրերով հայտնի մեր հայրենակցի անունը վերջերս կրկին հայաստանյան մամուլի գլխագրերում էր: Այս անգամ՝ Հրաչյա Պողոսյանը հայ գրականության սիրահարների եւ արվեստասեր հանրության ուշադրության կենտրոնում էր հայտնվել չափազանց հետաքրքրական մի իրողության առիթով: Բարերարի ջանքերի շնորհիվ հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի տուն-թանգարանը անգնահատելի նվեր ստացավ: Հայաստանի ժողովրդական նկարիչ, Սայաթ-Նովայի դիմանկարի ստեղծող Հրաչյա Ռուխկյանի (1915-1992թթ.) վրձնին պատկանող չարենցյան դիմանկարը, որ պահվում էր մասնավոր հավաքածուներում՝ հանվել էր վաճառքի: Այն ձեռք է բերել բարերար Հրաչյա Պողոսյանը, եւ Եղիշե Չարենցի 125-ամյակի առիթով օգոստոսի 5-ին նվիրաբերել մեծ բանաստեղծի տուն-թանգարանին՝ այդպիսով արվեստի բացառիկ նմուշ հանդիսացող մեծարժեք կտավը փրկելով հետագա դեգերումներից:
Հանդիսավոր միջոցառման մեկնարկը տրվեց օգոստոսի 5-ին Եղիշե Չարենցի հուշարձանի մոտ:
Մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին մեր ժողովրդի ազատատենչ պայքարում զոհված զինվորների հիշատակը:
Ներկա էին մշակույթի, հասարակական-քաղաքական եւ զինվորական բնագավառների ներկայացուցիչներ, Հայաստան էին ժամանել հյուրեր Մոսկվայից, Սանկտ-Պետերբուրգից եւ Եկատերինբուրգից:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային գրասենյակի տնօրեն Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը հոգեհանգստի աղոթք կատարեց՝ ի հիշատակ Եղիշե Չարենցի: Ապա բոլոր ժամանակների մեր մեծագույն բանաստեղծի հուշարձանի մոտ խոնարհվեցին ծաղիկներ եւ տեղադրվեցին գեղեցիկ ծաղկեզամբյուղներ՝ Չարենց ընտանիքի կողմից գրողի թոռնուհին՝ Գոհար Չարենցը, Եղիշե Չարենցի տուն թանգարանի կողմից՝ տնօրեն Ժաննա Մանուկյանը, Թեքեյան մշակութային միության կողմից՝ Ռուբեն Միրզախանյանը, ՀՀ ՊՆ N զորամասի անձնակազմի անունից՝ հրամանատար Անդրանիկ Պողոսյանը, բարերար Հրաչյա Պողոսյանը՝ ընտանիքի հետ:
Այնուհետեւ Եղիշե Չարենցի տուն-թանգարանում տեղի ունեցավ Չարենցի դիմանկարի հանդիսավոր հանձնումը:
Այստեղ, հանդիսավոր պայմաններում, եւ բանաստեղծական մթնոլորտում հանդես եկավ ասմունքի հանրապետական մրցույթի հաղթող, Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ուսանող Սարգիս Մելքոնյանը: Ներկաները մեծագույն սիրով ունկնդրեցին շնորհալի երիտասարդի «Մորս համար գազել» չարենցյան հայտնի ստեղծագործությունը:
Այնուհետեւ ելույթ ունեցան թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը, բանաստեղծի թոռնուհի Գոհար Չարենցը, բարերար Հրաչյա Պողոսյանը եւ այլ պատվավոր հյուրեր:
Պաշտոնական մասին հաջորդեց «չարենցյան» հյուրասիրություն:
Հրաչյա Պողոսյանը պատմեց, որ կտավը գնելուն պես որոշել է այն նվիրել տուն-թանգարանին, որպեսզի հանրության լայն շրջանակն այն տեսնելու հնարավորություն ունենա: «Շատ էի ցանկանում Չարենցի 125-ամյա հոբելյանի շրջանակում գրողին նվիրված որեւէ միջոցառում նախաձեռնել: Որոշեցինք հուշարձանի մոտ ծաղիկներ խոնարհել, իսկ տուն-թանգարանում հյուրերը կարող են վայելել այն ուտեստները, որոնք սիրել է Չարենցը»,- ասաց Պողոսյանը՝ ընդգծելով, որ երբեմն վերընթերցում է մեծն Չարենցի ստեղծագործությունները եւ շնորհակալ է իր բոլոր ուսուցիչներին, որոնց շնորհիվ մեծ սեր է տածում գրողի նկատմամբ:
Այդ օրը ներկաները ծանոթացան նաեւ Հրաչյա Պողոսյան ճանաչված բարերարի եւ մեծ հայրենասերի գործունեությանը: Նշվեց, որ Հրաչյա Պողոսյանի եւ նրա բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ ամբողջ աշխարհում ստեղծվել եւ վերականգնվել են ավելի քան 300 հոգեւոր, մշակութային եւ պատմական նշանակություն ունեցող հուշարձաններ, որոնցից 100-ը՝ հայկական: Մեր հայրենակցի բարեգործության շրջանակն ընդգրկում է այսօր արդեն 14 երկիր: Աշխարհի որ անկյունում էլ իրականացրել է իր հերթական մտահղացումը՝ արել է սիրով ու նվիրումով եւ հայ ժողովրդի արժանի զավակի բոլոր ձեռնարկումները արդյունք են տարիների նրա տքնաջան աշխատանքի:
Բարեգործական ծրագրեր իրականացրած երկրների հետ կապը Հրաչյա Պողոսյանի համար շարունակական է: Պողոսյանի բարեգործական գործունեությունը Ղազախստանում սկսվել է 2017 թվականից: Մայիսի 31-ին այդ երկրում ավանդաբար նշվում է քաղաքական բռնաճնշումների զոհերի օրը: Անցյալ տարի, այդ տարելիցի նախօրյակին, Ղազախստանի Ակմոլայի մարզի նախկին համակենտրոնացման ճամբարի տարածքում, որտեղ իրենց պատիժն էին կրել հայրենիքի «դավաճանների» կանայք, Հրաչյա Պողոսյան բարեգործական հիմնադրամի կողմից օրհնությամբ կատարված եւ տեղադրված քրիստոնեական խաչերի մոտ անցկացվեցին հիշատակի միջոցառումներ, որոնց ներկա էին բազմաթիվ երեւելի դեմքեր: Ներկաները բազմաթիվ երախտիքի եւ գնահատանքի խոսքեր ուղղեցին Ղազախստանում մի շարք կարեւոր ծրագրեր կյանքի կոչած պետերբուրգցի բարերարի հասցեին:
Համակենտրոնացման ճամբարը գտնվելով Ակմոլինսկ քաղաքից (այժմ՝ Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթան) ոչ հեռու, այն պաշտոնապես կոչվել է 26-րդ կետ եւ իր գոյության 15 տարիների ընթացքում ընդունել է ավելի քան քսան հազար կին ԽՍՀՄ-ի ողջ տարածքից: Նրանցից մեկուկես հազարը բռնադատվեցին Լենինգրադից: Ընդհանրապես, ղազախստանյան այցելություններն ու այնտեղ 1938-1953 թվականներին տեղի ունեցած ողբերգական ու սահմռկեցուցիչ իրադարձությունները ծանր տպավորություններ են թողել Հրաչյա Պողոսյանի վրա:
Ղազախստանի «Առլան» ռազմահայրենասիրական կենտրոնի տնօրեն Ամանժոլ Ուրազբաեւը նրան էր հանձնել է բռնաճնշումների ենթարկված ավելի քան 80 հայ կանանց ցուցակ, որոնք զոհվել են Աքմոլայի ճամբարում: Ի դեպ, 1937-ին Եղիշե Չարենցի ձերբակալությունից շատ չանցած, որպես ազգի թշնամու կին Ղազախստան էր աքսորվել նաեւ բանաստեղծի երկրորդ կինը՝ Իզաբելլան: Հրաչյա Պողոսյանը 2017 թ.-ին, Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի առաջնորդ Եզրաս արք. Ներսիսյանի օրհնությամբ խաչքար է տեղադրել այնտեղ:
Այս տարի, ի դեպ, «Հրաչյա Պողոսյան» բարեգործական հիմնադրամը բոլորում է իր գոյության 5-ամյակը, որի առթիվ «Արգումենտի ի ֆակտի» ռուսական հեղինակավոր պարբերականը մեծադիր էջերով անդրադարձել է ճանաչված բարերարի եւ նրա ղեկավարած բարեգործական հիմնադրամի գործունեությանը: Պետք է ասել, որ առաջին անգամը չէ, որ Հրաչյա Պողոսյանը դառնում է «Արգումենտի ի ֆակտի»-ի դեմքը: Իսկ այս տարվա ապրիլի 13-ին ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքի Օրենսդիր ժողովում հանդիսավորապես հրապարակվեց մի աննախադեպ որոշում, որի համաձայն՝ պետերբուրգաբնակ մեր ճանաչված հայրենակից Հրաչյա Պողոսյանի անունը կրող բարեգործական հիմնադրամն արժանացավ Սանկտ Պետերբուրգի պատվավոր բարերար տիտղոսին: Ասում ենք աննախադեպ, քանի որ «Հրաչյա Պողոսյան» բարեգործական հիմնադրամը քաղաքի պատմության մեջ դարձավ առաջին իրավաբանական միավորումը, որին շնորհվեց նման պատվավոր կոչում:
Հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Մարիինյան պալատում: Հիմնադրամի նախագահ Հրաչյա Պողոսյանին պարգեւը հանձնեց Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի նախագահ Ալեքսանդր Բելսկին:
Հրաչյա Պողոսյանը նշում է, որ Եղիշե Չարենցը մեծ համակրանք է տածել ռուս ականավոր գրող Ֆյոդոր Դոստոեւսկու ստեղծագործությունների հանդեպ եւ ինչ-որ տեղ էլ նման են այս երկու տաղանդավոր գրողների ճակատագրերը:
2021 թվականի նոյեմբերի 11-ին Ռուսաստանը եւ ամբողջ աշխարհը նշեցին ռուս մեծ դասական Ֆյոդոր Դոստոեւսկու ծննդյան 200-ամյակը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով տարեդարձին նվիրված միջոցառումներ տեղի ունեցան ամբողջ տարվա ընթացքում:
Ռուս գրող ու մտածող Ֆ. Դոստոեւսկու գործերը գիտեն ու գնահատում են ամբողջ աշխարհում: Նա մեծ դեր է ունեցել համաշխարհային գրականության եւ մարդու հոգեւոր զարգացման գործում եւ նրա կերպարը, նրա բարդ ու դժվարին կյանքը առանձնահատուկ տեղ է գրավել նաեւ «Հրաչյա Պողոսյան» բարեգործական հիմնադրամի գործունեության մեջ: Մեր հայրենակցի նախաձեռնությամբ եւ հովանավորությամբ վերականգնվել է Ալեքսանդր Նեւսկու մայր տաճարի Տիխվինյան գերեզմանատանը գտնվող գրողի տապանաքարը եւ իրականացվել են գրողի մասին հիշողության պահպանման լայնածավալ նախագծեր, ինչպես Սանկտ Պետերբուրգում, այնպես էլ Ղազախստանի Սեմեյ քաղաքում: Այդ մասին առավել մանրամասն եւ ամբողջական տեղեկատվությունը ընթերցողները կարող են ծանոթանալ Հրաչյա Պողոսյանի հովանավորությամբ հրատարակված Ֆ. Մ. Դոստոեւսկու ծննդյան 200-ամյակին նվիրված ծավալուն գրքում:
Մեր հայրենակիցը ֆինանսավորել է նաեւ անվանի գրողի 200-ամյակին նվիրված հուշամեդալների տպագրությունը:
Սանկտ Պետերբուրգի Պատվավոր բարերարի տիտղոսակիր Հրաչյա Պողոսյանի անցած ուղին հայրենասիրության, աշխատասիրության եւ պարտաճանաչության փայլուն օրինակ կարող է ծառայել երիտասարդ սերնդին, նա ամենուր իրեն դրսեւորում է որպես բանիմաց եւ պատասխանատու մարդ, նրա բոլոր ձեռնարկումները ուղղված են մեկ նպատակի՝ հանուն մարդու եւ մարդկության: Որպեսզի աշխարհում գիրիշխի սերը, բարությունը եւ միշտ հիշվեն լավ մարդկանց լավ գործերը:
ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ
Մոսկվայում «Ազգ»-ի հատուկ թղթակից