Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հրայր Տիարպէքիրեան. «Կը մաղթեմ, որ հայերն իրարու սիրեն եւ օգնեն»

07/04/2023
- 07 Ապրիլի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հրայր Տիարպէքիրեանը, յայտնի որպէս պարզապէս Հրայր, Լիբանանի արդի կերպարուեստի նշանաւոր դէմքերից է: Ծնուել է Բէյրութում, 1946-ին: 1959-ին ընդունուել է Լիբանանի Գեղարուեստի ակադեմիան՝ աշակերտելով ֆրանսիացի նկարիչ Անրի Ֆորտիէին: 1961-ից անհատական ցուցահանդէսներ է ունենում արաբական աշխարհում, Եւրոպայի երկրներում, Հիւսիսային եւ Հարաւային Ամերիկաներում եւ Ճապոնիայում: Արժանացել է մի շարք մրցանակների, այդ թւում՝ «Սորսոք» թանգարանի մրցանակին, Սան Պաուլուի բիենալէի (1969) եւ Իտալիայի կառավարութեան (1972) ոսկէ մեդալներին: Նրա ստեղծագործութիւնները գտնւում են մի շարք նշանաւոր գործիչների անհատական հաւաքածուներում, որոնցից են Անգլիայի թագուհի Եղիսաբէթ Բ-ը, Մոնակոյի արքայազն Ռենիեն, հոլիվուդեան հռչակաւոր դերասան Քըրք Դուգլասը եւ այլք…

Անցեալ յունուարին Հրայրն առաջին անգամ այցելեց Հայաստան: Մեր հանդիպումը տեղի ունեցաւ մեր ընդհանուր բարեկամ, ողջ կեանքը գալերիստ աշխատած Լիւսի Թոփալեանի ջերմ եւ հիւրընկալ, գեղարուեստաշունչ տանը…

–Հրա՛յր, բարի՛ տեսանք:

-Շատ շնորհակալ եմ: Ասի իմ առաջին ճամփորդութիւնս է Հայաստան, եւ շատ-շատ ուրախ եմ՝ ըլլալով Երեւան, որովհետեւ իմ մայրաքաղաքս է:

–Չնայած ձեր գործերը հոս յայտնուած են դեռ 1960-ական թուականներուն…

-Այո՛, 1967-ին կամ 1968-ին իմ «Annunciation» («Աւետում») թապլոս (նկարս) նուիրած էի Երեւանի թանգարանին, չեմ գիտեր՝ ո՛րն էր, կարծեմ՝ հին թանգարանն էր (նկատի ունի Ազգային պատկերասրահը – Ա. Բ.): Ինծի գիրք ղրկած էին, մէջը այդ գործս կար: Իմ առաջին նկարներէն էր, մանրանկարչութեան ոճով գծած էի: Ես սկիզբը շատ ազդուած եմ հին հայկական եւ բիւզանդական նկարչութենէն:

–Իսկապէս… ձեր գործերը շատոնց գիտեմ, իսկ ինթերնեթի գալով՝ աւելի շատ գիտցայ: Միշտ հիացած եմ՝ ձեր աշխատանքներուն մէջ շատ պլաստիկա եւ շարժում տեսնելով: Ձեր գծած ձիերուն, կիներուն գիծերը շատ պլաստիկ են: Եւ քանի որ ես պար շատ կը սիրեմ, միշտ խորհած եմ, թէ այս նկարիչը նոյնպէս պարէն հեռու մէկը չէ…

-Ճիշդ ես: Ես պարած եմ: Քիչիկ մը բալէ պարեցի Անի Դաբայի (լիբանանեան բալետի հիմնադիրներից Անի Դաբա-Օդաբաշեան – Ա. Բ.) քովը, վերջը քիչ մը ժամանակակից բալետով զբաղեցայ, բայց չշարունակեցի: Բայց ես կը սիրեմ պարել եւ երաժշտութիւնը կը զգամ: Պարելն ալ թապլօ ընելու պէս է: Երբ որ կը պարես, կարծես թապլօ կ՛ընես կոր: Գծելու ատենն ալ կարծես պարի շարժումներ կ՛ընես:

-Ֆրանսացի բեմադրիչ Ռենե Քլերը ըսած է. «Այսօր ես շարժանկարը տեսայ առաստաղին վրայ, մնաց միայն դիւրին գործ մը՝ նկարահանել»: Նոյնը կրնա՞նք ըսել ձեր նկարելու մասին:

-Ես ալ նկարը սկիզբէն կը տեսնեմ, դեռ չսկսած՝ ամբողջովին գիտեմ՝ ի՛նչ պիտի ըլլայ: Գլուխիս մէջ արդէն կայ՝ ծառ մը, փերսոնաժ մը, թէ ձի մը պիտի գծեմ: Ձին ալ շատ մօտ է ինծի, շատ սեմբոլիք (խորհրդանշական) է, ինծի համար փըրֆեքթ (կատարեալ) մէկն է, ամէն ինչ կայ մէջը՝ գեղեցկութիւն, ոյժ, գիծեր, շարժում, արեւ, կեանք, մեռնիլ (չէ՞ որ եթէ վրայէն իյնաս՝ կը մեռնիս): Իմ թեքնիքս ունիմ և փրոֆեշընըլ (արհեստավարժ) եմ, ամէն բան առաջուընէ գիտեմ, կը զգամ, կասկած չունիմ: Ատիկա իմ աշխարհս է:

–Լիբանանի մէջ մեծ թիւով ընտիր հայ նկարիչներ ունեցած ենք, որոնց մէկ մասը մնացած է համայնքին մէջ, մաս մըն ալ աշխարհի մէջ ճանչցուած է որպէս լիբանանցի նկարիչ: Դուք երկրորդէն էք: Ինչպէ՞ս կրցաք դուրս ելլել համայնքային շրջանակէն:

-Ինձի առաջարկներ եկան աշխարհի տարբեր գալըրիներէն (ցուցասրահներ): 70-ականներուն սկիզբը առաջին ելլալս Փարիզ եղաւ, վերջը՝ Յունաստան, ապա՝ Բրազիլ, Ամերիկա: Արաբները 1975-ի պատերազմի ատենը սկսան հետաքրքրուիլ ինձմով: Սաուդ Արաբիայի մէջ ցուցահանդէս չէր եղած, հրաւիրեցին, «Ինթերքոնթինենթալ» պանդոկին մէջ ըրին, ցուցահանդէսս բացաւ հիմակուան թագաւորը, որ այն ատեն իշխան էր: Բան մը կայ արուեստիս մէջ, որ տարբեր ազգերու սիրտին կը խօսի: Արաբները ըսին, որ գործերուս մէջ արեւելեան սփիրիթ (ոգի) կայ, ռուսերը ըսին, որ շատ ռուսական է, ռոմանթիք դարձուցած Ռուսիա մը կը տեսնեն, Բրազիլի մէջ ալ ըսին, որ նկարներս իրենց երկիրին գոյները ունին…

–Իսկ ըստ ձեզի, ինչպիսի՞ն է ձեր արուեստը՝ հայկակա՞ն, լիբանանեա՞ն, լիբանանահայկակա՞ն…

-Ես հայ եմ, եթէ հայ չըլլայի, գործս ասանկ չէր ըլլար: Բայց սկիզբը լիբանանցիներն ու արաբական երկիրներն ինծի շատ քաջալերեցին, մինչեւ որ Լիբանանի հայերն ինծի կը ճանչնային, որովհետեւ ես ոչ մէկ կուսակցութեան մէջ էի: Առաջին հայն էի, որ դուրս ելայ Լիբանանէն ու տարբեր տեղեր երկիրը ներկայացուցի:

–Հայ ուսուցիչներ ունեցե՞լ էք:

-Ես Պէյրութի ֆրանսական լիսէն գացած եմ: Բայց ծնողքս ինծի Փալանճեան ճեմարանը ղրկեցին, ուր հայերէն գրել-կարդալ սորվեցայ, յետոյ շաբաթը երկու անգամ հայերէն դաս կ՛առնէինք: Ես չորս տարի արքիթեքթիւր (ճարտարապետութիւն) ըրի. ատիկա ինծի շատ օգնեց: Կէսօրէ վերջ մինչեւ 4-ը զբաղած էի արքիթեքթիւրով, յետոյ գծել կը սորվէի Լիբանանի արուեստի աքատեմիին մէջ՝ մարդ գծել, կնոջ մարմինը գծել: Մարդ պէտք է բազ (հիմք) ունենայ, որ փրոֆեսիոնէլ նկարիչ ըլլայ. ատկէ ետքը կրնաս ընել՝ ինչ որ կ՛ուզես: Հիմա ով ըսես՝ կրնայ գոյներ դնել, նկար գծել, բայց եթէ ըսես փորթրէ (դիմանկար) մը գծէ՝ պիտի չկրնայ: Աքատեմիի մէջ մեզի կու գային մեծ արթիսթները՝ Փոլ Կիրակոսեան, Ժան Խալիֆէ, կը նայէին՝ ինչպէս կը գծենք, «գէշ չէ» կ՛ըսէին ու կ՛երթային: Բայց մէկ հատ ֆրանսացի եւ մէկ հատ ալ քանատացի փրոֆեսոր ունեցանք, որ մեզի լաւ սորվեցուցին՝ ի՞նչպէս նայինք, ի՞նչպէս ընենք: Անանկ որ հայ ուսուցիչ չեմ ունեցած: Ես արքիթեքթի պէս գիտեմ թապլոս գծել: Աքատեմիի վերջին տարին մրցում մը կար. Լիբանանի նախագահին նոր պալատին մէջ կ՛ուզէին երեք նիւթով գոբըլէններ ընել: Ժիւրին Ֆրանսայէն եկաւ, չեմ գիտեր՝ քանի՛ հարիւր հոգի մասնակցեցաւ մրցումին: Ես երեք գոբըլէնի մաքեթ ըրի, մէկ հատը՝ պատերազմ, ձիեր, մէկ հատը՝ լիբանանեան պէյզաժ (բնանկար), մէկ հատն ալ ճաշարանի համար էր, ուր որ մեծ ընթրիքներ կ՛ըլլան: Մէկ շաբաթ վերջը, երեք առաջին մրցանակը ես առի: Դեռ ուսանող էի, վերջին տարիս էր: Ասանկ մէկ գիշերուան մէջ յայտնի եղայ: Նոյն տարին «Սորսոք» միւզէումի (թանգարանի) առաջին մրցանակն առի: Ատկէ ետք ամէն մարդ ետեւէս ինկաւ: Ասանկ սկսայ, չչարչարուեցայ:

–Իսկ հնարաւո՞ր է միայն նկարչի գործով ապրիլ Լիբանանի մէջ:

-Դժուար է: Բայց ես լաւ ապրած եմ եւ լաւ կ՛ապրիմ, որովհետեւ յաջողեցայ: Պապաս հարուստ չէր, մամայէս ալ երբեք փող չառի:

–Ձեր Տիարպէքիրեան մականունը Տիարպէքիրի հետ կապ ունի՞:

-Այո՛, պապաս Տիարպէքիրէն էր: Պզտիկ տղայ՝ ջարդի ատենը կորսուեր է, որբ մնացեր է, ընտանիքը ամէն գացեր են Ֆրանսա, Ամերիկա, Եգիպտոս, Իրան, Իրաք, Արժանթին: Նիւ Եորքի մէջ եղած է Տիարպէքիրեան ֆոնտ (հիմնադրամ), Պուէնոս Այրէսի մէջ ալ՝ Տիարպէքիրեան տուն: Իսկ մամաս Եոզղաթէն է, ան ալ որբ էր: Մականունը Վարդանեան էր, բայց վերջը գիտցանք, որ ճիշդ մականունը Փեհլիվանեան է: Երեք քոյր եղած են, եղբայրը եւ հայրը սպաննած են, իր Նոյեմի քոյրը երեք տարու եղած է եւ Իզապել քոյրը՝ ինն ամսու: Կ՛երեւի՝ հարուստ եղած են, քանի որ իրենց քով աշխատած քիւրտերը պահած են պզտիկները: Ասանկ հայկական պատմութիւն մը…

–Եւ հիմա պարզապէս այցելութեա՞ն եկած էք Հայաստան:

-Այո՛: Մէկ ամիս առաջ ցուցահանդէս ունէի Ամերիկա, Փասատինա, ատկէ ետքը հոս եկայ: Մէկ ժամ երեք քառորդէն հոս էի, շատ ուրախացայ եւ շատ սիրեցի: Ինծի համար Երեւանը Եւրոպա է: Շատ աղուոր շէնքեր կ՛ընեն մեր հայերը: Եւ ի՜նչ աղուոր օդ է՝ գեղեցիկ ձիւն, բայց՝ արեւով եւ կապոյտ երկինքով:

Կը մաղթեմ, որ խաղաղութիւն ըլլայ, Ղարաբաղի վիճակը շատ տխուր է, բայց հայը միշտ ոտքի կ՛ելլէ: Կը մաղթեմ, որ Հայաստանն աւելի առաջ երթայ եւ այս քաղաքը թուրիսթներու համար աւելի բացուի: Ես շատ հպարտ եմ, որ հայ եմ, ամէն տեղ կ՛ըսեմ, որ հայ եմ, եւ լիբանանցիները հայերը կը սիրեն, անոնք Լիբանանի մէջ շատ մեծ գործեր ըրած են: Եւ յատկապէս կը մաղթեմ, որ հայերն իրարու սիրե՛ն եւ իրարու ձե՛ռք երկարեն, քանի որ ուրիշ Հայաստան չունինք, այս մէկն է: Եւ արդէն մի՛շտ պիտի գամ…

–Ես ալ մաղթեմ, որ այս տարի նորէն այցելէք, այս անգամ՝ ցուցահանդէսով:

-Արաբերէն կ՛ըսեն՝ Աստուած ուզէ նէ: Շա՛տ շնորհակալ եմ…

ԱՐԾՈՒԻ ԲԱԽՉԻՆԵԱՆ

Նկարներում՝ Հրայր Տիարպէքիրեանի աշխատանքներից

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բատիկ աշխատանքների ցուցադրություն՝ «Մետաքսե գարուն»

Հաջորդ գրառումը

Գրականության մասին եւ ոչ միայն

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Եվրոպայի ռաբբիների  70-րդ համաժողովը գումարվելու է նոյեմբերի 3-6-ը Բաքվում

06/06/2025
Հաջորդ գրառումը

Գրականության մասին եւ ոչ միայն

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական