Մեր նախորդ հրապարակման մեջ (https://links.giveawayoftheday.com) անդրադարձել էինք ազգությամբ հրեա, ԱՄՆ-ի բանակի գնդապետ Դանի՝ իրենց արդիականությունը բնավ չկորցրած, որպես թիրախ ընտրված երկիրը ներսից կործանելու վերաբերյալ նոթերին: Դրանց ծանոթանալով, տեսնում ենք, որ երկիրը ներսից փլուզելու հենց այդ ռազմավարությունն է կիրառվել ու շարունակվում է կիրառվել Հայաստանի Հանրապետության եւ մեր ժողովրդի դեմ: Ուստի պատահական չէ, որ այս դժնդակ օրերին սոցցանցերում եւ մամուլում գրառումների եւ հրապարակումների ճնշող մեծամասնությունը ողբ է հիշեցնում: Հասկացանք, որ ծանր ժամանակներ ենք ապրում, որ Արցախը փորձում են դատարկել, որ պատերազմի վտանգ կա: Այս իրավիճակը, սակայն չի արդարացնում ամեն ինչ սեւով ներկելու եւ հուսահատության ու գահավիժման մթնոլորտ ստեղծելու համընդհանուր մոլուցքը, որը հակապետական եւ հակաազգային է: Կարծես մի անեւերույթ ձեռք փորձում է համընդհանուր հիասթափության ալիք բարձրացնել եւ «փախեք փրկվեք» լոզունգով պարուրել մարդկանց: Դժվարություններն ու մարտահրավերներն, իհարկե, չպետք է ծածկել կամ քողարկել, բայց քարոզել ազգային կործանման գաղափարը՝ անթույլատրելի է: Պետք չի մոռանալ, որ մեր փոքրիկ հայրենիքում այնքան լավ բան կա, այնքան լուսավոր մարդիկ կան, այնքան մեծ բարոյական արժեքներ կան, որ շատ ավելին են նույնիսկ մեծ երկրների հետ համեմատ:
Ավելի քան երեսունհինգ տարի ուսանողական միջավայրում աշխատելով ես տեսնում եմ հոգու այն մեծ օվկիանոսը, որ ունեն մեր երիտասարդները,: Կարծես համընդհանուր բայղուշության (աղետալից, չարագուշակ) մրցավազք է սկսվել: Այնինչ, լավ, թե վատ, այս եկիրն է մեզ բաժին հասել եւ պետք հավատալ հայոց հայրենիքի ապագային: Հայ մարդու աշխատասիրությունը, որն ապագայի հիմքն է, անգերազանցելի է: Այնպես որ, աշխարհի ամենալավ երկիրը Հայաստանն է, պետք չէ հիասթափվել ու լքել, այլ հարկավոր է ետ գալ ու շենացնել այն:
Անուղղելի լավատես լինելով հանդերձ նշեմ, որ թուրքերը, Երեւանում նստած դավաճան հայերի գործակցությամբ, առեւանգելու, նվաստացնելու, թալանելու, տանջելու եւ սպանելու են բոլոր հայերին, այդ թվում նաեւ նրանց, ովքեր իրենց կույրի ու խուլի տեղ դրած՝ չեն նկատում ու չեն լսում այն ողբերգությունն ու ցավը, որ կրում են մեր հայրենակիցներն Արցախում եւ ադրբեջանական գերության մեջ: Դրան զուգընթաց՝ օր-օրի ավելանում եւ ավելի լկտի է դառնում թշնամու անբարո վերաբերմունքը հայրենի բնության, հող ու ջրի, կենդանական եւ բուսական աշխարհի հանդեպ: Դրան էլ ավելանում են փողոցում աճող ծառի բնին սիգարետ շպրտող ապիկարը, Սեւանը, մեր գետերն ու ճանապարհները աղտոտղ տխմարաները, աղբյուրների մոտ ուտուշ-խմուշից հետո ապակե եւ պլաստիկ շշեր ջարդող ու այրող տկարամիտները, որոնք լրացնում են վերը թվարկած չարագործ «գադիշոների» շարքը: Դրանք եւս ցեցեր են ու պոտենցիալ դավաճաններ:
Այս ամենի գիտակցումն ամեն անգամ մի հարց է ծնում.
– Որտեղի՞ց ենք եկել եւ ո՞ւր ենք գնում:
Հեռավոր անցյալը թողենք այդ շրջանի մասնագետներին, հիշենք միայն վերջին հարյուր տարին: Խարհրդային Միության յոթանասուն տարում ագրարային երկրից դարձանք գիտաարտադրական երկիր: Հիշենք մի քանի ձեռքբերումներ: Քսան հազար բնակչություն ունեցող գյուղաքաղաք Երեւանը դարձրեցինք միլիոնից ավել բնակչությամբ վարդագույն քաղաք: Աշխարհի մեկ վեցերորդ մասում արտադրությամբ, գիտության նվաճումներով, կրթվածության մակարդակով եւ, իհարկե, իրար վրա դանոս գրելով առաջինն էինք: Բայց դա միայն Ստալինի մեղքը չէր, նա չէր գրել հարյուր հազարավոր հայերեն դանոսները: Չէ, չեմ գովաբանում եմ ԽՍՀՄ-ին, բայց հիշեցնեմ, որ Լենինգրադում առաջին հայ պատգամավոր կինը հետագայում հրաժարվեց իր երկու տղաներից, որոնք ամուսնացել էին այլ ազգի աղջիկների հետ (փաստորեն արմատական ազգայնական էր):
Լինելով սովետի բնակչության ընդամենը տոկոս ունեցող հանրապետություն, հրեաներից հետո Գիտության բարձրագույն աստիճան ունեցողների թվով երկրորդն էինք: Միայն Վիկտոր Համբարձումյանի կոչումների թվարկումը տեւում էր երեսուն րոպեից ավելի: Իսկ զինվորական բարձրաստիճան՝ մարշալների ու գեներալների կոչումներ ունեցող Արցախում գտնվող Չարդախլուն հերիք է հպարտանալու համար: Օրինակները շատ են, ցանկության դեպքում կարելի է բերել տասնյակ եւ հարյուրավոր օրինակներ: Բնակչության կազմով գինեսի գրքին արժանի էինք մեր մաքրությամբ՝ ընդամենը երեք տոկոս այլազգի էր ապրում ՀՀ-ում:
Հիմա արդեն երեսուն տարի է, համարյա խորհրդային ժամանակահատվածի կեսը, նշեք մի ոլորտ, որը չենք կործանել: Նշեք գոնե մեկ ազգանուն, որը կարելի է դնել Գրիգոր Հարությունյանի, Յակով Զարուբյանի, Անտոն Քոչինյանի, մարշալներ Բաղրամյանի, Բաբաջանյանի, ծովակալ Իսակովի, գրողներ՝ Պարույր Սեւակի, Հրանտ Մաթեւոսյանի, Համո Սահյանի, նկարիչներ Մարտիրոս Սարյանի, Մինաս Ավետիսյանի, երաժիշտներ՝ Արմեն Տիգրանյանի, Արամ Խաչատուրյանի, Առնո Բաբաջանյան, դերասաններ Հրաչյա Ներսեսյանի, Ավետ Ավետյանի, Ֆրունզիկ Մկրտչյանի, Արմեն Ջիգարխանյանի, Սոս Սարգսյանի, Խորեն Աբրահամյանի, գիտնականներ՝ Վիկտոր Համբարձումյանի, Սերգեյ Մերգելյանի, Ալիխանյան եղբայրների եւ մյուս համարժեք մեծության անունների կողքին:
Իսկ հիմա, երբ հավաքական Արեւմուտքը փորձում է պարտության մատնել Վլադիմիր Պուտինին եւ դեմիլիտարիզացիայի ենթարկել Ռուսաստանը, վերջինս վաթսուն տարի անց սկսում է ապագաղութացման երկրորդ ալիքը Աֆրիկայում: Նիգերի Պան Աֆրիկյան կուսակցության ներկայացուցիչ Ումարու Աբդուրահմանեն՝ զինված հեղաշրջման առանցքային դեմքերից մեկը, ասում է. «Ռուսաստանը մենք համարում ենք հուսալի գործընկեր, որը կկարողանա մեր երկրում փոխարինել նախկիններին նավթի եւ ուրանի հանքերի շայագործման համատեղ ծրագրերի իրականացման գործընթացում: Մենք շատ նավթ եւ ուրան ունենք, բաց մենք պետք է տեսնենք, ինչպես աշխատել եւ զարգացնել դրանք, մեզ հետ պետք է կիսեն իրենց փորձը, որովհետեւ մեր հին գործընկերները այնքան էլ լավը չէին: Դրա համար Աֆրիկան այսօր պետք է աշխատի Ռուսաստանի հետ, որովհետեւ այն լուրջ երկիր է, կօգնի եւ կկիսվի մեզ հետ այն ամենում, ինչ մենք միասին ենք անում»: Այլ կերպ ասած՝ Աբդուրահմանեն ասում է. «Մենք ֆրանսիացիներին ռուսների օգնությամբ դուրս արեցինք մեր երկրից, որովհետեւ ֆրանսիացիք թալանչի շանորդիներ էին, գաղութատիրոջ վերաբերմունք էին դրսեւորում մեր հանդեպ, բայց ահա Ռուսաստանը կարգին բարոյական եւ ոչ թալանչի երկիր է, մեզ կօգնի զարգանալ, իսկ թալանի փոխարեն նորմալ եկամուտներով կբավարարվի: Եվ ուրեմն, կեցցե ապագաղութացման երկրորդ ալիքը վաթսուն տարի անց, կեցցե հավաքական Արեւմուտքի դեմիլիտարիզացիան Բայդեն Ջոյի գլխավորությամբ, կեցցե հավաքական Արեւմուտքի վերջնական եւ անդառնալի խայտառակությունն ու կործանումը»:
Այդ ընթացքում էլ Հայաստանը Արցախում ստեղծված իրավիճակի կապակցությամբ խնդրանքով դիմեց ՄԱԿ Անվտանգության խորհուրդ: ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում ՀՀ դիմումը քննարկվեց ու եղավ կանխատեսելի արդյունքը: Հայաստանի ներկայացուցիչը ներկայացրեց իրավիճակը եւ Արցախի հումանիտար աղետը: Ադրբեջանի ներկայացուցիչն ասաց, որ դա կեղծիք է, որ կապիկություն են անում եւ եթե ուզում են օգնեն, թող Աղդամով բեռները տանեն: Մյուսները խոսեցին եւ պաթոսախառը կոչեր արեցին: ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները մեղքը բարդեցին ռուսների վրա եւ բարձրաձայնեցին նրանց հեռանալու անհրաժեշտության մասին: Մյուսների խոսքից, ինչպես միշտ, բան չհասկացվեց, թե ի վերջո ինչ են առաջարկում:
ՄԱԿ-ն արդեն մի քանի տասնամյակ է, որ գտնվում է խորը ճգնաժամի մեջ եւ երկբեւեռ աշխարհակարգի փլուզումից հետո այն լուրջ դերակատարում չունի միջազգային գործերում: Նրա բարձրագույն ղեկավար մարմինը՝ Անվտանգության խորհուրդը, զուրկ է իր իսկ որոշումների իրագործման մեխանիզմներից: Եթե չկա մեխանիզմ, իսկ վետոյի իրավունքով մշտական անդամներն էլ ներքաշված են գլոբալ հակամարտության եւ ուկրաինական միջնորդավորված պատերազմի մեջ, ՄԱԿ-ից սպասելիքներ չպետք է ունենալ: Այս առումով գուցե եւ Հայաստանի դիմումը ՄԱԿ-ին դատապարտված էր «քննարկում քննարկման համար» բանաձեւով: Այժմ կան նաեւ այլ համաշխարհային ուժային կենտրոններ, որոնց դիրքորոշումն ու քայլերը դառնում են ավելի վճռորոշ: Նրանց հետ պետք է աշխատել: Մեծ Յոթնյակ, Մոսկվա-Պեկին առանցքի շուրջ ստեղծված կառույցներ, Իրանի շիիթական համագործակցություն, Թյուրքական համագործակցություն, Իսրայել, Արաբական երկրների լիգա-իսլամական կոնֆերանս եւ այլն: Սրանք այն ուժային կենտրոններն են, որոնք որոշակի հետարքրություններ եւ անմիջական շահեր ունեն կամ կարող են ունենալ մեր տարածաշրջանում: Այնպես որ, ՄԱԿ-ից սպասելիքներ ունենալը երազի դաշտից է: Արդ, զարմանում եմ այն կարճ հիշողություն ունեցող մեր քաղաքացիների վրա, որոնք չեն էլ ուզում հիշել այն փաստը, որ Ադրբեջանն ինչպես հեգնեց եւ արհամարեց նույն ՄԱԿ-ի, ինչպես նաեւ OSCE-ի Արցախի հարցը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու ֆիքսված պայմանավորվածությունը: Կարծում եմ, որ այստեսակ հարցերը միայն ուժով են լուծվելու:
Ակնհայտ է, որ ամբողջ աշխարհն արդեն հոգնած մի բան է հասկացնում` մենք ձեզ օգնել չենք կարող, բայց աղոթքներն առ Արեւմուտք եւ առ Ռուսաստան կերկերուն երանգներով շարունակվում են: Արդեն նույնիսկ ամոթ ենք զգում: Եթե ընտրել եք Մահվան ճանապարհը, ապա հպարտորեն դա արեք, առանց լաց լինելու: Ով վերցնի իշխանությունը, ինչ կլան նրան ղեկավարի, փրկության ելքի որոնումները տանում են դեպի Ակնա, որից հետո՝ ուղիղ բանակցությունները: Հակառակ դեպքում բոլորին սպասում է նույն տխուր ճակատագիրը: Այս հետնախորքում ԱԺ նախագահի փոփոխությունը կարելի է հիմնավորել նաեւ հին կլանի վերադարձի ցանկությամբ, որը նշանակում է, թե Արայիկ Հարությունյանը չեզոքացնում է Սամվել Բաբայանին, որը ներկայումս ամենաիրատեսական ծրագիրն է ներկայացնում: Սա նշանակում է, որ ստեղծված բարդ իրավիճակում գործոն են միջանձնային հարաբերությունները: Թերեւս այս դեպքում կլանի կարկառունները կփախչեն եվրոպաներում վայելելու իրենց փողերը, իսկ խեղճ ժողովուրդը կդառնա գաղթական կամ կանցնի պարտիզանական կռիվների: Հացն ընդունեք այն ճանապարհով, որով ներկայումս հնարավոր է: Դա ավելի ռեալ է միջամտության համար, քան ամեն մի աղոթք: Փորձեք եւ կհամոզվեք: Կեղծ հայրենասիրական դասերը պետք է ջնջել: Իրական եւ կեղծ հայրենասիրությունների սահմանը քանի չենք գծել, չենք կարող գծել մեր հայրենիքի կամ պետության սահմանները:
Ավելի քան վստահ եմ, որ երբ գրելու լինեն Հայոց նորագույն պատմության շրջանի այս էջերը, այն պիտի ունենա պարզ, մարդկային մի վերնագիր` Երիցս նզովյալները մահացու վտանգի եզրին հասցրին Հայրենիքը: Այնպես որ, Ազգ իմ, դարեր շարունակ ելույթներով ու թղթերով եթե ոգեւորվել ու հիասթափվել ես, ապա այժմ գոնե սթափվիր վերջապես, ինքնամաքրվիր եւ ինքդ քո մեջից դուրս մղիր ավելորդ պաթոսն ու կեղծ հայրենասիրությունը եւ հաղթական ու հպարտ շարժվիր առաջ:
ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ
պգդ, պրոֆեսոր