Ոգեկոչվեց ծովակալ Հովհաննես Իսակովի հիշատակը
Մեր թերթը բազմիցս եւ ամենատարբեր առիթներով անդրադարձել է պետերբուրգաբնակ մեր ճանաչված հայրենակից, յուրօրինակ մտահղացումներ կյանքի կոչող բարերար եւ հասարակական գործիչ Հրաչյա Պողոսյանի գործունեությանը։ Նա համընդհանուր հարգանքի եւ գնահատանքի արժանի անձնավորություն է, որն այսօր հայտնի է Հայաստանում, Ռուսաստանում եւ աշխարհի տարբեր անկյուններում։ Մարդ, որի անունն առաջին հերթին առնչվում է աստվածահաճո եւ դրվատելի մի առաքելության՝ բարեգործության հետ։
Հանրության ջերմ սերն ու հարգանքը վայելող բարերարի եւ իր անունը կրող բարեգործական հիմնադրամի կողմից երկար տարիների ընթացքում իրականություն դարձած գործերը վերաբերում են մեր կյանքի գրեթե բոլոր ոլորտներին։
Հրաչյա Պողոսյանի անչափ ուշադիր եւ զննող հայացքից երբեք չի վրիպում մեր կյանքի եւ ոչ մի կարեւոր մանրամասն, որի արդյունքը բազմաթիվ ֆանտաստիկ ու աներեւակայելի բարեգործական մտահղացումներն են, որոնք նա կյանքի է կոչել։ Հրաչյա Պողոսյանն արդեն երկար տարիներ հայ-ռուսական բարեկամության եւ երկկողմ հարաբերությունների ամրապնդման ու սերտացման ջատագովն է եւ մարմնացումն է պատվախնդիր հայի, որը ճակատագրի բերումով ապրելով եւ աշխատելով հայրենիքից հեռու, ոչ միայն բարձր է պահում ազգային արժեքներն ու հայի անունը, այլեւ հոգով ու սրտով իր ժողովրդի հետ է։ Պետերբուրգցիները նրան համարում են իրենց «մարդը», իրենց քաղաքի այն իրական հերոսը, որը արդեն երկար տարիներ գործուն մասնակցություն է ունենում քաղաքի գրեթե բոլոր բնագավառների կարեւորագույն իրադարձություններում։Ասվածի վկայությունները կյանքի կոչված հարյուրավոր ինքնատիպ գործերն են։ Հրաչյա Պողոսյանի եւ նրա բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ ամբողջ աշխարհում ստեղծվել եւ վերականգնվել են ավելի քան 300 հոգեւոր, մշակութային եւ պատմական նշանակություն ունեցող հուշարձաններ։ Մեր հայրենակցի բարեգործության շրջանակն ընդգրկում է այսօր արդեն 14 երկիր։ Աշխարհի որ անկյունում էլ իրականացրել է իր հերթական մտահղացումը՝ արել է սիրով ու նվիրումով, եւ հայ ժողովրդի արժանի զավակի բոլոր ձեռնարկումները արդյունք են տարիների նրա տքնաջան աշխատանքի։ Մեր հայրենակցի պրպտուն մտահղացումների արդյունքում իրականացվել եւ կյանքի են կոչվել նաեւ Հայրենական մեծ պատերազմի հերոսներին եւ իրադարձություններին նվիրված 120-ից ավելի հուշարձաններ եւ նախագծեր, իսկ մի մասն էլ իրականացման փուլում են։
Հրաչյա Պողոսյանի մտահղացմամբ ու աջակցությամբ հրապարակվել են տասնյակ գրքեր եւ ամսագրեր, նկարահանվել են մի շարք ուսուցողական վավերագրական ֆիլմեր։ Եվ ահա վերջերս Ռուսաստանի Դաշնությունում իրականություն դարձավ Հրաչյա Պողոսյանի նախաձեռնությամբ կյանքի կոչված եւս մեկ ծրագիր՝ 2022 թվականի հոկտեմբերի 20-ին Ռուսաստանի կայսր Պետրոս Առաջինի անվան Կենտրոնական ռազմածովային թանգարանի «Կյանքի ճանապարհ» մասնաճյուղում տեղի ունեցավ Սուխո կղզու պաշտպանների պատվին կանգնեցված հուշաքարի բացման արարողությունը։ Սուխոն արհեստական կղզի է Նովայա Լադոգա նավահանգստից հյուսիս, որը Հայրենական մեծ պատերազմի տարիներին հանդիսացել է Լադոգայի ռազմական նավատորմի կարեւոր բազան։ Այն ստեղծվել է 18-րդ դարի սկզբին Պետրոս Առաջինի նախաձեռնությամբ եւ երկու դար անց՝ լենինգրադյան բլոկադայի ծանր ժամանակաշրջանում, դարձել կարեւոր հենակետ, որտեղից հնարավոր է եղել վերահսկել Լադոգա լճի հարավային մասի մի զգալի տարածքը՝ «Կյանքի ճանապարհի» երթուղիները։ 1942 թվականի հոկտեմբերի 22-ին գերմանա-ֆիննա-իտալական միացյալ ուժերը փորձեցին կտրել «Կյանքի ճանապարհը», սակայն Սուխո կղզու կայազորը հերոսաբար կռվել է թշնամու էսկադրիլիայի հետ եւ հաղթել։
Սուխոյի հերոսական պաշտպանության 80-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումները իրականացվել են պետերբուգաբնակ մեր հայրենակից Հրաչյա Պողոսյանի հովանավորությամբ եւ Պետրոս Մեծի անվան Կենտրոնական ռազմածովային թանգարանի աջակցությամբ։ Միջոցառման մասնակիցների թվում էին քաղաքային եւ մարզային կառավարման կառույցների ներկայացուցիչներ, «Կյանքի ճանապարհի» եւ նավատորմի վետերաններ, Լենինգրադի պաշտպանության մասնակիցներ, պաշարված Լենինգրադի բնակիչներ, Սուխո կղզու իրադարձությունների վետերանների հարազատներ, հասարակական գործիչներ, զինվորականներ, ռազմածովային ուսումնական հաստատությունների կուրսանտներ, երիտասարդ զինվորներ։
Հիշատակի օրն սկսվեց թանգարանի եւ «Կյանքի ճանապարհ» հուշահամալիրի նիստերի դահլիճում։ Այստեղ հյուրերի համար կազմակերպվել էր Հրաչյա Պողոսյան բարեգործական հիմնադրամը, որը նաեւ իր մասնակից աջակցություն է ունեցել ֆիլմի նկարահանմանը։ Արթուր Սողոմոնյանի նկարահանված «Ծովակալ Իսակով» վավերագրական ֆիլմի ցուցադրություն։Նկարը պատմում է Խորհրդային Միության հերոս, Հայրենական Մեծ պատերազմի տարիներին Ֆաշիստական Գերմանիայի կողմից 872 օր շրջափակման ենթարկված Լենինգրադի ազատագրման գործում անգնահատելի մասնակցություն ցուցաբերած հայազգի ծովակալ Հովհաննես Իսակովի մասին։ Միջոցառման մասնակիցները լսեցին նաեւ, թե ինչպես ֆիլմի գլխավոր պրոդյուսեր Արթուր Սողոմոնյանը Սանկտ Պետերբուրգում կայացած պրեմիերայի ցուցադրության օրը հյուրերին ներկայացնելով նավատորմի հայազգի ծովակալ, զինհրամանատար, գիտնական, գրող, Սովետական Միության հերոս, ՍՍՀՄ ԳԱ թղթակից անդամ Հովհաննես Իսակովին՝ նշեց, որ մեծ է նրա ավանդը Խորհրդային նավատորմի՝ հատկապես Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Բալթիկ եւ Սեւ ծովերի նավատորմերի ստեղծման գործում եւ սերունդները պետք է դասեր քաղեն այդ արժանավոր մարդու կյանքի փառավոր էջերից։ Հայտնի է, որ լենինգրադյան բլոկադայի ընթացքում Հովհաննես Իսակովի ղեկավարությամբ Լադոգա լճի սառույցների վրայով կյանքի կոչվեցին առաջին բեռնափոխադրումները, որոնք պատմության մեջ մտան «Կյանքի ճանապարհ» անվամբ։
Երախտագետ լենինգրադցիները գիտեն նաեւ, որ 1913 թվականին բարձր ցուցանիշներով ավարտելով Թիֆլիսի ռեալական դպրոցը, Հովհաննես Իսակովը մեկնել է Պետերբուրգ եւ ընդունվել տեխնոլոգիական ինստիտուտ։ Այստեղ ուսումնառության տարիներին մի քանի անգամ փորձել է ընդունվել ծովային կորպուս, բայց նրան մերժել են ազնվական ծագում չունենալու պատճառով։ Հետագայում, 1928 թվականին, Իսակովն ավարտել է Լենինգրադի ռազմածովային ակադեմիայի բարձրաստիճան հրամանատարական կազմի կատարելագործման դասընթացները, 1932 թվականից դարձել Լենինգրադի ռազմածովային ակադեմիայի օպերատիվ արվեստի ամբիոնի պրոֆեսոր եւ դասավանդել այդ ուսումնական հաստատությունում՝ մինչ բալթյան նավատորմի հրամանատար նշանակվելը։
Նշենք, որ մինչ միջոցառման մեկնարկը Սանկտ Պետերբուրգի պատվավոր հովանավոր Հրաչյա Պողոսյանն այցելել է «Ջախջախված օղակ» անունը կրող հուշահամալիր։ Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչների, Հայաստանում Ռուսաստանի գործարար դեսպան Արթուր Սողոմոնյանի եւ Ռուսաստանի արդարադատության նախարարության ինստիտուտի Սանկտ Պետերբուրգի մասնաճյուղի տնօրեն Դանիլ Ռիբինի հետ միասին ծաղիկներ դրեցին հուշահամալիրի ստորոտին` ի հիշատակ խորհրդային զինվորների։ Միջոցառումները շարունակվեցին «Կորուսյալ կայազորը» կինոպատումի ներկայացմամբ, որը պատմում է 1942 թվականի իրադարձությունների մասին, որոնք ավարտվեցին Սուխո կղզու համար մղվող ճակատամարտով։ Գիրքը ներկայացրեց հեղինակը՝ պատմական գիտությունների թեկնածու Ռուսլան Տիխոմիրովը։ Գիրքը տպագրվել է բարերար Հրաչյա Պողոսյանի միջոցներով։
Հուշաքարի բացման արարողությունը սկսվեց հանդիսավոր երթով, որի ընթացքում ներս բերվեցին դրոշները, որից հետո նվագախումբը հնչեցրեց Ռուսաստանի Դաշնության հիմնը։ -Ես ապրում եմ Սանկտ Պետերբուրգում եւ ճակատագրի բերումով շփվում ու ընկերանում եմ վետերանների, պաշարված Լենինգրադի բնակիչների հետ, նրանք ինձ ոգեշնչում են։ Երբ շոշափում ես պատմությունը, սկսում ես մեծ պատասխանատվություն զգալ դրա պահպանման համար։ Ժամանակին մեզ դաստիարակել են ծնողները, ուսուցիչները, նրանք մեր մեջ հարգանք են ներարկել հայրենի երկրի պատմության նկատմամբ։ Եվ հիմա նույնը պետք է անենք մատաղ սերնդի համար»,- ասաց Սանկտ Պետերբուրգի պատվավոր հովանավոր Հրաչյա Պողոսյանը։ Պարոն Պողոսյանի անձնական նախաձեռնությամբ Սուխո կղզու պաշտպանների պատվին հուշաքար է կանգնեցվել։ Հուշահամալիրի տեղադրման համար միջոցները հատկացրել է նրա բարեգործական հիմնադրամը։ Այս հուշարձանը թանգարանի եւ բարերարի արդյունավետ համագործակցության առաջին օրինակը չէ։ Անցյալ տարի հիմնադրամը թանգարանին է նվիրել Խորհրդային Միության մարշալ Լեոնիդ Գովորովի եւ Խորհրդային Միության նավատորմի ծովակալ Հովհաննես Իսակովի կիսանդրիները։ Նրանք արժանի տեղ են գրավել թանգարանային ցուցահանդեսում։ Ողջույնի խոսքում բարերարը խոսեց եւս մեկ հիշարժան իրադարձության մասին. հաջորդ տարի «Հրաչյա Պողոսյան» բարեգործական հիմնադրամը հենց Սուխո կղզում կտեղադրի սեւ գրանիտե հուշատախտակ, որը կպատմի խորհրդանշական ճակատամարտի մասին։ Ժամանակավոր պահպանման համար ցուցանակը տեղափոխվել է «Կյանքի ճանապարհ» թանգարան-հուշահամալիր։ Սանկտ Պետերբուրգի քաղաքային եւ Լենինգրադի մարզային վետերանական կազմակերպությունների ղեկավարներ Վասիլի Վոլոբուեւը եւ Յուրի Օլեյնիկն իրենց երախտագիտությունն են հայտնել խորհրդային զինվորների սխրանքի հանդեպ խորին հարգանքի տուրքի համար։ Հանրահավաքին մեծ հուզականություն է ավելացրել պաշտպանության հերոս, Սուխո կղզու կայազորի հրամանատար Իվան Գուսեւի ծոռնուհի Ալիսա Սուպոնիցկայայի ելույթը։ Նա արցունքն աչքերին խոստովանել է, որ ուրախ է, որ իր պապի սխրանքը չի մոռացվել եւ մինչ օրս մարդկանց ոգեշնչում է փառավոր գործերի։ Կայսերական ճենապակու գործարանից։ Հանդիսավոր միջոցառման ավարտին տեղի է ունեցել հուշաքարի օծման արարողությունը, որից հետո մասնակիցները ծաղիկներ են խոնարհել հուշարձանին։ Լենինգրադի մարզի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոյի անունից զամբյուղը դրեց նրա խորհրդական, գեներալ-գնդապետ Անատոլի Զայցեւը, ռուս Ուղղափառ եկեղեցուց եւ Հայ Առաքելական եկեղեցուց՝ Վլադիկա Միտրոֆան եւ Եփրեմ քահանա Զարգարյանը։ Հուշաքարը զարդարված էր նաեւ Պետրոս Առաջին կայսեր անվան Կենտրոնական ռազմածովային թանգարանի, «Հրաչյա Պողոսյան» բարեգործական հիմնադրամի, Հյուսիս-արեւմտյան տրանսպորտի դատախազի, ՌԴ Լենինգրադի մարզի Հյուսիսարեւմտյան Քննչական կոմիտեի, Ռուսաստանի տիեզերագնացության ֆեդերացիայի, Սանկտ Պետերբուրգում ՌԴ Արդարադատության նախարարության գլխավոր տնօրենության, Սանկտ Պետերբուրգի պատերազմի, աշխատանքի, զինված ուժերի եւ իրավունքի վետերանների (թոշակառուներ, հաշմանդամներ), «Ռազմական պատմական հետազոտություններ» գիտական հիմնադրամի, «Ժառանգություն եւ առաջընթաց» հումանիտար հիմնադրամի, Սանկտ Պետերբուրգի թիվ 193, 209, 5 դպրոցների եւ «Ալմա Մաթեր» մարզադահլիճի տնօրինության ծաղիկներով եւ ծաղկազամբյուղներով։ Հուշաքարին խոնարհելու համար ծաղիկներ էր առաքել նաեւ ՌԴ ԳԱ ակադեմիկոս, պրոֆեսոր, բժշկական գիտությունների դոկտոր Արամայիս Քամալովը։
Այսօր արդեն Սանկտ Պետերբուրգի Պատվավոր բարերարի տիտղոսակիր Հրաչյա Պողոսյանի անցած ուղին հայրենասիրության, աշխատասիրության եւ պարտաճանաչության փայլուն օրինակ կարող է ծառայել երիտասարդ սերնդին, նա ամենուր իրեն դրսեւորում է որպես բանիմաց եւ պատասխանատու մարդ, նրա բոլոր ձեռնարկումները ուղղված են մեկ նպատակի՝ հանուն մարդու եւ մարդկության։ Որպեսզի աշխարհում գերիշխի սերը, բարությունը եւ միշտ հիշվեն լավ մարդկանց լավ գործերը։
ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ
ՌԴ-ում «Ազգ»-ի հատուկ թղթակից