Հայաստանի հանրապետությունում գործող երկու տասնյակ կազմող հեռուստաընկերությունների հաղորդումները դիտելով կարելի է կարծիք կազմել, որ կյանքն այս 29800 քառակուսի կիլոմետրի ցանկացած հատվածում ուղղակի առումով եռում է: Մայրաքաղաքի կենտրոնից սկսած մինչեւ հեռավոր գյուղական համայնքներ ինչ-որ բան արվում է, սկսած մարդկանց աննախադեպ ակտիվությունից մինչեւ տասնամյակներով ասֆալտ չտեսած գյուղերում ասֆալտափռում, մայթերի ու պուրակների հիմնում:
Այս ամենը` երկրի բարձրագույն գործադիր մարմնի, ՀՀ կառավարության ջանքերի շնորհիվ, որտեղ գլխավորը սուբսիդավորում կոչվող գործոնն է, մարդկանց աչքն ու ականջը շոյող գործընթացը: Միայն թե ինչո՞ւ այդ պարզ ու հասարակ աշխատանքները չեն կատարվում տեղական իշխանությունների ուժերով, նրանց հավաքած ֆինանսական միջոցների հաշվին, անհասկանալի ու անհայտ է մնում: Հանրահայտ է չէ՞, որ հարցեր ու խնդիրներ կան ամենուր, մեծ ու փոքր բնակավայրերում, սկսած աղբահանությունից ու փողոցների լուսավորությունից մինչեւ կրթական ու առողջապահական հաստատությունների անմխիթար վիճակը:
Հեղինակիս ոչ վաղ անցյալի համաքաղաքացի վանաձորցիները սպասվածից ավելի հաճախ են ահազանգում իրենց անգամ կենտրոնական փողոցների անմխիթար վիճակից, երբեմնի ակտիվ զբոսաշրջային բնակավայրը կորցրել է իր գրավչությունը, գնալով դառնում է անհրապույր, կարծես անհյուրընկալ: Երբեմնի արտադրական հզորությունները ռմբահարվածի տեսք ունեն, նոր աշխատատեղեր չեն ստեղծվում, անգամ ակտիվություն չկա շինարարական որորտում:
Բայց մարդկանց լավատեսությամբ տրամադրել է հարկավոր, քանզի մի օր էլ իրենց բակում… ասենք, հարսանիք կլինի: Կլինի, չենք կասկածում, քանզի Աստծո յուրաքանչյուր օր մեզանում երեխաներ են ծնվում: Հեռուստաընկերությունները համոզում են, որ նրանցից մեկը, Երկիր մոլորակի 8-միլիարդերորդ բնակիչը ծնվել է Հայաստանի հանրապետությունում, անգամ բնակավայրն են նշում, երեխայի ծնողների, պապ ու տատերի անուններն են հիշում: Նման աշխարհացունց փաստ, եւ ոչ մի համաշխարհային արձագանք, անգամ ռազմավարական գործընկերոջ մամուլն է լռում, ուր մնաց` «Եվրոնյուզ»-ը: Կարծես այս երկրում նաեւ աննախադեպ տնտեսական աճ չկա, ոչ ավել ոչ պակաս, ամբողջ 15 տոկոս:
Այս տեսաշարում… տնտեսական «բում»-ի վերաբերյալ ՀՀ վարչապետի ոչ պակաս հնչեղ հետեւյալ փաստարկումը` երկրում ահռելի չափի ստվերային տնտեսություն ունենք: Ասվեց կառավարության նիստում, տնտեսության պատասխանատու կառավարիչների ու իրավա-օրենսդրական համակարգի բարձրագույն պաշտոնյաների ներկայությամբ: Յուրօրինակ չինովնիկների այդ խումբը միլիոնավոր դրամներով աշխատավարձ ու պարգեւատրում է ստանում, հարմարավետ ու տաք աշխատասենյակներում նստում, վերջին արտադրության ավտոմեքենաներից օգտվում, արտերկրներ մասնագիտական այցերի մեկնում, արդյունքում ՀՀ ամենազոր պաշտոնյայի նման գնահատականին արժանանում` ահռելի չափի ստվերային տնտեսություն ունենք: Եթե այդ տնտեսություն ասվածը Հայաստանի հանրապետություն շահագործման հիմնական ժամկետը սպառած ավտոմեքենաների ներմուծումն է ու օրեր անց դրանք Ռուսաստանի դաշնություն արտահանումը, այն լավագույն ցանկության դեպքում էլ դժվար է տնտեսական գործունեություն համարել, քանզի հիշեցնում է միջնորդ տեր պապայի պատմությունը: Հանրապետության բացարձակ հատվածն այստեղ որեւէ առնչություն չունի, գործընթացն իր կարգավիճակի հետ չի առնչվում, ինքը դրա լավի կամ վատի մասնակիցը չէ, գործ կան թե չկան իրեն չի վերաբերում: Կարծես ոչինչ, որ այդ ավտոմեքենաների անվերջանալի շարանները խնդիրներ են ստեղծում արտահանման երկրի սահմանին, հարցեր առաջացնում մաքսային աշխատանքներում, խոչընդոտում Հայաստանի հանրապետություն բերվող ֆուռերի սահմանի արագ անցմանը: Այսկերպ մեր մտահոգությունների մտահոգություն Լարսի անցակետում բեռնատարների կիլոմետրերով հերթեր են գոյանում, ապրանքներ են փչանում, ընկերություններ են սնանկանում, իսկ խոստացված լաստանավը չի նավարկում: Միայն ներմուծվող ցորենի 50 տոկոսը ՀՀ հասնելու համար նվազագույնը 15-17 հազար բեռնատար է անհրաժեշտ, որոնցից մեկը հիմա, կողաշրջված վիճակում, Կարբիի տներից մեկի բակում է:
Գերխնդիրների մի ամբողջական շարան, որի ոչ վերջն է երեւում, ոչ պատասխանատուն պարզվում: Ռուսաստանի դաշնությունից ներմուծվող ապրանքների ցանկում հանրահայտ ցորենից բացի, ասենք, տոմատի մածուկ է բերվում: ՀՀ էկոնոմիկայի նախարարության որեւէ պաշտոնյա կարո՞ղ է բացատրել, թե ինչու մենք այս արտադրանքը արտահանողից դարձանք այն ներմուծող: Չէ՞ որ անգամ Մեծ Բրիտանիայի դեսպանուհին էր հայտարարել, որ ծառայությունն ավարտելուց հետո Լոնդոնի սուպերմարկետներում հայկական տոմատն է ընտրելու: Այդ ի՞նչ պատահեց, որ մի ամբողջ ոլորտ հայտնվեց մերժվածի կարգավիճակում, լոլիկ մշակողների աշխատանքն անտեսվեց, առեւտրային ցանցում հայտնվեցին ռուսական «Կուբանսկիյե պրոստորի»-ն, «Կուբանոչկա»-ն ու այլ անվանումներով մածուկները:
Պատկերը նույն է այլ արտադրատեսակների առումով, ասենք` ալկոհոլային խմիչքների, հյութերի պարագայում, որոնք բառիս բուն իմաստով հեղեղել են հայաստանյան առեւտրային ցանցը: Երկրում իրոք շինարարական աշխուժություն է, իսկ ահա բնակարանների փականներից սկսած մինչեւ սանհանգուցային միջոցներն ու էլեկտրասարքերը բերվում են արտերկրներից: Եվ հարցը` ունենք արդյոք տնտեսություն կոչվողի թե համարվողի կարգավիճակով մի գործընթաց, հնչում է ինքնաբերաբար: Իհարկե ունենք, հայտարարում է իշխանությունը, անգամ տիեզերքում ենք հայտնվել:
Իսկ ահա քաղաքացին ասում է. լավ կլիներ մինչ այդ դեռեւս կանգուն Երեւանի էլեկտրալամպերի գործարանը վերաշահագործեիք, ժամանակակից էլլամպեր արտադրեինք, գուցե նաեւ սարքավորումներ, որոնց պահանջարկը միլիոններով կա թե՛ մեր երկրում, թե՛ տարածաշրջանում: Իսկ գուցե երեխաների համար եռանիվ հեծանիվների արտադրությունը վերակազմակերպեինք, պարզ ու հասարակ ուսապարկերի պատրաստում ծավալեինք, մեր ուսանողներին գոհացնեինք, կենսաթոշակառուների համար էլ առեւտրային սայլակներ արտադրեինք ու սուբսիդավորման համակարգով տրամադրեինք. Էլ որն ասենք, էլ որը, ախր այնքան բան կա անելու, որի նպատակով հարկավոր է ընդամենը փոքր ու միջին գործարարությունը խթանել, մարդկանց աշխատելու տրամադրել, Հենց սա է որ չի ստացվում մերօրյա կառավարիչների մոտ, որոնք գերադասում ու նախընտրում են այլոց արտադրածը ներմուծելու գործելաոճը, այլոց աշխատանք տալը, նրանց բյուջեները հարստացնելը: Մերը ծառայությունների մատուցումն է, սպասարկումների կազմակերպումը, փող կոչվածը կուտակելը:
Չէ, ինչ-որ չի ստացվում ընկերներիցս մեկի հորդորով լավատեսության տրվել ՀՀ տնտեսության կայացման առումով: Այն 150 հազար աշխատատեղերը, որոնք իշխանությունների հավաստմամբ ստեղծվել են 2018-ից հետո, թերեւս լավատեսության ոլորտից են, երբ ցանկալի է իրատեսությունը: Այդ պարագայում թերեւս չէր հայտարարվի երկրում ահռելի չափի ստվերային տնտեսության մասին, որն, ավաղ, իրողություն է:
Տխուր է, եթե այլ գնահատական չհնչեցնենք:
ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ