Հայաստանյան հանրության որոշակիից մինչեւ բացարձակ մեծամասնությունը, երկրի թիվ 1 պաշտոնյա-պատասխանատուի էլ գերակտիվ մասնակցությամբ վստահ են, որ մեզանում հարցերն ու խնդիրները ցանկալի ու տեսանելի մակարդակով չեն լուծվում բացառապես պետական ապարատի ինչ-ինչ թերությունների հանդեպ անկարողությունից մինչեւ անզորության հետեւանքով: Վարչապետն ինքն է նշել, որ բոլոր բարեփոխումներ հռչակված որոշումների, ծրագրերի, փաստաթղթերի անգամ նվազագույնս կատարելու հիմնական խոչընդոտը պետական մարմիններն են, իրենց անգործությամբ ու նախաձեռնության բացակայությամբ: Դա հաստատվում է յուրաքանչյուր հինգշաբթի գործադիր համարվող կառույցի հավաքների հեռարձակումների ընթացքում, որոնցում դրանք վարողը չի խնայում անգամ իրեն, ինքնախարազանվում է: Տարօրինակն այստեղ այն է, որ թե՛ հիշյալ, թե՛ համանման այլ միջոցառումներում ամեն ինչ ավարտվում է «գրեք ինձ, ես դրանք կվերահասցեագրեմ ուր հարկ է» խոսքերով, որոնք պարտավորությունների տպավորություն են ստեղծում:
Հանրության ակտիվ դիրքորոշում ունեցող հատվածից շատերն են հաստատում, որ որոշակի վստահության պայմաններում հետեւել են հնչող մոտեցմանը, սակայն տարիները եկել անցել են, իսկ պարզ խնդիրներն այդպես էլ չեն լուծվել, դրանք գերխնդիրների են վերածվել:
Համատիրություններից սկսած մինչեւ քաղաքապետարան ու գերնախարարությունների վերածված պետական հաստատությունները միայն այն են անում, որ պատճառաբանություններով ու անհարկի արդարացումներով ժամանակ են շահում, օրենքների անկատարությունը հիշում: Ասենք, ինչն է խանգարում լուծել մեր համընդհանուր սիրո առհավատչյա Սեւանա լճի հոգսերը, որոնք են՝ գետերով լիճ հասցվող աղբի կանխումը, ապօրինի որսը, հանգստյան գոտիների շիլաշփոթը: Կամ. ինչո՞ւ իշխանությունը որեւէ ձեւով չի մոտենում կենցաղային աղբի վերամշակման խնդրի լուծմանը, որը պետության բարեկրթության ապացույց է համարվում թե՛ ուղղակի, թե՛ անուղղակի առումներով: Ո՞ւր են մեր գիտական կառույցները, որոնց գործընկերներն արտերկրներում այդ աղբահումք համարվողից գրեթե ամեն ինչ են ստանում, սկսած գյուղատնտեսությանն անհրաժեշտ պարարտանյութերից մինչեւ կենցաղային առաջնահերթություն: Թե՞ մենք պետք է բավարարվենք տիեզերք հայկական հայտարարված իսպանական արբանյակ սարքի արձակումով եւ ինքնագոհության զգացումի տրվենք: Ձախողումների գագաթնակետ կարելի է դիտարկել կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարի այն հայտարարությունը, ըստ որի արտերկրների ուսումնական հաստատություններ մեկնած «Լույս» պետական հիմնադրամի շահառուների 80 տոկոսը Հայաստանի Հանրապետություն չեն վերադառնում: Իսկ ահա «Իմքայլականների» 40 տոկոսն է վերադառնում, որը փաստվում է այնպիսի հանգստությամբ, կարծես խոսքը պետական միջոցների վատնումներին չի վերաբերում, այլ բարեգործական ինչ-որ ակցիա է, մեր երախտագիտությունը՝ զարգացած երկրներին:
Տարօրինակորեն մեր աղքատիկ ֆինանսական միջոցներով այլոց տնտեսությունների խթանումը խրախուսելու գործընթացը ոչ միայն չի կանխվում, այլեւ նոր ծավալներ է ստանում: Այս առումով ուղղակի վտանգավոր է, որ այն տեղ է գտնում ՀՀ պարենային ապահովության եւ անվտանգության ոլորտում, ի դեմս հացահատիկային ու կաթնա – մսային արտադրություններում արձանագրվող տխուր վիճակագրության: Ցորենով ինքնաբավության մակարդակը 20 տոկոսի սահմաններում է, մսամթերքը հիմնականում արտադրվում է ներկրված հումքով, կաթնամթերքի արտադրությունը փոխարինվել է կաթ պարունակող մթերքների արտադրությամբ:
Հունվարի 31-ին կայացած վարչապետի մամուլի ասուլիսից օրեր առաջ գրավոր հետեւյալ հարցն ուղղեցի կառավարության ղեկավարին. «Խնդրում եմ ներկայացնել, թե առաջիկա երեք տարիների ավարտին ի՞նչ ծավալների խնդիրների լուծմամբ կփարատվի մեր հարգելի քաղաքացիների մտահոգությունը սեփական հումքով պարենային ապահովության ու անվտանգության առումով»: Հարցն ասուլիսում հնչեց, որը փոխարինվեց ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից ստացված մի պատասխանով, որում մասնավորապես ասվում է «Ձեր կողմից բարձրացված եգիպտացորենի ցանքատարածությունների ավելացման առաջարկի կապակցությամբ հայտնում ենք, որ տեղական արտադրության եգիպտացորենի հատիկի 1 կգ-ի միջին ինքնարժեքը կազմում է շուրջ 125 դրամ, իսկ ներմուծվողի միջին մաքսային արժեքը՝ 77 դրամ»: Շարունակությունը բացատրություններ են, արդարացումներ հիշեցնող փորձ: Նախ մեր մարդիկ տարվա առնվազն 5-6 ամիս ՀՀ առեւտրային ցանցից գնում են եգիպտացորենի կողրեր, որոնց որակը որեւէ ձեւով չի քննարկվում, հեկտարից բերքատվությունը համաշխարհային միջինից բարձր է: Ավաղ, պետական աջակցության քաղաքականության բացակայությունն է պատճառը, որ եգիպտացորենի հատիկի աննշան քանակների արդյունքում այն չի դիտարկվում որպես լիարժեք անասնակերի հիմնական բաղադրիչ, որի արդյունքում են արտերկրների ֆերմերները խոշոր եղջերավոր կովերից տարեկան ստանում մինչեւ 12-14 հազար լիտր կաթ (ՀՀ-ում 2000 լիտր) խոշոր մսատուների մոտ օրական քաշաճը հասցնում 1.200-1.300 գրամի, իսկ մեզանում՝ ոչինչ չասող ցուցանիշի: Այստեղից է սկսվում այն իրավիճակը, որում գտնվում է մոտ 1.000 համայնքից բաղկացած գյուղական հատվածը, իր 1.000.000-ից ավելի բնակչությամբ, մի կերպ հաշտվելով իրեն ոչ վայել միջավայրի հետ:
Ավաղ, կառավարական աշխատասենյակներում շարունակվում է այս ամենը չտեսնելու անցանկալի աշխատաոճը, ավելին՝ այն ինչ-որ բարեփոխումներով շղարշելը: Մեր հարգելի գյուղհամայնքի համերկրացիները թե՛ ձիարշավարանի ու գոլֆի հրապարակի կարիքն ունեն, թե՛ սրճարանի ու բիլիարդի սրահի, թե՛ շոգեբաղնիքի ու լողավազանի, ինչու ոչ՝ ֆուտբոլի ու բասկետբոլի խաղադաշտերի, այլեւայլ ուրիշ առաջնահերթությունների, սակայն այս ամենը վաղը, անգամ… թող լինի մյուս օրը: Այսօր իրենց անասուններին է պետք լիարժեք կերերով կերակրել, որ կաթնամթերքը կաթ պարունակող մթերք չանվանվի, երշիկեղենն էլ հարեւանությամբ ցուցադրվող մսի գնի 20 տոկոս գնով չվաճառվի, գյուղական ամոթալի աղքատությունը հաղթահարվի, քաղաքաբնակն էլ չդժգոհի, հանրությունն էլ իշխանությանը բարյացկամ նայի: Ավա՜ղ…
Այսօրինակ իրավիճակում իմ ընկեր Ռաֆիկն ասում էր՝ հասկացողին կես քյուֆթան էլ հերիք է: Ակնարկը դուք գուշակեք:
ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ