Ապրիլի 17-ին Պրահայում Հայաստանի դեսպանությունում տեղի ունեցավ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության «Կարպիս Փափազյան» հայտնի մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը, Չեխիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանի հովանու ներքո: Ողջունելով ներկաներին, դեսպան Հովակիմյանը ուրախությամբ նշեց, որ այդ պատվավոր մրցանակին արժանացել են չեխ լրագրողները, որոնք ակտիվորեն լուսաբանել են 44-օրյա պատերազմը:
Այնուհետեւ նա խոսքը փոխանցեց մրցանակների հանձնման նպատակով Վիեննայից Պրահա ժամանած «Կարպիս Փափազյան» մրցանակի հանձնախմբի համակարգող Ռազմիկ Թամրազյան-Հարթունյանին: Վերջինս ներկայացնելով մրցանակի պատմությունը նշեց, որ երջանկահիշատակ Կարպիս Փափազյանը դեռեւս 35 տարի առաջ հիմնելով նման խրախուսական մրցանակ՝ նպատակ ուներ քաջալերելու այն օտար գործիչներին՝ հայագետներին, պատմաբաններին, մշակույթի եւ արվեստի ներկայացուցիչներին, որոնք իրենց գործունեությամբ նպաստել են Հայաստանին ու հայությանը: Չեխ լրագրողներ Մարկետա Կուտիլովան եւ Լենկա Կլիցպերովան 29-30-րդ մրցանկակիրներն են, որոնք արժանանում են այս պատվաբեր պարգեւին ոչ միայն Արցախյան 44-օրյա պատերազմը լուսաբանելու, այլեւ «Վերջինը հրկիզում է գյուղը. Պատերազմ Լեռնային Ղարաբաղում» գրքի համար, որում տեղ են գտել նաեւ բացառիկ լուսանկարներ պատերազմական օրերից:
Պարոն Թամրազյան-Հարթունյանը նաեւ թվարկեց այն բոլոր 30 մրցանակակիրների անունները, որոնք նախորդ տարիներին ստացել են «Կարպիս Փափազյան» մրցանակը, այդ թվում՝ Թեսա Հոֆմանը, Ալպագո Նովելոն, Քրիստոֆեր Ուոլկերը, Նիզար Խալիլին, Քերոլայն Քոքսը, Իվ Թերնոնը, Ահմադ Նուրիզադեն, Կիմ Բակշին, Հերման Գոլցը, Վոլֆգանգ Գուստը, Գոնզալո Գուարչը, Ցվետանա Պասկալեւան, Ալեքսանդր Բոժկոն, Անտոնիո Գուրիարանը եւ արժանավոր այլ անհատներ:
Այնուհետեւ հանձնախմբի նախագահը Հայաստանի դեսպանի հետ մրցանակակիրներին հանձնեցին մրցանակը եւ 5000 ԱՄն դոլարի դրամական պարգեւը: Այս հանդիսավոր առիթով Պրահա ժամանած ՀԲԸՄ Եվրոպայի նախագահ տիկին Նադյա Գործունյանը շնորհավորելով մրցանակակիրներին եւ բարձր գնահատելով նրանց կատարած աշխատանքը, փոխանցեց ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանի շնորհավորական ուղերձը:
Լենկա Կլիցպերովան եւ Մարկետա Կուտիլովան իրենց հերթին շնորհակալություն հայտնելով մրցանակի համար, նշեցին, որ մեծ պատիվ է ստանալ նման մի մրցանակ, որն ունի նման պատմություն եւ ներկայացնում է ՀԲԸՄ երախտավոր Կարպիս Փափազյանին:
Նշենք նաեւ, որ Լենկա Կլիցպերովայի Արցախյան լուսանկարներն անցած տարիներին արժանացել են մի շարք միջազգային մրցանակների, իսկ 2022 թվականին նաեւ Արցախի նախագահի կողմից արժանացել են պետական պարգեւների: Բացի մամուլում հրապարակումներից, չեխ լրագրողուհիները շարունակում են հանդես գալ նաեւ հանրային դասախոսություններով՝ ներկայացնելով Արցախի ներկա իրավիճակը:
Այնուհետեւ օգտվելով առիթից, Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը ձեռնարկին ներկա հայտնի հեռուստալրագրող, գրող եւ հրապարակախոս, հայկական հարցի նվիրյալ, նախկին սենատոր Յարոմիր Շտետենային շնորհավորեց 80-ամյա հոբելյանի կապակցությամբ եւ փոխանցեց խորհրդանշական նվեր:
Բարեմաղթանքներին հետեւեց դեսպանության կողմից կազմակերպված հյուրասիրությունը, որին ներկա էին նաեւ չեխ եւ հայ լրագրողներ, հասարակական գործիչներ:
ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆ
Պրահա