Կամ ինչի՞ց են առաջացել Հայաստանի իշխանությունները
Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղը դեռ փետրվարից թշնամու ուղիղ նշանառության տակ է: Թե՛ խրամորթցիները, թե՛ պաշտոնական կառույցները պարբերաբար տեղեկություններ են տարածում, որ ադրբեջանական զինուժը կրակահերթեր է բացում, անգամ գնդակոծում է գյուղը՝ թույլ չտալով բնակիչներին ազատ տեղաշարժվել, գյուղատնտեսական աշխատանքով զբաղվել:
Հիշեցնենք, որ փետրվարի վերջին շաբաթվա ընթացքում ադրբեջանցիները բարձրախոսով հայերեն հայտարարություն էին միացրել՝ խրամորթցիներին սպառնալով՝ եթե գյուղը չլքեն, նրանց եւ նրանց երեխաների կյանքին վտանգ կսպառնա: Արգելել էին հողային աշխատանքով զբաղվել: Ադրբեջանցիները հայերեն հայտարարությունից բացի մուղամ են միացրել, որը տարածվել է ամբողջ Խրամորթով: Ակնհայտ է, որ ադրբեջանցիները պետական ծրագրված քաղաքականություն են իրականացնում՝ նպատակադրված հայաթափելով Խրամորթը: Եվ դա անում են վախի մթնոլորտում տարածելով, սպառնալիքի ու բարոյահոգեբանական ճնշումների տակ:
Մի քանի ժամ հետո թե՛ հայերեն հայտարարության, թե՛ թուրքական նամազի տեսագրությունները համացանցից ջնջվեցին: Հաջորդեցին պաշտոնական հայտարարությունները, թե խրամորթցիներն անկոտրում են, նրանք չեն լքի իրենց հայրենի տունն ու գյուղը: Մինչեւ ատամները զինված ադրբեջանցի զինվորը կանգնած է խրամորթցու երեխայի առաջ՝ ամեն պահի նրան կյանքից զրկելու սպառնալիքով, իսկ Արցախն ու Հայաստանը կորուսյալ երկրի ճակատագրին դատապարտած պատասխանատուները վախվորած, պաթոսախեղդ հայտարարություններից բացի, մատ մատի չեն տալիս: Հայտարարության վերջում էլ նշում են, թե ռուս խաղաղապահներին հերթական սադրանքի մասին տեղյակ է պահվել, այսինքն՝ գնդակը ռուսների դաշտում է, մենք պատասխանատվություն չենք կրում: ԱԺ-ի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ հայտարարում է, թե Արցախում տեղի ունեցող միջադեպերի համար Ադրբեջանն ու Ռուսաստանը պետք է երկխոսեն: Հետո ավելացրել է. «Մեղավորները պետք է պատժվեն՝ անկախ նրանից՝ մե՞նք ունենք մեր մեղքի բաժինը, թե՝ նրանք»:
Այսինքն՝ ըստ այս պարոնի՝ անզեն, անօգնական խրամորթցին էլ կարող է հավասարապես մեղքի բաժին ունենալ, ինչպես հայատյաց, մարդասպան ադրբեջանցի զինվորը:
Խրամորթը շրջափակված է, խրամորթիցիները պատանդի կարգավիճակում են, Արցախ մտնող գազատարը պայթացված է, արցախցիները զրկված են կենսական նվազագույն պայմաններից, գազատարն ականապատված է, իսկ նույն ժամանակամիջոցում ՀՀ ԱԺ-ում «թիթեռ են նկարում»: Իշխանության ու ընդդիմության պատգամավորները լուրջ դեմքով քննարկում են ծխախոտի փոխարինիչների օրակարգային հարցը:
Հայոց երկու պետությունների ծուխը մարում է, իսկ երկրի ղեկը ձեռքները վերցրած գոյանքները օրենք են հանում ծխախոտի ծխի վնասկակարության մասին ու մի ամբողջ օր ամբիոնից ելույթ ունենալով՝ փորձում ռացիոնալ ձեւակերպում տալ, թե ինչ ասել է ծխախոտի փոխարինիչ:
Ոչ մի պատասխանատվություն, ոչ մի խոսք, ոչ մի քայլ՝ ինչպես է վերականգնվելու Արցախի գազամատակարարումը: Պատահական չէ, որ Խրամորթը թիրախավորելու նույն ժամանակահատվածում է գազատարը պայթեցվում ու Արցախը զրկվում է գազից: Հասկացողը հասկանում է, որ սա ադրբեջանցիների՝ «գազ՝ Խրամորթի դիմաց» օպերացիան է, որ Ադրբեջանը հետ չի կանգնելու իր նպատակից, եթե անգամ գրավոր կամ բանավոր ոչ մի պայմանավորվածություն չկա, ըստ որի՝ Խրամորթը պետք է անցնի թշնամու վերահսկողության տակ:
2021-ին Ադրբեջանը սպառազինության համար 2,5 միլիարդ դոլար է ծախսել: Ո՞ւմ դեմ կռվելու համար է Ադրբեջանը զենք գնում, Թուրքիայի՞, Ռուսաստանի՞, միգուցե՝ Իրանի՞, իսկ եթե չի պատերազմելու, զենքն ինչո՞ւ է գնում: Պատերազմել չցանկացողը մեզ նման կլինի՝ վրանների մեջ, ցելոֆանե «տանիքի» տակ ծառայող անզեն զինվորներ, ռազմագերիներից հրաժարված, Թուքիայից, Ադրբեջանից խաղաղություն մուրացող, երկիրը ծվեն-ծվեն թշնամուն նվիրող սողացող երկիր:
Ջայլամի պես գլուխներն ավազի մեջ խրած մեր իշխանություններն առավոտից երեկո թմբկահարում են, թե ինչ գնով էլ լինի, խաղաղության համաձայնագիր են կնքելու Ադրբեջանի հետ, Սյունիքի Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ծավ, Ներքին հանդ, Շիշկերտ գյուղերի ճակատագիրը մազից է կախված, թշնամու զորամիավորումները ոչ թե 45, այլ մի քանի հարյուր կմ մտել են Հայաստանի տարածք, Ադրբեջանը 2,5 միլիարդի զենք է գնել, որ ձեզ հետ խաղաղության համաձայնագի՞ր կնքի, Ադրբեջանը գազատար է պայթեցնում ու ականապատում, որ հայերի հետ խաղաղ ապրի՞:
Մարտի 7-ին ադրբեջանցիների բացած կրակից հայ զինվոր է զոհվել, վիրավորներ էլ ունենք, մարտի 9-ին ադրբեջանցիներն ականանետերից կրակ են բացել Մարտունու Խնուշինակ, Կարմիր շուկա, Ասկերանի Նախիջեւանիկ, Խրամորթ գյուղերի վրա, նաեւ գնդակոծել են, հրազենային վիրավորումով արցախցի է տեղափոխվել հիվանդանոց: Արցախում մարտական տագնապի ազդանշան է հնչեցվել: Թշնամին կրակ է բացել նաեւ հայ-ադրբեջանական սահմանի արեւմտյան ուղղությամբ: «Հայ-ադրբեջանական սահման» եզրույթն իներցիայով է ասվում ու գրվում, իրականում այդ տարածքները Հայաստանի ինքնիշխան սահմաններից ներս են, թշնամին առաջ է եկել, դիրքեր դրել մեր իսկ երկրում ու կրակում է մեր զինվորի վրա:
Ադրբեջանցիները դարձյալ հայերեն հայտարություն են միացրել Խրամորթում՝ գյուղն անհապաղ լքելու պահանջով:
Մենք վարժվել ենք ամենօրյա բոթերին, մահագույժ իրավիճակին, ասում ենք, գրում, անցնում առաջ՝ քաջ գիտակցելով, որ սրա վերջը չի երեւում, այսպես է լինելու միշտ, չէ՞որ գերագույն գլխավորը զգուշացրել է՝ խաղաղության օրակարգն առաջ տանելու համար մեզ ամուր նյարդեր են պետք, կորուստներ, զոհեր եղել են, էլի՛ կլինեն: Հանգիստ խղճով ասել է ու իր անելիքն այդքանով համարել ավարտված:
Վերջին օրերին Արցախում տեղի ունեցող ադրբեջանական հարձակումների մասին նույն գերագույնն ասել է. «Արցախում իրադրության լարում ունենք, զերծ կմնամ գնահատականներ տալուց», իսկ Հայաստանի ընտրյալ նախագահ Վահագն Խաչատուրյանը հայտարարել է. «Հետո՞ ինչ, որ Արցախում կրակում են, մենք մեր բռնած ուղուց չենք շեղվի»:
Մոլորակի վրա կգտնվի՞ մեկը, որը ճշգրիտ որակում կտա, թե ինչից են առաջացել Հայաստանի իշխանությունները:
Ի՞նչ կա նրանց մտքին: Ի՞նչ նոր դավեր են նյութում ոչ միայն քաղաքական, այլեւ տնտեսական ասպարեզում:
Հայաստանում հացահատիկի տարեկան պահանջարկը շուրջ 980. 000 տոննա է, միայն ցորենինը՝ 460. 000 տոննա, որից 80-90.000 տոննան աճեցվում էր Արցախում:
Ըստ վիճակագրության ծառայության տվյալների՝ 2021 թվականին ՀՀ-ն արտադրել է 220. 000 տոննա հացահատիկ, որը, օրինակ, 2016 թվականի համեմատ 2,8 անգամ պակաս է: Արցախում հացահատիկ այլեւս չի արտադրվում: Հացամթերքի ճգնաժամից չենք խուսափի, եթե առաջիկա մեկ տարում չներկրենք 700-800.000 տոննա. մասնագետներն են հաշվարկել: Իսկ եթե հաշվի առնենք, որ մինչեւ հիմա հացահատիկ էինք ներկրում Ռուսաստանից, որի վրա 7000 պատժամիջոց է դրված, Ուկրաինայից, որը հասկանալի պատճառներով ինքը պարենի կարիք ունի, նաեւ Ղազախստանից, Բելոռուսից ու Իրանից, որոնք դողում են իրենց հացահատիկի պահեստների վրա, պարզ է, թե մեզ ինչ է սպասվում:
Հանապազօրյա հացը ոսկու գին է ունենալու. ահազանգում են վերլուծաբանները: Սյունիքի, Գեղարքունիքի՝ սահմանամերձ դարձած բնակավայրերի վարելահողերի, խոտհարքերի 80 տոկոսն ադրբեջանցիների ձեռքում է: Եվ ի՞նչ են անելու այդ դեպքում մեր իշխանությունները:
Գերագույն գլխավորը բարձր ամբիոնից հռետորական հարց տա՝ ժողովուրդ ջան, ուզում եք սոված մնա՞լ, թե Թուրքիայի հետ ամեն գնով սահմանները բացել, նրանց բոլոր պայմանները բավարարել ու Հայաստանը լցնել թուրքական ապրանքներով:
Պարենային ճգնաժամի սպառնալիքով Թուրքիան ու Ադրբեջանը կարող են Հայաստանից պահանջել ինչ մտքներով անցնի, ինչի վրա մատները դնեն, իրենցն է:
Դե, Նիկոլ, հացահատիկի պարկերը թափ տալն էլ քեզ վրա:
ՆԱԻՐ ՅԱՆ