Վերջին օրերի իրադարձությունները ցույց տվեցին, որ ռուսն այլեւս նախկինը չէ, ուրեմն Ռուսաստանն էլ է փոխվել: Այդ մասին են վկայում այն, որ այդ երկրի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի կողմից այս օրերին հնչեցվում է՝ «Արեւմուտքը ցանկանում է մասնատել Ռուսաստանը եւ չի ամաչում դրա համար» կիսատ-պռատ մեղադրական, ինչ-որ տեղ էլ օգնություն հայցող խոսքերը: Կարծես դա նորություն էր եւ չգիտեին այդ մասին: Եվ դա այն Ռուսաստանի, որն սկսած ժամանակներից, անշեղորեն ընդլայնվել է, դարձել աշխարհի հզոր կայսրություններից մեկը: Ու թեեւ 1990-ական թվականներին ԽՍՀՄ անունով այդ գերհզոր կայսրությունը որոշ տեղատվություն ապրեց, տարածքներ ու ազդեցություն զիջեց Արեւմուտքին, սակայն հիմնականում պահպանեց իր կշիռը համաշխարհային ասպարեզում:
Վերջին օրերի տեղեկատվության վերլուծությունները ցույց են տալիս, որ ռուս-ուկրաինական առճակատման արդյունքում ՌԴ-ն իրական տեղատվության գործընթացում է հայտնվել: Այն աստիճան, որ ԱԳ նախարար Լավրովը՝ ելույթ ունենալով Նյու-Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանում, ՄԱԿ-ի բարձր ամբիոնից հայտարարեց. «Պաշտոնական ռուսոֆոբիան աննախադեպ, գրոտեսկային չափեր է ստացել Արեւմուտքում: Այնտեղ այլեւս չեն ամաչում բացահայտորեն հայտարարել ոչ միայն մեր երկրին ռազմական հարված հասցնելու, այլեւ Ռուսաստանն ավերելու, մասնատելու իրենց մտադրության մասին»: Լավրովը դա բացատրում է «չափազանց ինքնուրույն աշխարհաքաղաքական մեծությանը» աշխարհի քաղաքական քարտեզից հեռացնելու ցանկությամբ եւ հավելում, որ Արեւմուտքն իր բոլոր դաշնակիցներին ընտրության հնարավորություն էլ չի տալիս եւ սպառնում է յուրաքանչյուր ինքնուրույն մտածող պետության ձեռքերն ուղղակի «ոլորել»: Ասել է թե ԱՄՆ-ը փորձում է գլոբալ ընդգրկում տալ «Մոնրոյի դոկտրինին» եւ ամբողջ երկրագունդը դարձնել իր «հետնաբակը»:
Քաղաքական կույրի համար անգամ տեսանելի է, որ Ռուսաստանի թուլանալը Հայաստանին բոլորովին ձեռնտու չէ, քանի որ դրանից Թուրքիան եւ Ադրբեջանը ՀՀ-ի հանդեպ ավելի սանձարձակ կդառնան: Որովհետեւ Թուրքիայի ռազմավարությունը Հարավային Կովկասում խարսխված է այն դիրքորոշման վրա, որ պետք է տարածաշրջանը դիտարկել որպես բուֆերային գոտի իր եւ ՌԴ-ի միջեւ եւ նա, քայլ առ քայլ ուժեղացնելով իր ազդեցությունը տարածաշրջանում, փորձում է Ռուսաստանին դուրս մղել այստեղից: Այդ ռազմավարության իրականացման ճանապարհին Թուրքիան կիրառում է մարտավարական տարբեր հնարքներ, երբեն համագործակցում է ՌԴ-ի հետ, բայց իրականում 1991 թվականից իր որդեգրած ռազմավարությունը չի փոխվել: Սակայն Հայաստան զորախմբեր մտցնելը Թուրքիայի համար դեռեւս կարմիր գիծ է, որովհետեւ ներկա փուլում, Ռուսաստանն բոլոր հնարավորություններն ունի դրան կտրուկ պատասխան տալու համար:
Ակնհայտ է նաեւ, որ ներկա փուլում Թուրքիան եւ Ադրբեջանը շատ ավելի ագրեսիվ են դարձել, որովհետեւ չեն ստացել այն, ինչ նախապես ծրագրել էին 44-օրյա պատերազմի արդյունքում եւ հիմա հաղթողի իրավունքով ցանկանում են ամեն կերպ հասնել իրենց նպատակին: Սակայն զգուշանում են, քանի որ Ռուսաստանը, չնայած Ուկրաինայի հետ կապված բարդություններին, շարունակում է գերիշխող ուժ մնալ Հարավային Կովկասում: Պատահական չէր, որ անդրադառնալով այդ խնդրին, օրեր առաջ Հայաստան կատարած այցի ժամանակ Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի փոխնախագահ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինը հայտարարեց` այժմ Ռուսաստանի խնդիրն այն է, որ հայ-ադրբեջանական հակամարտության մեջ հայտնվել են նոր գործոններ, առաջին հերթին՝ թուրքականը: Ապա հավելեց, որ ՌԴ-ն փորձում է Թուրքիայի հետ հնարավորինս գործընկերային հարաբերություններ պահպանել՝ հաշվի առնելով մի շարք գործոններ. դրանք են` եւ՛ Արեւմուտքի հետ առճակատումը, եւ՛ իր սահմանների մոտ նոր հակամարտություն թույլ չտալու ձգտումը: Մոսկվան շատ լավ է հասկանում, որ Անկարայի հավակնությունները չեն վերացել: Շահերի բախում կա ինչպես Ղրիմում, Միջին Ասիայում, այնպես էլ՝ մեր տարածաշրջանում:
Ժամանակին ՀՀ-ում գրեթե բոլոր բարձրագույն պաշտոններում աշխատած Հովիկ Աբրահամյանին էին վերագրվում հետեւյալ խոսքերը. «քաղաքականությամբ զբաղվելու համար շատ խելք պետք չէ»: Բայց դրանք հատկապես մեր օրերում են շատ մոտ դարձել իրականությանը: Ուղղակի մեր կողմից հավելենք, որ արդեն անհրաժեշտ չեն նաեւ մասնագիտական կրթությունը, աշխատանքային պրակտիկան, կենսափորձը եւ մի քանի այլ կարեւոր հատկանիշներ: Սակայն, նույնիսկ այդ դեպքում դժվար չէ հասկանալ եւ նկատի չառնել, որ՝
ա/ թուրքը նույն թուրքն է ցեղասպանի հոգեկերտվածքով եւ չի փոխվել,
բ/ քաղաքակիրթ երեւալու համար սեփական պատմությունը թուրքին ձեռնտու չէ, դրա համար էլ բոլոր միջոցներով այն հնարում է ու հարմարեցնում իր շահերին,
գ/ մատաղ սերնդին թուքերը կերակրում են այդ հնարովի պատմությունով եւ դրա հիման վրա թշնամանք են սերմանում հարեւանների ու, նախ եւ առաջ, «ագրեսոր» հայերի նկատմամբ,
դ/ որեւէ դեպքում արդարացնում են իրենց ագրեսիան ու մարդատյաց վերաբերմունքը, ինչպես դա արեցին ցեղասպանության տարիներին, իսկ հետագայում՝ քնած հայ սպային կացնահարելու, հայ դիպուկահար կնոջը քառատելու եւ համանման բազմաթիվ դեպքերում: Այսինքն՝ մեզ խիստ անհրաժեշտ է գիտակցել այս ամենը եւ բոլոր ժամանակներում, ու նաեւ այսօր, զուտ սեփական շահերից ելնելով դրան ավել կամ պակաս չափով ռեալ հակազդող երկրի՝ Ռուսաստանի թուլանալուց ոչ միայն չհրճվել, այլ ավելի զգոն դառնալ, ավելի միասնական, որպեսզի հնարավոր լինի դիմակայել հայատյաց այդ թրքությանը:
Թեւավոր խոսք կա՝ հայի համար վերլուծություն անելը նույն է, ինչ մաղով ջուր կրելը: Այս օրերին էլ շատ բան չի փոխվել: Միակ տարբերությունն այն է, որ վերլուծաբաններն են աննախադեպ շատացել եւ մեծ ցանկության դեպքում անգամ դժվարանում է խելացի, պատճառաբանված, գիտականորեն հիմնավորված ու իրական սրտացավ խոսքը տարբերել զուտ սեփական ես-ն ընդգծող, սովորության համաձայն ողջ հասարակությանն ուսուցանող ու մատն այդ նույն հասարակության վրա միշտ թափահարող մեծամիտների ասածներից: Իսկ դրանից անկասկած խիստ տուժում է ամեն ինչ:
Հարկավոր է ու ժամանակն է վերջապես հասկանանք, որ մեր բոլոր դժբախտությունների խորքային պատճառներից մեկը, եթե ոչ ամենագլխավորը, անտարակույս արժեհամակարգային է: Երբ կարողացանք արժեհամակարգը ու դրա համապատասխան մտածողությունը փոխել, հնարավոր կդառնա շատ հիմնահարցեր նորովի դիտարկել եւ, որ ամենակարեւորն է, ճիշտ լուծումներ գտնել: Իսկապես ժամանակն է խորությամբ ընկալել նաեւ, որ Արեւմտյան քաղաքակրթության հիմքում ընկած Սոկրատեսի հիմնարար «Պլատոնն իմ բարեկամն է, բայց ճշմարտությունն ավելի թանկ է» սկզբունքը եւ այն կիրառել կյանքի բոլոր, ու նախ եւ առաջ արտաքին քաղաքականության բնագավառում: Օրինակ, մենք երբեւէ մեզ հարց տվե՞լ ենք, թե ինչո՞ւ է հայն այսքան օտարամոլ: Պատճառ պիտի լինի, չէ՞: Կարծում եմ, դա նրանից է, որ հայը հայից ոչ մի բան չի սպասում: Հայը չի ծափահարում տաղանդավորին, եւ հայ տաղանդը հեռանում է, գնում է այնտեղ, որտեղ իրեն գնահատում են եւ չեն ալարում ծափահարել… ու հետո կռվում են եւ մեռնում են այդ երկրի համար՝ անվանելով այն՝ Հայրենիք: Մենք էլ երբեմն չճշտելով ասում ենք՝ սրանք այն տեսակն են, որ «որտեղ հաց, այնտեղ կաց» գաղափարով են ապրում. Դրանով մենք մեզ արդարացնում ենք, բայց ճշմարտության հետ դա երբեմն ոչ մի աղերս չունի: Մենք իրար պարզապես չենք սիրում: Ու հնարավոր չէ պատերազմներում հաղթել իրար չսիրելով: Թե չէ բայրաքթար, մայրաքթար.. Մենք ենք մեզ պարտության մատնել ու վե՛րջ:
Այս դժվարին օրերին, երբ գոյատեւման հավերժական կշեռքի մի նժարին դրված են մեր հակասությունները, մյուսին՝ մեր պետության լինելը, յուրաքանչյուրս պիտի ընտրի նժարներից մեկը: Իսկ դա հեշտ ու միանշանակ չէ, ինչպես թվում է առաջին հայացքից: Պատճառն էլ է հայտնի: Դարեր շարունակ պետականությունից զրկված լինելով ապրել ենք՝ երբեք չկորցնելով այդ պետականությունը վերականգնելու հույսն ու հավատը: Ու քանի որ ճակատագրի բերումով միշտ գտնվել ենք գերհզոր հարեւանների շահերի բախման կիզակետում, այդ դժվարին իրավիճակներից ելք որոնելու ընթացքում միշտ հնարավոր դաշնակից-օգնողներ ենք փնտրել: Հնարավոր դաշնակիցների այդ փնտրտուքում եղել են տարբեր տեսակետներ, որոնք էլ տարափեղկել են հայ հասարակությանը: Ստացվել է այնպես, որ այդ դաշնակից-օգնողի փնտրտուքը շարունակվում է նաեւ մեր օրերում: Դա է պատճառը, որ այսօր հայ հասարակության մի մասը ռուսամետ է, մյուսը՝ եվրոպամետ, ամերիկամետ, սկսել են նշմարվել նաեւ չինամետ, պարսկամետ եւ այլամետեր: Իսկ ամենամեծ ցավն այն է, որ որքան էլ տարօրինակ է, չկան կամ չնկատվելու չափ բացակայում են ՀԱՅԱՄԵՏները: Ու որքան շարունակվի այս տխուր վիճակը, այնքան մեծ ամպլիտուդներով կճոճվի մեր ընտրության կշեռքը:
Ամենացավալին էլ այն է, որ երբեմն մեզ թվում է, թե ոչինչ չենք կարող փոխել մեր կյանքում: Դա ճիշտ է, որովհետեւ մենք շարունակում ենք նույն ձեւով մտածել, ինչ մտածում էինք մինչ այս: Երբեմն էլ ասում ենք. «Ես այն եմ, ինչ կամ», ու մեզ համոզում ենք, որ դա ճշմարտություն է եւ արող է արդարացնել ամեն ինչ: Ո՛չ, դա մենք չենք, մեր այժմյան վիճակը, մեր մտածմումքների , անցյալի արդյունքն է, բայց ոչ մեր կերպարը, խարիզման կամ ներաշխարհը: Ուստի առաջնահերթ պետք է փոխենք սեփական մտածելակերպը, քանզի որեւէ խնդրի, հուզմունքի, էմոցիայի կամ աֆեկտի եւ ժամանակի թելադրողն ու որոշողը հենց մենք ենք, մենք ենք որոշում տառապել երեք տարի եւ լինել երջանիկ, թե եղածի վրա ժամանակ ու էներգիա չվատնելով՝ առաջ շարժվենք, ու առավելապես թրծվենք: Ախ ու վուշին վերջ տանք ու թեեւ կռվի լինել չլինելը մեզնից չի կախված, սակայն մենք կարող ենք մեր երկրում կարգ ու կանոն հաստատել, պետության ղեկը արժանավոր հայերի հանձնել, հոգեբանորն պատրաստվել այդ պատերազմին ու հաղթել: Թե չէ ներկա իրավիճակում, փախչելու, թաքնվելու, մի քանի օր էլ խլուրդի կյանքով ապրելու մասին մտածելն անիմաստ է` կռվելու ու պատվով մեռնելու այլընտրանքը, թշնամու կողմից նվաստացվելով սովամահ, տանջամահ լինելն է:
Ամփոփենք: Ես հավատում եմ Հայ ազգի նոր հաղթանակներին, դրանք անխուսափելի են: Հարկավոր է չհուսահատվել, հայրենակիցներ, մենք արթնանում ենք խոր քնից, հաղթահարում սուտ ու կեղծիքի հաշիշանման թմբիրը, որ ներարկել են մեզ ժամանակն ու մեզ չսիրող, մեզ նախանձող ժողովուրդներն ու ներքին եւ արտաքին թշնամիները: Շուտով մեր քարերն էլ են ծաղկելու ու քարից էլ ամուր հայ ժողովուրդը հաղթահարելու է դարի բոլոր մարդակերների խելագար տվայտանքները: Նա թափ կտա իրեն, ոտքի կելնի, ինչպես Դավիթը ելավ 40 գազ խորություն ունեցող հորից եւ մեջտեղից երկու կես արեց իր մահը ցանկացող թշնամուն՝ Մսրա Մելիքին:
Գուցե պաթետիկ է հնչում, բայց ես հավատում եմ, որ որդիներդ շատ հզոր ու հայրենապաշտ են, Հայրենիք, դու վախ չունես, դու ահ չունես, քո զարկն ապշեցրել է: թշնամիներիդ: Ես տեսնում եմ քո հաղթանակների շքերթը,
Փառք ու պատիվ հողդ աննահանջ պահող քաջ զինվորիդ….
ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ
պրոֆեսոր
20.09-03.10.2022