…«Իմ մտապատկերը, թե ինչպիսին կլինի մեծ Բրիտանիան 2030 թվականին, առաջադրում է պատվախնդիր նպատակներ, որոնք պետք է հասանելի լինեն մեր երկրին։ Անգլիայի, Շոտլանդիայի, Ուելսի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միությունը նորից ու նորից ապացուցում է իր առավելությունը, այդ թվում՝ նաեւ համավարակի դեմ պայքարում։ Այդ միությունը մեր հաջողությունների կարեւորագույն աղբյուրն է ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտասահմանում։ Մեր երկիրը հարուստ է տաղանդավոր անհատներով արվեստի եւ գիտության ոլորտներում, շնորհիվ որոնց «փափուկ ուժը» տարածվում է ամբողջ մոլորակով։
Քիչ երկրներ կան ավելի լավ վիճակում, որպեսզի հաջողությամբ հաղթահարեն այն մարտահրավերները, որոնք կհայտնվեն մեր առջեւ ապագայում։ Մենք պետք է պատրաստ լինենք ադապտացիայի ենթարկվել (հարմարվել) նոր աշխարհի պայմաններին։ Մեծ Բրիտանիան պետք է ապացուցի, որ պատրաստ է հաջողությունների հասնել ավելի մրցունակ աշխարհում…», ահա այս մտքերն արտահայտեց Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը «Գլոբալ Բրիտանիան մրցակցության դարաշրջանում» գագաթաժողովին իր ելույթի ներածականում։
«Ես լի եմ լավատեսությամբ, որ Մեծ Բրիտանիան կունենա իր ուրույն տեղը աշխարհում։ Մեր քաղաքացիների ստեղծագործական պոտենցիալը եւ մեր Միության ուժը, ներդաշնակված միջազգային գործընկերների ջանքերի հետ, արդիականացված զինված ուժերով եւ նոր օրակարգով, մեզ թույլ է տալիս վստահորեն նայել դեպի ապագան, նոր աշխարհակարգի ձեւավորման գործընթացին»… Վարչապետն արտահայտեց նաեւ շատ ու շատ այլ մտքեր, կապված Միացյալ Թագավորության գործունեության հետ մոտ ապագայում Հնդկա-Խաղաղ օվկիանոսային տարածաշրջանում, Աֆրիկայում, Մերձավոր Արեւելքում, Պարսից Ծոցում եւ այլ տարածաշրջաններում։
Սա հայտարարում է մի պետության ղեկավար, որն առաջատար է հատուկ ծառայությունների (հետախուզություն, հակահետախուզություն եւ այլ իրավապահներ) աշխարհում։ Այս ոլորտում Մեծ Բրիտանիան տարեկան 3 միլիարդ ֆունտ սթերլինգ է ներդնում եւ 2-րդ տեղն է զբաղեցնում ՆԱՏՕ-ի համակարգում իր պաշտպանության ոլորտի ծախսերով, իսկ առաջին տեղը` Եվրոպայում։
Բրիտանիայի նոր տեսլականներում նշվում է նաեւ, որ Ռուսաստանը Եվրոպայի եւ Բրիտանիայի անվտանգությանը սպառնացող ամենալուրջ ուժն է, իսկ Չինաստանը` համակարգային մարտահրավեր է։ Նշենք նաեւ, որ Ջոնսոնի կուսակցական որոշ համախոհներ այնքան էլ համաձայն չեն կառավարության տեսլականների հետ, անվանելով դրանց լղոզված, փափուկ եւ ոչ կոնկրետ։
Միեւնույն ժամանակ բրիտանացի քաղաքական գործիչների եւ նույնիսկ ԶԼՄ-ի ներկայացուցիչների ուշադրությունն ավելի շատ գրավեց ոչ թե Ռուսաստանի ու Չինաստանի ուղղությունները, այլ այն, որ Միացյալ Թագավորությունը սեւեռում է իր քաղաքական կիզակենտրոնը Հնդկա-Խաղաղ օվկիանոսային տարածաշրջանի վրա, ինչպես նաեւ ծրագրում է 40%-ով ավելացնել Բրիտանական միջուկային մարտագլխիկները, հասցնել դրանց թիվը 260-ի։
Ծանոթագրություն.- Ռուսաստանը եւ Չինաստանը նույնպես ակտիվորեն զարգացնում են իրենց միջուկային արսենալը, ինչին համապատասխանեցնում են իրենց միջուկային դոկտրինան։ Ուշադրության է արժանի Ռուսաստանի կողմից ստեղծված նոր ստորջրյա անօդաչու ապարատը` «Պոսեյդոնը»։ Այս ստօրջրյա դրոնը կմտնի ՌԴ զինանոց մինչեւ 2027թ.։ Փաստորեն (մշակման շրջանում կոչվում էր «Ստատուս-6»), այս քիչ նշմարելի, ռոբոտային կառավարման փոքր սուզանավը կհամարվի աշխարհի ամենամեծ ու ամենավտանգավոր տորպեդոն (ջրային ռումբ)։
Մեծ Բրիտանիայի միջուկային դիմադարձող, կասեցնող համակարգը ներկա ժամանակաշրջանում բաղկացած է 4 ատոմային սուզանավերից («Վենգարդ» նավակարգի)։ Այդ սուզանավերն ունեն 16 հրթիռներ «Trident II» կարգի, որոնցից յուրաքանչյուրն ունի 8 մարտագլխիկ։ Այժմ պատրաստվում են նոր կարգի սուզանավեր` «Դրեդնոութ», որոնք կհամալրեն թագավորական ռազմական նավատորմը 2030թ-ին։
Նշենք նաեւ, որ Ռուսաստանին համարելով հիմնական սպառնալիք (ընդ որում, վերը նշված ամբողջ փաստաթղթի համատեքստում Ռուսաստանի անունը կրկնվում է 14 անգամ), Բրիտանիայի վարչակազմն ընդգծում է, որ Չինաստանի հետ հարկ է մղել քաղաքական պայքար Հոնկ Կոնգի եւ ույղուրների իրավունքները պաշտպանելու ուղղությամբ, բայց եւ համագործակցել տնտեսական ոլորտում։
Մի բան ակնհայտ է, Բրիտանական ողջ քաղաքական դաշտում չկա որեւէ մեկը, որ կասկածում է Ռուսաստանի սպառնալիք լինելու հարցում։ Սակայն շատերը կասկածում են, թե արդյոք Բորիս Ջոնսոնի կառավարությունն ի վիճակի՞ է պայքարել այդ սպառնալիքի դեմ, եւ ի՞նչպես։ Նրանք չեն տեսնում գործողությունների պլան (իսկ մի՞թե Ուկրաինա-Ռուսաստան պատերազմը գործողության պլան չէ.- հեղինակի ծանոթագրություն)։
Ռուսաստանի հարցերով փորձագետ, «Henry Jackson Society» վերլուծաբանական ինստիտուտի գիտաշխատող Ջեյդ Մակգլիննը գրում է, որ պետք է լրջորեն կռիվ տալ ռուսական «կեղտոտ փողերի» դեմ, ինչպես նաեւ պայքարել Կրեմլին մոտիկ լոնդոնյան մագնատների փողերի դեմ (օրինակ՝ Ռոման Աբրամովիչի)։
Դոկտոր Մակգլիննը գտնում է նաեւ, որ պետական ապարատում եւ իշխանության շրջանակներում Ռուսաստանը լավ չեն ճանաչում, ավելին՝ շատերը, որոնք կոչված են այդ ուղղությամբ աշխատելու եւ իրենց անվանում են Ռուսաստանի մասնագետներ, ռուսերեն ոչ մի բառ չգիտեն։
Սրանց կարելի է հակադրել սպառնալիք հանդիսացող պետության մասնագետներին, որոնք սահուն եւ վարժ խոսում են անգլերեն, քաջ ծանոթ են նրանց մշակույթին եւ պատմությանը, եւ ամբողջովին նվիրվել են Բրիտանիայի հեղինակությունը գցելու, արժեքային համակարգը վիժեցնելու պայքարի գործին։
Չինաստանի դեմ պայքարի մարտիկների շարքում նույնպես հիմնականում կոնսերվատորներն են (պահպանողականները)։ Սակայն այդ մարտիկները գտնում են, որ Չինաստանը լուրջ տնտեսական ուժ է, եւ նրա հետ չհամագործակցել չի կարելի։
Մենք, ասում են նրանք, պետք է վերամիավորենք մեր այն ուժերը, որոնք կոչված են Չինաստանի դեմ պայքարելուն, համալրենք դրանք, պետք է ավելի լավ հասկանանք Չինաստանը եւ չին ժողովրդին, որպեսզի համարժեք պատասխան տանք այդ ոլորտում մարտահրավերներին, հօգուտ եւ ի պաշտպանություն մեր արժեքների, մեր անվտանգության, եւ, իհարկե, ի պաշտպանություն մեր դաշանկիցների եւ գործընկերների։
Բորիս Ջոնսոնի եւ նրա կառավարության տեսլականները հատկապես քննադատում են ՄԲ պառլամենտի համայնքների պալատի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ, Չինաստանի հարցերով խմբի ղեկավար Թոմ Թուգենդհաթը եւ նույն պալատի պաշպանության հարցերով կոմիտեի նախագահ Թոբայաս Էլվուդը։ Նրանք եւ նրանց համախոհները ակնկալում էին մի նոր ֆուլթոնյան ելույթ, բայց լսեցին ինչ-որ լղոզված ծրագրեր։
Ծանոթագրություն.- 1946թ. մարտի 5-ին ԱՄՆ, Միսսուրի նահանգի, Ֆուլթոնի Վեսթմինսթերյան քոլեջում, ՄԲ վարչապետ Ուինստոն Չերչիլը հանդես եկավ նշանավոր ելույթով եւ հայտարարեց, որ Սովետական Միությունը վտանգ է ամբողջ աշխարհի համար, եւ Եվրոպայում ստեղծվել է «Երկաթյա վարագույր» ԽՍՀՄ-ի դեմ։
Այդ ելույթը կարելի է համարել Սառը պատերազմի սկիզբը։
Ի՞նչ նկատի ուներ Չերչիլը «երկաթյա վարագույր» արտահայտությամբ։ Տեղեկատվական, քաղաքական եւ սահմանային արգելապատ (բարիեր-պատնեշ), որը մեկուսացրեց Սովետական Միությունը եւ ամբողջ սոցիալիստական ճամբարը կապիտալիստական Արեւմուտքից։
Ահա թե ինչ էին սպասում Ջոնսոնից պահպանողական պառլամենտականները Ռուսաստանի եւ Չինաստանի ուղղությամբ։
Իսկ մի՞թե այդ սառը պատերազմը չէր սկսվել արդեն։ Դե եթե կասկածողներ կային, ապա հիմա միանշանակ կարելի է հայտարարել, որ Ռուս-Ուկրաինական պատերազմից հետո «սառը պատերազմը» իր ամբողջ թափով առաջ կընթանա եւ կզարգանա։ Միայն թե Աստված պահպանի Հայաստանը, որպեսզի մենք նույնպես չհայտնվենք «նոր երկաթյա վարագույրների» մեկուսացված կողմում։
Սակայն այս հոդվածի խնդիրը չէ վերլուծել ռազմա-քաղաքական իրավիճակը աշխարհում, նոր աշխարհակարգի ստեղծման գործընթացը, այդպիսի վերլուծություններն այսօր ինչքան ուզես կան, մեկը մեկից ահասարսուռ, մեկը մեկից հոռետեսական։
Ուզում եմ խոսել հետեւյալի մասին։
Այնքան էլ համաձայն չեմ դոկտոր Մակգլիննի կարծիքի հետ, թե Անգլիայում չկան համապատասխան մասնագետներ կամ կառույցներ, որոնք լավ են ճանաչում Ռուսաստանը։
Իսկ ո՞ւր մնաց նշանավոր GCHQ (Government Communications Headquarters – Կառավարական կապի կենտրոնը)՝ Անգլիայում այն հատուկ ծառայությունը, որը պատասխանատու է ռադիոէլեկտրոնային հետախուզության համար։ Այդ կենտրոնը գտնվում է Անգլիայի արեւմուտքում՝ Չելթնեմ կոչվող վայրում։ Միլիարդավոր ֆունտ սթերլինգ բյուջե ունեցող կազմակերպությունը, ամբողջ Եվրոպայով, այդ թվում եւ Ռուսաստանով, նույնիսկ Աֆրիկյան որոշ երկրներով տեղեկատվություն է հավաքում, որը օգտագոծվում է ներքին եւ արտաքին քաղաքական կոնցեպցիաները (տեսլականները) մշակելիս։
GCHQ հատուկ ծառայությունը, չնայած պաշտոնապես գտնվում է ՄԲ արտգործնախարարության տիրույթում, բայց իրականում այն MI–5 (Բրիտանական հակահետախուզության) եւ Mi–6 (Բրիտանական հետախուզության) հետ միասին ընդգրկված է Միացյալ հետախուզության կոմիտեի կազմի մեջ։
Նախկինում առիթ ունեցել եմ գրել Mi–6-ի եւ նրա ղեկավար Ռիչարդ Մուրի մասին (տես՝ «Ազգ»- No. 11, օգոստոսի 21 – 2020թ.)։ Կրկնվել չեմ ուզում։ Միայն նշեմ, որ Բրիտանական հետախուզությունը՝ (Special Operations Executive–SOE)։ Հատուկ օպերացիաների վարչությունը (այժմ՝ Mi-6) ստեղծվել է 1940թ. հուլիսի 22-ին։ Այդ տարիներին նրանց անվանում էին նաեւ («Baker-street Irregulars»)՝ «Բեյքեր-սթրիթի (փողոցի) աշխարհազորայիններ» կամ «Չերչիլի գաղտնի բանակը»։
Նախքան բուն թեմային անցնելը նշեմ, որ Անգլիայի հետախուզությունը գտնվում է աշխարհի 7 լավագույն հատուկ ծառայությունների ցուցակում եւ զիջում է, ըստ մասնագետների, Իսրայելի եւ Չինաստանի հետախուզություններին։
Ես, որպես նախկին մասնագետ, այնքան էլ համաձայն չեմ նման գնահատականների եւ դասակարգումների հետ։ Հետախուզության լավ աշխատանքը կախված է շատ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պայմաններից ու պատճառներից։ Մշտական հաղթանակներ եւ մշտական պարտություններ չեն լինում։ Կոնկրետ օրինակ՝ ռուս-ուկրաինական պատերազմը։ Կարելի է ենթադրել, որ երկուստեք հետախուզությունների զեկույցները այնքան էլ ճշգրիտ, փաստավորված եւ լավ վերլուծված չէին։
Օրինակ, ռուսական հետախուզությունները չէին հաշվարկել հետեւյալ կարեւոր գործոնները.
– Ռուսաստանի ուժգին դեմոնիզացիան (հրեշային իմիջի ստեղծումը, դիվայնացումը) ամբողջ աշխարհով մեկ
– Սանկցիաների այսպիսի ամբողջական փաթեթը (2500-ից ավելի)
– զենքի եւ զինամթերքի այս քանակության մատակարարում Ուկրաինային ՆԱՏՕ-ի կողմից
եւ, ամենակարեւորը՝
– ուկարինական մարտիկների մեծ մասի (հիմնականում՝ ազգայնամոլների ջոկատների) այս աստիճան զոմբիացումը
– բլիցկրիգ ռազմական օպերացիայի (կայծակնային, կարճատեւ օպերացիա) ձախողումը։
Բայց սա մի այլ թեմա է։ Վերադառնանք Անգլիայի հետախուզությանը։ Վստահ եմ, որ Ռիչարդ Մուրի գերատեսչությունը լավ տեղեկացված է Ռուսաստանի կյանքի բոլոր բնագավառներից։ Պակաս-պռատ տեղերը կամ «բացերը», ինչպես ասում են, հեշտությամբ կլրացվի Իսրայելի, Թուրքիայի, Ադրբեջանի, ԱՄՆ-ի հետախուզությունների ինֆորմացիայով, այնպես որ, անկախ այն բանից՝ Բորիս Ջոնսոնը ռուսերեն գիտի «как дела?» (գործերդ ո՞նց են) արտահայտությունը, թե՞ ոչ, տեղեկատվության պակաս Ռուսաստանի մասին՝ միանշանակ, չունի։
Վերջերս ուշադրությունս գրավեց այն հանգամանքը, որ մեր լրատվական միջոցներում հաճախ է հիշատակվում մի անգլիացի հետախույզի անուն, որը ապրել եւ գործել է առաջին համաշխարհային պատերազմից առաջ եւ պատերազմի ընթացքում արաբական աշխարհում, ընդդեմ Օսմանյան Թուրքիայի։ Խոսքս բրիտանական հայտնի հետախույզ, «Արաբական աշխարհի չթագադրված արքա», գնդապետ Լոուրենս Արաբացու մասին է։
(Շարունակելի)
ՎԼԱԴԻՄԻՐ ԴԱՐԲԻՆՅԱՆ
Անվտանգության հարցերով փորձագետ