Մեր Հայկ նահապետը՝ «գեղապատշաճ եւ անձնեայ, քաջագանգուր, խայտակն եւ հաստաբազուկ», բռնակալ Տիտանյան Բելին կռվում նետահար սատակեցնելով` ազատ պահեց մեր երկիրը: Ավանդությունը մեր նախահայր, նախնի Հայկի անվան հետ է կապում մեր ժողովրդի «հայ» (հոգնակին՝ մեր հին լեզվով՝ «հայք») ինքնանվանումը: Դրանից էլ ժամանակին ծագել է մեր երկրի Հայք անունը՝ իբրեւ հայերի երկիր, Հայոց աշխարհ, Հայաստան: Հայոցը գրաբարից եկող հայք/Հայք բառի սեռական հոլովաձեւն է, որ «հայերի» նշանակելիս բնականաբար գրում ենք փոքրատառ, իսկ Հայքի, Հայաստանի իմաստով (օրինակ՝ հենց Հայոց աշխարհ) անպայման պետք է գրենք մեծատառ, ինչը ոչ սակավ դեպքերում մոռանում ենք:
Սա՝ համենայն դեպս որպես մեր դպրոցական գիտելիքի կրկնություն:
Իսկ խորհե՞լ ենք՝ թեպետ մենք նույն մտածողությամբ մեր հարեւան ազգերի երկրներն էլ կոչել էինք Վիրք, Աղվանք, Պարսք,Ասորիք, այդ ե՞րբ, ինչպե՞ս եւ մանավանդ՝ ինչո՞ւ մեր երկրի Հայք, Հայոց աշխարհ ինքնանվանումը դարձավ Հայաստան: Լեզվամտածողությո՞ւնը փոխվեց: Գուցե, բայց ինչպե՞ս:
Հարցին պատասխանել փորձելուց առաջ նախ հանուն ճշմարտության փաստենք, որ այն նույնպես վկայված է դեռ հին դարերից՝ մեր պատմիչներ Ագաթանգեղոսի, Կորյունի, Փավստոս Բուզանդի, Պատմահայր Խորենացու եւ այլ երկերում: Բայց վկայված է ոչ թե գոյականական՝ առանձին, ինքնուրույն, այլ առավելապես ածականական գործածությամբ՝ «Հայաստան աշխարհ», «Հայաստան երկիր», «Հայաստան ազգ» (տե՛ս Նոր Հայկազյան բառարանում): Հայաստան անունն այդ կերպ, երեւում է, այն ժամանակ արդեն գործածվել է, բայց տիրապետող անշուշտ եղել է սկզբնական, բնիկ հայկական Հայք անունը: Նոր Հայկազյանում «Հայաստան» բառահոդվածի բացատրությունում գրված է. «որ և առաւել ՀԱՅՔ ասի, այսինքն Հայոց…»: Առավելապես Հայք, Հայոց է ասվել: Մեր պատմիչներն էլ՝ Ագաթանգեղոսից մինչեւ Խորենացի ու Ղազար Փարպեցի, իրենց պատմական երկը կոչել են հենց Հայո՛ց պատմություն («Պատմություն Հայոց»):
Չխորանալով Հայաստան ձեւի ծագման գիտական մեկնաբանությունների մեջ, նկատենք այդ հարցում եւ մանավանդ՝ ժամանակի ընթացքում այդ ձեւի տիրապետող դառնալու հարցում անպայման ոչ երկրորդական, ըստ ամենայնի՝ հենց վճռական դեր ունեցած մի հանգամանք: Այն է՝ հին դարերից եկող պարսկա-իրանական տեւական լեզվամշակութային ազդեցությունը: Որն առաջացել է ե՛ւ այդ երկրի հետ վաղ ժամանակներից հաստատված ակտիվ շփումների, ե՛ւ նրա դարավոր գերիշխանության ներքո լինելու հետեւանքով: Ժամանակին հայերենի մեջ մտած ու այսօր էլ գործածվող, ինչ-որ բանից առատ վայրի, տեղի իմաստ ունեցող ու այդ հիմքով նաեւ տեղանուններ կազմող -ստան վերջածանցը (ի դեպ, նաեւ մեր «ոստան» բառը) փոխառություն է պարսկերենից: Հատկապես տեղանվանակերտ առումով այն լայնորեն գործածվում է տարբեր իրանական եւ թյուրքական լեզուներում, դրանց կրող մահմեդակա՛ն երկրների ինքնանվանումներում՝ Ղազախստան, Ուզբեկստան, Տաջիկստան, Թուրքմենստան, Աֆղանստան, Պակիստան… որոնք եւս պատմության ընթացքում այս կամ այն կերպ կրել են Պարսկաստանի ազդեցությունը: Ու երբ աշխարհը մեզ Արմենիա է կոչում, միայն Վրաստանը՝ Սոմխեթի, այս ստան-ով մեր երկիրը կոչում են երեւի բացառապես պարսկախոս կամ թրքախոս մահմեդական երկրները… Իսկ հայերիցս բացի քրիստոնյա որեւէ այլ երկրի ինքնանվանում այդ ածանցով՝ մեզ հայտնի չէ:
Մեզ համար այս խնդրի հետ կապված ուշագրավ նորություն էր նաեւ պատմաբան, հրապարակախոս Համլետ Դավթյանի տարիներ առաջվա մեկնաբանությունը, որը պատահաբար հանդիպեց Ֆեյսբուքում: Իր մի հոդվածաշարում վերլուծելով Մեծ Հայքի 387 թվականի բաժանման հանգամանքները, նա մասնավորապես գրում է. «Փաստորեն, այս բաժանումը փոխեց մեր երկրի անունը` Հայքը դարձրեց Հայաստան: Նոր երկիր` նոր անուն: Դրանից առաջ եւ դրանից հետո Հայկական լեռնաշխարհում ոչ մի տեղանուն, նահանգի կամ գավառի անուն «ստան» վերջածանցով չենք ունեցել եւ չունեցանք (ի հաստատումն տե՛ս «Աշխարհացոյցը», որն ստեղծվել է VII դարում): Այս բաժանումից հետո հռոմեացիներն սկսեցին իրենց ոչ պատկան երկրամասն անվանել «Պերսարմենիա», որպեսզի կոնկրետ նշեն, թե ո՞ր Հայքը նկատի ունեն: Հայ մատենագիրներն էլ, որպեսզի նույնի թարգմանությամբ կամ նմանությամբ «Պարսկահայք» չասեն, ինչպես նաեւ իբրեւ թե երկրի անվան ինքնուրույնությունը պահպանեն, հորինեցին «Հայաստան» անունը, որն իրականում «Պերսարմենիան» է կամ «Պարսկահայքը», որում երկրի պարսկական պատկանելությունն արտահայտված է «ստան» վերջածանցով: Սա երկրանվան սովորական փոփոխություն չէր, այլ երկիրը փոքրացնող փոփոխություն էր»…
Բայց անգամ ժամանակի հետ Հայաստան անվան ամրապնդումից հետո մեր պատմագիտության մեջ եւս, ու ոչ միայն այնտեղ, կենսունակ, ընդունված եւ բազմագործածական եղել ու առ այսօր այդպիսին է մնում «Հայոց պատմություն» ձեւը, «Հայոցը»՝ որպես իմաստով ընդգրկուն, ծագումնաբանորեն հարազատ ու նաեւ առնվազն հազարվեցհարյուրամյա անխախտ ավանդույթով հաստատված: Բացառություն էր խորհրդային շրջանը, որի մասին դեռ կասենք:
Եվ հիմա եկել է հայագիտության, քաղաքագիտության ու կառավարման աստիճաններով չանցած-չաճած, բայց հավակնոտ ռեւիզիոնիստ երիտասարդների մի իշխանություն ու հանկարծ լսելով ինչ-որ խորհրդավոր, անհայտ մասնագետների կամ «մասնագետների» առաջարկությունը, չհարցնելով-չլսելով հանրապետության ակադեմիական ու բուհական մասնագիտական, մտավորական շրջանակների կարծիքը, ասում է, ավելի ճիշտ՝ արդեն նաեւ կառավարական որոշում է կայացրել` հանդես գալով օրենսդրական նախաձեռնությամբ թե՝ ո՛չ, մեր դասավանդվող «Հայոց պատմություն» առարկան պետք է վերանվանվի «Հայաստանի՛ պատմություն»: Այսինքն գիտական-մասնագիտական հարցում կայացրել է քաղաքական որոշում: Ինչը մինչ այս ըստ էության արել էր նախ Հանրակրթության իրենց, դպրոցն ապազգայնացնող պետական նոր չափորոշչի հաստատման դեպքում:
Իսկ նման փոփոխության որեւէ ճշմարտանման հիմնավորում կառավարության մեկնաբանություններում կարելի՞ է տեսնել: Մանավանդ՝ երբ ամբողջ վերն ասվածն իսկ կարծես թե այդպիսի փոփոխություն մտածելու տեղիք չպիտի տար:
Միանգամայն ընդունելի համարելով այդ մեկնաբանություններում պետականության գաղափարի կարեւորման, նման արժեքային կողմնորոշման ամրապնդման խնդիրը, դժվար է ընդունել դրա պայմանավորումը դասավանդվող առարկայի անվան փոփոխությամբ: Կարծես թե մինչեւ այժմ եղած անունը դա թույլ չի տալիս: Իսկ այն, որ փոխվելու է պատմական իրադարձությունների եւ երեւույթների մեկնաբանման մեթոդական սկզբունքը, դրանք «նոր դիրքերից» են մեկնաբանվելու, ներկա իշխանության պարագայում այդ հեռանկարն անկեղծորեն լուրջ անհանգստություն է հարուցում: Մենք դա արդեն տեսել ենք թեկուզ հենց նշված Հանրակրթության նոր չափորոշիչների, Հայոց պատմության 7-րդ դասարանի տխրահռչակ դասագրքի օրինակներով… Իսկ որ ասում են, թե «սովորողը կկարողանա համեմատել ու համադրել այն մարտահրավերները, որ ունեցել է հայ ժողովուրդը պետության բացակայության պայմաններում», ակամա նաեւ մի «անհամեստ» հարց է ծագում: Չգիտենք դուք այդ ասվածը ինչպե՞ս եք ապահովելու, երբ դիցուք, պետություն չունենալու դարերի ընթացքում իսկ հայն ապրել է հազարամյակների իր տուն Արցախում, իսկ ձեր ղեկավարած պետության պայմաններում վտարվել, զրկվել է իր տնից, հարկադիր տեղահանվել՝ նաեւ այն պատճառով, որ հայ Արցախն ի լուր աշխարհի Ադրբեջան հայտարարեցիք:
«Հայաստանի պատմությունը» պետության գոյության զարգացման պատմությունն է՝ պետության չգոյության դրվագներով, իսկ «Հայոց պատմությունը» պետության չգոյության պատմությունն է պետության գոյության դրվագներով»,- իրենց դիրքորոշումն այս բառախաղով է բանաձեւում վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Եվ ավելացնում է. «Սա կարեւոր հայեցակարգային տրամաբանություն է»: Կներեք, բայց այսպիսի տրամաբանությունն ու հայեցակարգը թվում է արհեստական, հնարովի եւ դրանով՝ մերժելի, ծրագրվող փոփոխությունը՝ պարունակելիք հնարավոր այլեւայլ հետեւանքների առումով՝ նաեւ վտանգավոր, մեզ ժամանակային ու աշխարհագրական նոր սահմանափակումների մեջ դնող եւ մեր թշնամիների ջրաղացին ջուր լցնող: Չէ՞ որ, ինչպես ճիշտ ասվում է, հետո հարց է առաջ գալու՝ որո՞նք են Հայաստանի սահմանները, այս կամ այն հայտնի իրադարձությունը որտե՞ղ է տեղի ունեցել եւ եթե այս սահմաններում չէ՝ ի՞նչ գործ ունեք դրա հետ:
Գուցե այդ մասով այստեղ շատ փակագծեր բացելու կարիք չկա, բայց երբ Հանրային հեռուստատեսության երեւի սոցիալական գովազդի մի հոլովակում արդեն օրական չգիտեմ քանի անգամ, ակնհայտորեն իշխանության «վերեւներից» մեկի հանճարե՜ղ մտահղացմամբ մի նոր կարգախոս են հնչեցնում թե՝ «Հայրենիքը պետությունն է», էլի տարբեր հարցեր են առաջանում: Օրինակ՝ թե մեր պատմության ընթացքում մենք ոչ մեկ անգամ դարերով պետականություն կորցնելով՝ հայրենիք չե՞նք ունեցել: Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն անմեղ զոհերը, հրով-սրով տեղահանածներն ու մազապուրծ մի կերպ փրկվելով աշխարհով մեկ սփռվածներն այդ ճակատագրին են արժանացել, որովհետեւ պետություն չունենալով՝ հայրենի՞ք էլ չեն ունեցել, ուրիշի՞ հայրենիքում են ապրելիս եղել: Իսկ արցախցինե՞րը… Կամ հիմա Արցախն ո՞ւմ հայրենիքն է… Եվ մի՞թե կարելի է այս մտածողությամբ երկի՛ր կառավարել: Այն էլ՝ այսպիսի՛ երկիր՝ այս խառնակ, բազմավտանգ ժամանակներում:
Հայրենիքն ու պետությունը, երկիրն ու պետությունը պատմական որոշակի փուլում կարող են եւ տարբեր լինել, ինչպես մեր պարագայում ժամանակին եղել է, ցավոք, ոչ մեկ անգամ: Իսկ «Հայոց պատմությունը» «Հայաստանի պատմություն» վերանվանելու որեւէ իրական անհրաժեշտություն, առանց, մանավանդ, հնարավոր վնասների, չկա: Անգամ ԽՍՀՄ-ի օրոք մեր պատմությունը կոչվում էր գոնե «Հայ ժողովրդի պատմություն», դա հայ ազգի պատմությունն էր, ներառյալ նաեւ գաղթօջախները: Որովհետեւ ազգը, ժողովուրդն է առաջնայինը, իսկ պետությունը նրան ծառայող գործիքն է: Ինչպես վերը հիշեցինք, «Հայոցի» մեջ ե՛ւ երկրի, պետության իմաստը կա, ե՛ւ ժողովրդի, ազգի: Իսկ «Հայաստանի» հասկացության մեջ ոչ միայն երկրորդը ուղղակիորեն չկա, այլեւ դեռ հարց է առաջանալու՝ ո՞ր Հայաստանի… Այժմ 10 մլն համարվող հայությունից առավելագույնը 3 մլնն է ապրում Հայաստանում. մյուսներին, նրանց պատմությունը մոռանալո՞ւ, նույնպես ուրանալո՞ւ ենք… Ուզում եք 29 743 քառակուսի կիլոմետրի պատմությո՞ւն թողնել մեզ: Դուք այդ հիմա եք ասում՝ միայն անունն է փոխվում, բովանդակությունը մնում է: Հետո անունը կպահանջի, ձեզ եւ գուցե ձեզնից հետո մեզ «դրսից» էլ «կօգնեն» նաեւ բովանդակությունը փոխել… Ու եթե անկեղծ եք, քնած հոգի արթնացնել ի՞նչ պետք է:
«Ազգը, որը մոռանում է իր անցյալը, ապագա չունի»,- Ուինսթոն Չերչիլն է ասել: Պատմություն, պատմական անցյալ չունեցող մեր թշնամին իր համար պատմական անցյալ ու պատմություն է հորինում, իսկ մեզ մեր պատմական անցյա՞լն է խանգարում: Եվ ընդհանրապես, ո՛ւմ է խանգարում Հայոց պատմությունը…
Մեր դասավանդվող պատմության անփոփոխ անունն ու բովանդակությունն իր մեջ յուրովի պահպանում եւ կրում է Հայոց ժամանակների, հայ կյանքի անխզելի շարունակականության ու հավերժության գաղափարը, խորհուրդը:
Մի՛ փորձեք կտրել այդ թելը:
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ
2024.09.03