Հինգշաբթի, Հունվարի 1, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հանճարը գոյություն ունի, եթե կա պարարտ հող… [*]

ԱԶԳ
19/12/2025
- 19 դեկտեմբերի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
27
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նկարիչ Հակոբ Հակոբյանի արեւով ողողված արվեստանոցում տարբեր տարիների ընթացքում իր կերտած գեղանկարչական աշխատանքներն էին, որ շրջել էին աշխարհի տարբեր երկրներում եւ մեծ ճանաչում բերել ոչ միայն սիրելի նկարչին, այլեւ հայ ժողովրդին:

Եվ մեր զրույցը ոչ թե նկարչի աշխատանքների մասին էր, այլ հայ հանճարի գոյության առեղծվածի, հայ մշակույթի անցյալի ու ներկայի առանձնահատկությունների մասին:

– Կա՞ն արդյոք առանձնահատկություններ, որոնք առավելապես բնութագրական են հայ արվեստի եւ գրականության համար:

 – Ես հատուկ պատրաստություն չունիմ այս հարցին պատասխանելու, բայց մեր մշակույթի մասին, անշուշտ, մտածել եմ: Իբրեւ նկարիչ, ավելի շատ կերպարվեստի նմուշներ նկատի ունենալով, կրնամ որոշ ընդհանրացումներ ընել, ըսել իմ տեսակետը:

Յուրաքանչյուր արվեստագետ մտածում է, թե ինչ է ինքը, որտեղից է գալիս իր ժողովուրդը, ինչով է ինքը տարբերվում այլազգի մշակույթի գործիչներից: Մեր ժողովուրդը հազարամյակների մշակույթ ունի: Ունենք սեպագիր արձանագրություններ, կան հետքեր քարաժայռերի վրա, որոնք եկել-հասել են մինչեւ մեր օրերը: Ես մտածում եմ, որ մեր մշակութային արժեքների ճիշտ գնահատականը տալու համար այն պետք է համեմատենք հարեւան ժողովուրդներու մշակույթներու հետ, այս պարագային՝ համաշխարհային մակարդակով ստեղծված մշակույթի հետ: Եթե Ուրարտուի շրջանը համեմատենք Ասորեստանի, Եգիպտոսի, Պարսկաստանի, Հունաստանի մշակույթի հետ, մենք կտեսնենք, որ նրանց համեմատ մեր ստեղծածը շատ նախնական է, նույնիսկ՝ թերաճ:

Այո՛, նախնական բան մը կա, երբ համեմատում ենք ուրարտական հարթաքանդակները ասորական կամ պարսկական հարթաքանդակներու հետ: Նրանք իրենց բարձր տեխնիկայով հասել են մի այնպիսի նրբության, այնպիսի բովանդակության, աշխարհայացքային ընդարձակության, որ մերը նրանց կողքին դառնում է շատ պարզունակ: Սակայն դա չի ժխտում հայ հանճարի գոյությունը:

Հանճարը գոյություն ունի հայերու մեջ: Մեր արվեստը շատ ավելի փոքր է եւ քիչ՝ թե՛ իր բովանդակության եւ թե՛ ձեւի կատարելության իմաստով: Որպես օրինակ վերցնենք նկարչությունը: Ես ուզում եմ առանձնացնել 19-րդ, 20-րդ դարերը: Մինչ այդ, ըսենք, որ ամենաշատ մեզի ծանոթ արվեստը մանրանկարչությունն է: Հայ մանրանկարչությունը մեծ արվեստ է, բացառիկ գործեր կան, իսկ մանրանկարչության գագաթն, անկասկած, Թորոս Ռոսլինն է: Ուշադրություն դարձրե՞լ եք՝ Թորոս Ռոսլինի ձեռագրերում մարդկային գլուխը հազիվ եղունգի չափ մակերես է գրավում: Էկրանի վրա, երբ մեծանում է պատկերը, տեսնում ես, որ այդ փոքր մակերեսը անչափ հետաքրքիր արտահայտիչ եւ հարուստ է: Զարմանալ կարելի է՝ ինչպե՞ս է այդքան փոքր մակերեսի վրա Ռոսլինն այդպիսի արժեքավոր գործ արարել:

Ասում են՝ Վերածնունդը մեզանից սկսվեց, իտալականից երկու դար առաջ: Մի քիչ անլուրջ խոսք է: Վերածննդից դեռեւս 1000 տարի առաջ նույն իտալացիները Պոմպեյի մեջ բարձր մակարդակի հասցրին իրենց արվեստը, տեսակ մը իրենք վերածնեցին անտիկ աշխարհի գաղափարները:

Մենք՝ հայերս, ոչ մի ժամանակ չենք կարողացել մեր արվեստը այդպիսի բարձր մակարդակի հասցնել: Գուցե հիմնական պատճառներից մեկը եղել է մեր պետության տկարությունը, մեր փոքրությունը: Մեծ պետություններն ունեցել են ավելի մեծ հնարավորություններ եւ միջոցներ: Ու եթե մեր Ռոսլինը գնար Իտալիա, ապրեր Ֆլորենցիայում, կնկարեր ավելի մեծ մակերեսներ եւ կդառնար Վերածննդի երեւելի դեմքերից մեկը:

Անշուշտ, մենք պետք է ճիշտ գնահատենք մեր ունեցածը եւ այսօր վստահաբար կարող ենք ասել, որ միչեւ 19-րդ դարը մեր մշակույթը որոշ վիճակեն անդին չէ անցեր: Մենք մեր ունեցած արժեքները պետք չէ չափազանցնենք, քանի որ կնշանակե, որ առնվազն մենք չենք գիտեր օտարների արածը: Չենք կարող համեմատվել նրանց հետ: Սակայն, այս ամենով հանդերձ, կա մեկ փաստ՝ հանճարի գոյությունը: Կասկած չկա, որ այն կա նույնիսկ մեր նախնական, պարզունակ թվացող, պատանեկան, ոչ հասուն մակարդակի մեջ: Դարերով հայ արվեստում տեղաշարժ չի եղել, այն մնացել է մութի մեջ, որովհետեւ չի եղել զարգացում, որովհետեւ մեր երկիրը նվաճվել է օտարներու կողմե, օտարի ազդեցությունը մեզ վրա շատ ուժեղ է եղել: Այն հաճախ թույլ չի տվել, որ հայկական որեւէ ինքնուրույն միտք գործի, թեեւ հայերը հենց այդ օտարներու համար արժեքներ են ստեղծել:

Միայն 19-րդ դարի կեսերին, երբ հայ արվեստագետները շփվում են եվրոպական արվեստի, մշակույթի հետ, յուրացնում են այն, իրենք էլ ստեղծում են համաշխարհային մակարդակի արվեստի գործեր: Ահավասիկ ատոր ապացույցը, ունենք մի քանի անուններ, որոնցից մեկը Հակոբ Հովնաթանյան նկարիչն է: Հակոբ Հովնաթանյանով սկսվում է մի նոր որակ: Հովհաննես Այվազովսկին շփվելով եվրոպական մշակույթի հետ եւ միանգամից յուրացնելով այն՝ ամենաբարձր մակարդակով դրսեւորեց իր արվեստը: Նա իր ստեղծագործություններով ապացուցեց, որ հանճարը կա, եթե կան պարարտ հող եւ լավ պայմաններ: Ցարական մեծ կայսրության ուժն ուներ իրեն շուրջ, պատրաստվածություն ուներ, եւ ատիկա օգնեց, որ իր հանճարը բացահայտվի: Նա չէր գնացել այս աշխարհից, երբ եկավ Մարտիրոս Սարյանը: Իր ժամանակի մեջ, նորից շփվելով եվրոպական մշակույթի հետ, Սարյանը ցույց տվեց, որ ինքն այդ ցանկացած փարիզյան խումբին մեջ կարող էր իրեն հանգիստ դրսեւորել, որովհետեւ նա էլ ուներ հանճարի ուժը: Սրանք հայ հանճարի գոյության ապացույցներն են: Նրանց կերտած արվեստի գործերում երեւում է ուժ, որով նրանց արվեստը տարբերվում է մյուսներից: Ռուսական նկարչության մեջ Այվազովսկուն մյուսներից տարբերող ուժը հայկական ոգին է: Նույնը կարող ենք ասել Սարյանի մասին:

Այսօր, երբ ավելի քան բաց է մեր երկիրը եւ ժամանակը աշխարհի հանդեպ, ես կարծում եմ, որ շփվելը օտար մշակույթներու հետ ու նաեւ մեր լրջությունը՝ դրանց մոտենալու, յուրացնելու, կրնա շատ բան բանալ հայ արվեստագետի եւ հայ մարդու մեջ: Եթե չըլլա ատիկա, ուրեմն նորեն հայ տաղանդավոր, հանճարեղ մարդիկը օտարին համեմատ երեւալու են պարզունակ ու նախնական: Հաճախ արվեստի գործ նայելիս զգում ես, որ ուժ ունենալով հանդերձ՝ ունի պակաս մի բան: Գուցե նրբության պակասն է, մեծ վարպետության, թռիչքի, աշխարհայացքի: Շփումը թույլ է տալիս հաղթահարել այդ ամենը, թեեւ այս պարագային մեկ վտանգ կա՝ այնքան մը չշփվինք, որ ամբողջովին կորցնենք մեր հանճարը նրանց մեջ:

Երբ հայ արվեստագետը ապրում է ուրիշ մշակույթի մեջ, հպարտանում ենք, որ նա ծագումով հայ է. իրականում՝ նա իր հանճարը նվիրում է օտարին: Այս դեպքում մեզ համար կարեւորն այն է, որ նա կարողանա ետ բերել օտարից վերցրածը այնպես, ինչպես Սարյանն արեց. Սարյանը եկավ Հայաստան եւ անչափ կարեւոր մի հիմք դրեց. չափանիշ ստեղծեց: Այդ մեզ համար ճակատագրական եղավ. անհատը կարողացավ ստեղծել ժողովուրդ, ուրեմն անհատը կարող է իր մեջ ունենալ այնպիսի խտացված ուժ, որով ժողովրդին ժողովուրդ է դարձնում: Մեսրոպ Մաշտոցը, Սահակ Պարթեւը, Վռամշապուհ թագավորը ստեղծեցին հայ ժողովուրդը: Ալեքսանդր Թամանյանը եկավ եւ իր հանճարով ստեղծեց Երեւանը: Փորձենք Երեւանի մեջեն հանել Օպերայի շենքը, Կառավարական տունը, Երեւանը կդառնա շաբլոն փողոցներով բնակավայր: Կոմիտասը Բեթհովեն չէ, անշուշտ, Բախ էլ չէ եւ ոչ էլ Մոցարտ: Բայց ունի հանճարի մեծ ուժ, որին օտարները լսելիս ասում են. «Ահավասիկ հայ ըսված մի բան կա…»:

Գուցե, ընդհանուր առմամբ, ես քիչ մը չափազանցում եմ, երբ ասում եմ, որ մենք քիչ մը նախնական ենք, տեսակ մը անմշակվածություն կա մեր մշակույթում: Ես այդպես եմ մտածում

– Ինչպիսի՞ն կուզեիք տեսնել հայ նոր արվեստն ու գրականությունը:

– Մենք ունենք կերպարվեստագետներ, քանդակագործներ, նկարիչներ, երաժիշտներ, գրողներ, որոնք, թեեւ այսօրվա շուկայական հարաբերություններու դժվար օրերին, շարունակում են ստեղծագործել, գրել, տպագրվել: Ես կարող եմ ասել, որ մեր գեղարվեստի հիմնական արժեքները ստեղծվել են 19-րդ, 20-րդ դարերում: Այսօր մենք 20 տարեկան Տերյան չունինք. 20 տարեկան Չարենց չունինք: Ես 19-20 տարեկան Տերյանին, 20 տարեկան Չարենցին, 30 տարեկան Մինասին, 30 տարեկան Սարյանին եմ սպասում: Եթե մեր ժողովուրդը նորից կարողանա ծնել այդպիսի մեծություններ, այն ատեն կարող ենք ըսել, որ մեր ժողովուրդը շարունակվում է: Մոռնալ ինչ-որ ստեղծված է եւ ստեղծել նոր արվեստ՝ անկարելի է: Ճիշտ է, մեր գրականությունը չենք կրնար համեմատել համաշխարհային, ռուսական, ֆրանսական գրականության հետ, այդ բանին հնարավորությունը մենք չունինք: Նրանք մեծ ժողովուրդներ են, մեծ պետություններ, մեծ հովանավորներ ու մեծ կապեր ունին, եւ մտավորականներն էլ շատ ավելի ուրիշ պայմաններուն մեջ են աճում ու զարգանում: Սակայն մենք ստեղծել ենք հիմնավոր արվեստ, գրականություն: Անշուշտ, մեր գրականությունը մեծություն մը չէ, բայց արժեքավոր է: Մենք Տերյանի, Չարենցի, Մեծարենցի, Թումանյանի պես բանաստեղծներ ունինք, որոնք դրել են հիմքը անչափ գեղեցիկ արվեստի: Մնում է միայն, որ մեր նոր սերունդն ապացուցե, որ ինքը շարունակողն է նրանց. ինքը պետք է զարգացնի, ծաղկեցնի նրանց ստեղծածը: Ես դրա մեջ եմ տեսնում ելքը: Եթե այդ արեցինք, կշարունակենք ԼԻՆԵԼ: Եթե ասենք, որ մենք ավելին գիտենք, մենք նրանցից ավելի լավ կարող ենք ստեղծագործել, եթե այսպես պիտի խոսենք, շատ բան կկորցնենք, քանի որ հիմա քաոսային վիճակ մը կա, քիչ մը շփոթվածություն կա մտավորականության մեջ. նման պարագաներուն օգտվում են միայն միջակները: Իսկ նրանք երեւում են, որովհետեւ չկա մյուսը՝ տաղանդավորը: Այդ իմաստով մեր արվեստի, մշակույթի մեջ այսօր չեմ տեսնում բարձր մակարդակի արվեստագետին, որն օժտված է ոչ միայն տաղանդով, հանճարով, այլ նաեւ իր մարդկային նկարագրով: Ատիկա այս շրջանին չեմ տեսնում, սակայն հավատում եմ, որ Նա պիտի գա… Սրանք հարցեր են, որոնց մասին շատ կարելի է խոսիլ, խորհրդածել, եւ շատերը պետք է խոսին, խորհրդածեն:  

Հարցազրույցը վարեց՝ ԿԱՐԻՆԵ ՄԵՍՐՈՊՅԱՆԸ

[*] Հարցազրույցն արվել է 1996 թվականին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Հաջորդ գրառումը

Արդյո՞ք  Իրանը գնում է Թուրքիայի հետքերով

Համանման Հոդվածներ

Կինո-Թատրոն

Մահացել է Բրիժիտ Բարդոն

28/12/2025
26 դեկտեմբերի, 2025

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ

26/12/2025
26 դեկտեմբերի, 2025

Ուժ կունենանք հաղթահարելու…

26/12/2025
26 դեկտեմբերի, 2025

Նոր տարի՝ քաղաքական հին կրկեսով եւ խաբված հանդիսատեսով

26/12/2025
Հաջորդ գրառումը

Արդյո՞ք  Իրանը գնում է Թուրքիայի հետքերով

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական