Արվեստի աշխարհը անծայրածիր հորիզոններ ունի, անհատներն են մեզ ծանոթացնում իրենց իսկ ձեռքերով ձեւավորված կյանքի հրաշալիքներին՝ քարից մարդ ձեւավորելով, կտավի վրա մարդու եւ բնության անվերջանալի շղթան գույներով պատկերելով՝ ստեղծում մնայուն արժեքներ:
Այսպիսի արտահայտություն կա՝ երեւանյան գույներ, այդ գույների ամենավառ երանգներից մեկը Հայաստանի վաստակավոր նկարիչ Հաղթանակ Շահումյանն է:
Դեռեւս 2007 թվականին Փարիզում ներկա գտնվելով նրա անհատական ցուցահանդեսին, տեսնելով թե ֆրանսիացիներն ինչպիսի հետաքրքրությամբ էին երկար նայում յուրաքանչյուր նկարին, մոտենում Հաղթանակին, ու հիացմունքով ասում, որ ինքը չի զիջում համաշխարհային ճանաչում ունեցող նկարիչներին, ես այդ պահին հասկացա, թե որքան կարեւոր են նման ցուցահանդեսները:
Այդ տպավորությամբ ռադիոյով (AYP FM) ներկայացրի՝ արդեն 1994 թվականից Փարիզում առաջին ցուցահանդեսից հայ համայնքին ծանոթ Հաղթանակ Շահումյանին:

Ի դեպ, 1994 թվականին Հաղթանակ Շահումյանին հնարավորություն է ընձեռվել երկու ամիս անցկացնելու Փարիզի արվեստների կենտրոնում (Cite՛ des arts): Առաջին անգամ էր գտնվում արվեստների մայրաքաղաքում: Ո՞ր նկարիչը չի երազել ցուցադրվել փորձության եւ ինքնահաստատման այդ «վտանգավոր միջավայրում»: «Ներքին տագնապով էի մտածում հնարավոր ցուցահանդեսի մասին», տարիներ անց խոստովանում է Հաղթանակ Շահումյանը: «Հիշելով պատվելի մտավորական Լեւոն Ներսիսյանին, որն առաջին ու վերջին անգամ լինելով Փարիզում պատմում էր, որ այդ միջավայրն իրեն ծանոթ էր ու հարազատ: Նույն զգացումն ունեի եւ ես, Փարիզում հարազատ ու բարեկամ չունեի: Հենց երկրորդ օրն այցելության եկավ Կարպիս Ջրբաշյանը, որին նամակ ունեի փոխանցելու: Հարուստ ներաշխարհով, արվեստասեր մի անձնավորություն, որի հետ լավ բարեկամներ դարձանք»:
Հաղթանակ Շահումյանին հնարավորություն է տրվում 4 օր ցուցադրվելու Ֆրանսիայի Սեն Պոլի ցուցասրահում: Հաջողությունն աննախադեպ էր: Այդ օրերին Փարիզ այցելությունների ընթացքում Հաղթանակ Շահումյանին սատարում ու ոգեւորում էին իրենց նոր բարեկամներն ու ընկերները, առանձնակի ուշադիր էր եղել Կարպիս Ջրբաշյանը: Ցուցահանդեսի վերջին օրը նշանավորվում է Գառզուի այցելությամբ, ում հետ այդ օրվա ծանոթությունն ու նրա շռայլ գովեստի խոսքերը հետագայում որոշակի դեր խաղացին Հաղթանակ Շահումյանի կյանքում: Գառզուի հրավերով իր արվեստանոցում երկար զրույց են ունենում Հայաստանում տիրող իրավիճակի, մեր երկրի մշակույթի ներկայի ու ապագայի շուրջ: Գառզուն Հաղթանակ Շահումյանին խորհուրդ է տալիս ապրել եւ ստեղծագործել Փարիզում` առաջարկելով իր աջակցությունը: Հաղթանակ Շահումյանն իհարկե չհետեւեց այդ խորհրդին, քանի որ ընտանիքն իր կարիքը շատ ուներ: Ցուցադրված աշխատանքներից 35-ը վաճառվել էր, շտապում էր վերադառնալ տուն:
Գառզուի հետ պայմանավորվել էին հաջորդ այցելության հանդիպել ու համագործակցել: Ցավոք, 1996թ. Գառզուի առողջական վիճակը վատանում է, եւ այդպես էլ չհաղթահարելով վերահաս հիվանդությունը 2000 թվականին հեռանում կյանքից:
Հաղթանակ Շահումյանի համար փարիզյան այցելությունների առումով մասնագիտական անգնահատելի բացահայտումներ եղան, հնարավորություն ունեցավ պատկերասրահներում ու ցուցասրահներում տեսնել շատ երկրների արդի նկարիչների արարումները: Տեսանելի դարձան այն տարբերություններն ու խոչընդոտները, որոնք խանգարել էին հայ տաղանդավոր շատ նկարիչների սերտաճելու եւ արժանի տեղ գտնելու համաշխարհային արվեստում: Մոտիկից ծանոթանալով սիրում է Ֆրանսիայի նրբանկատ արվեստասերներին, որոնք ավանդական հարգանք ու սեր են պահպանել ստեղծագործության ու ստեղծագործողի նկատմամբ: Փարիզի միջավայրում այդպես էին ե՛ւ ֆրանսիացին, ե՛ւ մեր հայրենակիցները, ե՛ւ զբոսաշրջիկների բազմությունը, որոնք հայտնվել էին այդ առեղծվածային քաղաքում: Նկարիչը նման երկրում ու միջավայրում զգում է իր արած գործի բուն իմաստն ու արժեքը:
2023թ.Երեւանում էի, օգոստոսի 25 -ին Հաղթանակ Շահումյանի հրավերով իր արվեստանոցում էի, տպավորություններս երեւակայությանս գերազանցեցին: Յուրաքանչյուր նկարչի մասին անաչառ պատկերացում կազմելու համար գեթ մեկ անգամ պետք է լինել նրա աշխատանոցում: Վաստակավոր նկարչի կոչումը չափազանց համեստ թվաց ինձ: Հաղթանակ Շահումյանը Մեծ նկարիչ է: Համոզված եմ՝ ովքեր որ ծանոթ են նրա նկարներին ու հատկապես իրեն, որպես մարդ- անհատի, ըստ արժանավույն են գնահատում նրա բարձրորակ արվեստը:
Զրույցի ընթացքում խոսելով հայ-ֆրանսիական բարեկամության մասին՝ նա ասաց, որ այդ բարեկամությունը խորհրդանշող կտավ ունի, սիրով ուզում է նվիրել Ֆրանսիայի Հանրապետությանը:
Երկու տարի է Փարիզում քննարկվում է այս հարցը:
Այս ամառ, երբ որ Երեւանում էի, Հաղթանակի հետ կրկին քննարկեցինք ու որոշ տարբերակներ առաջարկեցի, սակայն Հաղթոն քանի որ սկզբունքային մարդ է, հաստատակամ ասաց, որ Ֆրանսիային նվիրելու նպատակով է կտավը ստեղծվել, ամեն մի շտրիխ պատկերելիս միահյուսվել է հայ – ֆրանսիական բարեկամության դարավոր ակունքների պատմությամբ:
Երբ եւ ինչպես այս կտավը կունենա իր հանգրվանը, ցույց կտա ժամանակը:
ԱՆԺԵԼԱ ՍԱՀԱԿՅԱՆ
Փարիզ