Մայիսի 13-ին Երեւանի Գրականության եւ արվեստի թանգարանում տեղի ունեցավ վերջերս հայերեն եւ հունգարերեն լույս տեսած «Հայ ժամանակակից պոեզիա» ժողովածուի շնորհանդեսը: Միջոցառումը բացեց թանգարանի տնօրեն, բանասիրական գիտությունների թեկնածու Վահագն Սարգսյանը: Իր խոսքում նա կարեւորեց հայ գրականությունն ամենատարբեր լեզուներով ներկայացնելու անհրաժեշտությունը: Այնուհետեւ ելույթներ ունեցան ժողովածուում իրենց թարգմանություններով հանդես եկած Արմեն Գրիգորյանը եւ Արծվի Բախչինյանը: Նրանք ներկայացրին գրքում լույս տեսած 18 հեղինակների անունները եւ գրքի խմբագիր Էվա Բլենեշիին, ինչպես նաեւ հայ-հունգարական պատմական ու գրական կապերը: Բանաստեղծ, արձակագիր, հունգարական գրականության թարգմանիչ Վահրամ Մարտիրոսյանը ներկայացրեց Հունգարիայի գրական աշխարհի հետ իր առնչությունները, որից հետո բանաստեղծուհի Մարինե Պետրոսյանն ընթերցեց իր մի բանաստեղծությունը: Դրան հետեւեց Վահրամ Մարտիրոսյանի՝ նույն բանաստեղծության հունգարերեն թարգմանությունը: Ժողովածուում ընդգրկված իրենց բանաստեղծությունների ընթերցմամբ հանդես եկան նաեւ բանաստեղծուհիներ Նուշիկ Միքայելյանը, Անուշ Ասլիբեկյանը եւ Հերմինե Նավասարդյանը:
ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ