Գիտական մեծարժեք նոր ու ստվարածավալ գիրք է հրատարակել բանագիտության դոկտոր Վերժինե Սվազլյանը: Հավանաբար նախախնամությունը նրան մանուկ հասակից նախապատրաստել էր 1915 թ. Հայոց ցեղասպանության վերապրածների եւ նրանց սերունդների հիշողության մեջ պահպանված ազգային աղետների, նաեւ ազգային ձեռքբերումների ու թանկագին հուշերը մարդկությանը ի պահ տալու համար: Սվազլյանը բանագիտական ասպարեզ է մտել Սարգիս Հայկունու կյանքն ու գործը լուսաբանող գրքով (1973 թ.), եւ ահա այսօր նա ունի սեփական աշխատասիրությամբ ստեղծած մի պատկառելի գրադարան: Նրան ենք պարտական այսօր սեղանին ունենալու համար Արցախ-Ուտիքի հայ ժողովրդական հեքիաթները (1973 թ.), նաեւ Մեծ Հայքի այլ նահանգների՝ Տարոն-Տուրուբերանի (1984 թ.) եւ Վան-Վասպուրականի (1998 թ.) հեքիաթները: Դրանց հաջորդում են Մուսա լեռան (1984 թ.), Կիլիկիայի (1994 թ.), Պոլսահայության (2000 թ.), Ռուսաստանի հայության (2020 թ.) բանահյուսական ստեղծագործությունների հրատարակումը:
Պատմական արժեքի առումով եզակի են այն ջանքերը, որ գիտնականը գործադրել է աշխարհի տարբեր երկրներում ապրող ցեղասպանության վերապրածների վկայությունները գրառելով եւ դրանք ոչ միայն մեզ՝ հայերիս, այլեւ աշխարհի մարդկությանը ներկայացնելով: Ցեղասպանությունը վերապրածների վկայություններն ամփոփող գրքերը լույս են տեսել նաեւ անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, գերմաներեն, թուրքերեն լեզուներով: Գրքերի մեծագույն մասը հրատարակել է ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչությունը: ԱՄՆ-ում 2006-ին լույս տեսած աշխարհի բանահյուսությունը ներկայացնող հանրագիտարանում «Հայաստան» հոդվածի հեղինակը վերստին Վերժինե Սվազլյանն է (տե՛ս The Greenwood Encyclopedia of World Folklore and Folklife , volume 2, pp. 357-372).
Ահա այս հարուստ ինքնաստեղծ գրադարանին բանագետն ավելացրեց նոր գիրք՝ «Ամերիկահայոց բանավոր ավանդույթը ժամանակի հոլովույթում» խորագրով (904 էջ): Գիրքը բացվում է «Հայերի տեղաբաշխումը Ամերիկայի Միացյալ Նահանգներում» քարտեզով (քարտեզը կազմել է Համլետ Սարգսյանը): Հատորն ավարտվում է «Ամերիկահայոց շրջանում տարածված ժողովրդական կատարումներ» ձայներիզով:
Գիրքը երկլեզու է՝ հայերեն ու անգլերեն (թարգմանիչ՝ Տիգրան Ծուլիկյան): Դրանում, բացի գիտական գրականության համար պարտադիր ու բազմատեսակ ցուցիչներից, կան նաեւ բանասացների լուսանկարներ (էջ 836-850): Լուսանկարները՝ հայերեն ու անգլերեն, ծանուցում են լուսանկարի տիրոջ անուն ազգանունը, ծննդյան թվականը, բնակավայրը:
Գրքի խմբագիրն է եղել երջանկահիշատակ բանագետ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Սարգիս Հարությունյանը, որը «Խմբագրի կողմից» խոսքն ավարտում է հետեւյալ եզրահանգումով. «Սույն գիտական աշխատությունը մինչեւ օրս հայ բանագիտության պատմության մեջ առաջինն է, որ նվիրված է հայ սփյուռքի մեծագույն համայնքներից մեկի՝ ամերիկահայոց բանավոր ավանդույթի գիտական համակողմանի ուսումնասիրությանը, որն իր պատմաճանաչողական արժեքով հայ ժողովրդի արդի մշակույթի պատմության մեջ կարեւոր եւ բացառիկ արժեք է ներկայացնում» (էջ 7):
Գրքի սկզբում կա «Ներածություն» բաժինը, որում ներկայացված է հատորի նյութերի մատուցման հետ կապված հեղինակային գիտական մոտեցումները:
Գրքի առաջին բաժինը՝ «Պատմագիտական ուսումնասիրություն», ունի չորս ենթաբաժին:
Երկրորդ բաժինը բաղկացած է սկզբնաղբյուրներից՝ վկայություններով Ցեղասպանության ականատեսների ու նրանց ժառանգների, նաեւ բանահյուսական ժանրերի առանձին տեսակների նյութերի բաժանումով՝ հեքիաթներ, առակներ, կենդանական զրույցներ, բարոյախրատական զրույցներ, պատմական զրույցներ, կենցաղային զրույցներ, հայերը բնօրրանում, հայերը գաղթաշխարհում, հայերն Ամերիկայում, հայրենադարձներ, զավեշտական զրույցներ, նորեկողները խորհրդային հայրենիքում, հայաստանցիներն Ամերիկայում, ամերիկահայոց պատմական երգեր, որոնք ներկայացնում են Հայոց ցեղասպանությունը (1915-1923 թթ.): Նաեւ որբի ու որբանոցի, հայրենազրկումի, պանդխտության, հայրենադարձության, մանկության, սիրո եւ ընտանիքի, կենցաղի, խրախճանքի, ազգահավաքի ու հայրենասիրական երգեր:
Խիստ ուշագրավ է ամերիկահայերի իմաստախոսությունների բաժինը, որում կան առած-ասացվածքներ, իմաստուն մտքեր, հանելուկներ եւ նման դրսեւորումներ: Գրքում տեղ են գտել ամերիկահայերի տոները ներկայացնող բաժինը, նաեւ երգերի նոտագրությունը:
«Պատմագիտական ուսումնասիրություն» բաժնի սկզբում դրված է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Էդվարդ Ջրբաշյանի՝ Սվազլյանի բանագիտական գործունեությանը տված հետեւյալ ճշգրիտ գնահատականը. «Վերժինե Սվազլյանի բազմամյա բանահավաքչական ու բանագիտական աշխատանքն իր մեթոդական նոր մոտեցումներով եւ ծանրակշիռ արդյունքներով նոր խոսք է հայ բանագիտության ասպարեզում: Նա իր բանահյուսական հարուստ ու բազմաժանր նյութերի եւ Հայոց ցեղասպանության ականատես վկաների պատմած հուշերի բնագրագիտական իմաստավորմամբ ու մանրազնին քննարկումներով, իր նախադեպը չունի ընթացիկ հարյուրամյակի՝ 20-րդ դարի արեւմտահայ բանավոր ավանդության հավաքման եւ ուսումնասիրման պատմության մեջ» (էջ 11):
Նախքան այս կարեւոր գրքի առանձին բաժիններին անդրադառնալը՝ նշենք, որ Սվազլյանի գիրքը փաստացի նյութերի հիման վրա առաջադրում է մի սրբազան պատգամ՝ հայը հայ է հայրենի հողի վրա, ինչպես Ստեփանոս Նազարյանցը կասեր՝ հայն օտարության մեջ հավասար է ծովի մեջ մի կաթիլ ջրի: Այս գիրքը ինչ-որ առումով նաեւ Շահան Շահնուրի «Նահանջը առանց երգի» գրքի խորհուրդն ունի՝ զգուշացնում է օտար երկրում հայի ուծացման մասին:
Ըստ ամերիկահայոց վկայությունների է շարադրված «Հայերն Ամերիկայի Միացյալ Նահանգներում» բաժինը, որը փաստավավերական հիմքով է ստեղծված ու տեղեկատվական յուրօրինակ հանրագիտարան է: Դրանից իմանում ենք, որ առաջին հայը, որը ոտք է դրել ներկայիս ԱՄՆ-ի հողի վրա, եղել է Ջոն Մարտին հայը՝ 1618-ին: Հետո 1653-ին երկու հայ վարպետներ Վիրջինիայի գաղութի ղեկավարի հրավերով հրավիրվել են Ամերիկա՝ շերամաբուծությունն ու մետաքսագործությունը զարգացնելու նպատակով:
XIX դարի 30-ական թվականներին հայերը Կիլիկիայից ու Արեւմտյան Հայաստանից Ամերիկա են մեկնել բողոքական միսիոներների գործունեության հետեւանքով: Հետագայում հայկական տարրը ստվարացել է Համիդյան ջարդերի ու հատկապես Հայոց ցեղասպանության պատճառով: Այդ հայերը կրթվել են ու Միացյալ Նահանգներում դարձել հայտնի դեմքեր: Դրանցից մեկն է «քիմիկոս-գյուտարար Քրիստափոր Տեր-Սերոբյանը, որի հնարած կանաչ եւ սեւ ներկերի բաղադրությունը մինչեւ օրս անհնար է դարձնում ամերիկյան դոլարի նենգումը» (էջ 13):
Սվազլյանը ներկայացնում է ԱՄՆ-ում բացված առաջին հայ եկեղեցիների ու դպրոցների համառոտ պատմությունը: Դրանց զուգահեռ շարադրվում է հայկական միությունների կազմավորումը այդ երկրում: Չափազանց հետաքրքրական են ամերիկահայեր Բարբարա Չուգասըզյանի ու Հարութ Սասունյանի ինքնակենսագրական հուշապատումները:
Երգչուհի Բարբարա Չուգասըզյանը (ծնվ. 1946 թ., Սան-Ֆրանցիսկո) 2008-ին Ֆրեզնոյի իրենց առանձնատանը, ազատություն տալով իրեն տանջող մտքերին, խոստովանություններ է արել, որոնք նոր լույս են սփռում ամերիկահայության կյանքի վրա (էջ 40-42): Բարբարայի մեծ պապը համիդյան ջարդերի ժամանակ՝ 1896-ին, Մուշից գալիս է Ամերիկա: Բարբարայի ծնողները ծնվել են ԱՄՆ-ում: Հայկական դպրոց չլինելու պատճառով՝ նրանք հաճախել են անգլիական դպրոց, իսկ տան խոսակցական լեզուն եղել է հայերենը: Բարբարան բացատրում է, թե երկու հանգամանք հայերին խանգարում է Ամերիկայում հայ մնալուն: Նախ՝ հայկական եկեղեցու պատարագը, որը գրաբարով է ու անհասկանալի, երկրորդ՝ Աստվածաշունչը հարկավոր է քարոզել ոչ թե գրաբար, այլ ժամանակակից հայերենով (էջ 41): Իր ծնողները հետեւյալ պատգամն են տվել իրենց զավակներին. «Դուն հայ ես՝ պիտի լա՛վը ընես, դուն հայ ես՝ պիտի լա՛վը ըլլաս, դուն հայ ես՝ պիտի աշխատիս հայու պատիվը բարձր պահե՛ս, դուն հայ ես՝ պիտի հաղթե՛ս» (էջ 41): Բարբարան հին գաղթականներին համեմատում է Հայաստանից վերջին տարիներին արտագաղթածների հետ եւ տեսնում է մեծ տարբերություն…
Հարութ Սասունյանի (ծնվ. 1950 թ. Հալեպ, ապրում է Լոս Անջելեսում) հարցազրույցը պատկերում է վերջինիս հայանպաստ ու հայրենասիրական գործունեությունը: Նա երկու բարձրագույն ուսումնական հաստատություն է ավարտել ԱՄՆ-ում, չորս տարի ապրել է Ժնեւում եւ կարեւոր գործ է կատարել Հայոց ցեղասպանությունը միջազգայնորեն ճանաչել տալու սրբազան գործում: Նա անգամ Սումգայիթի ջարդերի իրողությունն է միջազգային ուշադրության արժանացրել: Հարցազրույցում կա հետաքրքրական փաստ: Ժնեւի ՄԱԿ-ի մարդու իրավունքների բաժանմունքում Սասունյանը ելույթ է ունեցել՝ դատապարտելով Սումգայիթի հայության ջարդերը. «Հաջորդ օրը, երբ ելույթները սկսան, հերթը հասավ ինձի, սկսա դատապարտել Սումգայիթի դեպքերը: Ան ժամանակ բացառիկ բան մը պատահեց. Սովետ Միության ամբողջ պատվիրակությունը ոտքի կանգնեց եւ հեռացավ ՄԱԿ-ի շենքից» (էջ 417):
Հարութ Սասունյանը եղել է Քըրք Քըրքորյանի հիմնած «Լինսի» հիմնադրամի փոխտնօրենն ու ներկայացնում է, թե ինչ հսկայական գումարներ է փոխանցվել Հայաստանին եւ Արցախին: Քըրք Քըրքորյանը, իմանալով Լիբանանի հայկական վարժարանների նյութական ծանր վիճակի մասին, 28 հայկական վարժարանների օգնություն է ուղարկել չորսուկես միլիոն ամերիկյան դոլար (էջ 418):
Ուսանելի է Ջեք եւ Եվա Մեծորյան ամուսինների դեպի Հայաստան ունեցած վերաբերմունքը, որոնք հաճախ եկել են Հայաստան: 2012 թ. մայիսին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ջեք Մեծորյանին՝ հայրենիքին մատուցած ծառայությունների համար պարգեւատրել է «Մովսես Խորենացի» մեդալով:
Եվա Մեծորյանը, որը հիանալի ձայն ունի ու երգում էր, պատմում է Բոստոնի իր մանկության օրերի հիշողությունների մասին, որոնցում Սովետական Հայաստանն ունեցել է իր պատվավոր տեղը. «Պատերազմեն վերջը՝ 1945-ին, ես հազիվ 14 տարեկան էի, երբ սկսած եմ բեմերու վրա հայկական երգեր երգել: Լավ ձայն ունեի, եւ ինձի կսիրեին: Մենք հայկական ձեռնարկներ կկազմակերպեինք, ինչպես, օրինակ, Հայաստանի սովետականացման տարեդարձը՝ նոյեմբերի 29-ը, անպայման ամեն տարի կնշեինք: Տեղի հայերը կհավաքվեին մեծ դահլիճի մը մեջ, աղվոր հայկական երեկո կանցկացնեինք: Շատ լավ պարի խումբ ունեինք» (էջ 393):
Բազմաթիվ են Սվազլյանի գրառած ցեղասպանություն վերապրածների վկայություններն ու իրենց հայությունը պահպանած անհատների հարցազրույցները:
Հիմա մեր հայրենիքի այս ծանր օրերին՝ Շուշիի ու Հադրութի կորստից հետո, լսում ենք, որ թուրքական «գորշ գայլեր» կոչված բռնություններ կատարող զինվորականները հայտնվել են Շուշիում: Սվազլյանի գրքում կա «Թուրքերուն ծագումը՝ գորշ գայլը» զրույցը: Նրանում ասվում է, թե թուրքերը մոնղոլական ծագում ունեն եւ եկել են Չինաստանի կողմերից: Այդ քոչվորները մի օր գորշ գայլ են տեսնում ու իրենց ձիերի վրա նստած հետեւում են նրան: Գորշ գայլը գալիս է Հայաստան, իրենք էլ նրա հետեւից գալիս են Հայաստան: Տեսնում են լավ երկիր է, մտածում են մնալ այդտեղ: Դրանից հետո իրենց խորհրդանիշը դարձնում են Գորշ գայլը: Թուրքերը սկսում են ճնշել հայերին, ծանր հարկեր են դնում նրանց վրա, սպանում են, այրում տները: Հետո սկսում են փախցնել մինչեւ տասը տարեկան քրիստոնյա տղաներին, թլփատում են, իսլամացնում, փոխում նրանց լեզուն ու դարձնում ենիչերի: Թուրքերը հայերին արգելում են հայերեն խոսել, մինչեւ իսկ հայերեն խոսելու համար կտրում են լեզուն: Հիմա էլ Թուրքիայում, հավատարիմ իրենց նախնիների դաժան ու բռնի ավանդույթներին, կա «Գորշ գայլեր» անունով երիտասարդական հետադիմական կազմակերպություն (էջ 439):
Բանահյուսական որոշ միավորներ, ըստ երեւույթին, հայկական միջավայրում թափառող սյուժեներ են: Ինչպես, օրինակ, «Թագավորն ու աղքատը», որը կա հեքիաթի ձեւով տարբեր նահանգներից գրառված հյուսվածքներում: Աղքատը կարողանում է այնպիսի սուտ ասել, որ թագավորը աղքատի բերած տոպրակը լցնում է ոսկով (էջ 446):
«Պատմական զրույցներ» բաժնում հետաքրքրական պատումներ կան Խրիմյան Հայրիկի, Անդրանիկ Զորավարի, Սողոմոն Թեհլիրյանի, Վիլյամ Սարոյանի, Նիկոլ Աղբալյանի, Գարեգին Նժդեհի, Վազգեն Ա կաթողիկոսի, Մոնթե Մելքոնյանի եւ մի քանի այլ նշանավոր հայերի մասին:
Խրիմյան Հայրիկը համեմատվում է Ավարայրի հերոսամարտին մասնակցած Ղեւոնդ Երեցի, Ներսես Մեծի, Ներսես Շնորհալու հետ: Խրիմյան Հայրիկն իր «Պապ եւ թոռ» գործով հային պատգամում է կապվել հարազատ երկրի հետ, մշակել հողը, ստեղծել բարիք: «Հայոց Հայրիկը ոչ միայն մնաց իր բարձրության վրա, այլեւ հայրենի փուշը նախընտրեց օտարի վարդից» (էջ 470):
Զորավար Անդրանիկի մասին պատմող զրույցում ասվում է. «Իսկ ինչ կվերաբերի թուրքերուն՝ հայրս կըսեր, որ հայազգի մեծ զորավար Անդրանիկը միշտ հակառակ եղած է թուրքերուն եւ ըսած է դաշնակներուն. «Դուք հաշտվեցաք թուրքերու հետ, բայց ես թուրքի հետ չեմ կրնար հաշտվիլ մինչեւ իմ մահը: Օրը պիտի գա, որ այս հեղափոխականներն (նկատի ունի՝ երիտթուրքերին – Վ.Ս.) ալ պիտի դառնան սուլթան Համիդի պես գազան մը եւ բոլորիդ ալ պիտի ոչնչացնեն» (էջ 471):
Սողոմոն Թեհլիրյանին ներկայացնող զրույցում կա այսպիսի փաստ: Թալեաթը միակը չէ, որ սպանել է Սողոմոնը, նա սպանել է նաեւ Հարություն Մկրտչյան անունով մի հայի, որը ոստիկանապետ Պետրիի միջոցով Թալեաթին է հանձնել Պոլսի 250 հայ մտավորականների սեւ ցուցակը, եւ այդ ցուցակի անուններից միայն 10 մարդ է ողջ մնացել (էջ 472):
«Անգլիագիր հայ գրող Վիլյամ Սարոյանը» զրույցում կարեւոր փաստեր են հաղորդվում աշխարհահռչակ գրողի մասին: Սարոյանի «Մարդկային կատակերգություն» (1942 թ.) գրքի հիման վրա նկարահանված ֆիլմի սցենարի համար Սարոյանն արժանացել է «Օսկար» մրցանակի: Բերվում է նաեւ Սարոյանի հետեւյալ հայտնի ինքնագնահատականը. «Թեեւ գրում եմ անգլերեն եւ ծնունդով ամերիկացի եմ, բայց ես ինձ համարում եմ հայ գրող: Լեզուն, որով գրում եմ՝ անգլերենն է, միջավայրը, որ նկարագրում եմ՝ ամերիկյան է, իսկ ոգին, որ ինձ մղում է գրելու՝ հայկական է: Ուրեմն, ես հայ գրող եմ…» (էջ 473):
Գարեգին Նժդեհին նվիրված զրույցում պատմվում է, թե Նժդեհին Երեւանից Սիբիր տեղափոխելուց առաջ նրա վերջին ցանկությունն է եղել սեփական աչքով տեսնել Արարատը (էջ 474):
Գրքում զավեշտալի մի շարք մանրապատումներ կան: Դրանցից մեկը կոչվում է «Ջորջ Վաշինգտոնը եւ հայ տղաները»…: 1776-ին՝ Ամերիկայի անկախության համար մղված կռիվներուն ժամանակ, երկու խարբերդցի հայ տղաներ իրենց զինվորական պահակակետին մեջ, գիշերվա ցուրտեն սառելով, մեկը մյուսին կըսե.
– Սարգիս եղբայր, ինչ հիմար էինք, որ ձգեցինք մեր գեղեցիկ Խարբերդը եւ եկանք հոս, որ ցուրտեն մեռնինք:
Այդ պահուն Անգլիո դեմ ապստամբող ամերիկյան գաղութներու զինված ուժերու հրամանատար Ջորջ Վաշինգտոնը, որ ձիու վրա նստած կշրջեր, կլսե ադ խոսքերը եւ կըսե.
– Տղանե՛ր, դո՞ւք ալ հայ եք (էջ 508):
Բավականին մեծ թիվ են կազմում հրեաների, ֆրանսիացիների, ռուսների եւ հատկապես հայերի համեմատական բնութագրերը պարունակող զավեշտալի զրույցները: Դրանցից մեկն է՝ «Հրեաները եւ հայերը». «Դժոխքին մեջ հրեաներուն եւ հայերուն կմտցնեն եռացող ջրով լիքը կաթսայի մը մեջը: Հրեաները իրար ուս-ուսի բարձրանալով՝ դուրս կուգան կաթսայի մեջեն՝ կազատվին: Հայուն մեկը, երբ կփորձե դուրս գալ, անոր ոտքերեն կքաշեն, վար կբերեն, որ իրարու հետ խաշվին» (էջ 515):
Զավեշտալի մանրապատումներ կան՝ կապված Ստալինի, Ռուզվելտի, Լենինի, Չերչիլի, Խրուշչովի եւ Ջոն Քենեդու հետ: «Խրուշչովին քննադատող մարդը» զավեշտում կարդում ենք. «Մարդուն մեկը Կրեմլ է գնացել, սկսել է պոռալ. «Խրուշչովը ապուշ է, Խրուշչովը էշ է»: Անոր կտանին բանտ կդնեն, երկու տարի կուտան՝ Խրուշչովի դեմ խոսելու եւ տասը տարի՝ պետական գաղտնիքը մեջտեղ հանելու համար» (էջ 519):
Զավեշտալի զրույցներ կան կապված Քլինտոնի, Ելցինի, Լեւոն Տեր-Պետրոսյանի, Բեն Լադենի, Ջորջ Բուշի, Բուշ Կրտսերի եւ Էրդողանի, Օբամայի հետ:
Բանահյուսական խաղիկների, օրորոցային երգերի հետ կան ազգահավաքի ու հայրենաբաղձության պարզ, սակայն սրտանց ասված երգեր.
«Ով որ ազգը ուրանա,
Զույգ աչքերով կուրանա,
Կատարյալ աղքատի պես,
Դռնե ի դուռ մուրա նա:
Մենք Վարդանա ենք հոգով,
Չկա մեր մեջ օտար ոք,
Հայրենիքին օգնելով՝
Կսփոփվինք մենք օրեցօր» (589):
Հարուստ է առած-ասացվածքների բաժինը, որում դարավոր փորձի հիման վրա ստեղծված իմաստախոսություններ են, որոնք վերժամանակյա են՝ «Առյուծի մը հետ կռվե, քան թե՝ հազար հատ մուկի» (էջ 594), «Լավ է քու տունիդ չոր հացը, քան՝ ուրիշի խորովածը» (էջ 598), «Հրեային գլուխը կաշխատի, հայուն՝ ձեռքերը» (էջ 600), «Ով թուրքեն խեր տեսնա, Աստուծմեն շառ կտեսնա» (էջ 601), «Վատատեսը շուտ կհիասթափվի, լավատեսը ելք կփնտրե» (էջ 602), «Տալու հաճույքն ավելի մեծ է, քան՝ ստանալու» (էջ 602) եւ այլն: Բազմաթիվ են նաեւ բարոյախոսական խրատները՝ «Ամեն հաջողած տղամարդուն ետեւը միշտ խելացի կին մը կա, իսկ չհաջողածին ետեւը՝ մեկ ուրիշ կին» (էջ 604), «Աստուծմեն չվախեցողեն վախեցիր» (էջ 606), «Գործեն մի՛ վախեցիր, գործը թող քեզմե վախենա» (էջ 607), «Դուն հայ ես՝ պիտի հաղթե՛ս» (էջ 607), «Եթե հայու արյուն ունիս մեջդ, պիտի պայքարիս» (էջ 607), «Երբ լեզուդ կկորսնցնես՝ ազգդ կկորսնցնես» (էջ 608), «Հարգիր ծնողքդ եւ սիրիր» (էջ 610), «Մարդը կգնա, գործը կմնա» (էջ 611), «Մի՛ ըներ չարիք, չտեսնաս չարիք» (էջ 612), «Շատ չկռանաս, կհեծնեն վրադ» (էջ 613), «Ազգի մը հայելին իր պատմությունն է» (էջ 615), «Ազգի մը ուժը անոր ոչ թե քանակի, այլ որակին մեջ է» (էջ 615), «Ամեն մարդու բախտը իր ձեռքին է» (էջ 615), «Անիծվի այն հայը, որ կուրանա իր ազգը» (էջ 617), «Ծառը արմատով է զորավոր, հայը՝ իր ազգով» (էջ 620) եւ այլն:
Վերժինե Սվազլյանի «Ամերիկահայոց բանավոր ավանդույթը ժամանակի հոլովույթում» գիրքն ունի ուսուցողական խոր իմաստ: Այն մտահղացվել եւ արարվել է 40 տարի տեւած ստեղծագործական աշխատանքի շնորհիվ, երբ հեղինակը 1979, 1990, 2001, 2004, 2008 թվականներին այցելել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ, եղել է տարբեր քաղաքներում, հանդիպել ամենատարբեր զբաղմունքի ու տարիքի հայերի հետ եւ փշուր առ փշուր հավաքել ամերիկահայերի բանավոր ստեղծագործության հյուսվածքները՝ դրանք դարձնելով ընդհանուրի սեփականությունը եւ ավանդելով ապագա սերունդներին:
ԱԵԼԻՏԱ ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ
ԳԱԱ թղթակից անդամ