Արուս Պապյանի ծննդյան 120-ամյակին
Երիտասարդությանս տարիներին հաճույքով էի շփվում մեր ավագագույն սերնդի արվեստագետների եւ մտավորականների, հատկապես՝ տիկնանց հետ… Եվ ամենատարեց տատիկը, որի հետ, կարելի է ասել, ընկերացա, դերասանուհի Արուս Պապյանն էր: Նա թեեւ դրվագային դերերի եւ հնչավորող դերասանուհի էր, սակայն մեր արվեստի պատմության մեջ կմնա որպես առաջին հաստիքային հայ կինոդերասանուհին (1936-ից): Տպավորիչ է նրա երկարատեւ կենսագրությունը կինոյում, որ սկսվել էր 1926-ին, «Վրացֆիլմում», Համո Բեկնազարյանի «Նաթելլա» կինոնկարից եւ ավարտվել 1982-ին, Ներսես Հովհաննիսյանի «Երջանկության մեխանիկայով»… Վերջին ֆիլմում նա երեւում է խմբային տեսարաններից մեկում, որտեղ մի երիտասարդ կին ափսեներն է փոխում, իսկ մի տարեց կին (հաստատ՝ սկեսուրը) հրամայական տոնով ասում է.
-Լիլի՛թ, ափսեները փոխի՛ր…
-Իսկ ձեր կարծիքով ես ի՞նչ եմ անում,- չորում է Լիլիթը:
-Ոչինչ ասել չի լինում, ամեն ինչ գիտեն,- քմծիծաղ է տալիս սկեսուրը (հիրավի, մեր ավագներին բնորոշ վարվելակերպ):
Ահա այս տարեց կինն է Արուս Պապյանը…
Նրա հետ ծանոթությանս առիթն իր մասին 1989-ի «Սովետական արվեստ» ամսագրի մի համարում Լուիզա Սամվելյանի հոդվածն էր, ավելի ճիշտ՝ այնտեղ Պապյանի վկայությունը հոլիվուդյան դերասանուհի Ալլա Նազիմովայի հայկական ծագման մասին: Արդեն տվյալներ էի հավաքում աշխարհի նշանավոր հայազգիների մասին եւ ցանկանալով մանրամասներ իմանալ Նազիմովայի վերաբերյալ (այն ժամանակ չկար համացանց, իսկ օտարալեզու աղբյուրները գրեթե անմատչելի էին)՝ որոշեցի դիմել առաջին աղբյուրին եւ զանգահարեցի Արուս Պապյանին… Նրա համար մեծագույն անակնկալ եղավ իմ հեռախոսազանգը:
-Այդ ինչպե՞ս է, որ ինձ չես մոռանում… ավելի լավ կլինի՝ գաս իմ տուն, ես քեզ կասեմ՝ ինչ որ գիտեմ… բնակարանիս դուռը միշտ բաց է,- ասաց նա եւ հայտնեց իր հասցեն:
1993 թվականի աշունն էր, Արուս Պապյանը բոլորել էր իննսուն տարին… Մտնում եմ այն ժամանակ գեղարվեստաթատերական կոչվող ինստիտուտի կողքին, Իսահակյան 38 հասցեում գտնվող շենքի առաջին հարկի երկսենյականոց բնակարանը… Այստեղ էլ, գրեթե դատարկ մի սենյակում, խոնավության եւ տհաճ հոտերի մեջ կյանքի վերջին օրերն էր ապրում մեկ ոտքը կոտրած, հնամաշ խալաթի մեջ փաթաթված, սմքած, մի բուռ դարձած, սակայն տակավին ազնվական շարժուձեւերով, սեթեւեթող 90-ամյա Արուս Պապյանը…
-Ահա թե ի՜նչ երիտասարդն ես դու,- ինձ տեսնելով՝ բացականչեց տիկին Արուսը՝ ցնծությամբ վերցնելով իրեն մեկնած ծաղկեփունջը (ես 22 տարեկան էի):
Չորուկ ձեռքեր, խորշոմած դեմք, որը, սակայն, մատնում էր նրա երբեմնի գեղեցկուհի լինելը:
Դրա լրացուցիչ ապացույցն էին սեղանին դրված հին օրերի լուսանկարները…
-Տեսնո՞ւմ ես ինչ գեղեցիկ եմ եղել,- ստեպ-ստեպ կրկնում էր նա:
-Դուք հիմա էլ….,- սկսեցի ես, բայց տիկին Արուսն ընդհատեց.
-Այո՛, այո՛, գիտեմ, ես հիմա էլ համակրելի եմ… Բայց այդ գեղեցկությանս պատճառով էր, որ բոլոր բեմադրիչներն ինձ դեր տալուց հետո ուզում էին հետս քնել… իսկ ես չէի համաձայնում, դրա համար էլ երբեք գլխավոր դերեր չստացա… Պատուշա Բարխուդարյանը նույնիսկ փորձեց ինձ բռնի տիրել, նրան բռունցքով մի լավ խփեցի-գցեցի, գրել եմ իմ հուշերում… Բոլոր բեմադրիչներն էլ այդ առումով սարսափելի էին, նրանց ուշքն ու միտքը դերասանուհիների հետ քնելն էր… միայն Համո Բեկնազարյանն ինձ նման առաջարկություն չի արել… Աստված հոգին լուսավորի…
Նա խոսում էր ռուսերեն, հիշողությունը պայծառ է, խոսքը՝ կապակցված, մանկական ձայնով, արագ-արագ, անընդհատ ընկնում է հիշողությունների մեջ, հուզվում եւ ուրախանում, ժպտում եւ արտասվում… զգացմունքների շարժվող կծիկ:
-Քեզ ուրեմն հետաքրքրում է Ալլա Նազի՞մովան… Երբ 1920-ականներին նրա «Կարմիր լապտեր» ֆիլմը ցուցադրում էին Թիֆլիսում, բոլոր հայերը խոսում էին, որ նա հայ է, ոմանք Մոսկվայից հիշում էին նրան… Ասում էին՝ Աստրախանի հայերից է… Ա՛յ նրան տեսնելով էր, որ որոշեցի կինոդերասանուհի դառնալ… եթե մի հայուհի Ամերիկայում կարող է այդ գործն անել, ապա ինչո՞ւ ես չեմ կարող…
Ճիշտ է, հետագայում ես պարզեցի, որ Նազիմովան հայկական ծագում չունի (ցավոք, այդ ընթացքում հասցրեցի նրան ընդգրկել իմ «Ծագումով հայ են» կենսագրական բառարանում), սակայն գոնե առիթ ստեղծվեց ծանոթանալու «Հայֆիլմի» առաջին հաստիքային դերասանուհու հետ…
-Ես շատ լավ ձայն ունեի, քնարա-դրամատիկական սոպրանո, թատրոնում սկսել եմ երաժշտական ներկայացումներից, մի համերգում Անուշի խելագարության տեսարանն եմ երգել… Ա՛յ տեսնո՞ւմ ես իմ ճակատը,- ցույց էր տալիս տիկին Արուսը,- իմ Անուշը տեսնելուց հետո Հովհաննես Թումանյանը համբուրել է այս ճակատն ու ասել՝ բալի՛կ ջան, էդ ի՜նչ գեղեցիկ ձայն ունես, էդ ի՜նչ տաղանդավոր բալիկ ես, ես իմ Անուշին այդպիսին էի պատկերացնում (նա խոսում էր ռուսերեն, միայն Թումանյանի խոսքերն ասաց հայերեն):
Արուս Պապյանը հիշում էր նաեւ իրեն՝ համայն Ռուսիո ինքնակալ Նիկոլայ Երկրորդ ցարին: Պատմեց, թե ինչպես, երբ իր հորը՝ «Խաթաբալա» թերթի հրատարակիչ, գրող, ծնունդով շուշեցի Սարգիս Պապյանին (1867-1950) հանիրավի բանտարկել են, մայրը՝ տիկին Էփեմիան, տասնամյա Արուսին առած, շքեղ հագուստներ հագած ներկայացել է Թիֆլիս այցելած Նիկոլայ ցարին եւ խնդրել է նրան բանտից ազատել ամուսնուն, ինչը եւ տեղի է ունեցել… Ահա այսպես, նորանկախ Հայաստանում նստած ես խոսում եմ մեկի հետ, որն անձամբ տեսել է ու հիշում է Ռուսիո վերջին ինքնակալին…
Իսկ նա ամեն ինչ է հիշում: 1993 թվականին նա գլխին խփելով ասում էր, թե ինչո՞ւ ինքը 70 տարի առաջ հիմարություն է արել՝ ամուսնանալով երգիչ Արմենակ Տեր-Աբրահամյանի հետ:
-Նա հիանալի՜ երգիչ էր, բալի՛կ ջան,- պատմում էր տիկին Արուսը,- հիանալի՜ երգիչ… եւ հիանալի… սրիկա՛, հիանալի… ստահա՛կ… Ա՛խ, դե ինչո՞ւ, ինչո՞ւ ես ամուսնացա նրա հետ,- եւ ամեն «ինչուի» հետ խփում էր գլխին:- Ես կյանքումս հայհոյանք առաջին անգամ նրանից եմ լսել… Լավ է, որ մի տարի տեւեց այդ ամուսնությունը… ծնողներս իրենք ասացին, որ բաժանվեմ նրանից…
Մյուս սենյակից քստքստալով ներս մտավ մի ծերուկ՝ այդ անհաջող ամուսնության արդյունքը:
-Է՛դիկ, ապա մի տե՛ս՝ ի՛նչ տղա է եկել ինձ մոտ,- ասաց տիկին Արուսը,- եթե մի քիչ երիտասարդ լինեի՝ կսիրահարվեի… Բալի՛կ ջան, որդիս է, ճարտարապետ Էդուարդ Պապյան… հաջորդ տարի կդառնա յոթանասուն տարեկան…
Ափսոս, որ այդ ժամանակ տիկին Արուսն ինձ չներկայացրեց իր կենսագրության պարային դրվագը, որի որոշ մանրամասներ կարժեր գրի առնել: Հետագայում իր ինքնակենսագրությունից իմացա, որ նա Թիֆլիսում ավարտել է Սրբուհի Լիսիցյանի ռիթմոպլաստիկայի դպրոցը եւ օպերային թատրոնում մասնակցել «Անտոնիոս եւ Կլեոպատրա» բալետին՝ կատարելով ստրկուհու պարը, ձեռքին՝ ոչ թունավոր օձեր բռնած: Նրան առաջարկել են աշխատանքի անցնել Թիֆլիսի օպերայում որպես բնութագրական պարուհի, սակայն նա մերժել է՝ տարված լինելով կինոյով… Այդ սերը նրան տարիներ անց տարել է Մոսկվա, որտեղ ընդունվել է ՎԳԻԿ (500 դիմորդներից 200-ին են թույլատրել քննություն հանձնել, իսկ 200-ից ընդունել են հինգ հոգու, որոնցից մեկն էլ Արուս Պապյանն էր), սակայն վերահաս պատերազմն ընդհատել է նրա ուսումը…
Ես տիկին Արուսին այցելեցի ընդամենը չորս անգամ: Ամեն անգամ ինձ տեսնելիս հայերեն բացականչում էր՝ «Վա՛յ, ջա՛նին մատաղ», իսկ հրաժեշտի ժամանակ անպայման ասում՝ «Դե արի՛ ճակատդ համբուրեմ»: Մի անգամ էլ երբ իմացավ, որ ես արդեն ընկերուհի ունեմ, ասաց. «Ես էլ մտածում էի՝ քեզ իմ ծանոթների աղջիկներից ո՞ր մեկի հետ ծանոթացնեմ…»:
Նա տեղյակ չէր, որ Լուիզա Սամվելյանն իր մասին հոդված է գրել, ուստիեւ երրորդ այցիս տարա նրան այդ հոդվածը եւ ծայրից ծայր բարձրաձայն կարդացի: Որքա՜ն ուրախացավ խեղճ տիկին Արուսը: Իր կենսագրության ամեն մի դրվագը նա լսում էր երանելի ժպիտով, հոգոցներով ու բացականչություններով: Իսկ վերջում ասաց. «Ա՛խ, Լուի՛զոչկա, բա դա խիղճ է՞, այսքան տարի հետո նոր պիտի իմանայի, որ նման հոդված ես գրել…»: Ես խնդրեցի տիկին Արուսին իր ինքնագիրը թողնել հոդվածի լուսանցքում: Ու թեեւ մենք զրուցում էինք ռուսերեն, նա ասաց, որ կմակագրի հայերեն: Եվ դողացող ձեռքով գրեց. «Շատ հարգելի և սիրելի Արծվին ջան, այս մեծ հաճույքի համար շատ մեծ շնորհակալություն եմ հայտնում, դու ինձ կենդանացրիր… Արուս Պապյան, 1993 թ. 28/IX»:
Վերջին հանդիպմանը նա ինձ հանձնեց իր արխիվի որոշ նյութեր՝ Գրականության եւ արվեստի թանգարանի կինոյի բաժնի իր ֆոնդում ի պահ տալու համար: Դրանց մեջ էին տալլինցի Դ. Բրունսի՝ 1944-ին արված «Արուս Պապյանի դիմանկարը», տարբեր ռուսագիր հեղինակների՝ իրեն ձոնված բանաստեղծություններ, նաեւ իր իսկ պատանեկան բանաստեղծական փորձերը ռուսերեն… Իսկ ես նրան տարել էի «Հայրենիքի ձայն» թերթի այն համարը, որտեղ հրատարակվել էր իմ հոդվածն Ալլա Նազիմովայի մասին (տիկին Արուսի անունն էլ էի հիշել): Հիմա մակագրելու հերթն իմն է: Եվ երբ տիկին Արուսը կարդաց իմ «Երեւանի ամենաարիստոկրատ տիկնոջը՝ Արուս Պապյանին» մակագրությունը, փղձկաց, համբուրեց գրածս եւ արցունքների միջից ասաց. «Ա՛խ, բալիկ ջան, որքա՛ն ճիշտ դու ինձ ճանաչեցիր…»: Եվ այդ օրը հրաժեշտի պահին մի փոքր ավելի երկար համբուրեց ճակատս…
Այս վերջին այցելությունիցս (1994-ի դաժան ձմռանը) շատ չանցած իմացա, որ նա մահացել է… Խե՜ղճ, սիրելի տիկին Արուս: Տեսնես վերջին պահին գոնե մոտը մարդ եղե՞լ է (երեւի որդին, որն էլ կյանքից հեռացավ մորից մեկ տարի անց)… Գոհ եմ, որ առաջին հաստիքային հայ կինոդերասանուհու կյանքի վերջին օրերին իմ ներկայությամբ փոքր-ինչ ջերմացրել եմ նրա՝ արվեստագետի ու կնոջ գերզգայուն սիրտը…
ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ