Ա. Ճամփորդությունն սկսվում է օդանավակայանից
Հայերիս համար ճամփորդությունների սկիզբը, այսինքն՝ օդային փոխադրականով տեղ հասնելը երբեմն վերածվում է մղձավանջի, տրամադրություն գցելով: Հենց այդպես պատահեց ինձ հետ, երբ Երեւան-Ֆրանկֆուրտ-Լոնդոն երթուղով մեկնում էի սեպտեմբերի 17-ին.Երեւան-Ֆրանկֆուրտ ուղերթի օդանավն ուշացավ եւ չհասավ Լոնդոնի ուղերթին: Զարմանալի է, ինչու վաճառել այդպիսի թանկ տոմսեր եւ չկատարել այն, ինչի համար վճարել ես (մինչեւ Ֆրանկֆուրտ տոմսի արժեքը 215 հազար դրամ էր): Այ այստեղ սկսվեց այն մղձավանջը, որը չէի ուզի ուրիշներին ցանկանալ: Լոնդոնի հաջորդ ուղերթին, որը երկու ժամ անց էր, հայերիցս շենգենյան վիզա ուզեցին, որքան էլ բացատրեցինք, որ մեր պատճառով չենք ուշացել եւ ընդամենը տրանզիտ ուղեւոր ենք: Հավանաբար ռուս-ուկրաինական պատերազմի շորշոփները եվրոպացիք այս երկու ամիսը փորձում են տարածել Ռուսաստանի բարեկամ համարվող Հայաստանի քաղաքացիների վրա՝ ամեն առիթ օգտագործելով; Այդ ուղերթը եւս բաց թողեցինք, ու մեզ ոչինչ չմնաց, բացի նրանից, որ դիմեինք Ֆրանկֆուրտի օդակայանի պատասխանատուներին ու աղմուկ բարձրացնենք: Մեկնել ենք 10 ժամ հետո, այլ ուղերթով, երբ մեզ, այնուամենայնիվ, թույլ տվեցին Լոնդոնի ինքնաթիռ նստել: Այդ փորձը հաշվի առնելով՝ վերադարձել եմ Անթալիայով, այն քիչ օդանավակայաններից մեկը, ուր տրանզիտ ուղեւորից շենգեն վիզա չեն պահանջում: Ուր մնացին հայերիս եվրոպացիների տված լայն ինտերգրման, առանց վիզա ռեժիմի խոստումները, եւ ո՞ւմ ականջում է քնում մեր իշխանությունը՝ այդ կարգի հարցերը եվրոպական հանդիպումներում չքննարկելով: Ասեմ նաեւ, որ Անթալիայի դեպքում էլ մինչեւ թռիչքի պահը ինքնաթիռ չկար, Երեւան եկող ինքնաթիռը Անթալիայի օդանավակայանում վայրէջք կատարեց թռիչքի հայտարարված ժամից 10 րոպե հետո միայն: Իսկ թե ինչո՞վ են զբաղված մեր ավիացիոն ղեկավարները այսպիսի ամենաթողության պարագայում, ես չգիտեմ:
Բ. Այնուամենայնիվ՝ մի քիչ քաղաքականություն
Լոնդոնում քաղաքական փոփոխությունները հարակից են աշխարհում կատարվողին
Այն, որ ԱՄՆ ներկայացուցիչների պալատի՝ այս վերջին միջանկյալ ընտրություններում առավելություն ունեին հանրապետականները (չմոռանանք՝ Բայդենը դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ է), դա հանրապետականների ռեալ հաղթանակի դեպքում աշխարհի այլ պետությունների գործընթացների դետոնատոր կարող է դառնալ: Այդ թվում՝ ընթացող ներկա պատերազմում պատկերի փոփոխության առումով: Այս մեկուկես-երկու տարում ընտրություններ են լինելու բոլոր մեծ խաղացող պետություններում, եւ, օրինակ, ԱՄՆ հանրապետականները Թուրքիայի հետ ավելի սերտ դաշնակցող են համարվում ավանդաբար, Հայաստանի համար իր հետեւանքներով: Բայց աշխարհի այլ պետությունների ղեկավարների ընտրություններն էլ կախում ունեն ընդհանուր գծից, օրինակ՝ Նաթանյահուն, Պուտինը, Թրամփը, Էրդողանը ավելի սերտ համագործակցողներ են, նրանցից վերջին երեքը դեռ պետք է պայքարեն նոր ընտրություններում իրենց աթոռը պահելու համար, ու, կախված այդ ընտրությունների ելքերից, աշխարհում տեղի ունեցող մեծ խաղը կփոխվի (այնպես որ Հայաստանի հետ կապված էլ դրանից շուտ հազիվ թե բան փոխվի):
Լոնդոնը բացառություն չէ, այստեղ եւս մեկ տարի հետո ընտրություններ են լինելու, ու եթե ներկայումս կառավարող պահպանողականների փոխարեն հաղթեն լեյբորիստները, որոնք ավելի արմատական կարող են խառնվել մեր տարածաշրջանի գործերին, Հայաստանի խնդիրը եւս կբարդանա: Այսինքն՝ պահպանողական Ռիշի Սունակի վարչապետ լինելը շատ ժամանակավոր բան է: Ռիշի Սունակը վարչապետ դարձավ հնդիկների Նոր տարու՝ Դիլանիի օրը, ու այդ օրը Լոնդոնի փողոցներում այնքան հնդիկ կար՝ տուրիստ ու տեղացի, որ միանգամից դա աչքի էր զարնում,ինչպես նաեւ նրանց անթաքույց բավականությունը միլիարդատեր, հնդկական ծագմամբ Սունակի՝գործադիր իշխանության գլուխ դառնալու հնարավորությունից: Ինչպես ժամանակին սեւերի համար մխիթարություն էր Օբամայի հայտնվելը ԱՄՆ-ի նախագահ որպես, այժմ էլ հնդիկների համար ինչ-որ բան կփոխվի Միացյալ թագավորությունում, այս երկրում եւս ինչ-որ բան այն չէ Բրեքսիտից հետո… Սա բումերանգ է՝ հնդկական ծագումով Ռիշի Սունակի վարչապետությունը նկատի ունեմ, տարիներ գաղութացման մեջ եղած Հնդկաստանի ակամա վրեժը:
Բայց մենք կանգ առնենք հայերիս տեսանկյունից հետաքրքրություն ներկայացնող լոնդոնյան իրողություններին՝ շարունակելով թերթի նախորդ համարում սկսած մեր ու անգլիական կյանքի զուգահեռները:
Գ. Դիտենք՝ եզրակացնելով
Հիսնօրյա իմ բացակայությանը, օր առաջ հայրենիք վերադառնալու իմ անհամբերությունը չէր խանգարում մեր ու այլ երկրի բարքերի զուգահեռներն անել՝ հանրագումարում միշտ իմ երկրի համապատկերում, գուցե սուբյեկտիվորեն, դրական ավելցուկ գրանցելով: Ու, իրոք, հասկացա, որ այդ տեսակետից արժե խորանալ դրսի առավելություններում եւ թերություններում՝ հասկանալու համար, թե երկրից մարդիկ ինչու են գնում կամ մնում:
Լոնդոնը բազմահարկերի քաղաք չէ: Բազմահարկեր կան Սիթիում, Սոհոյում, Գրինվիչում, դրանք ավելի շատ բիզնես կենտրոններ են, վարչական շենքեր, հյուրանոցներ, քաղաքական եւ այլ պատճառներով ներգաղթյալներին անվճար ապրելու համար տրամադրվող կոնդոմինիումներ: Ապրելու համար լոնդոնցին գերադասում է ցածրահարկ (մեկ-երկու հարկանի) գեղեցիկ, ոճավոր, անգլիական ավանդական ճարտարապետությամբ կառուցված բնակարանները: Նորակառույց եւ վաճառքի ենթակա շենքերը եւս հինգ-վեց հարկից ավելի չեն: Ընդ որում՝ եւ այս նորակառույցները, եւ հին տները պետք է բավարարեն պարտադիր մի քանի պայմանների՝ անպայման կանաչապատ տարածք ունենան, մեքենաների համար մոտակա կայանատեղիով, սպասարկման բոլոր ծառայություններով պետք է ապահովված լինեն, իսկ տները վաճառվում են բոլոր, կրկնում եմ՝ բոլոր անհրաժեշտ հնարավորությունները ներառած, այդ թվում՝ ամեն ննջասենյակի համար առանձին սանհանգույցով եւ բոլոր սենյակների կահավորումն արած, ընդ որում՝ կառուցապատողը ձգտում է նաեւ ամեն սենյակի համար պատշգամբ ապահովել, որոնք բացվում են ծաղիկներով կամ մարգագետնով բակի վրա: Հիշեցի՞ք մեր նորակառույցները, որոնք հաճախ ուղղակի չորս պատ են, որոնք կետային կառուցապատման անշնորհք օրինակներ են՝ առանց կայանատեղիի, առանց բակի, մեկ սանհանգույցով, հաճախ ուղղակի մայթի վրա՝ մի ոտ տեղ չունենալով անհրաժեշտ սպասարկումներն ապահովելու տեսակետից: Տարիներով, տասնամյակներով մենք այսպես ենք կառուցել, կաշառքով կառուցելու թույլտվություն տվել այնտեղ, ուր կառուցել չի կարելի, եւ այժմ Երեւանն ուղղակի անճոռնի մի քաղաք ենք դարձրել՝ իրար վրա լցվող շենքերով, որտեղ ապրող մարդիկ պարզապես շնչահեղձ են լինում առանց տարածության եւ կանաչի: Եւ այժմ էլ ավելի վատթար է, չգիտեմ ինչու են հենց հիմա շինթույլտվություններ տալիս այնտեղ, որտեղ առհասարակ ոտք դնելու տեղ չկա: Ու այդքան որ եվրոպաներից են հիմա խոսում պաշտոնյաները, իրենք իրենց արածի համար պատասխանատվություն զգո՞ւմ են, թե ոչ… Երեւանում, այո, կան գեղեցիկ կառույցներ, ուր էլ լինենք՝ շան պես կարոտելու ենք մեր քաղաքին, բայց ի վերջո պետք է կանգ առնենք ու Երեւանը գետտոյի չվերածենք:
Անգլիան օրենքի երկիր է, իրոք, այստեղ դժվար է անպատիժ ապօրինություններ անել, չնայած այդպիսիք էլ պատահում են (օրինակ՝ ցածր եկամուտ ունեցող եւ ձրի ապրելուն սովորած ընտանիքներում, հատկապես եկվորների դեպքում, կեղծ ամուսնալուծություններն ահռելի չափերի են հասնում, քանի որ այս դեպքում պետությունը բավական լավ վճարում է առանց կերակրողի մնացած կանանց): Այստեղ անհնար է փակել սովորող, աչքի ընկնող, տաղանդավոր երիտասարդների ճանապարհը, ընդհանրապես՝ տաղանդի ճանապարհը: Ով ուզում է լինի՝ եթե ջանք է ներդնում, արդյունքի հասնում է: Ահա մի պլյուս, որը հայերին տանում է արտերկիր, չնայած բուն Անգլիայում հայերը քիչ են:
Հանրային դժգոհությունն այստեղ, իրոք, գործիք է, վարչապետի արագ փոփոխությունը ձեզ օրինակ: Այստեղ հնարավոր չէ տաղանդավորին դուրս թողնել ու նրա տեղն անտաղանդին խցկել՝ ինչ է թե ազգականիդ կամ ընկերոջդ զավակն է, ինչպես մեզ մոտ է ամեն քայլափոխի: Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ այս երկրում, մյուս եվրոպական երկրների մասին ուրիշները կասեն, ինչ- որ բան խաթարվել է, չափանիշները թրթռուն են, այլ ազգերը՝ սեւերը, պակիստանցիները, ընդհանրապես՝ մուսուլմանները, երրորդ աշխարհի շատ ազգերի ներկայացուցիչները բերել են իրենց բարքերը, եւ Անգլիայում աստիճանաբար բովանդակություն է փոխվել, բարքերում, գրականության եւ արվեստի մեջ պրիմիտիվի ու բարձրաճաշակի փխրուն գիծն է խախտվել… Սպառողն է տարբեր, ու էժանագինն ու բարձրարվեստը գնում- խառնվում են իրար, ինչքան որ կարողացա ըմբռնել իմ կարճատեւ զննումներում: Թեմաներն են մի տեսակ ոչ խորքային (երեւի արդեն ողջ աշխարհում է այդպես), թելադրող են ոչ թե հոգին լցնող արվեստի եւ գրական գործերը, այլ օրախնդիրը՝ կնոջ միայնության, խտրականության, գենդերային կամ այլ մանր պահանջմունքներ բավարարող արտադրանքը:
Ի դեպ՝ Հայաստանում էլ են սկսել դա կապկել, կամ, հավանաբար, արտերկրի հիմնադրամների փողերն են լավ աշխատում՝ մեր գրականության մեջ այդպիսով փորձելով խեղաթյուրումներ անել, ջիղը դուրս մղելով, արյունը ջրիկացնելով, հոգու գրականությունը օրվա ճաշի մենյու սարքելով: Այս իմաստով Անգլիայում, ի հակառակ մարդկանց համեմատաբար ապահովված կենցաղի՝ բուն կյանքն ինչ-որ մակերեսային է- արվեստում էլ այդ կերպ անդրադարձված: Դպրոցներում ա՛յդ գրականությունն է հանձնարարվում:
Ինչպես կյանքում չի կարելի նեգրերին նեգր անվանել, միասեռականին մատնացույց անել, նույնն էլ դպրոցի թեմաների նյութն է: Եթե հայերեն հարազատիդ հետ խոսելիս անգամ նեգր բառն արտաբերես, ապա մի քանի սեւ միանգամից շանթող հայացքով շրջվում են քո կողմը, նեգր բառն արտաբերելն այստեղ խտրականություն է համարվում, էլ ոնց պիտի այստեղ անգլիացի, ամերիկացի այն հսկա գրողների ստեղծագործությունները մոդա լինեն, որոնցում մի քանի դար արդեն նեգրին նեգր են անվանել:
Ինչ-որ ընդհանուր պրիմիտիվիզմ կա անգլիական կյանքում կենցաղային մակարդակով, որը գնում է գրականություն եւ արվեստ: Ու ահա այդ պատճառով անմիջապես նկատվում, հիացնում են այլ մշակույթներով սնված այն մարդիկ, որոնց գլխավոր խնդիրը հոգու խորքերը բացելն է ու հոգու հարստությունը փոխանցելը: Իմ երկու թոռներն էլ իրենց դասարաններում անմիջապես նկատվել են, նրանց գիտելիքներն ու հայացքը կյանքի հանդեպ ուսուցիչների եւ աշակերտների մեծ հետաքրքրությանն են արժանանում, եւ դա ամեն հայ երեխայի հետ կարող է պատահել այլ երկրում. ծույլ, ստեղծագործական կյանքին չսովորած ազգերի ներկայացուցիչների կողքին նրանք անմիջապես դրսեւորվում են եւ ճանապարհ բացում, մի բան, որ մեր հայրենիքում դժվար է, որովհետեւ մեզ մոտ, չնայած բնատուր եւ ավանդույթներով ստացած շնորհների, այլ բարքեր են, մեզ մոտ շարունակում են ծանոթով եւ փողով դիպլոմ առնել, ցուցանիշներ ապահովել, գրքեր տպել: Ի դեպ՝ առիթ եղել է-ասել եմ, այնուամենայնիվ՝ մեր ժամանակակից գրականությունը շատ հարուստ է, բայց գրական պրոցեսը, ոլորտը գեներացնողները սովետիզմի բարքերից չեն ազատագրվել, հաճախ տաղանդավորներն անտեսվում են, անտաղանդներից մեծարանքի հուշարձաններ կերտվում:
Մեր նկարիչները պարզապես ամենամրցունակներն են, չնայած այդ ոլորտում եւս անարդարություններ եմ տեսնում:
Այստեղ կանգ առնեմ, չնայած հիսուն օրում բավական ասելիք է կուտակվել, բայց նույն թեմաներով առայժմ չձանձրացնենք մեր ընթերցողին:
Դ. Սուրբ Սարգիս եկեղեցին դրսից տեսա
Մի օր այցելեցի Լոնդոնի Ս. Սարգիս եկեղեցի: Փակ էր բնականաբար: Բնականաբար՝ քանի որ ուրիշ հայերից էլ էի լսել, որ եկեղեցին մեծ մասամբ փակ է լինում եւ բացվում է Սուրբ Ծնունդի, Զատկվա, կնունքների արարողությունների ժամանակ…Պատկերացրեք հայի առաջ փակ հայկական հոյակերտ եկեղեցի: Պատկերացնելու համար ինձպես պետք է գնացք ու մետրո նստած լինեք ու հասած Սուրբ Սարգիս եկեղեցու գոց դռներին: Ինձ նման՝ մոսկվացի մի հայ տղա եւս եկել էր մոմ վառելու ու շփոթված-կանգնած՝ թոթվում էր ուսերը…
Լոնդոնի Սուրբ Սարգիս եկեղեցին կառուցվել է 1922-23 թվականներին, Գալուստ Գյուլբենկյանի մեկենասությամբ եւ Հաղպատի վանքի զանգակատան նմանությամբ: Այն գտնվում է Լոնդոնի ամենաթանկ թաղամասերից մեկում՝ Քենսինգտոնում: Եկեղեցու հարյուրամյակը կլրանա հունվարին, ու ես մտադրված էի հանդիպել եկեղեցու սպասավորներին, հրապարակում պատրաստել այդ առթիվ: Փաստորեն չստացվեց, նախօրոք երկու անգամ էլ զանգահարել էի եկեղեցու՝ առցանց նշված հեռախոսահամարին, չեն պատասխանել: Կից կառուցված Քահանայի տան դռները նույնպես փակ էին: Ի դեպ՝ փակ էին նաեւ մի քանի մետր այն կողմ գտնվող Հայաստանի դեսպանատունն ու Հայտունը: Այսինքն՝ եթե որեւէ հայի շաբաթ օրով հայկական կառույցների աջակցությունը պետք լինի՝ չլինելիք բան է ..
Ավարտ՝ թեթեւ ոճի մեջ
Լոնդոնում եղանակը սեպտեմբերի 18-ց նոյեմբերի 6-ը պարզապես հրաշալի էր, արեւային, գեղեցիկ: Մառախլապատ Ալբիոնի միֆը կլիմայի փոփոխությունը պարզապես ոչնչացրել է, անգամ մեկ օր մառախուղ չի եղել, ջերմաստիճանը ցերեկն այդ ողջ ընթացքում 21 աստիճանից չի իջել: Գիշերները մի թեթեւ անձրեւում էր, առավոտյան շքեղ արեւը բարձրանում, անգամ աշնան նման չէր: Անգլիան, եւ հատկապես Լոնդոնը ծառաշատ, խնամված անտառներով եւ այգիներով երկիր է, օդը շատ խոնավ՝ կղզի է, Թեմզան էլ նվեր: Ու այդ բարենպաստ կլիմայում անգամ ոնց են դողում ծառուծաղկի վրա, ոնց են խնամում՝ պետք է մեր քաղաքապետարանը հատուկ իր պատասխանատուներին գործուղի, որ տեսնեն, սովորեն ու Երեւանում կիրառեն, մեր քաղաքն ազատելով փոշուց ու աղտոտված օդից:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Լոնդոն-Երեւան